ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ՉԵՆ ՄԻԵԴ ՔԱՅԼԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հունիսի 29-ին հայտնի դարձավ, որ ԱԺ-ի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխություններից հետո ՍԴ երեք արդեն նախկին դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Սահմանադրական դատարանի արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եվ, ահա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավականին օպերատիվ կերպով ՀՀ կառավարությանը հարցաշար է ուղարկել դատավորների մասին: Երեկ այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշել էր. «Նրանք ՀՀ-ի դեմ գանգատ են ներկայացրել եւ խնդրել են դատարանին կիրառել հայցի ժամանակավոր միջոցներ, եւ տրվել է որոշակի հարցեր կառավարությանը: Մենք այսօր (երեկ) ունենք վերջնաժամկետ, որին կպատասխանենք»: Նրանից նաեւ հետաքրքրվել էինք՝ կառավարության պատասխանից հետո կա արդյոք ժամանակահատված, թե երբ է ՄԻԵԴ-ն իր դիրքորոշումը ներկայացնելու. «Սովորաբար նման իրավիճակներում արագ է լինում, երբ միջանկյալ միջոցի մասին է խոսքը, օրերի հարց է, կարծում եմ, այս շաբաթ որոշում կլինի: Կառավարությունն իր դիրքորոշումների վրա շատ վստահ է, եւ իրավական փաստարկները, կարծում եմ, շատ հիմնավոր են», – նշեց Կիրակոսյանը:

 

Սա, համաձայնեք, ինչ-որ չափով ապտակ է ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ իշխանությունների իրավաբանական թեւին: Ու եթե ՄԻԵԴ-ը որոշի ընդունել հայցի ապահովման միջոնրդությունը եւ կասեցնել ՍԴ երեք դատավորների պաշտոնանկության ու նախագահի գահընկեցության գործընթացը, ապա առնվազն երեք անձինք՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ինչպես նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պետք է հրաժեշտ տան իրենց պաշտոններին: Ինչո՞ւ. որովհետեւ հենց նրանք էին պարտավոր ապահովել միջազգային հանրության հետ համագործակցությունն ու հասկացվածությունը, անխոցելի նախագիծ մշակել, ինչը, ըստ էության, չի արվել: Նկատենք, որ ՄԻԵԴ-ի նման օպերատիվ գործելաոճի հարցում մեծ դերակատարում ունի նաեւ Վենետեիկի հանձնաժողովի նկատմամբ մեր երկրի վերաբերմունքը: Որքան էլ աներկբա լինի այն, որ ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններն ունեն խորհրդատվական բնույթ, այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները չեն կարող նսեմացնել կառույցի դերը եւ չհետեւել տրված խորհուրդներին:

Ի վերջո, ՄԱԿ-ի որոշումներն էլ ունեն խորհրդատվական բնույթ, բայց դրանց պարտադիրության մասին բոլորը մշտապես գիտեն: Եւ այս պարզ իրողությունը հաշվի առնելով՝ ԵԽԽՎ-ն չէր կարող թույլ տալ, որ անտեսվի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը` ԵԽԽՎ-ն արժեզրկելով բոլոր 47 անդամ երկրների համար: Իսկ ինչ վերաբերում է ՍԴ դատավորների ճակատագրին, ապա եթե ՄԻԵԴ-ը հայցի ապահովման միջոց կիրառի, նշանակում է կասեցնել դատավորների պաշտոնանկության գործընթացը, մինչեւ բուն գանգատը կքննվի, ինչը կարող է տարիներ տեւել: Եվ արդյունքում, եթե առաջիկա օրերին նման զարգացում լինի, ապա Հրայր Թովմասյանը պետք է շարունակի կատարել ՍԴ նախագահի պարտականությունները, իսկ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը մնան դատավորներ, մինչեւ ՄԻԵԴ-ը վերջնական որոշումը կայացնի:

«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ զրուցել է ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանի հետ՝ հասկանալու համար, թե որքանով է  իրավիճակն անհանգստացնում իշխանություններին, արդյոք հակափաստարկներ ունի իշխանությունը: «Ես տեղեկությունը ստացա ձեր հրապարակումից: Կարծում եմ, որ ՄԻԵԴ-ը, որպեսզի միջանկյալ ապահովման հարցը լուծի՝ դրական կամ բացասական, իրենք հետաքրքրվել են որոշակի հանգամանքներով, ու այս համատեքստում է ՄԻԵԴ-ը հարցեր ուղղել կառավարությանը, որի բովանդակությանը ես ծանոթ չեմ, պարոն Կիրոկոսյանը ավելի լավ է տիրապետում նյութին՝ որպես ՀՀ-ի՝ ՄԻԵԴ-ում ներկայացուցիչ: Բայց մենք բացարձակ անհանգստացած չենք, եւ սա սովորական պրոցես է, մենք գիտեինք ու բազմիցս հայտարարել էինք, որ ոչ մի խնդիր չենք տեսնում, եւ ոչ մի խոչընդոտ չի ստեղծվել, որ դատավորները դիմեն դատարան, իրենց կարծիքով, իրենց խախտված իրավունքները պաշտպանելու համար: Անհանգստություն չկա», – նշեց նա:

Իհարկե, ՀՀ իշխանությունները կարող են նաեւ չկատարել ՄԻԵԴ կայացրած որոշումը` հայցի ապահովման մասով, ինչը կունենա արդեն կոնկրետ քաղաքական հետեւանքներ ԵԽ նախարարների կոմիտեում` առավել բարդ հեռանկարներով: Հաշվի առնելով վերը բերվածը՝ կարելի է եզրակացնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահելի իրավաբանական թեւը հերթական անգամ անհարմար դրության մեջ դրեց կառավարությանը` խորապես չհաշվարկելով իրավաբանական հետեւանքները:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԿԱՐԳԵԼԵՆ

Հայաստանի Ազգային ժողովի կայքում հրապարակվել է օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում Հայաստանում կարգելվեն հղիության արհեստական ընդհատումները (աբորտները)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հղիությունն իրական վտանգ է ստեղծում կնոջ կյանքի համար։ Նախագծով առաջարկվում է ամրագրել չծնված երեխայի կյանքի իրավունքը բեղմնավորման պահից եւ չծնված երեխային կյանքից ապօրինի զրկելու համար նախատեսել քրեական պատասխանատվություն՝ միաժամանակ պատասխանատվությունից ազատելով երեխայի մորը եւ բարեխիղճ բուժաշխատողներին։ Գործող կարգավորումներով աբորտը թույլատրվում է մինչեւ հղիության 12 շաբաթը, իսկ դրանից հետո աբորտը կարող է թույլատրվել բժշկական եւ «սոցիալական» ցուցումների դեպքում, ինչպիսիք եք հղիության ընթացքում ամուսնու մահը, կնոջ կամ ամուսնու՝ ազատազրկման վայրում պատիժ կրելը, հղիության ընթացքում ամուսնալուծությունը, բռնաբարության արդյունքում հղիությունը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ միայն պաշտոնական տվյալներով անկախությունից ի վեր Հայաստանում գրանցվել է գրեթե կես միլիոն աբորտ։ Երկու հազար տասնինը թվականի հոկտեմբերին Հայաստանում տեղի ունեցավ սելեկտիվ աբորտների դեմ պայքարի հանրային իրազեկման արշավ, որին միացան բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վերջինս հայտարարեց, որ Հայաստանում սելեկտիվ աբորտների պատճառով տարեկան չի ծնվում մոտ 1,300 աղջիկ, իսկ վերջին 25 տարիների ընթացքում չի ծնվել 40,000 աղջիկ։ Նախարարը նաեւ կոչ արեց տարբերություն չդնել տղաների եւ աղջիկների միջեւ եւ կարեւորել բոլոր երեխաներին։

 

 

ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անունից հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, Ն.Գ. պարոն Թիան Էրլունի հետ։ Որպես ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր՝ Արման Բաբաջանյանը խոսել է ՀՀ-Չինաստան հարաբերությունների բարեկամական, ռազմավարական բովանդակության եւ նշանակության վերաբերյալ: Դեսպանն անդրադարձել է ներքաղաքական հարցերին, որոնք  այսօր Հայաստանում առաջացրել են նոր քաղաքական միավորներ՝ ուժեր, որոնք փորձում են լրացնել բաց թողնված գործերը, եւ այդ իմաստով նաեւ դիտարկում են մեր նոր քաղաքական ուժին՝ «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությանը։ Դեսպանի խոսքով՝ նրանք հետեւում են փոփոխություններին եւ առաջնորդվում են չմիջամտելու սկզբունքով։

 

 

ԴԱՏԱՎՈՐ Է ՆՇԱՆԱԿԵԼ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որով Սարգիս Արմենակյանին նշանակել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

 

ԹԻՎԸ ՊԱԿԱՍԵԼ Է

Հայաստանում այս տարվա հինգ ամիսներին ծնվածների թիվը պակասել է: Ըստ այդմ, անցած տարվա հունվար-մայիսին արձանագրվել է 13 հազար 322 ծնված: Նշենք, որ 2018 թվականից սկսած ՀՀ-ում ծնվածների թվի նվազման միտումը շարունակվել է. 2018 թվականի հունվար-մայիսին ծնվածների թիվը կազմել է 13 հազար 444, 2019-ի հունվար-մայիսին՝ 41 հազար 763, իսկ, ահա, այս տարվա հինգ ամիսներին՝ 12 հազար 894: Սրան զուգահեռ նկատենք, որ մահացածների թիվն է պակասել: Պաշտոնապես նույն ժամանակաշրջանում արձանագրվել է մահացության 11 հազար 547 դեպք: Նկատենք, որ նախորդ տարվա հունվար-մայիսին մահացածների թիվը կազմել է 11 հազար 795, իսկ 2018-ին արձանագրվել է մահվան 11 հազար 316 դեպք:

 

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ

Հայաստանում այս տարվա հինգ ամիսներին բավականին նվազել է ամուսնությունների թիվը: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ անցած տարվա հունվար-մայիսին մեր հանրապետությունում գրանցվել է 6243 ամուսնություն, այս տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվը նվազել է՝ հասնելով 4172-ի: Բայց, մյուս կողմից, պակասել են ամուսնալուծությունները: Պաշտոնապես 2019 թվականի հունվար-մայիսին ամուսնալուծությունների թիվը կազմել է 1513, իսկ այս տարվա հինգ ամիսներին՝ 1218: Հայաստանում դեռեւս առանձին ուսումնասիրություններ չեն անցկացվել՝ պարզելու, թե որ պատճառներն են առավելապես ընկած ամուսնալուծությունների հիմքում: Բազմաթիվ են այն հայ ընտանիքները, որոնց հասարակական կարծիքը ամուսնալուծությունից այլեւս հետ չի պահում: Առաջին հերթին աշխատանք չունենալը եւ բնակարանային խնդիրներն են խանգարում հայ երիտասարդներին ընտանիք կազմել: Նկատենք, որ ամուսնալուծության դեպքերի քանակով ՀՀ մարզերի թվում առաջատարը Լոռին է, որին հաջորդում են Կոտայքը, Արմավիրը, Արարատը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ կորոնավիրուսային (COVID-19) համավարակով պայմանավորված, 2020թ. հունվար-մայիսի որոշ ժողովրդագրական ցուցանիշներն ամփոփվել են շտապ եղանակով, եւ ներկայացվել են նախնական տվյալները:

 

ԱՌԵՎՏՈՒՐԸ ԿԱՆԳՆԱԾ Է

Հայաստանի ավտոմեքենաների ամենամեծ շուկայում առեւտուրը տեւական ժամանակ է՝ կանգնած է: Պատճառը ոչ միայն աշխարհը փոթորկած կորոնավիրուսն է ու դրա պատճառով հայտարարված արտակարգ դրությունը, այլեւ այն, որ ավտոմեքենաների հնարավոր գնորդները՝ ղազախները, այս տարեսկզբից ավտոշուկա ոտք չեն դրել: Իսկ եթե, այնուամենայնիվ, գնորդ գտնվում է, ապա կանխիկ գումար չունի, առաջարկում է փակովի տարբերակով գնել: ArmLur.am-ը առեւտրականներից հետաքրքրվեց՝ հնարավոր է ավտոմեքենաների գները նվազեցնեն: Պարզվեց, որ նրանց առաջարկել են ավտոմեքենան փոխանակել կոսմետիկայի հետ: Նշենք, որ առեւտրակնների մեծ մասը, իրենց ավտոմեքենաների վրա փակցնելով հեռախոսահամարները, դրանք թողել են շուկայում եւ գնացել:




Լրահոս