ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԿԻՄԱՆԱՆ ԻՐԵՆՑ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 9-ի որոշումից հետո դատավորները կիմանան իրենց անելիքները: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում, շունչները պահած, սպասում են, թե Բարձրագույն դատական խորհուրդը կկանգնի արդյոք դատավոր Ազարյանի կողքին, թե կհաճոյանա իրավապահ համակարգին՝ պատասխանատվության կանչելով դատավոր Ալեքսանդր Ազարյանին: Այս որոշումից հետո դատավորները նոր կիմանան իրենց հետագա անելիքները:

 

Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 25-ին շարունակեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ քննությունը, իսկ, ահա, որոշումը կհրապարակվի հուլիսի 9-ին:

Իսկ ի՞նչ էր արել դատավոր Ազարյանը: Դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքում Արդարադատության նախարարությունը դրել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում դատավոր Ալեքսանդր Ազարյանի հնչեցրած խոսքերը, որոնք Արդարադատության նախարարությունն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը որակում են վերջինիս, ինչպես նաեւ ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք։

«Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին եւ չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը». քննիչին ուղղված այս արտահայտությունն է արել դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ ԲԴԽ նիստի ընթացքում նա բացատրեց, թե ինչ է նկատի ունեցել, ու ինչու է նման բան ասել։

Այսպիսով, զրուցեցինք Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին հետ, թե նա ինչ սպասելիքներ ունի Բարձրագույն դատական խորհրդից: Ի պատասխան՝ վերջինս հայտնեց .«Ոչ միայն իմ, այլեւ բոլոր դատավոր գործընկերների շրջանում անխտիր դատավոր Ազարյանն ունի անվիճելի բարձր հեղինակություն ու բարի համբավ: Հակառակ գեթ մեկ կարծիք երբեւէ չեմ լսել: Ընդհանուր առմամբ, ունեմ համոզմունք, որ ցանկացած «կարգապահական» միջամտություն պետք է ծայրահեղ սահմանափակ քանակով ու դեպքերում լինի: Հակառակը, մեղմ ասած, չի նպաստի դատական համակարգի անկախությանը: Ինչ վերաբերում է Ազարյանի վերաբերյալ գործով ԲԴԽ-ի կողմից կայացվելիք ակտի վերաբերյալ կարծիքին, ակնկալիքին, ապա չեմ ուզում որեւէ մեկին կաշկանդեմ: Կարծիք չեմ հայտնի, իրավասությունն էլ երեւի չունեմ: Ինչ վերաբերում է հարցում նշվածին, թե ԲԴԽ-ն կկանգնի դատավորի կողքին, թե կհաճոյանա իրավապահ համակարգին, ապա չեմ կարծում, թե ԲԴԽ-ն հենց այդ երկընտրանքի առջեւ է կանգնած, չեմ կարծում նաեւ, թե իրավապահ մարմիններն ուրախանալու առիթ կունենան դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթով. թե՛ իրավապահ կամ քրեական հետապնդման մարմինները, թե՛ փաստաբանները միշտ էլ առավել հարգում եւ ընդունում են Ազարյանի հատկանիշներն ունեցող դատավորներին: Օրինակով ասեմ՝ երբ իրավապահ համակարգում շուրջ 8 տարի աշխատելուց հետո՝ 2011թվականին տեղափոխվում էի դատական համակարգ, շատ դատավորների հետ էի առիթ ունեցել աշխատելու, ճանաչելու, բայց երբ անհրաժեշտ էր դատավորի աշխատանքի համար խորհուրդներ ու որոշումների օրինակելի նմուշներ, բոլորի նկատմամբ ունեցած մեծ հարգանքով հանդերձ, այդ հարցով դիմեցի ընդամենը երկու-երեք դատավորի, այդ թվում՝ Ալեքսանդր Ազարյանին»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱն

 

 

 

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Էրեբունու բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Բագրատունյաց փողոցից բերման է ենթարկվել 20-ամյա Գայանե Ա.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

ՌՈՒՄԲ՝ «ՄԵԳԱՄՈԼՈՒՄ»

Երեկ՝ ժամը 13։30-ին, ԱԻՆ-ի ճգնաժամային ազգային կենտրոն ստացվել է ահազանգ, որ  «Մեգամոլում» տեղադրված է պայթուցիկ սարք։ Աշխատել են 3 կինոլոգիական խումբ. մեկը՝ արտակարգ իրավիճակների բաժնից, երկուսը՝ ոստիկանական բաժնից։ Աշխատանքի արդյունքում ոչ մի վտանգավոր բան չի գտնվել,  տրվել է աշխատանքի ավարտ։ «Մեգամոլը» անցել է իր բնականոն աշխատանքին: Այս մասին հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների քաղաքային վարչության հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների ղեկավար Գեւորգ Մնացականյանը՝ անդրադառնալով «Մեգամոլում» ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկություններին:

 

ՆՈՐ ԴԵՊՔԵՐ ՉԿԱՆ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր հանրապետությունում չեն հայտնաբերվել: Հիվանդությունը հաղթահարել է 8 քաղաքացի: Մեկուսացված է 85, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 26 քաղաքացի: Պացիենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ եւ երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության: Ընդհանուր թեստավորումների քանակը 2320 է:

 

ՇՏԱԲԻ ՊԵՏ

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով` ՀՀ ոստիկանության շտաբի պետ է նշանակվել գնդապետ Արմեն Մկրտչյանը: Նշենք, որ նա զբաղեցնում էր շտաբի պետի տեղակալի պաշտոնը: Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը ավարտել է ծառայությունը ոստիկանությունում:

 

ՔՐԳՈՐԾ

Գյումրիում հուլիսի 4-ին կախված վիճակում հայտնաբերված Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխովի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): Նշենք, որ 20-ամյա երիտասարդը ծառայում էր ՈԴ 102-րդ ռազմաբազայում։

 

ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿՎԻ՞

Ի՞նչ է սպասվում ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին ՀՀ վերաքննիչ դատարանում: Ինչպես հայտնի է, ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կալանավորված է, իսկ վերջինիս պաշտպան Հրանտ Անանյանը կալանավորման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան: Այդ բողոքը քննել է դատավոր Նարինե Հովակիմյանը: Պաշտպանական կողմը վստահ է, որ նա, ի տարբերություն դատավոր Ֆարխոյանի, օբյեկտիվ քննություն կիրականացնի, եւ չի բացառվում, որ ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ արձակի ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին: Բողոքի քննությունը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 17:00-ին: Ի դեպ, Աբրահամ Մանուկյանի դեմ միակ ցուցմունք տված անձը «Երեւանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանն է, ավելին՝ Վազգեն Պողոսյանն ու Աբրահամ Մանուկյանը առերեսվել են, որտեղ Վազգեն Պողոսյանը նշել է, որ ընտրակաշառքի մասին որեւէ խոսակցություն չի ունեցել Աբրահամ Մանուկյանի հետ: Առերեսումից ArmLur.am-ին այլ մանրամասներ եւս հայտնի են, սական նախաքննությանը չվնասելու համար այս պահին այն չենք հրապարակի: Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը ներկայացնելիս գլխավոր դատախազը հիշատակել էր նաեւ Աբրահամ Մանուկյանի անունը. «Հայտնաբերված փաստաթղթերի կապակցությամբ «Երեւանշին» ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թվականին Գագիկ Ծառուկյանը հրավիրել է իրեն եւ առաջարկել, որ մասնակցի ընտրություններին՝ պայմանով, որ պետք է ապահովի 9000 ձայն Գեղարքունիքի մարզում։ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին եւ Աբրահամ Մանուկյանին։ 2017թ. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆինանսական հարցերով զբաղվել են վերջիններս։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն: Ինչպես հայտնի է, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանը դեռեւս մայիսի 21-ին բավարարել է մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը: Ըստ այդմ, որոշվել է կալանք դնել կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի 3 միլիոն դրամի չափով գույքի եւ դրամական միջոցների վրա: Եվ, ահա, Արմեն Ամիրյանը հայտնում է, որ չնայած դատարանի որոշմամբ Հովիկ Գալստյանին արգելվել է իր վերաբերյալ անհիմն ու կեղծ տեղեկություններ տարածելը, սակայն նա շարունակաբար խախտում է դատարանի այս պահանջը: «Դիմում ենք դատախազությանը Հովիկ Գալստյանին օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,-հայտնել է Ամիրյանը։

 




Լրահոս