«ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԱՐՍԱՓ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ ՉԵՄ ԱՊՐԵԼ». ՌՈԶԻ ԱՎԵՏԻՍՈՎՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրված դերասանուհի Ռոզի Ավետիսովնայի հետ այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է արմատների, հիասթափությունների եւ դժվարությունների մասին:

 

-Ռոզի՛, նախ խոսենք Ձեր արմատների մասին։ Որտեղի՞ց է սերում Ավետիսովաների տոհմը։

-Իմ հայրական ընտանիքը սերում է Վրաստանից, մեր տունը մինչ այսօր գտնվում է Թիֆլիսում: Տունը կա, պահպանվում է, եւ հիմա այնտեղ ապրում են հորաքույրներս: Հայրս 24 տարեկանում տեղափոխվել է Երեւան, եւ իմ ընտանիքն արդեն կազմավորվել է Երեւանում: Ես ծնվել են Երեւանում, եւ իմ մանկությունն անցել է այստեղ, չնայած որ տատիկ-պապիկի տուն գնալ-գալը միշտ եղել է:

-Հարցազրույցներից մեկում ասել եք՝ հաճախ Ձեզ վատ ինտոնացիայով ասել են, թե բաքվեցի եք, եւ ոչ այնքան հաճելի հիշողություններ ունեք մանկությունից:

-Մենք 90-ականների սերունդ ենք, եւ եթե համեմատենք ներկա սերունդի երեխաների հետ, թե նրանք այսօր ինչքան մեծ հնարավորություններ ունեն, ամենակարեւորը պատերազմ չկա, եւ համեմատենք այն տարիների հետ, երբ մենք էինք մեծանում` խաղալիքներ քիչ կային, լույս, ջուր քիչ կար, եւ շատ նման կենցաղային անհրաժեշտության բաներ: Բայց պետք է նշեմ, որ այդ սուղ պայմաններում մեր մանկությունն ավելի լավ ու հետաքրքիր էր, քան հիմա: Այսօր երեխաները պլանշետներից եւ հեռախոսներից դուրս չեն գալիս, իհարկե դա իրենց մեղքը չէ, իրենք այդպես են պատկերացնում:

-Ինչպե՞ս ընտրեցիք դերասանի մասնագիտությունը։ Երբեւէ երկընտրանքի առաջ կանգնե՞լ եք այդ հարցում:

-Երբեւէ երկընտրանք չի եղել, քանի որ դեռ մանկուց հստակ որոշված է եղել, թե ինչ մասնագիտություն, ինչ ուղի եմ ընտրելու, թեպետ մեկ տարի ուշ եմ ընդունվել Թատերական, բայց այդ ընթացքում էլ անգամ չեմ մտածել մասնագիտությունս փոխելու մասին, եւ հետո հանգամանքներ էլ եղան, որոնք ինձ տարան թատրոն: Կարծում եմ՝ ինչ-որ տեղ կա նաեւ ճակատագրի ֆակտորը: Երբեք ընտանիքում խոսակցություններ չեն եղել մասնագիտության ընտրության հարցում: Ընդամենը ծնողներիս հետ քննարկել ենք: Իսկ ուսանողական տարիներս անցել են շատ լավ, ունեցել եմ փայլուն կուրսընկերներ, եւ այսօր այն, ինչը որ կամ, դա իմ դասախոսների շնորհիվ է: Կուրսում մենք ապրում էին ընտանիքի պես, միասին անցկացնում էինք շատ-շատ ժամանակ: Առաջին անգամ մեծ դերով դուրս եմ եկել բեմ երրորդ կուրսում, խաղում էի գլխավոր հերոսուհու կերպար եւ հիշում եմ, որ ավելի մեծ սարսափ իմ կյանքում չեմ ապրել. եթե ինձ ասեին` պետք է օդապարիկով թռչեմ շատ բարձր տեղից, այդքան չէի վախենա, ինչքան առաջին անգամ բեմ դուրս գալուց առաջ: Եվ առ այսօր հանդիսատեսի առաջ ներկայանալուց վախենում եմ:

-Հայտնի մարդիկ շատ են խոսում իրեն անցած փշոտ, ոչ հարթ ճանապարհի մասին. Ձեր ճանապարհն ինչպիսի՞ն է եղել։

-Երբեք թիկունքից հարվածողներ չեմ ունեցել, նման տեսանելի թշնամիներ չեմ ունեցել, գուցե կան, ես չեմ տեսնում եւ չեմ էլ ուզում տեսնել: Դժվար ճանապարհը բոլոր մասնագիտություններին է բոնորոշ: Դժվար է, երբ ուզում ես ավելին անել, որպեսզի հաջողություններ գրանցես քո գործում՝ անկախ չափերից: Ես իմ ճանապարհը միշտ անցել եմ մենակ, անցել եմ շատ փորձությունների միջով: Ինձ առաջ է մղում ապրելու ցանկությունը, կյանքը, եւ երբեմն ինձ թվում է՝ բեմում գտնված ժամանակն ավելի իրական է, քան այնտեղ, որտեղ ես ապրում եմ, եւ դա մեր մասնագիտության մոգական կողմն է, թեեւ ես իմ առօրյայում էլ շատ երջանիկ ու բավարարված մարդ եմ ինձ համարում:

-Դուք այն արտիստներից եք, որին հանդիսատեսը ճանաչում է բավականին համարձակ դերերով։ Կա՞ն սահմաններ գծված, որ երբեք չեք անցնի։

-Ընդհանրապես ես չեմ սիրում ոչ մի բանում դնել սահմաններ՝ ո՛չ կյանքում, ո՛չ մասնագիտութան հարցում: Կարող է, իրավիճակից ելնելով, մի բան անեմ կամ չանեմ, բայց նախօրոք ինձ համար սահմաններ երբեք չեմ գծում: Տեսարանները, որոնք խաղացել եմ, միշտ քննարկվել են ռեժիսորների հետ, երբեք ոչ մի բան անկախ իմ կամքից չեմ արել, այսիքն` ինձ ոչ մի բան ստիպել անել չեն կարող, քանի որ ես դերերն ընտրում եմ ըստ սցենարի: Երբեք չեմ նայում կերպարիս մեծ կամ փոքր լինելուն, կարեւորը ասելիքն է:

-Գեղեցիկ կանանց շուրջ միշտ միֆեր են հյուսվում, Ձեր մասին ի՞նչ ասեկոսեներ եք լսել, եւ ինչպե՞ս եք արձագանքում։

-Իմ շուրջ երբեք ասեկոսեներ չեմ լսել, երեւի դա նրանից է, որ ես ոչ այնքան հայտնի կամ ոչ այնքան գեղեցիկ եմ: Բայց լինում են դեպքեր, երբ հեռուստադիտողը կերպարը, որը դու խաղացել ես, մտցնում են իրական կյանք:

-Գործի՞ մեջ եք ավելի ամբիցիոզ, թե՞ կյանքում։

-Բացարձակ ամբիցիոզ չեմ, առավելապես մասնագիտությանս հարցում:

-Ձեր կյանքում եղել են հիասթափություններ, միգուցե ինքնասպանություն գործելու ցանկություն…

-Իմ կյանքում հիասթափություններ շատ են եղել, բայց նման կարգի ծայրահեղ իրավիճակ չի եղել…Կարծում եմ՝ հիասթափություններ լինում են բոլորի կյանքում, եւ ինչքան երիտասարդ ենք լինում, այնքան քիչ ենք ճանաչում մարդկանց, կյանքը, հայտնվում ենք քիչ իրավիճակներում, բայց հիմա ավելի քիչ են հիասթափություններս:

-Ռոզի՛, կա՞ Ձեր կյանքում մարդ, ում  հետ կարող եք լիարժեք անկեղծ լինել:

-Ես երբեք ոչ մեկի մոտ ոչ մի պարագայում հարյուր տոկոսանոց անկեղծ չեմ լինում, միշտ կա մեկ տոկոս, որ ես պահում եմ ինձ, եւ լիարժեք անկեղծ միայն կարող եմ լինել ինքս ինձ հետ:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

«ԱԿՏԻՎ ՀԱՆԳՍՏԻ ՍԻՐԱՀԱՐ ԵՄ». ԼՈՒԻԶԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Շատերի համար ամառային հանգիստն ամենասպասվածն է, երբ կարող ես վայելել ծովափնյա հանգիստը կիզիչ արեւի տակ, սակայն այս տարի աշխարահն ուրիշ պլաններ էր նախատեսել մարդկանց համար` համաշխարհային համաճարակ, որը ճեղքում է յուրաքանչյուր պատնեշ:

 

«Ժողովուրդ» օրաթերթը, շարունակելով ամառային հանգստին վերաբերող շարքը, այս անգամ զրուցել է սիրված դերասանուհի Լուիզա Ներսիսյանի հետ:

«Ըստ օրենքի եւ աշխարհում տիրող իրավիճակից ելնելով, քանի որ արդեն մեկուսացումը կա, արդեն ինքնամեկուսանալու պահանջը չի լինում, այլ հակառակը՝ քեզ ռեալիզացնելու, մի քիչ ավելի ակտիվ լինելու պահանջն է ավելի առաջ եկել, այդ իսկ պատճառով մեծ խնդրի առաջ չեմ կանգնել»,-նշում է դերասանուհին:

Լուիզա Ներսիսյանը հանգստի մեջ նախապատվությունը տալիս է  ոչ թե վայրին, այլ էներգետիկ մթնոլորտին:

«Ես ավելի շատ հանգստի մեջ սիրում եմ մթոլորտի մեջ էներգետիկան, քան կոնկրետ վայրը, որովհետեւ յուրաքանչյուր վայրում դու կարող ես գտնել այդ  հանգտությունը, ստանալ այդ հաճույքը՝ անկախ նրանից, թե որտեղ ես գտնվում, եւ ավելի կարեւոր է, թե ում հետ ես անցկացնելու հանգիստդ: Ես ինքս ակտիվ հանգստի սիրահար եմ եւ սիրում եմ ծովը, արեւը»,-հավելում է մեր զրուցակիցը:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆԸ ԽՈՍԵԼ Է

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդեր Էրերան խոսել է ՊՍԺ-ի հանդեպ Ֆրանսիայում ֆուտբոլասերների վերաբերմունքի մասին: «Երկրպագուները միշտ քննարկում են տարբեր շշուկներ՝ կապված թիմի հետ: Տպավորություն է, որ բոլորը սպասում են ՊՍԺ-ի պարտությանը, որ հարձակում սկսեն մեզ վրա: ՊՍԺ-ի ներսում ամեն ինչ հրաշալի է: Ֆուտբոլիստները եւ մարզիչները ջերմ հարաբերություններ ունեն իրար հետ եւ պատրաստվում են հաջորդ մրցաշրջանին»,-ասել է Էրերան:

Հիշեցնենք, որ 30-ամյա Անդեր Էրերան ՊՍԺ է տեղափոխվել 2019 թվականին:

 

ԲԱՉԿՈՎԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ

Բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը պայմանագիր է կնքել MTK Global մենեջերական ընկերության հետ, ինչը հնարավորություն կտա հայ բռնցքամարտիկին հանդես գալ պրոֆեսիոնալ ռինգում:

«Մենք ուրախությամբ հայտարարում ենք, որ մեզ միացել է աշխարհի լավագույն սիրողական բռնցքամարտիկներից մեկը՝ Հովհաննես Բաչկովը, որի անունը հայտնի դարձավ 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո: Նա մեդալներ է նվաճել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում: MTK-ն միակ մենեջերական ընկերությունն է, որի գործունեությունը կրում է համաշխարհային բնույթ: Մենք համագործակցում ենք աշխարհի տարբեր վայրերում գտնվող մարզիկների հետ»,- նշել է MTK Global ընկերության փոխնախագահ Ջեյմի Կոնլանը:

Իր հերթին 27-ամյա Բաչկովը նշել է, որ արդեն ժամանակն էր դուրս գալ պրոֆեսիոնալ ռինգ:

 

ԲԵՆԶԵՄԱՆ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման խոստովանել է, որ դեռ փոքրուց մտածել է «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնալու մասին: ««Ոսկե գնդակ» նվաճելը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է: Դեռ մանկուց մտածել եմ այդ մրցանակի դափնեկիր դառնալու մասին, սակայն այն երբեք չի եղել իմ գլխավոր նպատակը: Ես իմ առավելագույն ուժերն եմ ներդրել խաղադաշտում եւ փորձել եմ օգտակար լինել թիմիս: Նույնը անելու եմ նաեւ հետագայում»,-ասել է Բենզեման:

Ավելի վաղ «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության կազմակերպիչ France Football-ը հայտարարեց, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով 2020 թվականին «Ոսկե գնդակի» նոր դափնեկիր չի լինի: 2019 թվականին «Ոսկե գնդակը» ստացել է կատալոնական «Բարսելոնայի» ու Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին:

 

 




Լրահոս