Հուլիսի 14-ին տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների նախագծի մասով առաջին հանրային քննարկումը, որին մասնակցել են քացաքացիական հասարակության ներկայացուցիչներ, եւ որը կազմակերպվել էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը մշակող աշխատանքային խմբի կողմից: Առցանց հանրային քննարկմանը մասնակցել էր նաեւ «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը: «ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նրա հետ:
-Պարո՛ն Խուրշուդյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կամփոփեք տեղի ունեցած հանրային քննարկումը՝ սահմանադրական փոփոխությունների հարցով:
-Դրական եմ գնահատում այն փաստը, որ առաջին հանրային քննարկումը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը իրականացրեց քաղաքացիական հասարակության հետ, մասնավորապես՝ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հետ։ Բավական կառուցողական եւ հագեցած քննարկում էր։
-Արդեն այս փուլում որքանո՞վ եք համակարծիք մասնագիտական հանձնաժողովի ներկայացրած նախնական տեսակետների, դիտարկումների հետ:
-Պետք է նկատի ունենանք, որ մասնագիտական հանձնաժողովն ինքն էլ գտնվում է շատ նախնական վիճակներում, անգամ դեռ որոշված չէ, թե նոր սահմանադրության նախագիծ է առաջարդրվելու հանրաքվեին, թե եղած սահմանադրության մեջ փոփոխություններ։ Քննարկման արդյունքներով կարող եմ ասել, որ քաղհասարակությունը հիմնականում կողմ էր նոր Սահմանադրության, որպեսզի վերջապես ունենանք լեգիտիմ, ժողովրդի կողմից ընդունված եւ նրա վստահությունը վայելող հիմնական օրենք։ Որքան ես հասկանում եմ, գործող իշխանությունները եւս հակված են նոր Սահմանադրության ընդունման, որի մասին արտահայտվել է ՀՀ վարչապետը։
Ամեն դեպքում, պայմանավորվեցինք, որ այս հանդիպմանը կհետեւեն թեմատիկ քննարկումներ՝ ըստ ոլորտների, ինչը հնարավոր չէր անել այս երկժամյա նախնական քննարկման ընթացքում։
-Դուք Ձեզ համար առանձնացրել եք կետեր, որոնք պետք է փոխվեն նոր Սահմանադրությամբ, եւ այդ մասով որքանո՞վ են Ձեր եւ մասնագիտական հանձնաժողովի տեսակետները համընկնում:
-Իմ ցանկությունն այն է, որպեսզի «սուպերվարչապետական» համակարգը փոխարինվի ավելի հավասարակշռվածով, որպեսզի վերացվի «կայուն մեծամասնության» երաշխիքը։ Կարծես թե սահմանադրական հանձնաժողովում էլ են դրան հակված։ Սուպերվարչապետական համակարգը օգտակար է այժմ՝ արմատական կադրային փոփոխություններ եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու համար, հատկապես դատական համակարգում, սակայն այս անցումային շրջանը՝ մինչեւ ԱԺ մյուս գումարումը, պետք է օգտագործվի իշխանության կողմից այդ բարեփոխումները ավարտին հասցնելու համար։ Այդ նպատակով ես կարծում եմ, որ նոր Սահմանադրության տարբեր հատվածներ տարբեր ժամանակահատվածում պետք է ուժի մեջ մտնեն։ Այսպես, օրինակ ՀՀ ազգային ժողովի, կառավարության հատվածները, որոնք ձեւավորվել են հեղափոխությունից հետո, կարող են ուժի մեջ մտնել խորհրդարանական մյուս ընտրություններից հետո, այսինքն՝ 2024թ.-ին։ Իսկ, օրինակ, դատական բլոկը ուժի մեջ մտնի անմիջապես սահմանադրական հանրաքվեյի դրական արդյունքներից հետո, որպեսզի երկիրը օր առաջ ազատվի դատական եւ մյուս բոլոր համակարգերում լիարժեք վեթինգ իրականացնելուն խանգարող դրույթներից։ Ես նաեւ հորդորեցի սահմանադրական փոփոխություններով զբաղվող հանձնաժողովին զուգահեռ ձեւավորել միջազգայնագետ իրավագետներից եւ քաղաքագետներից կազմված հանձնաժողով, որը կուսումնասիրեր Հայաստանի միջազգային պայմանագրաիրավական դիրքը։ Չեմ բացառում, որ առաջիկա մեկ տարում տարածաշրջանում եւ աշխարհում կարող են այնպիսի էական փոփոխություններ լինեն, որ Հայաստանին անհրաժեշտ լինի փոխել իր իրավահաջորդությունը՝ բխեցնելով այն ոչ թե Սովետական Հայաստանից, այլ առաջին հանրապետությունից։ Դա կապված է թե՛ Արցախի հետ եւ թե՛ ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակի, որը կլրանա մյուս տարի։ Մենք պետք է պատրաստ լինենք բարենպաստ փոփոխությունների դեպքում ճկուն գտնվել եւ նոր Սահմանադրության ընդունմամբ հռչակել չորրորդ հանրապետությունը՝ հայտարարելով այն Ազգերի լիգայի կողմից հստակ սահմաններով ճանաչված Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդ։ Այս պահին նման շրջադարձը դժվար է պատկերացնել, սակայն որոշ աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում դա կարող է լիովին իրատեսական եւ, ավելին՝ անհրաժեշտ դառնալ։
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԾԱԽՍԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հանրային ծառայության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը: Կներդրվի ծախսերի հայտարարագրման նոր ինստիտուտ հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ:
Կներդրվի մեխանիզմ, որի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի պարտականությունների դադարեցումից հետո երկու տարվա ընթացքում անձի գույքի էական փոփոխության կասկածի դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու կլինի վերջինից պահանջել ներկայացնել գույքի, եկամուտների իրավիճակային հայտարարագիրը: Հարցը զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ բարեփոխումների արդյունքում ունենալու են աշխարհում ամենաառաջադեմ հայտարարագրման համակարգը, որը կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեսանկյունից մեծ կարեւորություն է ունենալու:
«Անձը պարտավոր է հայտարարագրել 1 մլն դրամը գերազանցող ծախսերը կամ որոշակի ժամանակահատվածում արված նույն տեսակի ծախսերը, որոնց հանրագումարը գերազանցում է 2 մլն դրամը: Այդ ծախսերի թվին են դասվում, օրինակ, հանգստի համար կատարված ճանապարհածախսը, կեցության ծախսերը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալությունը, ուսման վարձավճարները, գյուղատնտեսական գործունեության համար իրականացրած ծախսերը եւ այլն»,- ասաց Բադասյանը:
Նախագծով նաեւ սահմանվել է դրույթ, որ հայտարարագրման ենթակա է նաեւ ցանկացած այլ ծախս, եթե դրա միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն դրամը կամ դրան համարժեք արժույթը: Առաջարկվում է հայտարարագրման ենթակա գույք սահմանել նաեւ հայտարարատուի փաստացի տիրապետող գույքը:
Առաջարկվում է նվազեցնել օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը՝ 8 միլիոնի փոխարեն սահմանելով 4 մլն դրամի կամ դրան համարժեք արտարժույթի: Նախատեսվում է նաեւ ընդլայնել հայտարարատուների շրջանակը: Հայտարարագրման պարտականություն է սահմանվելու նաեւ համայնքների աշխատակազմների քարտուղարների, 15 հազար եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների համար: «Համայնքի ղեկավարների համար բնակչության շեմը հանվել է գործող օրենքից, բայց ավագանիների դեպքում հայտարարագրման համակարգն անհամաչափ չծանրաբեռնելու նպատակով առաջարկվել է փուլային մոտեցում»,- ասաց Բադասյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ մինչեւ հիմա պաշտոնյաները հայտարարագրում են միայն իրենց եկամուտները: «Դա լավ է, բայց ամբողջական չէ, հիմա առաջարկվում է, որ պետական պաշտոնյաները հայտարարագրեն իրենց ծախսերը նույնպես»,- ասաց վարչապետը:
Նա ընդգծեց՝ այս նորամուծության արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կկարողանա համեմատել պաշտոնյայի ներկայացրած ծախսերն ու եկամուտները, ինչպես նաեւ վերահսկել նրանց բանկային հաշիվների տեղաշարժերը:
ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ
Բարձրագույն որակավորման կոմիտեն երեկ նիստ է անցկացրել՝ քննարկելու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսության հարցը: Այլ խոսքով ասած, ատենախոսության մասով ուսումնասիրություններ են սկսվել, սակայն նիստին նախկին պաշտոնակատարը չի մասնակցել: «Մենք հնարավորություն ենք տալիս այն մարդկանց, որոնց վրա կարող է ազդել վարույթը, գան, իրենց տեսակետն արտահայտեն: Դիանա Գալոյանը չի մասնակցել, սակայն պատշաճ տեղեկացված է եղել նիստի անցկացման մասին: Հիմա պետք է ուսումնասիրենք, մինչեւ վարչական վարույթը չավարտվի, չենք կարող ասել՝ ինչ է լինելու: Ընդհանուր այն խնդիրները, որոնք հանձնաժողովն արձանագրել է, հիմա դրա շուրջ ուսումնասիրություններ են սկսվել»,- նշեց նա՝ հավելելով, թե ամեն դեպքում չեն կարող այդպես արագ որոշումներ կայացրել:
Հիշեցնենք, որ Դիանա Գալոյանը տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան ստացել է 2015-ին, սակայն 2019-ի դեկտեմբերին ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է Գալոյանի դոկտորական ատենախոսությունն ուսումնասիրող եւ եզրակացություն տրամադրող մասնագիտական հանձնաժողով, որն արձանագրել է, որ Գալոյանի գիտական աշխատանքում առկա են առանց հեղինակների ու աղբյուրների նշման փոխառություններ, որն էլ հիմք է հանդիսացել վարույթ սկսելու համար։ Դիանա Գալոյանի ատենախոսության թեմայի շուրջ աղմուկը պատճառ դարձավ, որ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատման դիմում ներկայացնի։ Վերջինս խոսել էր հովանավորչության մասին՝ ակնարկելով, որ Դիանա Գալոյանին հովանավորում է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։ Իսկ մայիսի 22-ին Գոգյանը ազատման դիմում էր ներկայացրել: Վարչապետը ԲՈԿ նախագահի պաշտոնից ազատման դիմումը դեռ չի ստորագրել։
ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ՉԻՆԱՐԻԻ ԲՆԱԿԻՉԸ
Երեկ Տավուշի շտաբի պետ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանը։ ArmLur.am-ը զրուցել է Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանի հետ, որը քիչ առաջ տեսակցել էր վիրավոր բնակչին: Նա հայտնեց, թե Արամայիսն իրեն լավ է զգում, սակայն չցանկացավ այլ մանրամասներ հայտնել: Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը փոխանցեց՝ պացիենտի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր: Նախարարության տեղեկացմամբ՝ ամեն ինչ արվում է տարածաշրջանում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար. հիվանդանոցները, իրավիճակով պայմանավորված, համալրվել են բժշկական կադրերով ու անհրաժեշտ պարագաներով: