Հաշվի առնելով hայ-ադրբեջանական սահմանի վերջին օրերին տիրող լարված դրությունը եւ ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչների կրած վնասների համար փոխհատուցում տալու անհրաժեշտությունը՝ կառավարությունն ընդունել է որոշում, որով 25 մլն դրամ կհատկացվի մարզպետարանին:
Հիմնավորման համաձայն՝ հուլիսի 12-ից սկսված հրետակոծությունների հետեւանքով տուժած ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին վնասված անշարժ գույքի փոխհատուցման համար նախնական գնահատականով անհրաժեշտ կլինի առնվազն 150 մլն դրամ, որից 25 մլն դրամը առաջարկվում է հատկացնել հրատապության կարգով: Ստեղծվել է գույքագրման եւ գնահատման աշխատանքային խումբ, որն աշխատում է բնակավայրերում։ Գումարի մի մասը կհատկացվի կանխավճարով՝ աշխատանքները շուտափույթ սկսելու համար:
Կառավարության ղեկավարը նշել է՝ պետք է արձանագրել, որ սահմանապահ գյուղերում ոչ թե Հայաստանն ավարտվում է, այլ սահմանապահ գյուղերից է սկսվում Հայաստանը։ «Ինչպես ընդունված է ասել, որ, օրինակ, անցման այդ սահմանային, անցագրային կետերից է սկսում երկրից առաջին տպավորությունը, նույն տրամաբանությունը մենք պետք է իրականացնենք սահմանապահ գյուղերում: Մեր երկրի դիմակայունության, մեր երկրի մարտունակության եւ մրցունակության ամենակարեւոր ցուցիչը պետք է լինի սահմանապահ գյուղերում մեր իրականացվող քաղաքականությունը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարությունն այս քաղաքականությունն առաջ տանելու համար աշխատելու է հետեւողական:
Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ այդ գյուղերում առաջին հերթին պետք է քաղաքաշինական եւ քաղաքաշինական նախագծման շատ լուրջ աշխատանք կատարվի:
Այն բնակելի տները, որոնք հուլիսի 12-ին եւ դրանից հետո ավերվել են, եւ հնարավոր չէ դրանք վերականգնել, գործադիրը կվերականգնի պետբյուջեի միջոցներով: «Ընդ որում, վերականգնում ասելով՝ նկատի չունենք ուղղակի սովորական վերականգնումը, այլ նկատի ունենք, որ այդ տարածքը սեփականատիրոջ թույլտվությամբ պետք է ամբողջությամբ մաքրվի, ձեւավորվի բոլորովին նոր միջավայր՝ բոլորովին նոր ճարտարապետությամբ: Ընդ որում, այգու հատվածում նույնպես մենք պետք է որոշակի աշխատանք իրականացնենք։ Հիմա պարզվեց, որ այդ ավերված տներից մեկում է ընտանիք ապրել, եւ մենք հիմա այդ հարցը մաքսիմալ արագ կլուծենք: Մյուս 2 տների դեպքում այլ մեխանիզմներով կփոխհատուցենք այդ տների համար սեփականատերերին։ Մնացած հատվածներում տեղի կունենան վերականգնման աշխատանքներ»,-ասել է վարչապետը:
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Երեկ ՀՀ կառավարության դիմաց չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները վանկարկում էին հայտարարություններ՝ պահանջելով հանդիպում ՀՀ վարչապետի հետ։
Հանդիպում տեղի չի ունեցել, իսկ բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իրենց պահանջով նամակ կհանձնեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին եւ կտրամադրեն հարցի լուծման համար վերջնաժամկետ։ Պահանջը չկատարելու դեպքում դատի են տալու ԿԳՄՍ նախարարին եւ Գնահատման եւ թեստավորման կենտրոնին՝ (ԳԹԿ) ընդունելության նոր կարգն իրենց պատշաճ չներկայացնելու համար։
Նրանց խոսքով՝ խախտվել է դիմորդների սահմանադրական իրավունքը։ Դիմորդների խոսքով՝ կարգը կարդացել են, սակայն լավ չեն հասկացել, ոմանք նույնիսկ չեն իմացել փոփոխության մասին։
Ծնողներին բարկացրել են ավելի վաղ արված հայտարարությունները, թե իրենց երեխաները կարող են հեռակա ընդունվել։ Ծնողների խոսքով՝ եթե այդքան լավ է, թող նրանց երեխաները հեռակա սովորեն, իրենք չեն ուզում։
Արված կոչերից ու հայտարարություններից հետո ոստիկանները խնդրել են դադարեցնել հավաքը։ Մասնակիցները շարժվել են ԿԳՄՍ նախարարության շենքի առաջ։ Ոստիկաններն այստեղ եւս մի քանի անգամ նշել են դադարեցնել կոչերն ու հավաքին բնորոշ հայտարարությունները, պահպանել սոցիալական հեռավորություն: Մասնակիցներից մի քանիսը ԿԳՄՍՆ նախարարին նամակ են փոխանցել:
Հիշեցնենք, որ դժգոհության պատճառը ընդունելության նոր կարգն է, որով գերակա է առաջին հայտը։ Որոշ դիմորդներ դուրս են մնացել, քանի որ չեն վաստակել առաջին հայտի համար անհրաժեշտ միավորներ։
ՇՈՒՐՋ 154 ՄԻԼԻԱՐԴ ՀՀ ԴՐԱՄ
2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի կողմից կառավարվող կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդերի միջոցների հանրագումարը հասել է շուրջ 154 միլիարդ ՀՀ դրամի։ Նշված միջոցներից շուրջ 126 միլիարդը զուտ դրամական մուտքերն են, իսկ 28 միլիարդը գոյացել է միջոցների կառավարման արդյունքում։
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունը հիմնադրել են ԱԿԲԱ բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական «Ամունդի» ընկերությունը: «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը Հայաստանում գործող կուտակային կենսաթոշակային ֆոնդերի երկու կառավարիչներից մեկն է, կառավարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ Կայուն եկամտային, Պահպանողական եւ Հավասարակշռված:
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ
Հայաստանի կառավարությունը երեկվա նիստում հավանություն է տվել «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. ««Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի 89-րդ լիագումար նիստում 2011 թվականի դեկտեմբերի 19-ին:
Արձանագրությունը ստորագրել է 52 պետություն, վավերացրել է 46 պետություն: Հայաստանի Հանրապետության կողմից Արձանագրությունը ստորագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 26-ին:
Արձանագրությունը կոչված է ամրապնդելու եւ լրացնելու ազգային եւ տարածաշրջանային մեխանիզմները, որոնք երեխաներին հնարավորություն են տալիս բողոքներ ներկայացնել իրենց իրավունքների խախտումների դեմ: Արձանագրության կարեւորությունն այն է, որ այն հնարավորություն է տալիս Երեխաների իրավունքների կոմիտեին իրականացնելու մի շարք գործառույթներ, որոնք ուղղված են ամրապնդելու եւ լրացնելու այդպիսի ազգային մեխանիզմները, ինչպես նաեւ ընդլայնելու Կոնվենցիայի եւ համապատասխան դեպքերում դրա՝ «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի մասին» եւ Կոնվենցիային կից՝ «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրությունների կիրարկումը:
Վավերացնելով Արձանագրությունը՝ Հայաստանը կստանձնի պարտավորություն պատշաճ ուշադրություն դարձնել իր իրավազորության ներքո գտնվող անձանց բողոքների վերաբերյալ Կոմիտեի տեսակետներին եւ առաջարկություններին եւ Կոմիտե ներկայացնել գրավոր պատասխան, այդ թվում՝ տեղեկություններ՝ Կոմիտեի տեսակետների եւ առաջարկությունների լույսի ներքո ձեռնարկված եւ նախատեսված ցանկացած գործողության վերաբերյալ:
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, համաձայն որի՝ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում երեկ՝ ժամը 14-ից, կիրառվել են մուտքի եւ ելքի ժամանակավոր սահմանափակումներ: