Չնայած ամռան շրջանն է, սակայն խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերն այս շրջանում ակտիվություն են դրսեւորում, հանդիպումներ անցկացնում, կարծիքներ արտահայտում այս կամ այն հարցերի վերաբերյալ: Ակտիվությամբ աչքի է ընկնում նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Եվ չնայած վերջինիս մասով քրեական գործ է հարուցված, եւ թիրախում են նաեւ խմբակցության շատ ներկայացուցիչներ, սակայն դա թերեւս կուսակցությանը չի խանգարում: Այս եւ այլ հարցերի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ:
-Պարո՛ն Պետրոսյան, կա՞ն կոնկրետ գործողություններ, քայլեր, հանդիպումներ, որ այս պահին Ձեր խմբակցությունն իրականացնում է:
-ԲՀԿ-ն այս պահին, օգտվելով իրեն վերապահված իրավունքից, առերեւույթ գտնվում է արձակուրդում: Ինչի համար եմ ասում առերեւույթ, քանի որ դա հարաբերական է. մեզ համար արձակուրդը դա այն չէ, որ մենք ընդհանրապես մեզ ազատենք պատգամավորի լիազորություններից կամ գործառույթներից: Այսօր մենք՝ պատգամավորներով, շարունակում ենք առանձին մարդկանց հետ հանդիպել, հասարակության տարբեր շերտերի հետ հանդիպել, նրանց խնդիրներն ուսումնասիրել, արագ արձագանքել արագ արձագանքման կարիք ունեցող դեպքերին, բայց իրավաբանորեն մենք գտնվում ենք արձակուրդի մեջ, հարաբերական անդորր է մինչ արձակուրդի ավարտը: Դրանից հետո, բնականաբար, խմբակցությունը նիստ կգումարի եւ կհստակեցնի իր կարեւորագույն, առաջնային անելիքները, ինչի մասին հանրությունը կտեղեկանա:
-Պարո՛ն Պետրոսյան, այս ժամանակահատվածում նաեւ թեժ քննարկվում էր՝ իբրեւ ԲՀԿ-ն լուծարվում է, խմբակցությունը փլուզվում է, պատգամավորներ են դուրս գալիս, Ձեր անունը եւս նշվեց: Որքանո՞վ է իրական այս տեղեկությունը:
-Ես առիթ ունեցել եմ ասելու, որ դա բացարձակ ապատեղեկատվություն է, եւ նրանք, ովքեր ասում են, որ ԲՀԿ-ն պետք է քանդենք եւ այլն, ես մի անգամ էլ եմ ասել, որ իրենք շան բուն չեն կարող քանդել, ուր մնաց քանդեն այսպիսի ամուր կառույցը: Չեն կարող: Ուղղակի դա իրենց երազանքն է, նման կարծիքներ, մտքեր են շրջանառում, որպեսզի կարողանան սեպ խրել ԲՀԿ-ի մեջ: Բայց մենք բոլորս կուռ հավաքված ենք մեր ղեկավարի շուրջ, եւ կտեսնեք, որ աշնանը ԲՀԿ-ն նոր շնչով իրեն կդրսեւորի:
-Քանի որ Սերգեյ Բագրատյանը դուրս եկավ խմբակցությունից, սկսեցին մի խումբ պատգամավորների հարցերը քննարկել. նշվեց, որ կան քրեական գործեր, ինչի հետ կապված ստիպում են պատգամավորներին ԲՀԿ-ից դուրս գալ, որպեսզի այդ քրեական գործերը ընթացք չստանան: Նշվեց նաեւ, որ Ձեզ հետ կապված ինչ-որ գործ է քննվում, թե Դուք եղել եք կոռուպցիայի մեջ ու գումար եք հափշտակել, պետք է վերադարձնեք բյուջե: Որքանո՞վ են այս տեղեկություններն իրական:
-Դա այնքան իրական է, ինչքան ես եւ Դուք թռնենք էստեղից լուսին: Ի՞նչ գումար, ի՞նչ կոռուպցիա. եթե նման բան կա, ես ինչի՞ չգիտեմ: Դա ապատեղեկատվություն է: Ես չգիտեմ՝ կոնկրետ առանձին պատգամավորների հետ կապված ինչ հետաքրքրություններ կան, բայց կարող են հանգիստ ուսումնասիրել իմ ամբողջ անցյալն ու տեսնել, թե այդ ինչ կոռուպցիայի մասին է խոսքը: Իրենք ուզում են վախեցնեն, բայց չի հաջողվի: Ես մի քանի առիթով ասել եմ, թե ինչից եմ վախենում, բայց այս իրենց արածը դրա մեջ չի մտնում: Թող իրենք իրենց կառուպցիայի գործողություններից խոսեն:
-Պարո՛ն Պետրոսյան, իսկ նույն ձեւաչափո՞վ է մտածում պարոն Ծառուկյանը: Այս ժամանակահատվածում նա, կարծես թե, այնքան էլ ակտիվ չէ քաղաքական դաշտում:
-Մենք մի քանի առիթով ասել ենք, որ քանի որ սահմանային լարվածություն կա, դա իշխանությունը երեւի չի էլ հասկանում, որ երբ Նախիջեւանում թուրքական զորքեր են կուտակվում, Տավուշում դրությունը լարված է, զոհեր ենք ունենում, մենք այս պահին որոշեցինք հարաբերականորեն կասեցնել մեր գործընթացը: Նորից եմ ասում՝ այն, ինչ հայտարարել է պարոն Ծառուկյանը, մնում է ուժի մեջ: Այսինքն՝ ուժի մեջ է այն տեսակետը, որ կառավարությունը չի կարողանում Հայաստանը դուրս բերել այս իրավիճակից որեւէ ոլորտում. եթե Դուք զարգացում մատնանշեք, ես կհրաժարվեմ իմ կարծիքից:
-Այսինքն՝ սեպտեմբերին ԲՀԿ-ն ակտիվ գործունեություն է վերսկսելո՞ւ:
-Այո, որովհետեւ, եթե մի բան ասվում է կուսակցության նախագահի կողմից, կուսակցության նախագահի կողմից էլ պետք է այս ասվածի ուղղությունը շեղվի: Այս պահին պարոն Ծառուկյանը այլ հայտարարություն չի արել, ինչը նշանակում է, որ մենք մնում ենք մեր կարծիքին: Այս կառավարությունն անգործունյա է, ի վիճակի չէ որեւէ ոլորտում զարգացում ապահովել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ դեռեւս 2018 թվականին հաղորդագրություն էր տարածվել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի կողմից հանցավոր համագործակցությանը մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կազմում ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամների նկատմամբ կատարված ավազակությանը մասնակցելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու եւ պահելու վերաբերյալ, որի համար վերջինս ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով. նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել է հետախուզում:
Ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ՀՀ ոստիկանության եւ ՌԴ իրավապահ մարմինների սերտ համագործակցության արդյունքում հետախուզման մեջ գտնվող Լեւոն Սարգսյանը 2019 նոյեմբերի 22-ին հայտնաբերվել է ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում եւ վերցվել է արգելանքի, որից հետո ՀՀ գլխավոր դատախազության միջոցով նախաձեռնվել է վերջինիս հանձնման գործընթացը, իսկ 2020 թվականի օգոստոսի 6-ին նա հանձնվել է ՀՀ իրավապահներին:
Օրենքի խստիվ պահպանմամբ վարույթն իրականացնող մարմինն ապահովել է մեղադրյալ Լեւոն Սարգսյանի պաշտպանության իրավունքը եւ նրա ներկայությամբ կալանավորման հարցը կրկնակի քննարկելու միջնորդությամբ դիմել է դատարան: Դատարանի կողմից վերահաստատվել է Լեւոն Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը, եւ Լեւոն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ գործի համար կարեւորագույն նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՎԵՃԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վարորդի եւ ինչ-որ մի քաղաքացու միջեւ թեժ վիճաբանություն է տեղի ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Մարուքյանի վարորդը ճանապարհ էր ուզել դիմացի վարորդից, որը չէր տվել, ինչի հետեւանքով վիճաբանություն էր սկսվել: ԼՀԿ-ն երեկ պարզաբանել, նաեւ լուսանկարներ էր հրապարակել ու հայտարարել, որ վարորդների միջեւ երթեւեկության ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որից հետո մյուս մեքենայի վարորդը կայանել է, որպեսզի հաշիվները մաքրի Համլետ Զարոյանի հետ: Վարորդը դուրս է եկել՝ շինարարական գործիքը (պտուտակահանը) ձեռքին, եւ դրանով վնասվածքներ հասցրել Համլետ Զարոյանին:
ԼՀԿ-ի ներկայացրած նկարներում տեսանելի էին նաեւ Զարոյանի մարմնի վրա պտուտակահանից ստացված վնասվածքները: Ըստ ընդդիմադիր կուսակցության տարածած հաղորդագրության՝ Զարոյանը ինքնապաշտպանվել է, կասեցրել է հարձակումը, փորձել է խլել պտուտակահանը եւ միջադեպից հետո՝ ժամը 12:00-ի սահմաններում, անձամբ գնացել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին եւ ներկայացրել հաղորդում հանցագործության մասին, ստացել դատաբժշկի ուղեգիր, որից հետո անցել է իր առօրյա աշխատանքներին: Armlur.am-ը տեղեկացավ, որ երեկ առավոտյան երկու վարորդները ներկայացել են դատաբժշկական փորձաքննության: Մեր տեղեկություններով՝ վարորոդներն այնտեղ միմյանց հանդիպել են: Դատաբժիշկն արձանագրել է այն վնասվածքները, որոնք երկու վարորդների մոտ առկա են եղել, ու նրանք հեռացել են: Բայց թե իրականում ինչ կպարզի դատաբժիշկը, դեռեւս վաղ է ասելը:
ՆՎԱԶԵԼ Է
Հայաստանում սկսել են քիչ ամուսնանալ: Պաշտոնապես այս տարվա առաջին վեց ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ամուսնությունների քանակը բավականին նվազել է: Օրինակ՝ եթե նախորդ տարվա վեց ամիսներին մեր հանրապետությունում ամուսնացել է 7406 մարդ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը կազմել է 5258, այսինքն՝ 2148-ով պակասել են ամուսնության դեպքերը: Փոխարենը պակասել են ամուսնալուծությունները. 2020 թվականի հունվար-հունիսին ամուսնալուծվել է 1494, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 1793 մարդ: Արձանագրենք նաեւ, որ 2018թ. սկսած է ամուսնալուծությունների քանակը պակասել, 2018-ի առաջին կիսամյակում ամուսնալուծվել է 1916 մարդ: Ըստ որոշ մասնագետների՝ կորոնավիրուսի գործոնն իր ազդեցությունն է ունեցել այս ցուցանիշի վրա: Բացի այս, մասնագետների մեկ այլ շրջանակ էլ համոզված է, որ ամուսնությունների թիվը պակասել է, քանի որ երիտասարդները նախընտրում են ավելի մեծ տարիքում ամուսնանալ: