ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԱՐՔԱԳԻԾ Է ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիդերլանդական  «Daily Nederlands Dagblad» թերթում բավական սուր հոդված է հրապարակել այդ երկրում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը` մեջբերելով հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած բախումները, որոնք  հանգեցրել են մարդկային զոհերի: Ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտումը կանոնավոր բնույթ է կրում, որի համար ադրբեջանական կողմը խուսափում է պատասխանատվությունից: Առավել վտանգավորը Բաքվի վերջին հայտարարությունն է` Մեծամորի ատոմակայանը թիրախավորելու վերաբերյալ: Մեկ այլ մտահոգիչ ու սադրիչ գործունեություն է ծավալում Թուրքիան, երբ բացահայտ հայտնում է, որ մինչեւ վերջ աջակցելու է Ադրբեջանին:

 

Ներկայացնում ենք  հոդվածի թարգմանությունը.

«Երբ աշխարհը միավորել է ջանքերը կորոնավիրուսի համավարակի եւ դրա հետեւանքների վերացման դեմ պայքարում, հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, օգտագործելով ծանր հրետանի, փորձ արեցին գրավել Հայաստանի սահմանային հենակետերը, ինչի արդյունքում երկու կողմից եղավ 16 զոհ։ Սա 1994 թ. կնքված եռակողմ զինադադարի ակնհայտ խախտում էր։ Զինադադարը վերջ էր դրել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պատերազմին, ԼՂ-ին աջակցում է Հայաստանը։ Շուրջ 4 տարի տեւած պատերազմը խլեց 35 000 կյանք։ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ի պատասխան ԼՂԻՄ֊ի՝ Հայաստանի հետ վերամիավորվելու մտադրության։ Այն անջատվել էր Հայաստանից եւ հանձնվել Ադրբեջանին 1921թ. խորհրդային ղեկավար Ստալինի կողմից։

Հրետանու կիրառումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտում, քանի որ այն թիրախավորել է նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ ներառյալ գյուղեր եւ տներ՝ ուղղակիորեն մարդկային կյանքերը վտանգելով։

Հայաստանը բազմաթիվ փորձեր է կատարել՝ այլ երկրների ուշադրությունը հրավիրելու լայնամասշտաբ բռնությունների վտանգի վրա՝  կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել։ Չնայած մեր զգուշացումներին՝ սահմանին անկայունություն հրահրելու Ադրբեջանի բանակի վերոհիշյալ սադրանքը միջազգային հանրության համար անակնկալ էր։ Այնուամենայնիվ, դրա նախադրյալներն ակնհայտ են՝ Ադրբեջանի ֆինանսական եւ քաղաքական ճգնաժամերը (4 բանկերի արտոնագրեր չեղարկվել են), ընդդիմության հանդեպ լուրջ հետապնդումները, նավթի գների կտրուկ անկումը, համավարակի հետեւանքով վատթարացող իրավիճակը, սահմանների փակումը՝ արգելելով պետական սահմաններից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանցիների վերադարձը հայրենիք։

Այս իրավիճակում Ադրբեջանի իշխանությունները ավելացրել են իրենց հռետորաբանությունը՝ նույնիսկ սկսելով տարածքային նկրտումներ դրսեւորել Հայաստանի նկատմամբ։ Սահմանամերձ շրջաններում անցկացվել են լայնամասշտաբ (ավելի քան 10 հազար զինվորականների ներգրավմամբ) զորավարժություններ։ Այս ամենը կատարվում է՝ շեղելու բնակչության ուշադրությունը տարբեր ճգնաժամերից, ինչպես նաեւ համավարակի դեմ պայքարի վերաբերյալ  ժողովրդական ընդվզումը ճնշելու նպատակով։

Այն, որ Ադրբեջանը չի գնահատում մարդկային կյանքը եւ անպատասխանատու վարքագիծ է դրսեւորում, հստակորեն երեւում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունից, որում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանը չպետք է մոռանա, որ մեր բանակի սպառազինության մեջ առկա նորագույն հռթիռային համակարգերը հնարավորություն են տալիս խոցել Մեծամորի ԱԷԿ-ը։ Իսկ դա Հայաստանի համար մեծ աղետի պատճառ կարող է դառնալ»։ Ադրբեջանը տարիներ շարունակ պնդում էր, որ ատոմակայանը բնապահպանական տեսանկյունից վտանգ է ներկայացնում իր համար, թեեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները գտնում են, որ ատոմակայանն անվտանգ է։ Իսկ այժմ ատոմակայանը շահարկվում է սպառնալիքներ եւ վախ տարածելու նպատակով։

Մտահոգության մեկ այլ գործոն է Թուրքայի սադրիչ դերը, մասնավորապես վերջինիս բարձրաստիճան քաղաքական եւ ռազմական առաջնորդների կողմից ուժի կիրառմանը բացահայտ աջակցութունը եւ Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի դեպքում բոլոր հնարավոր միջոցներով Ադրբեջանին օգնելու խոստումը։ «Մենք երբեք չենք լքի մեր եղբայր Ադրբեջանին, մենք մինչեւ վերջ կաջակցենք Ադրբեջանին»,- նշել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։

Վերջին օրերին  Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ փակ սահմանի երկայնքով օդ էին բարձրացվել ռազմական ինքնաթիռներ եւ հետախուզական անօդաչու թռչող սարքեր։ Թուրքիան 1993թ. պատերազմի ընթացքում՝ ի աջակցություն Ադրբեջանի, միակողմանիորեն փակել է Հայաստանի հետ սահմանը։ Այս հակամարտության խորացումն ու հավանական ընդլայնումը կհանգեցնի հումանիտար աղետի, որի հետեւանքները կլինեն մեծ քանակությամբ զոհերը եւ փախստականների հոսքերը։

Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է. խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Մենք հավատարիմ ենք մնում այս դիրքորոշմանը եւ կշարունակենք աշխատանքներ տանել՝ ուղղված լարվածության նվազեցմանը եւ խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծմանը։ Միջազգային հանրությունը պետք է հորդորի բոլոր ներգրավված կողմերին ամրապնդել 1994թ. զինադադարը, համաձայնել սահմաններին ԵԱՀԿ դիտորդական առաքելության տեղակայմանն ու զինադադարի պայմանագրի խախտումների հետաքննման նպատակով ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի ներդրմանը։ Միայն դրանից հետո կարող է ի հայտ գալ տեւական խաղաղության հեռանկար»։

 

ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԲՈՂՈՔՆԵՐԸ՝ ՄԻՊ-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանի փոխանցմամբ՝ իրենց են հասցեագրվել դիմում-բողոքներ բուհերի դիմորդներից եւ նրանց ծնողներից՝ կապված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության հետ։

Մասնավորապես, բողոքներով դիմորդները եւ ծնողները մտահոգություններ են հայտնել. 2020-2021 թվականի պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննություններին մասնակցելու արդյունքում «12.0»-ից «18.75» միավոր ստանալու պարագայում միավորները 1-ին հայտով նշված բուհ ընդունվելուն չբավականացնելու պատճառով իրենց երեխաները (դիմորդները) չեն ընդունվել կամ ընդունվել են 8-րդ հայտով նշված որեւէ բուհ, իսկ «7.5» միավոր ստացած մի շարք դիմորդներ 2-րդից 5-րդ հայտերով նշված բուհեր են ընդունվել:

Քաղաքացիներն իրենց բողոքներով խնդրի լուծման տարբերակ առաջարկել են, օրինակ, այն, որ  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ավելացնի բուհերում ուսուցման տեղերը, որպեսզի բարձր գնահատական ստացած դիմորդները կարողանան սովորել իրենց նախընտրած բուհում: Մեկ այլ տարբերակով առաջարկվել է դիմորդներին տալ 2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակում բուհում ընդգրկվելու հնարավորություն՝ հետագա կրթության շարունակականությունը սահմանելով մրցութային կարգով՝ ըստ գիտելիքի:

Մարդու իրավունքների պաշտպանը բողոքները քննարկման ընդունելու որոշում է կայացրել եւ համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին:

 

 

ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ՉՎԵՐԹ

«Aircompany Armenia» ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 27-ին (ժամը՝ 14։00-ին) կիրականացնի Կալուգա-Երեւան չարտերային չվերթը (RM 0754): Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից (armeniafly.com), ինչպես նաեւ ընկերության երեւանյան գրասենյակից (հասցե՝ Վ. Սարգսյանի 10) կամ Կալուգայի միջազգային օդանավակայանից: Չվերթի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը։

 

 

ՄԵԾ ՎՆԱՍ՝ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻՆ

Հուլիսի 21-ին մոտ 15  րոպե տեւած սելավները, փոթորիկը  մեծ վնասներ են հասցրել Նոյեմբերյան քաղաքում, Նոյեմբերյան համայնքի մաս կազմող, սահմանամերձ  Բարեկամավան եւ Դովեղ գյուղերում։ Փոթորկից  պոկվել է բազմաբնակարան շենքերի, սեփական առանձնատների, այլ կառույցների տանիքների  ծածկերի մի մասը, արմատախիլ են եղել մեծ ծառեր, մշակաբույսերը գետնատարափ են դարձել։  Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանն ասաց, որ փոթորկից վնասվել է նաեւ  Նոյեմբերյանի գեղարվեստի դպրոցի շենքը,  Դովեղում  տուժել է  3 տուն։ Ուժգին քամին,  ջարդելով Նոյեմբերյանի տներից  մեկի պատուհանը, ներխուժել է տուն, ջարդել տան հեռուստացույցը, մնացած գույքը։ Նոյեմբերյանի համայնքապետն ասաց, որ հանձնաժողով  է կազմվել, որը հաշվարկվում է  պատճառված վնասների չափերը։ Շատ շենքերի տանիքների  ծածկերը փոթորկից  բացվել  են,  անձրեւներ կարող են  տեղալ, հարկավոր է այդ տները տանիքները  շուտ ծածկել, սակայն  շինանյութի, աշխատուժի խնդիր կա։

 

ՄՆԱՑԵԼ ԵՆ ՎԱՐԿԵՐԻ ՏԱԿ

Տավուշի մարզի  սահմանամերձ Նոյեմբերյանի մի խումբ գործարարներ, ովքեր իրենց  բիզնեսն իրականացնում են վարկային միջոցներով, դիմում- խնդրանք են հղել կառավարությանը, Ազգային ժողովին եւ կենտրոնական բանկին։ Նրանք հայտնում են, որ ներկա իրավիճակը՝ փակ սահմանները, կարանտինային սահմանափակումները, սահմանում լարվածությունը, ստեղծվել են իրավիճակ, որը անհնարին է դարձնում կատարել  իրենց վարկային պարտավորությունները: Բանկերի կողմից տրամադրված այսպես կոչված վարկային արձակուրդը վերջնական արդյունքում ավելի է ծանրացրել  իրենց  ծանր վարկային բեռը: Նրանք  չեն  հրաժարվում ստանձնած պարտավորություններից:  Սակայն անխուսափելի է դառնում բիզնեսների սնանկացումը,  աշխատատեղերի կրճատումը՝ սոցիալական ծանր հետեւանքներով: Ի վերջո,  իրավիճակը հանգեցնելու է նրան, որ մարդիկ, որոնք գրավադրել են իրենց անշարժ գույքերը, կորցնելով այն, բռնելու են արտագաղթի ճանապարհը՝ դատարկելով սահմանը: Սահմանագոտու գործարարարներն ներկայացնում են հետեւյալ առաջարկությունները՝ վեց ամսից մինչեւ մեկ տարի ժամկետով սառեցնել վճարումները առանց լրացուցիչ տոկոսային հավելագրումների, սուբսիդավորել կամ ներել  գործող տոկոսները, առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել սահմանամերձ տարածքում գործող բիզնեսներին, սահմանամերձ տարածաշրջանում գրավադրված բնակարանները եւ բնակելի տները չբռնագանձել՝ ցուցաբերելով այլ մոտեցում։ Նոյեմբերյանցի գործարարները հայտնել են, որ նշված պահանջների կատարումը հնարավորություն կտա բիզնեսներին փորձել պահպանել իրենց գործունեությունը եւ աշխատատեղերը: Նրանք  հայտնել են, որ բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից որդեգրած սխալ քաղաքականությունը բիզնեսին ներկայումս կանգնեցրել է փակման վտանգի առաջ։

Վարկերը մարելու խնդիրների ունեցող գործարարները, որոնց թիվը հասնում  է  50-ի, հայտնել են, որ ակնկալում են ողջախոհ մոտեցում, իրենց պահանջներին՝  արագ արձագանք, այլապես անխուսափելի է հետագա վարկային պարտավորությունների չկատարումը:

ՈՍԿԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս