«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ակտիվ աշխատանքներ են ընթանում արտակարգ իրավիճակների մասին օրենսդրության կատարելագործման ուղղությամբ, որպեսզի հաջորդ ամիս երկարաձգվի ոչ թե արտակարգ դրությունը, այլ փորձեն շարունակել կորոնավիրուսի դեմ պայքարը արտակարգ իրավիճակների մասին օրենսդրության շրջանակներում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ հուլիսի 7-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ էր նշել այդպիսի փոփոխության կարեւորության մասին՝ նկատելով, որ արտակարգ դրության ռեժիմն անվերջ չի կարող պահպանվել: «Արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը կփորձենք կատարելագործել այնպես, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում մենք կարողանանք գործիքներ ունենալ, արտակարգ իրավիճակների ռեժիմում որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարել», – նշել էր նա: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարությանը հանձնարարել է նորմալ աշխատել եւ այնպես անել, որ օրենսդրության մեջ բացեր չլինեն: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ Արդարադատության նախարարությունում այս օրերին բուռն աշխատում են, որպեսզի կարողանան կարճ ժամանակահատվածում ներկայացնել նոր նախագիծ: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ՀՀ արդարադատության նախարարությանը՝ հասկանալու համար, թե ինչ ընթացքում են աշխատանքները: Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց. «Ներկայում օրենսդրական փոփոխությունների շուրջ աշխատանքներն ընթացքի մեջ են. փոփոխությունները վերաբերում են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին եւ ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքներին։ Իսկ թե երբ աշխատանքները կավարտվեն ու կներկայացվեն կառավարություն, այս պահին կոնկրետ ժամկետ նշել չեմ կարող»։ Հավելենք, որ Հայաստանում արտակարգ դրությունը վերջին անգամ երկարաձգվեց օրեր առաջ՝ հուլիսի 13-ին, եւ օգոստոսի 12-ին ավարտվելու է մարտի 16-ից հայտարարաված եւ արդեն չորրորդ անգամ երկարաձգված արտակարգ դրությունը: Եվ, մեր տեղեկություններով, իշխանությունները նպատակ ունեն մինչ այդ ներկայացնել նոր փոփոխությունը: Եվ չնայած այժմ Ազգային ժողովում արձակուրդային շրջան է, սակայն չի բացառվում՝ այս օրենքի քննարկման համար պատգամավորներին կանչեն Ազգային ժողով: Ամեն դեպքում, այս պահին օրենքի մշակման շուրջ քննարկումները շարունակվում են:
Այսօր լրանում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ազգային ժողովի կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով ստորագրելու համար նախատեսված ժամկետը: Բանն այն է, որ հունիսի 30-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, թե չի ստորագրելու այդ օրենքը, որը խորհրդարանի կողմից ընդունվել էր արտահերթ նստաշրջանով եւ հատուկ 24-ամյա ռեժիմով: Եվ, ահա, Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը նախագահը ստորագրում ու հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով, եւ այդ 21 օրն ավարտվում է այսօր: Արդեն այս պարագայում, օրենքի համաձայն, Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է օրենքը, որից հետո էլ այն մտնում է ուժի մեջ: Նշենք, որ, ըստ այդ փոփոխությունների, առաջարկվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը փոխել` Կառավարություն, ապա Հանրապետության նախագահ, այնուհետեւ Դատավորների ընդհանուր ժողով, ինչպես նաեւ ՍԴ այն անդամ-դատավորները, որոնց լիազորությունները դադարեցվել են մինչեւ ժամկետի ավարտը, կենսաթոշակի իրավունք են ստանալու: Եվ արդեն այս փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո տարիքով ավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը կստանձնի ՍԴ նախագահի պարտականությունները, եւ կսկսվեն թափուր մնացած պաշտոններում դատավորների առաջադրումները:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին երկու անգամ կանչել են հարցաքննության քրեական գործի շրջանակներում, որով վերջինս մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար. խոսքն ավելի քան 3 միլիոն դոլար գույքի վատնում կատարելու մասին է։ Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում նաեւ առերեսում է տեղի ունեցել մի անձի հետ, ում ինքնությունը, սակայն, չհաջողվեց պարզել: Մենք տեղեկացանք, սակայն, որ առերեսման ժամանակ երկու կողմերն էլ մնացել են իրենց կարծիքին եւ պնդել են իրենց տեսակետը: Սակայն հետաքրքիր է, որ այն անձը, ում հետ տեղի է ունեցել առերեսումը, չի պնդել, թե Սեյրան Օհանյանը վատնում կամ յուրացում է արել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեջլումյանից, սակայն վերջինս ընդամենը նշեց, թե մեղադրանքն անհիմն է՝ այլ բան չցանկանալով մեկնաբանել: Նշենք, որ սա երկրորդ քրեական գործն է. Օհանյանը մեղադրվում է նաեւ «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար: Եվ նկատենք, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի ընդունում նաեւ իրեն առաջադրված այս մեղադրանքը: Ստացվում է՝ նախկին նախարարի դեմ այս պահին առկա է հարուցված երկու քրեական գործ, սակայն նա երկուսն էլ չի ընդունում, իսկ գործընթացները շարունակվում են:
«Ժողովուրդը» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր նախագիծ է մշակել վերելակային տնտեսության մեջ տեխնիկական անվտանգության ապահովման եւ պետական կարգավորման հայեցակարգը հաստատելու մասին: Տեղեկացանք, որ վերելակների պահպանման, ընթացիկ սպասարկման վճարները կարգավորված չեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ Երեւանում նշանակված ծառայության ժամկետը սպառած 4219 վերելակների շահագործման անվտանգության ապահովման համար քաղաքային բյուջեից 2014-2019թթ. ժամանակահատվածում վերելակների հիմնանորոգման ծրագրին տարեկան միջինում 127 մլն 100 հազար 900 դրամ է տրամադրվել: Ստացվում է, որ միլիոններ են հատկացվում վերելակային տնտեսությունը բարելավելու նպատակով, սակայն քաղաքացիները շարունակում են իրենց կյանքը վտանգելով օգտվել հին, խարխուլ վերելակներից: Իսկ այն, որ Հայաստանում գործող վերելակների շուրջ 80 տոկոսն անմխիթար վիճակում է, դա վաղուց հայտնի փաստ է: Եվ, օրինակ, ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ 2006-2019 թվականների ընթացքում տեղի է ունեցել բազմաբնակարան բնակելի շենքերում շահագործվող վերելակների վթարների 21 դեպք՝ 9 մարդկային զոհերով, 20 մարմնական վնասվածքներով: Իսկ, ահա, ծառայության ժամկետը սպառած եւ շահագործման մեջ գտնվող 5330 վերելակների փոխարինման դեպքում խոշորացված մոտավոր հաշվարկներով կպահանջվի շուրջ 21-53 մլրդ դրամ գումար: Ի՞նչ երաշխիք, որ 21-53 մլրդ տրամադրելուց հետո Հայաստանում վերելակային տնտեսությունը կնորացվի: Ամեն դեպքում, Երեւանում դա չի երեւում: