Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած ուժգին պայթյունի հետեւանքով զոհվել է ավելի քան 70 մարդ: Զոհերի թիվը ճշտվում է ու, ամենայն հավանականությամբ, կաճի. հազարավոր մարդիկ վիրավորվել են, քաղաքի մի մասը փլատակների է վերածվել:
Պայթյունը տեղի է ունեցել նավահանգստում, ենթադրաբար՝ պահեստում, բայց դեռ ճշգրիտ տվյալներ չկան: Երկրում երեք օր սուգ է հայտարարվել:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցական գրառում է կատարել Բեյրութում պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակին։
«Ցնցված եմ Բեյրութի պայթյունի մասին լուրից: Սգում եմ բոլոր զոհերի մահը եւ ցավակցում զոհերի հարազատներին եւ մտերիմներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին։ Կանգնած ենք եղբայրական Լիբանանի կողքին»,- գրել է Փաշինյանը։
Նա նաեւ տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ։ Իր զորակցությունն է հայտնել Արամ վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը եւ ժողովրդին:
Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ 6 հայի մահվան եւ մի քանիսի տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին հիմնականում տներում ապակիների փշրվելուց։ Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաեւ Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը: Բայց այս թվերը, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհայտ կորածների թիվը։
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունին:
«Ահավոր աղետ է պատահել Բեյրութում: Ամեն ինչ պետք է անել Բեյրութի ցավն ամոքելու համար»,-գրել է հայազգի պատգամավորը:
Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից: Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունի հետեւանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են. հայտնում է Լիբանանում Կարմիր խաչի գրասենյակը:
Պայթյունի հարվածային ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մայրաքաղաքի որեւէ հատված ավերածությունից զերծ չի մնացել, անգամ հարեւան Հորդանանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել:
Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետեւանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:
Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:
«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, եւ նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որեւէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:
«Առայժմ ավելի քան 4000 վիրավոր ունենք, ավելի քան հարյուր մարդկային կորուստ: Մեր ջոկատները շարունակում են անհետ կորածների որոնման աշխատանքները»,-ասվում է Կարմիր խաչի հայտարարությունում: Մինչդեռ երկրի առողջապահության նախարար Համադ Հասանը տեղեկացրել է, որ պաշտոնական Բեյրութն օգնության ակնկալիքով արդեն դիմել է մի քանի երկրի:
«Մենք տուժածներին հոսպիտալացնելու համար անհրաժեշտ պարագաների եւ առհասարակ ամեն ինչի պակաս ունենք»,-ասել է նախարարը:
Կարմիր խաչի լիբանանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Կետանին նշել է, որ կատարվածն ահռելի աղետ է. ամենուր զոհեր ու ավերածություններ են:
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածների թվում կան նաեւ ՄԱԿ-ի աշխատակիցներ: Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:
Հաքը հայտնել է, որ Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունից տուժել է ՄԱԿ-ի 48 աշխատակից եւ նրանց ընտանիքների 27 անդամներ:
Ն.Հ.
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՇԵՂՎԵԼՈՒ ՕՐԵՆՔԻ ՏԱՌԻՑ
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարությունում է տարածել, որում ասվում է.
««Լիդիան Արմենիան» խիստ մտահոգություն է հայտնում Ամուլսարում ստեղծված իրավիճակի առնչությամբ:
Երեկ «Լիդիանը» իր տարածքից հեռացրել է արդեն երկու տարի ապօրինի տեղադրված վագոն-տնակները: «Լիդիանի» տարածք ապօրինի ներխուժած խմբավորումը օգոստոսի 4-ին ողջ օրը սադրիչ հայտարարություններով հրահրում էր համայնքի բնակիչներին` սպառնալով «արյունահեղությամբ» ու կոչ անելով միանալ ապօրինությանը:
Չնայած բոլոր ջանքերին՝ համայնքը հիմնականում անմասն մնաց ապօրինություն իրականացնող խմբավորման գործողություններից, եւ նրանց աջակցելու միացան մի քանի տասնյակ սադրիչ Երեւանից: Հազարավոր մարդիկ այս համայնքներում արդեն երկու տարի սպասում են խնդրի օրինական կարգավորմանը: Զրկված օրինական աշխատանքից, հուսահատված մարդիկ ապրում են ապօրինություն իրականացնող խմբավորման մշտական սպառնալիքների ներքո` չստանալով իրենց իրավունքների օրինական պաշտպանություն պետությունից եւ իրավապահ մարմիններից:
Երեկ եւս համայնքի ավելի քան 5 հազար բնակիչ ուղիղ եթերում հետեւում էր, թե ինչպես է մի քանի տասնյակ սադրիչ, այդ թվում՝ տարբեր պատեհապաշտներ Երեւանից, համայնքի անունից բանակցում այս ապօրինության հանդեպ հետեւողական հանդուրժողականություն դրսեւորող ոստիկանության հետ:
«Լիդիան Արմենիան» պաշտոնապես հայտարարում է, որ ընկերությունը շարունակելու է լինել Հայաստանի այն բացառիկ ընկերություններից, որ որեւէ պարագայում չի շեղվելու օրենքի տառից, որքան էլ դա դժվար լինի: Ընկերությունը չի բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որեւէ առարկայի շուրջ: Ընկերությունը շարունակելու է պայքարել իր օրիանական իրավունքները վերականգնելու համար՝ ի հեճուկս բոլոր այն ուժերի, որոնք փորձում են ապօրինի գործողություններով տապալել երկրի խոշորագույն եւ օրինակելի ներդրումը:
«Լիդիան Արմենիան» հայտարարում է, որ չի դառնալու քաղաքական խաղաքարտ որեւէ ուժի համար: Ողջ աշխարհը արդեն երկու տարի հետեւում է այս աննախադեպ ապօրինությանը, որը խարան է թողել Հայաստանի հեղինակության վրա: «Լիդիան Արմենիան» կառավարությանը եւ ոստիկանությանը կոչ է անում վերականգնել օրենքը եւ կանգնել օրենքի երկամյա ոտնահարումից տուժած հազարավոր քաղաքացիների իրավունքների կողքին»:
ՄԻ ՄԱՍԸ ՔԱՆԴՎԵԼ Է
Տավուշի մարզի սահմանագոտում Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհը նախատեսված էր շահագործման հանձնել 2014թ. հունիսին, սակայն շահագործման հանձնվեց 2015-ի հուլիսին: Շրջանցիկ ճանապարհը կառուցում էր Իջեւանի ճանապարհների շինարարության եւ շահագործման ձեռնարկությունը: 2014թ. սեպտեմբերին փոխվեց ճանապարհի կառուցողը, այդ գործը տրվեց Երեւանի «Խաչհար» ՍՊԸ-ին: Սահմանագոտին շրջանցող 3.2 կմ երկարությամբ, 6-7 մետր լայնությամբ ճանապարհի կառուցման համար պետական բյուջեից ծախսվել է 535 միլիոն դրամ, 2014թ. սեպտեմբերին այդ նպատակով պետբյուջեից լրացուցիչ հատկացվեց 55 միլիոն դրամ: Շրջանցիկ ճանապարհը կոչված էր ապահովելու սահմանամերձ հատվածում երթեւեկի անվտանգությունը դիմացի բարձունքներում գտնվող ադրբեջանական հենակետերից արձակվող կրակոցներից: Ճանապարհամերձ մի հատվածում, որը տեսանելի է ադրբեջանական դիրքերից, կառուցվեց երթեւեկն ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանող 150 մ երկարությամբ եւ 5.5 մ բարձրությամբ պատ: Շրջանցիկ ճանապարհի կառուցումից հետո սողանքից ասֆալտի ծածկում ճեղքեր առաջացան, որի պատճառով քանդվեց շրջանցիկ ավտոճանապարհի մի հատված: 2017թ. «Տավուշի ճանապարհների շահագործման եւ շինարարական» ՓԲԸ-ն կատարեց 2 տարի առաջ գործարկված շրջանցիկ ավտոճանապարհի սողանքից քանդված հատվածի նորոգումը: Բանվորները քանդված հատվածի ներքեւի մասում խճաքարերից գաբիոններ սարքեցին, պետական բյուջեից ճանապարհի նորոգման համար հատկացվեց 24 միլիոն դրամ: Ներկայումս վարորդները խուսափում են Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ, ոլորապտույտ այդ ճանապարհից, գերադասում են երթեւեկել սահմանամերձ տարածքով ձգվող հիմնական, ավելի վտանգավոր ճանապարհով: Հիմնական ճանապարհը թեեւ սահմանի եզրով է ձգվում, սակայն այնտեղ վարորդների համար բավարար տեսադաշտ կա: Շրջանցիկ ավտոճանապարհը լիովին չի ապահովում այդ ճանապարհով երթեւեկողների անվտանգությունը դեմ-դիմաց գտնվող ադրբեջանական հենակետերի գնդակոծություններից: Տեւական ժամանակ է, ինչ շրջանցիկ այդ ճանապարհը ադրբեջանական հենակետերի կրակից պաշտպանող, գաբիոններից կազմված անվտանգության մեծ պատը մեջտեղի հատվածում քանդվել է։ Այն վերականգնելու համար ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պետք է անվտանգության պատի վերանոգման համար ֆինանսական միջոցներ հատկացնի։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ