Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ի վերջո ստորագրել է Արթուր Վաղարշյանին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու մասին գրությունը: Ավելի վաղ Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու էր ընտրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին, իսկ կառավարությունը՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։ Եվ այս առումով հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, քանի որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները դեմ էին կառավարության ու Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուներին, եւ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նրանք դեմ են նաեւ Վահրամ Ավետիսյանին, որը մեկ անգամ արդեն առաջադրված եւ հենց «Իմ քայլ»-ի կողմից մերժված է եղել:
Այսպիսով, ովքե՞ր են երեք թեկնածուները, ի՞նչ ունենք այսօր, եւ ինչո՞ւ է իշխող խմբակցությունը նրանց դեմ արտահայտվում:
Առաջինը իր թեկնածուին առաջադրել էր կառավարությունը՝ ի դեմս Վահրամ Ավետիսյանի, ում հետ իշխող խմբակցությունն անգամ հանդիպում է ունեցել, սակայն պատգամավորների մեծ մասը դեմ է: Բանն այն է, որ Վահրամ Ավետիսյանը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է: Դավիթ Ավետիսյանի անմիջական համակարգմամբ ու ղեկավարությամբ են կայացվել «Մարտի 1»-ի գործերով մեղադրական դատավճիռները։ Եվ որքան էլ Վահրամ Ավետիսյանը, ինչպես պնդում են շատերը, բարձակարգ իրավաբան է ու մասնագետ, այդուհանդերձ խմբակցությունում կարծում են, որ նրա հոր բացասական կենսագրությունը չի կարող չազդել նրա գործունեության վրա՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։
Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, իշխող խմբակցությանը դեմ է նաեւ նրան: Բանն այն է, որ առկա տեղեկությունների համաձայն՝ նա համաձայնել է դառնալ ՍԴ դատավոր ապագայում Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելու նպատակով։ Այլ դրդապատճառ չէր կարող ունենալ դատական համակարգում բարձրագույն, առանցքային պաշտոն զբաղեցնող անձը Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից հեռանալու համար։ Իսկ դա նշանակում է, որ, ըստ ամենայնի, Խունդկարյանին տրվել են երաշխիքներ կամ խոստումներ, որ նա ՍԴ դատավոր ընտրվելուց հետո կդառնա ՍԴ նախագահ։ Նաեւ մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Դատավորների ընդհանուր ժողովում տեղի ունեցած ընտրություններն անցել են կեղծիքներով, եւ ընտրող դատավորների եւ քվեատուփերում առկա քվեաթերթիկների միջեւ եղել է տարբերություն։ Այդ տեղեկությունները մինչեւ այս պահը ո՛չ հերքվել են, ո՛չ էլ հաստատվել։
Իսկ այժմ անդրադառնանք Արթուր Վաղարշյանի թեկնածությանը: Ուշագրավ է, որ 2019 թվականի մայիսի 29-ին պատգամավորների 30 «կողմ» եւ 53 «դեմ» ձայներով սահմանադրագետ, իրավաբան Արթուր Վաղարշյանը չընտրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Իսկ մինչ այդ Ազգային ժողովը չէր հաստատել նաեւ նախագահի ներկայացրած նախորդ երեք թեկնածուներին՝ Գոռ Հովհաննիսյանին, Վահե Գրիգորյանին եւ Էմիլ Բաբայանին:
Ի վերջո, ինչո՞ւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշեց կրկին առաջադրել մի մարդու թեկնածություն, ում նախկինում մերժել էր նույն խմբակցությունը: Բանն այն է, որ Արմեն Սարգսյանի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ 2018թ. ապրիլի 9-ին իր պաշտոնը ստանձնելու օրվանից մինչեւ 2019թ. մայիսի 30-ը Հանրապետության նախագահն Ազգային ժողովին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի 5 թեկնածություն (եւս մեկ թեկնածու հրաժարվել է իր թեկնածության առաջադրումից անմիջապես այն ԱԺ ներկայացնելուց առաջ)։ Ազգային ժողովը մերժել է հանրապետության նախագահի ներկայացրած թեկնածուներից 4-ին:
ՍԴ դատավորի թեկնածությունները ներկայացնելու նպատակով դեռեւս 2018թ. հունիսի 11-ին հանրապետության նախագահի ՆԿ84-Ա կարգադրությամբ ձեւավորվել էր խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ, եւ հայտարարվել թեկնածությունների հայտերի ընդունման մասին։
Հայտ ներկայացրած 28 թեկնածուների հետ հարցազրույցի արդյունքում խմբի յուրաքանչյուր անդամ փակ ընթացակարգով ներկայացրել էր իր անհատական կարծիքը։ Ամփոփելով այդ կարծիքները՝ հանրապետության նախագահին էր ներկայացվել հետեւյալ 3 թեկնածուներից կազմված ցուցակ՝ Վահե Գրիգորյան, Գոռ Հովհաննիսյան, Արթուր Վաղարշյան: Արմեն Սարգսյանը ներկայացված ցուցակից նույն հերթականությամբ հաջորդաբար առաջադրել էր Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներին:
- Վահե Գրիգորյանի թեկնածությունը առաջադրվեց 2018թ. հոկտեմբերի 18-ին, Ազգային ժողովի կողմից մերժվեց 2018թ. հոկտեմբերի 23-ին:
- Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը առաջադրվեց 2019թ. մարտի 21-ին, Ազգային ժողովի կողմից մերժվեց 2019թ. ապրիլի 16-ին:
- Արթուր Վաղարշյանի թեկնածությունը առաջադրվեց 2019թ. մայիսի 15-ին, Ազգային ժողովի կողմից մերժվեց 2019թ. մայիսի 29-ին:
- Վահե Գրիգորյանի թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրվեց 2019թ. մայիսի 30-ին: Ազգային ժողովը նրան ընտրեց Սահմանադրական դատարանի դատավոր 2019թ. հունիսի 18-ին:
- Գոռ Հովհաննիսյանը 2020թ. հուլիսի 27-ին հրաժարվեց կրկին առաջադրելու նպատակով իր թեկնածությունը քննարկելուց:
- Արթուր Վաղարշյանի թեկնածությունն առաջադրվում է երկրորդ անգամ:
Ավելին, նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ կրկին շեշտվում էր, որ դատաիրավական բարեփոխումների նպատակին համապատասխան կլիներ, եթե Սահմանադրությամբ սահմանվեր ոչ թե ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու, այլ նախագահի, Դատավորների ընդհանուր ժողովի եւ կառավարության/Ազգային ժողովի կողմից դատավորին ուղղակի նշանակելու լիազորություն:
Հավելենք, որ Սահմանադրական դատարանում երեք թափուր տեղերն առաջացել են մեկ ամիս առաջ Հայաստանում ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում, երբ դադարեցվեցին Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Թաթուլ Մարգարյանին Բելգիայի Թագավորությունում, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի եւ Եվրոպական Միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից հետ կանչելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանագրով` Աննա Աղաջանյանը նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան եւ Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար: Հրամանագիրը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում երեկ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Նախորդ դատական նիստում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդել էր վերացնել իր պաշտպանյալի գույքի վրա դրված արգելանքը։ Դատարանը պաշտպաններից պահանջել էր ներկայացնել կալանքի տակ գտնվող գույքի արժեքը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը դատարանում ասել է, որ իրենք հրաժարվում են ներկայացնել գույքի արժեքը ներկայացնող փաստաթղթեր, քանի որ այդ պահանջի հասցեատերն իրենք չեն. «Դատարանը պաշտպանական կողմի վրա է դրել կալանքի տակ դրված գույքի արժեքը հիմնավորելու պարտականությունը, նման պարտականություն պաշտպանական կողմը չի կրում»։ Գույքի վրա դրված արգելանքը վերացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել նաեւ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նրա խոսքով՝ չնայած դատարանի որոշմամբ պաշտպանի բողոքը մասամբ բավարարվել է, արձանագրվել է Արմեն Գեւորգյանի սեփականության իրավունքի խախտումը, արգելանքը, այնուամենայնիվ, մինչեւ օրս չի վերացվել։
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պարետատան հետ մեկտեղ դեռ քննարկում է, թե ինչպես են սեպտեմբերի 1-ից սկսելու նոր ուսումնական տարին եւ անցկացնելու դասապրոցեսը: Դեռեւս նախորդ շաբաթ նախարարությունը կառավարություն էր ներկայացրել ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար, որն էլ այժմ քննարկվում է պարետատան հետ: Իսկ որո՞նք են դրանք. առաջին, սակայն միեւնույն ժամանակ նախարարության համար ամենաանցանկալի տարբերակն ուսումնական տարին հեռավար սկսելն է: Երկրորդ տարբերակը բոլոր դպրոցներում դասերի վերսկսումն է՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ երրորդ՝ ամենաարդյունավետ առաջարկը տարբերակված ուսուցմանն անցնելն է՝ հաշվի առնելով, որ կան աշակերտների տարբեր թվով դպրոցներ:
Այս մասին նախորդ շաբաթ խոսել էր նաեւ փոխնախարար ժաննա Անդրեասյանը՝ նշելով, թե այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը, ուսումնական պրոցեսի կազմակերպման հարցում խնդիրներ չեն լինի։
Հավելենք, որ ուսումնական հաստատություններում հեռավար կրթության են անցել դեռ մարտից՝ պայմանավորված Հայաստանում կորոնավիրուսի ալիքի բռնկմամբ, եւ ուսումնական տարին փակվեց հենց հեռավար կրթության եղանակով: Այժմ, սակայն, նախարարությունը կարծես թե այնքան էլ կողմնակից չէ հեռավար կրթության շարունակությանը, եւ աշխատում են նոր սցենարների շուրջ:
ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՄԱԿԱՐԳ
Հայաստանը հուլիսի 1-ից անցել է պարտադիր սպանդանոցային համակարգի: Ի դեպ, սպանդանոցային համակարգին Հայաստանը պետք է անցներ դեռեւս այս տարվա հունվարի 15-ից, սակայն գործադիրի կողմից այն հետաձգվեց բողոքի ակցիաների պատճառով։ Անասնապահները պատճառաբանում էին, որ հանրապետությունում բավարար թվով սպանդանոցներ չկան: Կառավարությունը վեց ամիս ժամանակ տվեց՝ ցանկացողներին առաջարկելով սպանդանոցներ կառուցել, սակայն վեց ամիս անց Հայաստանը դարձյալ պատրաստ չէ պարտադիր սպանդանոցային մորթի անցնելուն։
Հայաստանի ոչ բոլոր մարզերի մսավաճառները կարող են ֆիզիկապես օգտվել սպանդանոցների ծառայություններից, քանի որ տեղեր կան, որ պարզապես սպանդանոցներ չկան, իսկ մի մասն էլ հրաժարվում է գյուղացու կենդանու մորթ իրականացնել. նրանք միայն իրենց ֆերմայի խոզերի մորթը պետք է անեն: Մյուս կողմից, ըստ մսավաճառների՝ կենդանուն սպանդանոց հասցնելու համար էլ է գումար ծախսվելու. հատուկ մեքենայով պետք է դա անել: