ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՉԻ ՎՆԱՍԵԼ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այս տարվա առաջին կիսամյակում կորոնավիրուսի համավարակի պայմաններում ամբողջությամբ ապահովել է կառավարության կողմից սահմանված՝ հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշը՝ 680.3 մլրդ դրամ. թերակատարում չկա:  Այս մասին նշել է ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

 

«Ի սկզբանե, «Պետական բյուջեի մասին» օրենքով, 2020 թվականի առաջին կիսամյակի համար նախատեված էր հարկային հավաքագրումների այլ ցուցանիշ, որը, սակայն, համավարակի տարածման պայմաններում կառավարության կողմից փոփոխության ենթարկվեց: Կառավարության կողմից սահմանվեց առաջին կիսամյակի համար 680.3 մլրդ դրամ հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշ, որը ՊԵԿ-ի կողմից ամբողջությամբ ապահովվել է: 680.3 մլրդ դրամ հարկային հավաքագրումներից հարկերի եւ պետական տուրքերի մասով հավաքագրումների ծավալը կազմել է 622.2 մլրդ դրամ: Նույն ցուցանիշը 2019-ին կազմել է 602.8 մլրդ դրամ: Այսինքն` այս տարվա առաջին կիսամյակում հարկերի եւ պետական տուրքերի գծով ավելի գումար է հավաքագրվել՝ 19.4 մլրդ դրամ»,-նշեց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով մաքսային մարմինների կողմից կատարված հավաքագրումներին, մուտքերին՝ նա նշեց, որ 2019-ին այս ցուցանիշը կազմել է 160.4 մլրդ դրամ, 2020-ին դարձել  123.4 մլրդ դրամ՝ ուղիղ 37 մլրդ դրամով պակաս: Սա ՊԵԿ նախագահը պայմանավորեց հիմնականում 2019-ին ավտոտրանսպորտային միջոցների ներկրման ծավալների բարձր տեմպով: Նախորդ տարի տրանսպորտային միջոցների ներկրման գծով մաքսային վճարների մուտքերը կազմել են մոտ 25 մլրդ, ինչը այս տարի, բնականաբար, չի ապահովվել:

Նախորդ տարվա առաջին կիսամյակում հավաքագրվել է 712.8 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը 32.5 մլրդ դրամով ավելի է այս տարվանից: ՊԵԿ նախագահը նշեց  նաեւ մի քանի ցուցանիշներ, որոնք էական ազդեցություն են ունեցել հավաքագրումների վրա: «Օրինակ՝ 2020-ի հունիսին «Շահութահարկի մասին» օրենքում տեղի ունեցած փոփոխություններով պայմանավորված՝ այս տարվա երկրորդ եռամսյակի շահութահարկի գումարը զիջվեց տնտեսությանը. դա կազմում էր մոտ 32 մլրդ դրամ: Բացի այդ, այս տարվա առաջին կիսամյակում ԱԱՀ-ի եւ հիփոթեքային վարկերի սպասարկման գծով եկամտահարկի սպասարկման տոկոսների վերադարձի մասով ավելի շատ գումար է վերադարձվել, քան նախորդ տարվա ընթացքում: 2020-ին այն կազմել է մոտ 65.3 մլրդ դրամ, ինչը նախորդ տարի եղել է 50.4 մլրդ դրամ», – Հովհաննիսյանը:

Այս ցուցանիշները, ինչպես նաեւ կորոնավիրուսային համավարակի տարածմամբ պայմանավորված տնտեսության ակնհայտ անկման ազդեցությունն իրենց հետեւանքներն են թողել հարկային եկամուտների հավաքագրման գործընթացում: Այնուամենայնիվ, Հովհաննիսյանը հիշեցրեց. «Կառավարության կողմից առաջին կիսամյակի համար սահմանված 680.3 մլրդ դրամի սահմանային ցուցանիշը ՊԵԿ-ի կողմից ապահովվել է, եւ այդ կտրվածքով մենք չունենք թերակատարում»:

Եվ ստացվում է՝ համավարակի տարածման պայմաններում ՀՀ կառավարության կողմից փոփոխության էր ենթարկվել «Պետբյուջեի մասին» օրենքով նախատեսված հարկային հավաքագրումների ցուցանիշը եւ սահմանվել 680.3 մլրդ դրամ։ Ստացվում է՝ ՊԵԿ-ն ամբողջությամբ ապահովել է հունվար-հունիս ամիսների համար սահմանված պետբյուջեի հարկային եկամուտների 680.3 մլրդ դրամ ցուցանիշը. առաջին կիսամյակի ցուցանիշը չի թերակատարվել:

Սակայն մշտապես նշվել է, որ Հայաստանի ծառայությունների ոլորտը հսկայական վնասներ է կրում կորոնավիրուսի համավարակի շրջանում կիրառվող սահմանափակումների պատճառով։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՆՈՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Արտակարգ դրությունը չերկարաձգելու մասով տարբեր նախարարությունների կողմից տարբեր հնարավորություններ են դիտարկվում, ձեւավորվել է ընդհանուր աշխատանքային խումբ։ Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝  պատասխանելով հարցին, թե Արդարադատության նախարարությունը ինչ-որ օրենք մշակում է արդյոք, որ ամեն ամիս արտակարգ դրությունը չերկարաձգվի։ «Բնականաբար, չի կարող նաեւ արտակարգ դրության բացակայության պայմաններում նույն ռեժիմը շարունակվել։ Այլ կարգավորումների մասին է խոսքը»,- ասել է նա:

 

 

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգի եւ տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարներին պարգեւատրելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով՝ Պետական կառավարման համակարգի եւ տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարներին պարգեւատրել 2020 թվականի առաջին կիսամյակի կատարողականի եւ հաշվետվությունների արդյունքների հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշմամբ հաստատված համապատասխան մարմնի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական եւ պետական այլ ծառայողների պարգեւատրում» հոդվածով՝ համաձայն հավելվածի»:

 

 

ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՆՔ

«Թշնամուն թերագնահատել չի կարելի»,-ասել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Հատկապես որ մեր անելիքը միայն ռազմի դաշտով չի սահմանափակվում (դա էլ դեռ ավարտված չի), եւ մենք մեր ձեռք բերածը, արձանագրածը կապիտալիզացնելու հարցը դեռ չենք լուծել։ Թուլանալու, դանդաղելու ժամանակ չունենք»,-նշել է նա:

 

 

ԳՈՐԾՈՒՂԵԼ Է ԱՐՑԱԽ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էդվարդ Հովհաննիսյանին Արցախի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել. «Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին 2020 թվականի հուլիսի 24-25-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն՝ Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ հանդիպելու նպատակով: ՊԵԿ նախագահ Է.  Հովհաննիսյանի՝ գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն  գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»:

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է

2020 թվականի 3-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (Հանձնաժողով) որոշել է  Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նշանակելով տուգանք 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար: Զ. Բաթոյանը, որը 2018թ. նույն նախարարությունում նախարարի առաջին տեղակալ էր, 2019թ. հունիսի 21-ին ներկայացրած գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց՝ 2018թ. տարեկան հայտարարագրում «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում  չի հայտարարագրել իր եկամուտները:

Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ իր կողմից հայտարարագիրը դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ, ի տարբերություն մյուս դաշտերի, եկամուտների վերաբերյալ դաշտը նշված չի եղել որպես պարտադիր լրացման ենթակա, եւ համակարգը թույլ է տվել չլրացնել դրանք։ Այդ հիմքով Զարուհի Բաթոյանը  խնդրել է իր եկամուտները չհայտարարագրելը դիտարկել որպես զուտ  տեխնիկական բացթողում եւ թույլատրել 2018 թվականի  տարեկան հայտարարագրում կատարել ուղղում՝ «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում նշել  7 515 233 ՀՀ դրամ։ Այնուամենայնիվ, Հանձնաժողովը վերահաստատել է, որ  հայտարարագրման ենթակա տվյալները հայտարարագրելիս բոլոր դաշտերը, առանց որեւէ բացառության,  պարտադիր ենթակա են լրացման:

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

«Ներողություն եմ խնդրում Ձեր համառ զանգերին չպատասխանելու համար: Արդեն մի քանի օր է՝ կորոնավիրուսը ինձ հասցրեց հիվանդանոց, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բուժանձնակազմը քիչ-քիչ ոտքի է կանգնեցնում, բայց դեռ թույլ եմ շատ»,-ասել է ԱԺ Իմ «քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Նա նշել է որ անգամ հարազատների հետ խոսելու ուժ չունի, հարցազրույց տալ, վստահաբար, չի կարող։ «Առո՛ղջ եղեք, հուսով եմ՝ այս մղձավանջն արագ կավարտվի»,-հայտնել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կորոնավիրուս էր հաստատվել նրա ծնողների, այնուհետ՝ քրոջ, ընտանիքի մյուս անդամների մոտ:

 

 




Լրահոս