ՀՀ-ում գործող սահամանամերձ համայնքներին ուղղված «Սոցիալական աջակցության մասին» օրենքը համալրվում է նոր դրույթներով: Արդյունքում ընդլայնվում է սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցության շրջանակը: Օրենսդրական փոփոխությունների նոր նախագիծն առաջարկում են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Սիսակ Գաբրիելյանը, Սիփան Փաշինյանը:
Ըստ Սիսակ Գաբրիելյանի՝ փոփոխություններով նախ առաջարկում են եւս երեք տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների արտոնությունները, այն է՝ պետությունը 36 բնակավայրի համար 50 տոկոսի չափով փոխհատուցի սպառած էլեկտարէներգիայի, բնական գազի, ոռոգման ջրի վճարները: Եթե էլեկտարէներգիայի, բնական գազի սպառման ծավալների որոշակի սահմանափակում կա, ապա ոռոգման ջրի դեպքում, անկախ օգտագործված ծավալից, 50 տոկոսի չափով կփոխհատուցի պետությունը: Օրենսդրական նախագծով առաջարկվում է եւս երեք տարի սահմանապահ համայնքներում ապրող բնակիչներին ամբողջությամբ ազատել հողի հարկից, գույքահարկից:
«Այս բնակավայրերում ապրող մեր սիրելի քաղաքացիներն ամեն օր վտանգում են իրենց կյանքը, գույքը, առողջոությունը՝ կապված հակառակորդի վայրագությունների դրսեւորման հետ: Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է եղած սոցիալական աջակցության ժամկետը երկարաձգելը եւ նորերն ավելացնելը: Մասնավորապես, նախատեսվում է աջակցություն դասագրքրերի մասով: Գիտենք, որ տարրական դասարանների դեպքում ամբողջությամբ անվճար է: Հիմա մենք առաջարկում ենք բարձր դասարաններում դասագրքերի համար պետությունը կա՛մ 50 տոկոսով փոխհատուցի, կա՛մ ընդհանրապես սահմանի անվճար»,-նշել է Ս. Գաբրիելյանը:
Առաջարկվում է նաեւ օրենքի ուժով ամրագրել այն, որ Ադրբեջանի կողմից հրետակոծության հետեւանքով վնասված տները պետությունն ամբողջությամբ կվերականգնի. խոսքը բնակելի տների մասին է: Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ նախագծի մշակումը ժամանակային առումով կապված չէ Տավուշի հատվածում Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունների հետ: Այս նախագծի հետ կապված աշխատանքներ են տարվում մի քանի ամիս: Այս ընթացքում պատգամավորնեը հանդիպել են սահմանամերձ համայնքների բնակիչների հետ, փոփոխություններ կատարելիս հաշվի են առնվել նաեւ նրանց դիտողությունները:
«Մասնավորապես, դրանցից մեկը հակառակորդի կրակոցից գյուղացիների կենդանիների կորստի փոխհատուցումն է: Լինում են դեպքեր, երբ հակառակորդի կրակոցից սպանվում են գյուղատնտեսական նշանակության կենդանիները: Գյուղացիների խնդրանքն էր նաեւ այս մասով որոշակի ապահովագրություն սահմանել: Մեր առաջարկով նման դեպքում պետությունը կտրամադրի փոխհատուցում»,- ասել է պատգամավորը:
Հաջորդ փոփոխության համաձայն՝ եթե հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների ընթացքում բնակիչներից որեւէ մեկը վիրավորվի, որի հետեւանքով ձեռք բերի հաշմանդամության կարգ, ապա նրա բուժօգնությունը ոչ միայն կլինի անվճար, այլեւ, կախված հաշմանդամության կարգից, բնակիչը պետության կողմից կստանա 1-3 մլն դրամ գումար: Եթե գրանցվի զոհ, ապա պետությունը միանվագ կտրամադրի 5 մլն դրամ: Սոցիալական աջակցության 36 բնակավայրերը հանրապետության 4 մարզում են՝ Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի: Բնակավայրերի զգալի մասը՝ 80 տոկոսը, Տավուշում է:
Նախագիծը ներկայումս շրջանառության մեջ է դրված: Քանի որ խորհրդարանը ներկայումս արձակուրդում է, սպասվում է, որ նախագիծը կքննարկվի աշնանը: Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ օրենքի նախագիծը երբ էլ ընդունվի, նախատեսվում է, որ դասագրքերի հետ կապված հետադարձ ուժ կլինի, եւ այս սեպտեմբերին սահմանամերձ 36 համայնքում դպրոց գնացող երեխաների դասագրքերի համար ֆինանսավորման հարցը լուծում կստանա:
«Մի քանի փոփոխություններ էլ նախատեսվում են, որոնք գուցե կյանքի կոչվեն հաջորդ տարի: Մեր գործընկեր մեկ այլ պատգամավորի հետ աշխատում եմ, փորձում ենք կառավարության հետ գտնել որոշ լուծումներ, որպեսզի պետությունը մասնավորապես սահմանապահ համայնքների ուսանողների ուսման վարձերը փոխհատուցի, մանկապարտեզներն էլ անվճար դարձնի: Այդ ուղղությամբ աշխատում ենք»:
ԱՆԴՐԱԴԱՐՁ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՔՆԵՐԻՆ
Միջոցառումների կազմակերպման ոլորտի ներկայացուցիչները ժողով են արել՝ անդրադառնալով արտակարգ դրության երկարաձգմամբ պայմանավորված միջոցառումների արգելքին։ Միջոցառմանը ելույթ է ունեցել հանրային սննդի ոլորտի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանը:
Նա նշել է, որ հավաքված հարյուրավոր ձեռնարկատերերն ու անհատները գործունեություն են ծավալում միջոցառումների կազմակերպման ոլորտում, որն ապահովում է մոտ քսան հազար աշխատատեղ՝ տարեկան ապահովելով մոտ երեք հարյուր միլիոն դոլարի շրջանառություն։
«Այս ոլորտի հետ սերտ կապված են բազում այլ ոլորտներ, որոնք հանդիսանում են օժանդակ կամ մատակարար բիզնեսներ։ Դրանք են գյուղատնտեսությունը, տուրիզմի բնագավառը, հյուրանոցային եւ հյուրատնային կոմպլեքսները, այլ բազմաթիվ բիզնեսներ»,-ասել է նա։
Վերջինս հիշեցրել է, որ կառանտինից հետո պետությունը ազատականացրեց համարյա բոլոր ոլորտները, բացի միջոցառումների անցկացումից։ «Թույլ տրվեց հասարակական սննդի ոլորտի բոլոր օբյեկտների գործունեությունը՝ բացառությամբ մեր ոլորտի ռեստորանային համալիրների։ Պետությունը կիրառեց այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն արտահայտում իրերի եվ իրադարձությունների իրական պատկերը եւ այլեւս, մեր կարծիքով, վտանգում են մեր բազմահազարանոց բնագավառի գոյությունը»,-ասել է նա։
Միջոցառմանը մասնակցող ձեռներեցները նշել են, որ պարտաստ են ամբողջությամբ ապահովել հակահամաճարակային պահանջները։ Միջոցառման կազմակերպիչները նաեւ հայտարարություն են տարածել՝ հիշեցնելով իրենց հիմնական պահանջները, որոնք ներկայացնում ենք ստորեւ.
«Մենք խնդրում ենք Հայաստանի հանրապետության կառավարությունից եւ կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչներից մասնավորապես պատասխանել մեկ պարզ հարցի՝ երբ է ազատականացվելու տնտեսական գործունեությունը, եւ երբ է թույլատրվելու մեր բնագավառի գործունեությունը։ Արդյոք Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրա՞ստ է հոգալ մեր ինդուստրիայի կրած վնասները եւ ինչ-որ կերպ փոխհատուցել այն՝ հաշվի առնելով այն փաստը, որ հենց պետության որոշմամբ է արգելվել մեր գործունեությունը։
Արդյոք Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրա՞ստ է հոգալ մեր բնագավառում աշխատող մոտ քսան հազար աշխատողի սոցիալական ապահովությունը, եւ կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ»։
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ՞
Հուլիսի 21-ի երեկոյան փոթորկից, հորդ անձրեւից առաջացած սելավներից սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքը, Նոյեմբերյան համայնքի մաս կազմող սահմանամերձ Բարեկամավան եւ Դովեղ գյուղերը վնասներ կրեցին։ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը հայտնեց, որ համայնքապետարանի հանձնաժողովը ուսումնասիրել, ճշտել է պատճառված վնասների չափերը, սակայն չի հաշվարկել, թե վնասի չափերը գումարային առումով որքան են կազմում։
Հանձնաժողովը արձանագրել է, որ Նոյեմբերյան քաղաքում վնասվել է 265, Բարեկամավանում՝ 101, Դովեղում՝ 9 առանձնատուն։ Նոյեմբերյան քաղաքի բազմաբնակարան 20 շենքերից 8-ի տանիքի ծածկի մի մասը վնասվել է։ Փոթորկից վնասվել են Նոյեմբերյանի գեղարվեստի դպրոցի, Բարեկամավանի դպրոցի եւ բուժկետի տանիքները, Դովեղի դպրոցի տանիքը, հեղեղաջրերը լցվել են Նոյեմբերյանի մարզամշակույթային կենտրոնի եւ գեղարվեստի դպրոցի շենքեր՝ վնասներ պատճառելով։ Նոյեմբերյան համայնքի ղեկավարն ասաց, որ ստեղծվել է նաեւ Նոյեմբերյանի այգիների եւ ցանքերի կրած վնասներն ուսումնասիրող հանձնաժողով, որի աշխատանքներին կմասնակցի Տավուշի մարզպետարանի հողօգտագործման եւ հողաշինության բաժնի աշխատակիցը։ Դեռեւս հայտնի չէ, թե վնասների չափերի վերաբերյալ տվյալները կառավարություն ներկայացնելուց հետո գործադիրը աջակցություն կամ փոխհատուցում կցուցաբերի արդյոք տուժած համայնքներին, երբ եւ ինչ չափով կլինի այդ աջակցությունը։
ՃԱՆԱՊԱՐՀԸ՝ ԿԻՍԱՔԱՆԴ
Վանաձորի կողմից Դիլիջան քաղաքի մուտքի մոտ ավտոճանապարհը կիսաքանդ է, բազմաթիվ փոսերով լինի։ Այդ ավտոճանապարհը սպասարկում է Դիլիջանի «Հաղարծին» ճանապարհաշինական ընկերությունը։ «Հաղարծին» ՓԲԸ տնօրեն Գուրգեն Մանթաշյանն ասաց, որ իրենց ընկերությունը այժմ չի սպասարկում Դիլիջանի ավտոկայարանից մինչեւ Դիլիջանի դատախազության շենք ավտոճանապարհը, 7 կմ երկարությամբ հատվածը, որը պետք է նորոգվի, դրա նորոգման համար մրցույթ է հայտարարված, հայտնի է շինարար կազմակերպության անունը։
Գուրգեն Մանթաշյանը հայտնեց, որ իրենք են իրականացնում Վանաձոր-Դիլիջան հանրապետական նշանակության ավտոճանապարհի ընթացիկ եւ ձմեռային պահպանության աշխատանքները։ Դիլիջանի բնակիչները հայտնում են, որ տարիներ շարունակ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը վատ վիճակում էր, փոսառատ է եղել, մինչդեռ պետական բյուջեից մշտապես մեծ գումարներ են հատկացվել այդ ճանապարհի սպասարկման համար։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ