ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը գնահատում է, որ ծրագրավորված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերն առավելապես ներքեւի ուղղությամբ են, միեւնույն ժամանակ խորհուրդը գտնում է, որ դրամավարկային ներկա պայմանները բավարար խթանող են, եւ որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաեւ միջնաժամկետ հատվածում, ինչը հնարավորություն կտա գնաճն աստիճանաբար ավելացնել եւ կայունացնել նպատակային ցուցանիշի շուրջ: Այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ԿԲ խորհրդի նիստից հետո, որում որոշվել էր անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
«Հունիսին արձանագրվել է 1.4 տոկոս գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.9 տոկոս գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է եւ կազմել 1.7 տոկոս: Միեւնույն ժամանակ 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է նախորդ ամսվա 0.8 մակարդակի վրա: Երկրորդ եռամսյակում արտաքին հատվածում արձանագրվել է համաշխարհային տնտեսության եւ արտաքին պահանջարկի էական թուլացում, ինչը համահունչ է եղել դրամավարկային քաղաքականության ծրագրով կանխատեսված զարգացումներին: Եռամսյակի վերջում, սակայն, հիմնական ապրանքահումքային շուկաներում գները ձեւավորվել են սպասվածից փոքր-ինչ բարձր մակարդակում: Միաժամանակ թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրները շարունակել են իրականացնել խթանող դրամավարկային եւ զգալի խթանող հարկաբյուջետային քաղաքականություն: Ինչպես եւ ակնկալվում էր, արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա էական գնաճային ազդեցություններ չեն եղել»,-ասաց Գալստյանը:
Նրա խոսքով՝ երկրորդ եռամսյակում համավարակի հետեւանքով ՀՀ տնտեսական ակտիվության եւ ներքին պահանջարկի նվազումը գտնվել է ԿԲ-ի կանխատեսումների շրջանակում: Թողարկման նվազումը հիմնականում արտահայտվել է շինարարության եւ ծառայությունների ճյուղերում, մինչդեռ ԿԲ նախագահը նկատեց, որ արդյունաբերության ճյուղում նվազումը սպասվածից ավելի դանդաղ է եղել, այսինքն` արդյունաբերության ճյուղի դրսեւորումներն ավելի լավն են եղել: Համավարակի հաղթահարման ժամկետների հետ կապված առկա մեծ անորոշություններով պայմանավորված՝ գնահատվում է, որ առաջիկայում ներքին պահանջարկը դեռեւս կմնա թույլ, թեեւ դրամական փոխանցումների՝ սպասվածից էականորեն քիչ նվազումը կունենա որոշակի դրական նպաստում: Միաժամանակ գնահատվում է, որ վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը՝ մասնավորապես շահութահարկի մասով օրենսդրական վերջին փոփոխությունները, կունենան դրական նպաստում թե՛ առաջարկի եւ թե՛ պահանջարկի վրա: «Հաշվի առնելով, որ փաստացի զարգացումները մոտ են եղել երկրորդ եռամսյակի դրամավարկային ծրագրի կանխատեսումներին, ԿԲ խորհուրդը գտնում է, որ դրամավարկային ներկա պայմանները բավարար խթանող են: Միաժամանակ խորհուրդը գնահատում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաեւ միջնաժամկետ հատվածում, ինչը հնարավորություն կտա գնաճն աստիճանաբար ավելացնել եւ կայունացնել նպատակային ցուցանիշի շուրջ կանխատեսվող հորիզոնի վերջում»,-ասաց Գալստյանը:
Խորհուրդը միակարծիք է, որ ներկա իրավիճակում համախառն պահանջարկի վերականգնման համար առանցքային է նաեւ հարկաբյուջետային խթանող քաղաքականությունը հատկապես տնտեսության ներուժային մակարդակի աճին նպաստող ծախսերի իրականացման միջոցով: «ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ծրագրավորված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերն առավելապես ներքեւի ուղղությամբ են՝ պայմանավորված պահանջարկի վերականգնման հնարավոր դանդաղմամբ եւ անորոշության հավանական պահպանմամբ: Նման ռիսկերի դրսեւորման պարագայում ԿԲ-ն պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում»,-ասաց նա:
ԿԲ նախագահը հիշեցրեց, որ երբ Հայաստանում սկսվել էր կորոնավիրուսի ճգնաժամը, ԿԲ-ն հայտարարել էր, որ ֆինանսական համակարգին, մասնավորապես՝ բանկային համակարգին տրամադրելու է անսահմանափակ քանակությամբ իրացվելիություն, եթե դրա անհրաժեշտությունը կա, թե՛ արտարժույթով, թե՛ ազգային արժույթով: ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 28-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.5%:
ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԻՑ ԿԱԶԱՏՎԵՆ
Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հուլիսի 27-ին որոշում է ստորագրել, որով փոփոխություններ ու լրացումներ են կատարվել պարետի՝ 2020թ. մարտի 18-ի` «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս եւ Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N5 որոշման մեջ։
Նոր որոշմամբ ինքնամեկուսացումից կարող են ազատվել հետեւյալ անձինք.
- պետական, պաշտոնական եւ աշխատանքային այցերով օտարերկրյա պատվիրակությունների կազմում ժամանողները,
2.դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ներկայացուցիչների եւ նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները եւ նրանց ընտանիքի անդամները,
3.առողջապահական, ռազմական ու անվտանգության, տնտեսական արտադրական անհետաձգելի կարիքների առկայության հիմքով հրավիրված անձինք,
4.պետության կողմից իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակներում աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ
մատուցելու նպատակով ժամանողները,
5.այլ բացառիկ հիմքերով պարետի թույլտվության հիման վրա:
Վերոնշյալ դեպքերում արտերկրից Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք իրավունք ունեն ժամանելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտություն:
Վերոնշյալ անձանց տվյալները ԱՐՄԵԴ համակարգ են մուտքագրվում հատուկ նշումով: Լաբորատորիաների կողմից նրանց լաբորատոր հետազոտության բացասական արդյունքի մասին տեղեկատվությունը ԱՐՄԵԴ համակարգ մուտքագրվելուց հետո տվյալ անձինք ենթակա են ինքնամեկուսացումից անհապաղ ազատման: Մինչեւ լաբորատորիայի կողմից ԱՐՄԵԴ համակարգ բացասական պատասխանի մուտքագրումն անձը ստանում է ինքնամեկուսացման ցուցում: Որոշումն ուժի մեջ է մտել։
452 ՀԻՎԱՆԴ
Հուլիսի 28-ին դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 32 բնակիչ է բուժվում։ Մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 786 քաղաքացի, նրանցից 242-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Կորոնավիրուսից առողջացել եւ հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 452 բնակիչ։ 49 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 35 դեպք: