«Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումը պետք է սկսվի, որքան հնարավոր է, շուտ, նույնիսկ մինչեւ այդ փաստաթուղթն իրավաբանական լեզվով ձեւակերպված լինի»,- երեկ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
ArmLur.am-ը փորձել է հանդիպմանը մասնակցած անձանցից պարզել՝ ինչ են իրենք մտածում նախագահի հնչեցրած մտքերի շուրջ, եւ ինչ աշխատանքներ է իրականացնելու հանձնաժողովն առաջիկայում: Նկատենք՝ ՀՀ նախագահը կարեւորել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկում անցկացնելը՝ ասելով՝ չպետք է լինի այնպես, որ հիմնական օրենքը գրվի, գա հասնի Ազգային ժողով, հետո նոր մտածեն հանրային քննարկում անցկացնելու մասին:
«Ուղեցույցը նախապես պետք է դրվի քննարկման, որպեսզի շատ հարցերի պատասխանները լինեն, որ հասարակ մարդիկ իմանան, թե դուք ինչ եք ուզում փոխել: Բոլորի համար վստահելի փաստաթուղթ ձեւավորելու ճանապարհներից մեկը ուղեցույցի հանրային քննարկումն է, եւ որքան շուտ, այնքան լավ», – հանդիպման ժամանակ նշել էր Արմեն Սարգսյանը։
Հանդիպմանը մասնակցած իրավաբան- գիտնական Անահիտ Մանասյանը ArmLur.am-ի հետ զրույցում եւս կարեւորեց սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրային քննարկում անելը, սակայն նկատեց, որ այն դժվար կլինի կազմակերպել այս արտակարգ դրության պայմաններում: Նշենք, որ մինչեւ դեկտեմբեր արդեն մասնագիտական հանձնաժողովի անդամները պետք է ներկայացրած լինեն հայեցակարգի նախագիծ, եւ հանրային քննարկումները փաստացի պետք է կազմակերպվեն մինչ այդ:
«Հայեցակարգը պետք է պարտադիր դրվի հանրային քննարկման մինչեւ դրա հիմնական ներկայացումը, եւ կարեւորագույն կոմպոնենտներից է հանդիսանում: Միեւնույն ժամանակ պետք է արձանագրենք, որ հանրային քննարկումը կարող է ռեալ եւ արդյունավետ լինել այն դեպքում, երբ գոյություն ունի գոնե ընդհանուր տեսքով նախագծված արդեն իսկ որոշակի փաստաթուղթ: Բնականաբար, խոսքը վերջնական փաստաթղթի մասին չէ, այլ խոսքը նախագծային փաստաթղթի մասին է», – հավելեց Մանասյանը:
Նրա խոսքով՝ հանրային քննարկումներն այնպես, ինչպես հնարավոր կլիներ կազմակերպել ոչ համավարակային իրավիճակում, չի կարող այդպես կազմակերպվել, սակայն ընդգծեց, որ այն անպայման կանցկացվի:
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ խոսել էր նաեւ Սահմանադրական դատարանի մասին եւ անդամներ ընտրել-նշանակելու շուրջ իր կարծիքն արտահայտել: «Եվ եթե ինձ հարցնելու լինեք, լուծման ճանապարհը շատ պարզ է՝ հանրապետության նախագահը իրեն հասանելիք երեք Սահմանադրական դատարանի անդամին պետք է նշանակի, եւ ապագայում Բարձրագույն դատական խորհուրդը երեք հոգու էլ իրենք պիտի նշանակեն, երեք հոգու էլ՝ Ազգային ժողովը, երեք հոգի էլ՝ կառավարությունը: Բայց ոչ թե էսօր Սահմանադրական դատարանի դատավոր նշանակում է մենակ մի ինստիտուտ՝ Ազգային ժողովը», – նշել էր Արմեն Սարգսյանը:
Այս հարցերի վերաբերյալ հանձնաժողովի անդամ Անահիտ Մանասյանը նշեց. «Պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն իրավական մոդելին, այլ նաեւ այլ հանգամանքների, օրինակ, թե ինչ տրամադրություններ ունի հասարակությունը: Ես՝ որպես հանձնաժողովի անդամ, դեմ չեմ հանրապետության նախագահի կողմից երեկ ներկայացված մոդելի կիրառմանը: Եթե մենք խոսեինք այլ եվրոպական երկրների մասին, ապա ես միանշանակ կողմ կլինեի այն տարբերակին, որն այժմ ունենք Հայաստանում 2015 թվականին ընդունված Սահմանադրությունից հետո»:
Հավելենք, որ հանդիպմանը մասնակցել էին նաեւ Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, հանձնաժողովի նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված իրավաբան-գիտնական Արմեն Մազմանյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԸՆՏՐՎԵՑ
Ազգային ժողովի պատգամավորների փակ եւ գաղտնի քվեարկության արդյունքում Կարեն Սեդրակյանն ընտրվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ: Նա ստացել է 80 կողմ եւ 6 դեմ ձայներ: «Քվեարկությանը մասնակցել է 86 պատգամավոր, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ 80 կողմ եւ 6 դեմ: ՏՄՊՊՀ անդամի թափուր պաշտոնում Կարեն Սեդրակյանի թեկնածությունն առաջարկել էր ՀՀ կառավարությունը:
ՆՈՐ ՎԱՐԱԿԱԿԻՐ ՉԿԱ
Կորոնավիրուսով վարակված, «Իմ քայլը» խմբակցության 8 պատգամավորից 2-ը առողջացել են։ Այս մասին հայտնել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «8 հասատատված վարակակիր ունեինք, երկուսն արդեն բացասական թեստով առողջացած են համարվում, պարետատան ցուցումով մի քանի պատգամավոր ինքնամեկուսացել է, նոր վարակակիր չկա»,- ասել է նա:
ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է
Հունաստանի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացրել է Հայաստանի Հանրապետության եւ ԵՄ միջեւ համափարփակ եւ ընդլայնված գործընկերային համագործակցության համաձայնագիրը: Ս.թ. հուլիսի 1-ին Հունաստանի խորհրդարանի արտաքին գործերի եւ ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովում վավերացմանը նախորդել էին համաձայնագրի վերաբերյալ քննարկումներն ու լսումները:
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՆԿՈՒՄ
Հայաստանում ակտիվ գյուղատնտեսական շրջան է: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի՝ բեռնատարներն առանց խնդիրների անցնում են սահմանային անցակետերը եւ ժամանակին գյուղմթերքը հասցնում արտաքին շուկաներ: Նախարարի տեղակալի խոսքով՝ այս տարի արտահանված խնձորը 2019թ. բերքն է, իսկ 2019թ. առավել քիչ բերքատվություն է եղել՝ 2018թ. համեմատ՝ պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով: Արտահանման ցուցանիշներում որոշակի անկում է նկատվում նաեւ ծիրանի հետ կապված: Գրեթե 3 հազար տոննա պակաս է արտահանվել: Տարվա սկզբին առատ բերք էր սպասվում, սակայն եղանակային անբարենպաստ պայմանները պատճառ դարձան ունենալ ավելի քիչ քանակ, քան սպասվում էր:
ՆՎԱԶԵԼ ԵՆ
ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հուշարձանների, եկեղեցու հարակից տարածքներում, զբոսավայրերում։ Զգալիորեն նվազել է դիմակները սխալ կրող քաղաքացիների քանակը:
ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐ
Հայտնի դարձավ, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանի եւ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի օգնական Անդրանիկ Մինասյանի կողմից Շենգավիթի թաղապետարանում աշխատակցին ծեծի ենթարկելու վերաբերյալ հրապարակումների եւ հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում հունիսի 19-ին հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել նախաքննության: Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռ. Մկրտչյանը հարցաքննվել էր Քննչական կոմիտեում: Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր, թե շատ մանրամասներ չի կարող հայտնել՝ հաշվի առնելով նախաքննական գաղտնիքի առկայությունը, սակայն շարունակում է պնդել, որ որեւէ ծեծկռտուք չի եղել: «Ես պնդում եմ՝ ո՛չ իմ, ո՛չ իմ տեղակալի, ո՛չ էլ օգնականի կողմից ծեծ չի եղել»:
Ինչեւէ, մինչ վարչական շրջանի ղեկավարը հերքում է, նախաքննական մարմինը կոնկրետ քայլերի է գնում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինն առգրավել է թաղապետարանի շենքի տեսախցիկները, որտեղ երեւում է, թե ով է թաղապետարանի աշխատակիցներից անցնում, եւ ով կարող է հնարավոր ծեծի մասին տեղյակ լինել: Եվ, ահա, այս ամենի արդյունքում մեկը մյուսի հետեւից Շենգավիթի քննչական են հրավիրվում թաղապետարանի աշխատակիցներ:
Հավելենք, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով: Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
ԱՌՈՂՋԱԿԱՆ
Օրեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Կիեւյան կամրջից քաղաքացի է ցած նետվել: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները կամրջի տակ՝ բետոնե ցանկապատի եւ երկաթե դարպասի մոտ, հայտնաբերել են 30-35 տարեկան տղամարդու դի: Նախնական տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղամարդը լիբանանահայ 35-ամյա Գրիգոր. Հ.-ն է։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ինքնասպան եղած 35-ամյա երիտասարդի դեպքից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես՝ վերջինս առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, որոնք անբուժելի են եղել, եւ դա է եղել իր ինքնասպանության գնալու պատճառը: