ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակվել է տիեզերական գործունեության լիցենզավորման կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ տիեզերական գործունեության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ճանաչելու մասին որոշումների նախագծերը: Այս նախագծերի փաթեթը ներկայացվել է քննարկման:
Այս պահի դրությամբ հավաքել է 3 կողմ եւ 1 դեմ ձայն: Թե ինչու են դեմ քվեարկել մեր քաղաքացիները տիեզերական գործունեության վերաբերոշղ նախագծին, չեն մանրամասնել: Ամեն դեպքում, նկատենք, որ կողմ եւ դեմ ձայները դեռ կփոփոխվեն: Սա դեռ ամենը չէ:
Հիշեցնենք՝ նշված գերատեսչությունը դեռ նախորդ տարի էր մտադիր Հայաստանը դարձնել տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը: Ավելին, այս գերատեսչությունն անգամ օրենսդրական փոփոխություններ էր առաջարկում՝ նշելով, թե տիեզերական արդյունաբերության ոլորտից ՀՀ բյուջե է մուտքագրվում 0 դրամ, մինչդեռ տիեզերական արդյունաբերության համաշխարհային շուկայի ծավալները կազմում են տարեկան մոտ 270 մլրդ դոլար։ Բայց մյուս կողմից նկատենք, որ մեր հանրապետությունում տիեզերական արդյունաբերություն գոյություն չունի: Չկան նաեւ կազմակերպություններ, որոնք թողարկում են տիեզերական ոլորտին առնչվող արտադրանք։
Բայց, չնայած սրան, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանում վստահ են, որ Հայաստանում կձեւավորվի տիեզերական արդյունավետության ոլորտի մասնագետների` ինժեներներ, կոնստրուկտորներ, մեխանիկներ, որակյալ սերունդ: Ու մի օր էլ կգրավենք տիեզերքը: Դե ինչ , ինչպես ասում են՝ ի գործ:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.