ՖՈՏՈ․ Մեծ Պարնի և Ծաղկաբեր համայնքներով անցնող 6.85 կմ երկարությամբ ճանապարհահատվածը վերականգնվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում
ավարտվել է Մ7-Մեծ Պարնի-Ծաղկաբեր 6.85 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի
վերականգնումը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամները տեղում ծանոթացել են կատարված աշխատանքների հետ։

Մեծ Պարնի համայնքի ղեկավար Գագիկ Պալյանի տեղեկացմամբ՝ ճանապարհը 1980-ական թվականից ի վեր չէր
վերանորոգվել‚ ճանապարհը դժվարանցանելի էր, ասֆալտապատ պաստառ գրեթե չկար, միայն տեղ-տեղ մնացած
ասֆալտի հետքերն էին հուշում‚ որ այդտեղ ժամանակին ասֆալտապատ տարածք է եղել։ Այսօր արդեն համայնքները
փոշուց մաքրվել են, դպրոց տանող ճանապարհը սարքվել է: Գյուղացիների հոգսը թեթևացել է, ծախսը պակասել է,
մեքենաները չեն կոտրվում։


Շինարարական աշխատանքներն իրականացրած ընկերության՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ի աշխատակիցները
հանձնաժողովի անդամներին ներկայացրել են ճանապարհի լուսանկարները՝ արված մինչ վերանորոգումը և
վերանորոգումից հետո։ Լուսանկարներից ակնհայտ էին այն մեծ ծավալի աշխատանքները‚ որ կատարվել էին ծրագրի
ընթացքում։

Հանձնաժողովի անդամները համայնքապետի և համայնքի բնակիչների հետ զրույցներում ընդգծել են‚ որ
գյուղատնտեսական տեխնիկան պետք է անցնի հատուկ դրա համար կառուցված անցումներով։ Հակառակ դեպքում
վերականգնված ճանապարհը կվնասվի և երկար չի ծառայի։
Լոռու մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Բարսայանն ընդհանուր առմամբ գոհունակություն է հայտնել ճանապարհի վերականգնման որակից։

Նշենք‚ որ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում հեռացվել են քայքայված ենթահիմքը‚ հիմքը և
փոխարինվել նորերով: Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ վերականգնվել են նաև ջրահեռացման
համակարգերը‚ կառուցվել են մայթեր: Կատարվել են ճանապարհային նշանների, արգելապատնեշների և
արգելափակոցների տեղադրման աշխատանքներ: Նորոգվել են նաև երեք կամուրջները։

 




Լրահոս