ԲՀԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին գրություն է ուղարկել ու տեղեկացրել, որ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սերգեյ Բագրատյանը խմբակցությունից հեռանալու պատճառներ ունի: Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, վերջերս Սերգեյ Բագրատյանն իմացել է, որ իրավապահները հայտնաբերել են՝ ինքը չարաշահումներ է թույլ տվել: Ըստ մեր աղբյուրների՝ անձամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է միջնորդել, որպեսզի Բագրատյանի նկատմամբ իշխանությունները խիստ չվարվեն, փոխարենն ինքը կվերականգնի պետությանը հասցված վնասը: Ընդ  որում, մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը մինչ հունիսի 5-ի իր հայտնի ելույթը արդեն իմացել է, որ ՀՀ գլխավոր դատախազը հայտնաբերված չարաշահումների մասով գալու է Ազգային Ժողով Բագրատյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: Ավելին, մեր տեղեկություններով՝ Ծառուկյանի միջնորդությամբ Բագրատյանը այդ հարցերի շուրջ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի հետ ու խնդրել է իրեն ընդառաջել այդ հարցում.  պայմանավորվել են, որ 50 տոկոսը ամբողջական է վճարելու, իսկ  մյուս մասը՝ ըստ ժամանակացույցի: Թվում է՝ սա է ԲՀԿ-ից դուրս գալու միակ պատճառը, սակայն, բացի դրանից, Բագրատյանի անունը կապվում է նաեւ ՀԷԿ-ի հետ կապված այլ չարաշահման հետ, եւ խմբակցությունից դուրս գալու որոշումը եւս պայմանավորված է այս հանգամանքով: Թերեւս «ղազագիր» գրած Բագրատյանը կարծում է՝ եթե դուրս գա խմբակցությունից, կներվեն իր բոլոր արարքները: Տեւական ժամանակ է, ինչ այս տեղեկությունը փորձում ենք ճշտել Սերգեյ Բագրատյանից, սակայն վերջինիս հեռախոսն անհասանելի է: Մենք փորձեցինք զրուցել նաեւ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի հետ, սակայն ապարդյուն. վերջինս մեր հեռախոսազանգերին չպատաասխանեց:

 

 

Դատական համակարգում իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ: Ինչպես հայտնի է, հուլիսի 31-ին պետք է տեղի ունենա Դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ, ի թիվս օրակարգային այլ հարցերի, պետք է հավանության արժանանար նաեւ այդ մարմնի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին հարցը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մինչ այս դատական համակարգում հակված են եղել որպես թեկնածու ներկայացնել Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին, սակայն, մեր տեղեկություններով, այս օրերին Հակոբյանին մրցակից է հայտնվել, եւ թեկնածուի հարցը դեռ վերջնական որոշված չէ: Այսպիսով,  մենք տեղեկացանք, որ նրա հետ պայքարի մեջ է մտել նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ Լիզա Գրիգորյանը մեկ անգամ արդեն փորձել է 2018 թվականին որպես ՍԴ դատավորի թեկնածու հանդես գալ, սակայն այն ժամանակ ընտրությունը կանգ առավ Արմեն Դիլանյանի վրա: Եվ, ահա, այժմ Գրիգորյանը եւս նման հավակնություններ ունի: Թե ինչ որոշում կկայացնի դատական համակարգը, դժվար է ասել, սակայն փաստ է, որ Սահմանադրական դատարանի դատավորի հարցում դատական համակարգը բաժանվելու է երկու թեւի, եւ, եթե մինչ այս թեկնածուն մեկն էր, եւ ընտրություն կատարելու խնդիր չկար, ապա այժմ նոր զարգացումներ կարող են լինել:

 

 

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու տարվա ընթացքում պետք է վերլուծի բոլոր դատավորների հայտարարագրերը, որոնք նրանք ներկայացնում են հանձնաժողովին: Ընդ որում, վերլուծության են ենթակա միայն 2017 թվականից սկսած ներկայացված հայտարարագրերն ու ձեռք բերված միջոցների օրինականությունը: Այս կանոնակարգումներն ուժի մեջ են մտել այս տարվա մայիսի 2-ից, եւ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանձնաժողովում գործընթացն արդեն մեկնարկել է, եռամսյա եւ հինգամսյա ժամկետներում պետք է ուսումնասիրվեն ՍԴ դատավորների ու ԲԴԽ անդամների հայտարարագրերը, իսկ երկու տարվա մեջ՝ ամբողջ դատական համակարգինը: Ընդ որում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հասու է բոլոր տվյալները ստուգելու հնարավորություն, եւ անգամ նրանք կարող են հասանելիություն ունենալ անձի՝ բանկային գաղտնիք համարվող տվյալներին: Բացի այդ, ուումնասիրման ենթակա է լինելու նաեւ պաշտոնատար անձի ոչ միայն տնօրինման ենթակա, այլ փաստացի տիրապետման տակ գտնվող գույքը, եւ հանձնաժողովը կուսումնասիրի նաեւ դրանք: Սակայն եւս մեկ անգամ ընդգծենք, որ վերլուծության են ենթակա միայն 2017 թվականից հետո ներկայացրած հայտարարագրերն ու տվյալները:

 

 

 

Հայաստանում ներգնա տուրիզմով զբաղվող ընկերությունները խնդիրներ ունեն՝ զբոսաշրջային վայրերում ճանապարհային եւ տեղեկատվական ցուցանակների հետ կապված: «ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ շատ կարեւոր զբոսաշրջային գրավչության օբյեկտների համար տեղադրված չեն համապատասխան նշաններ, ինչն այցելուների համար դժվար է դարձնում դրանք գտնելը եւ այցելելը: Ավելին, պարզվում է, որ մեծ թվով զբոսաշրջային արահետներ հիմնականում առանց ցուցանակների են: Խնդիր է նաեւ այն, որ հյուրանոցային տնտեսության եւ առեւտրային օբյեկտները հիմնականում տեղադրում են իրենց իսկ դիզայնով պատրաստված ցուցանակներ, որոնց համար թե՛ տեղական մարմինների եւ թե՛ ճանապարհների սպասարկման համար պատասխանատու մարմինների կողմից հիմնականում թույլտվություն չեն ստանում: Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշել է այս հարցին լուծում տալ. նախարարությունը նոր՝ զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակների չափանիշերը հաստատելու մասին որոշման նախագիծ է քննարկման դրել: Ըստ նախարարության՝ զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակները պետք է լինեն ճանաչելի, միջազգային ընդունված չափանիշերին համապատասխան եւ կարգավորեն դեպի այցելավայր շարժը։ Հայաստանում տեղադրվող ցուցանակները պետք է պարտադիր լինեն հայերեն եւ անգլերեն` ցուցանակի վրա տեղակայման առաջնահերթություն տալով պետական լեզվին: Ի դեպ, տեղեկացնենք, որ սա արդեն լրացուցիչ ֆինանսական բեռ կլինի ոչ միայն տնտեսվարողների, այլեւ համայնքների համար:




Լրահոս