«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթով (այսուհետ՝ նախագծերի փաթեթ) առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից եւ հայցապահանջներից բխող գործերը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորի թվակազմով։ Ըստ նախագծերով առաջարկվող փոփոխությունների՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը գործելու է 8 դատավորի թվակազմով, իսկ քաղաքացիական եւ վարչական պալատը՝ 13 դատավորի թվակազմով։
Նախագծերով սահմանվել են Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման կարգը, առաջին կազմերի դատավորներին ներկայացվող պահանջները: Հատկանշական է, որ առաջարկվում է Հակակոռուպցիոն դատարանի եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների առաջին կազմը համալրել նույն ընթացակարգով՝ այն տարբերությամբ, որ Վերաքննիչ դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների համար պահանջվում է առավել խիստ մասնագիտական փորձառության պահանջ:
Նախագծերի փաթեթով սահմանվել են նաեւ Հակակոռուպցիոն դատարանի եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու ավելի խիստ սահմանափակումներ։ Մասնավորապես՝ սահմանափակումներ են նախատեսվել դատավորի, նախկին դատավորի, դատախազի, նախկին դատախազի, քննիչի, նախկին քննիչի, հետաքննիչի, նախկին հետաքննիչի, օպերլիազորի, նախկին օպերլիազորի, փաստաբանի եւ նախկին փաստաբանի համար, եթե վերջիններս վերջին հինգ տարվա ընթացքում ստացել են նախագծով նշված կարգապահական տույժերից մեկը։
Հաշվի առնելով հակակոռուպցիոն դատարանների դերը եւ ստեղծման գործընթացում առավելագույն թափանցիկություն ապահովելու անհրաժեշտությունը՝ նախագծերով սահմանվել է, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման գործընթացին ներգրավվում է 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող երեք անձ։ Նախագծով սահմանվել են փորձագետների իրավունքները եւ պարտականությունները՝ նախատեսելով նաեւ դրույթ առ այն, որ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի են առնում փորձագետների կարծիքները:
Միտում ունենալով հակակոռուպցիոն դատարանների կազմում ներգրավվելու նաեւ փորձառու մասնագետների, այն է՝ գործող դատավորների, նախկին դատավորների, իրավաբան գիտնականների, վերջիններիս համար սահմանվել է հավակնորդների ցուցակում ընդգրկվելու պարզեցված կարգ: Մասնավորապես, տվյալ անձինք դիմում ներկայացնելու դեպքում հնարավորություն են ունենալու ընդգրկվել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում բարեվարքության ստուգում եւ օրենքով սահմանված կարգով հարցազրույց անցնելուց հետո: Հավակնորդների ցուցակում ընդգրկված անձինք ուսումնառություն են անցնելու ՀՀ արդարադատության ակադեմիայում:
Նախագծով սահմանել է նաեւ դրույթ առ այն, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման անցկացման կարգի առանձնահատկությունները, այդ թվում՝ փորձագետներ պարտադիր ներգրավելու կարգավորումները գործելու են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում:
Միեւնույն ժամանակ, որպես գործունեության լրացուցիչ երաշխիք, Հակակոռուպցիոն դատարանի եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել այլ դատավորների համեմատությամբ ավելի բարձր աշխատավարձ:
Դատական համակարգում բարեվարքության ամրապնդման առումով նախագծով առաջարկվում է բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պահանջ սահմանել ոչ միայն դատավորների թեկնածուների հավակնորդների, այլեւ Վերաքննիչ դատարանի կամ Վճռաբեկ դատարանի դատավոր դառնալու նպատակով առաջխաղացման ցուցակում ընդգրկվող անձանց նկատմամբ:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պահանջ սահմանել նաեւ դատախազների թեկնածուների համար, ինչը կնպաստի դատախազության համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազմանը եւ բարեվարքության ամրապնդմանը:
ՕՐԵՆՔՆԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 3-ին ստորագրել է «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը:
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գինի եւ կոնյակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին՝ ճգնաժամային իրավիճակի հետեւանքով խաղողի մթերման գործընթացում կառավարության աջակցության գործիքակազմը քննարկելու համար: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի մամուլի ծառայությունից։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է խաղողի մթերումն անխափան կազմակերպելու նպատակով կառավարության կողմից արտոնյալ պայմաններով վարկային միջոցների տրամադրման գործիքը եւ դրա շրջանակում նախատեսվող մեխանիզմները:
Ընկերությունների ներկայացուցիչները կարեւորել են կառավարության օժանդակությունը եւ շնորհակալություն հայտնել ոլորտին ցուցաբերվող ուշադրության համար՝ ընդգծելով, որ այս պայմաններում մթերումը կիրականացվի անհրաժեշտ ծավալներով: Վարչապետ Փաշինյանն էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ոլորտի ներկայացուցիչների հետ շարունակել ինտենսիվ քննարկումները՝ աջակցության մեխանիզմները հստակեցնելու եւ կառավարության որոշման նախագիծ պատրաստելու համար: Անդրադարձ է կատարվել նաեւ արտադրանքի իրացման ծավալների, արտահանման, շուկաների դիվեսիֆիկացման հետ կապված խնդիրներին: Այս ուղղություններով եւս վարչապետը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ:
ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական վարչության գլխավոր մասնագետը դատի է տվել ՀՀ սահմանադրական դատարանին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Ալեքսանյանը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան եւ պահանջել, որ դատարանը անվավեր ճանաչի ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի որոշումները:
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել. մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Է. Ղազարյանը ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական վարչության անհատական դիմումների վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Տիգրան Ալեքսանյանի նկատմամբ կարգապահական տույժեր է կիրառել, ինչի արդյունքում էլ Տիգրան Գալստյանը դիմել է դատարան:
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ՝ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախագիծ է դրել հանրային քննարկման: Խոսքը «Կորոնավիրուս (COVID-19) համաճարակի շրջանակներում գործազուրկներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին է վերաբերում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուս (COVID-19) համաճարակի շրջանակներում աշխատաշուկայում աշխատուժի պահանջարկի հնարավոր անկման ու դրա հետ կապված սոցիալական ճգնաժամի ազդեցությունների մեղմման եւ դրա հետեւանքով գործազուրկի կարգավիճակում հայտնված անձանց զբաղվածության ապահովումը։
Մասնավորապես, ծրագրի շահառու կարող են հանդիսանալ այն գործազուրկները, ում աշխատանքային պայմանագիրը լուծվել է 2020 թվականի մարտի 13-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը ներառյալ, եւ տարածքային կենտրոն են ներկայացրել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի պատճենը:
Ծրագրում ընդգրկվել չեն կարող այն գործազուրկները, որոնք ընդունվելու են աշխատանքի իրենց հետ աշխատանքային պայմանագիրը լուծած գործատուի մոտ: