ՉԻ ՑԱՆԿԱՑԵԼ, ՈՐ ԻՐԵՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատողները Վիգեն Ավետիսյանի հրաժարականից հետո սկսել են «շնչել»: Իսկ Ավետիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 10-ի որոշմամբ ազատվեց տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: Նա ղեկավար նշանակվել էր անցած տարվա մայիսին: Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում հայտնվելուց հետո այդ կառույցում խռովություններ են սկսվել: Ավետիսյանն այդպես էլ չհաշտվեց աշխատանքային կազմի հետ եւ իր ենթակաների հետ լարված հարաբերություններ ուներ: Աշխատողները ամիսներ շարունակ դժգոհում էին մարմնի ղեկավարի գործելաոճից:

 

ArmLur.am-ին դիմած աշխատողների պատմելով` Վիգեն Ավետիսյանն անգամ միջանցքներում իրենց տեսնելիս գլուխը շրջում էր այլ կողմ կամ էլ հեռախոսով էր սկսում զբաղվել` ցույց տալով, թե, իբր, զբաղված է: Տեղեկացնենք, որ այժմ տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է Գնել Հասրաթյանը (մինչ այդ նա տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ էր-Ս.Հ.): Կհիշեք՝ Armlur.am-ը գրել էր, որ Գնել Հասրաթյանը 2009 թվականից մինչեւ 2013 թվականը «Մարմարի աշխարհում» աշխատել է որպես վաճառող, գանձապահ, 2014-ից 2019 թվականը «Սանար» ընկերությունում որպես տնօրեն, մենեջեր: Իսկ, ահա, 2020 թվականի փետրվարի 4-ից զբաղեցրել է տեսչական մարմնի ղեկավարի օգնականի հաստիքը: Ի դեպ, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ նշանակվել է մի անձ, որն ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը: Բայց, արի ու տես, աշխատողների մի մասի կարծիքով՝ Հասրաթյանը լսել, կարծիք արտահայտել գիտի, իր աշխատասենյակի մոտ ոչ ոքին ժամերով սպասեցնել չի տալիս: Թե երբ տեսչական մարմինը ղեկավար կունենա, հայտնի չէ:

Ամեն դեպքում, նկատենք, որ այս ընթացքում ղեկավարի պաշտոնի համար դեռեւս անուն չի շրջանառվում: Թափուր է նաեւ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը: Էրիկ Գրիգորյանի հրաժարականից հետո նախարարի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Վահե Ջիլավյանը: Սա դեռ ամենը չէ: Վիգեն Ավետիսյանի հրաժարականից հետո հեռացել են նաեւ նրա խորհրդականները: Օրինակ, հրաժարականի դիմում ներկայացրել են խորհրդականներ Արթուր Օթարյանը, Երեմ Սահակյանը, Հայկ Վարդանյանը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ղեկավարի օգնական Ալեքսանդր Կիրակոսյանի աշխատանքային ճակատագիրն է վտանգված: Պարզվում է՝ Կիրակոսյանը Վիգեն Ավետիսյանի հրաժարականից հետո անակնկալ «վարակվել է» կորոնավիրուսով, համենայնդեպս այդպես է ինքը պատճառաբանում իր՝ աշխատանքի չներկայանալը: Երբ ղեկավարությունը պահանջում է բժշկի գնալ եւ արդյունքը ներկայացնել, անհասականալի պատճառներով հրաժարվում է:

Հ.Գ. Հարկ ենք համարում տեղեկացնել, որ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը Շրջակա միջավայրի նախարարության նախկին նախարար, այժմ հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությանյանի՝ Բուլկու կադրերից է:

Գալոյանը դարձյալ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի ազգականն է եւ բնապահպանության ոլորտում առհասարակ հայտնվել է հենց Այվազյանի շնորհիվ: Նա այս ոլորտում աշխատանքի անցել է 2003 թվականից: Մինչ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնին նշանակվելը Գալոյանը եղել է տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի թափոննների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության պետը: Գալոյանի թեկնածությունը տեսչական մարմնի խորհրդին առաջարկել էր Վիգեն Ավետիսյանը, եւ զարմանալի չէ, քանի որ Վիգեն Ավետիսյանը եւս Արամ Հարությունյանի «մարդն» է: Նույն ճակատագրին կարժանանա Վրեժ Գալոյանը, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը:

Բայց ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գալոյանն անգամ չի ցանկացել, որ իրեն տեղակալ նշանակեն: Նա այս մասին իր մտերիմ շրջապատում անկեղծացել է՝ նշելով, որ պատասխանատվությունը մեծացել է, գործառույթների շրջանակն ընդլայնվել է, սակայն աշխատավարձը չի բարձրացել: Ասել է թե՝ Գալոյանի համար տեղակալի պաշտոնը եկամտաբեր չէ, ուստի չի բացառվում, որ առաջիկայում լսենք նաեւ Գալոյանի հրաժարականի լուրը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆՔ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ոստիկանությունը երեկ բերման է ենթարկել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին։

 

«ՀՀ Ոստիկանությունը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին բերման ենթարկեց իր աշխատավայրից՝ Հյուսիսային դպրոցի լանջից՝ խաղաղ նստելու, կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների իրավունքները պաշտպանելու համար։ Բերման են ենթարկել նաեւ կրթահամալիրի Քանդակի դպրոցի ղեկավար Վիգեն Ավետիսին»,- այս մասին նշվում է կրթահամալիրի հաղորդագրությունում:

Դեպքի առնչությամբ ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացավ, որ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին, քանդակագործ Վազգեն Ավետիսին եւ եւս մեկ անձի բերման են ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արաք կատարելու համար:

Իսկ, ահա, ArmLur.am-ի հետ զրույցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը,  բացելով փակագծերը, ասաց . «Ես նմա՞ն եմ մարդու, ով կարող է  հասարակական կարգը չպահպանել: Ես ինքս իմ ամբողջ կյանքը նվիրել եմ հասարակություն ստեղծելուն՝ կարգապահ, օրինապահ: Ես ընդունա՞կ եմ անօրինական բան անելու: Իհարկե մենք հիմա կպարզենք բերման ենթարկելու պատճառները, եւ նրանք, ովքեր օգտագործել են Ոստիկանությունը մեր դեմ,  կզղջան: Մենք պարզապես ապահովում ենք մեր ազատ տեղաշարժի հնարավորությունն ամեն օր, եւ եթե հանդիպում են խոչընդոտներ, մենք այն օրինական ճանապարհով վերացնում ենք»:

Իսկ քանդակագործ Վազգեն Ավետիսը, մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցին, ասաց, որ Մալաթիա վարչական շրջանում գտնվող 87 համար մանկապարտեզի ղեկավարությունը Մալաթիայի թաղապետարանի թույլտվությամբ շինարարական աշխատանքներ է իրականացնում, որը խոչընդոտում է նրանց մուտքը  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր դպրոց:

«Ես ամեն օր այցելում եմ կրթահամալիր աշխատանքի, սակայն այս անգամ տեսա՝ մի 20-25 ոստիկաններ շրջափակել են  դպրոցը, հարցնում եմ, թե ինչն է նրանց բերել այդտեղ, պատասխանում են, որ եկել են  հասարակական կարգը պաշտպանելու: Հարցնում եմ՝ իսկ ով է Ձեզ հրավիրել, քանի որ ոչ մի հասարակական կարգ չի խախտվել, ինձ պատասխանում են, որ եկել են ահազանգի հետքերով: 87 համարի մանկապարտեզի տնօրինությունը, որը ոստիկանների հետ անձնական կապեր ունի, հրավիրել է նրանց, որպեսզի շինարարությունն անխափան շարունակվի: Խնդրի մասին տեղյակ են ե՛ւ քաղաքապետարանը, ե՛ւ թաղապետարանը. մենք բազմիցս ասել ենք, որ լուծման այդ տարբերակին դեմ ենք, փոխանակ խնդրի լուծման ելքեր փնտրենք, կարմիր բերետավորներին են ուղարկում»,-հավելեց մեր զրուցակիցը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

ՉԻՆԱՐԻՈՒՄ  ԹԶԻ, ԽԱՂՈՂԻ ԲԵՐՔԸ ԼԱՎ Է, ՑՈՐԵՆԻՆԸ՝ ՈՉ

Չինարին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի ամենահեռավոր, Ադրբեջանին սահմանակից գյուղն է։ Բերդ համայնքի մաս կազմող Չինարին ամենաշատը տուժեց Բերդի սահմանագոտում հուլիսի 12-14-ը տեղի ունեցած իրադարձությունների, ադրբեջանական հրետակոծությունների հետեւանքով։ Չինարի գյուղի  վարչական ղեկավար Սամվել Սաղոյանն ասաց, որ  հուլիսի 21-ից գյուղում սկսվել  է  աշնանացան ցորենի բերաքահավաքը, այդ նպատակով Բերդ  քաղաքից հացահատիկահավաք կոմբայն է  բերվել Չինարի։ Ս.  Սաղոյանն ասաց, որ այս տարվա երաշտի պատճառով  ցորենի բերքը քիչ է, այդ պատճառով որոշվել է  գյուղի ցածրադիր գոտում գտնվող հացահատիկի արտերը չհնձել, քանի որ հացահատիկահավաք կոմբայնը չի կարող  15 սմ աճած ցորենի հասկի բերքը վերցնել։  Գյուղի վարչական ղեկավարի տվյալներով՝ այս տարի  կհնձվի ընդամենը 4 հեկտար ցորեն։ Չինարիում ընդունված չէ հացահատիկի արտերը ոռոգել, երաշտն էլ  բացասաբար է  ազդել  արտերի աճի վրա։  Չինարիում ավանդաբար լավ բերք է ստացվում թզի մշակությունից։ Անցյալ տարի Չինարիից Ռուսաստան է արտահանվել 350 տոննա թուզ։ Սամվել Սաղոյանն ասաց, որ արդեն սկսվել է թզի մթերումը։ Չինարեցիների աճեցրած թուզը հավաքում, մեծ բեռնատարներով Ռուսաստան է  առաքում Չինարի գյուղի թոռ մի գործարար։ Նա արդեն Ռուսաստան է առաքել Չինարիի թզով առաջին բեռնատարը։  Թուզը գյուղացիներից ընդունվել  է կիլոգրամը 400 դրամով։  Ս. Սաղոյանը հայտնեց, որ ավելի ուշ հասունացող թուզը կմթերվի 800 դրամով, այդպես է եղել անցյալ տարի։ Չինարիի վարչական ղեկավարն ասաց, որ առատ բերք են ակնկալում  նաեւ գյուղի խաղողի 54 հեկտար այգիներից։ Չինարիի այգեգործները  բերքը հանձնելու վերաբերյալ պայմանագրեր ունեն Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի հետ, անցյալ տարի խաղողի մեկ կիլոգրամը մթերվել է 150 դրամով։

 

ՀԱՄԱՅՆՔԸ ԿՈՒՆԵՆԱ ՀՐՇԵՋ ՄԵՔԵՆԱ

Տավուշի մարզի  Այրում համայնքը կազմել է հշեջ կամավորների 47 հոգանոց խումբ, որը պետք է անցնի հրդեհաշիջման դասընթացներ: 2020թ. հուլիսի 13-ին կայացել է առաջին դասընթացը, որը  վարել է ԱԻՆ Նոյեմբերյանի հրշեջ ծառայության փոխգնդապետ Վարդան Աբովյանը։ Դասընթացները որոշակի պարբերությամբ կշարունակվեն մոտ 60 ժամ: Խմբի պատրաստակամության ստուգարքից հետո 8 բնակավայրեր ներառող Այրում համայնքին ԱԻՆ -ի կողմից կտրամադրվի հրշեջ մեքենա, որը  պատրաստ լինելով  արտակարգ իրավիճակի՝ կկայանի «Այրում զարգացման եւ ներդրումների հիմնադրամի» ավտոպարկում:

ՈՍԿԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս