ArmLur.am-ի տեղեկություններով՝ օրերս Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում միջադեպ է տեղի ունեցել: Բանն այն է, որ Նորատուս համայնքի ձկնորսները ձուկ էին որսացել Սեւանա լճից եւ սառնարաններում պահեստավորել դրանք արտահանելու եւ Հայաստանից դուրս վաճառելու նպատակով: Եվ, ահա, այս գործողությունների մասին տեղեկացել է Ազգային անվտանգության ծառայությունը, գնացել եւ կապարանակնքել է նրանց սառնարանները:
Արդեն դրանից հետո ԱԱԾ-ի գործողություններից վրդովված նորատուսցիները փակել են ճանապարհը, արդյունքում գործին խառնվել է ոստիկանությունն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, եւ նրանց հաջողվել է իրավիճակը հարթել, ու ճանապարհը բացել են:
ԱԱԾ-ից ArmLur.am-ին պաշտոնապես հաստատեցին նման միջադեպ լինելու մասին տեղեկությունները՝ ասելով, թե քիչ անց նաեւ պաշտոնական հաղորդագրություն կլինի: Ավելին, մեր տեղեկություններով՝ իրավապահ մարմիններն այս հարցով ներքին քննարկումներ են ունեցել, եւ նրանց վրդովեցրել է հատկապես այն հանգամանքը, որ ձկնորսները պատրաստվել են որսած ձուկը վաճառել արտերկրում, այլ ոչ թե Հայաստանում:
Ավելի ուշ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է հայտնել: ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված գործողությունների արդյունքում Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից Սեւանա լճից ձկնային պաշարների ապօրինի արդյունահանման, պահեստավորման եւ դրանք քողարկված ձեւով՝ այլ ձկնատեսակի անվան տակ, մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքից ապօրինի արտահանման բազմաթիվ դեպքեր:
Պարզվել է, որ անհայտ անձինք, նախնական համաձայնությամբ, 2019-2020թթ. ընթացքում, առանց համապատասխան թույլտվության, Սեւանա լճից ապօրինի արդյունահանելով 12.200 կգ «Սեւանի սիգ» տեսակի ձուկ՝ կենդանական աշխարհին պատճառել են առանձնապես խոշոր չափի վնաս: Այնուհետեւ իրենց կողմից ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի վերը նշված ձուկն իրացրել են Ս. Ս.-ին, Կ. Մ.-ին եւ Վ. Գ.-ին, ովքեր ձուկը տեղափոխել եւ պահել են Կոտայքի մարզում գործող պետական ոչ առեւտրային կազմակերպության սառնարանային տնտեսությունում: Բացի այդ, ստացված տվյալների համաձայն՝ անհայտ անձինք, նախնական համաձայնությամբ, 2019-2020 թթ. ընթացքում, առանց համապատասխան թույլտվության, Սեւանա լճից ապօրինի արդյունահանելով 46.689 կգ սիգ տեսակի ձուկ՝ կենդանական աշխարհին պատճառել են խոշոր վնաս: Այնուհետեւ «Սեւանի սիգ» տեսակի ձուկը հիշյալ անձինք իրացրել են Ս. Մ.-ին եւ Կ. Մ.-ին, ովքեր այն տեղափոխել եւ պահել են Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքում գտնվող սառնարանային տնտեսությունում: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Քրեական գործով ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների մասնակցությամբ ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ երկու տասնյակ խուզարկությունների արդյունքում Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքում գտնվող մի շարք համայնքներում գործող սառնարանային տնտեսություններում հայտնաբերվել են սառեցված վիճակում պահեստավորված ընդհանուր 127.171 կիլոգրամ «Սեւանի սիգ» տեսակի ձկներ: Երեք անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Քրեական գործի փաստական տվյալները վկայում են, որ ձկների ապօրինի արդյունահանմամբ զբաղվող անձանց կողմից նախապես մշակվել է հանցավոր սխեմա, որի ընթացքում մարզերի վարչական տարածքում գտնվող համայնքների բնակիչները զբաղվել են ապօրինի ձկնորսությամբ եւ վաճառել ապօրինի արդյունահանված ձուկը: Այն տարբեր խմբաքանակներով պահեստավորվել է իրենց պատկանող կամ վարձակալությամբ տրամադրված սառնարանային տնտեսություններում, պարբերաբար իրացվել է կա՛մ ՀՀ տարածքում, կա՛մ այլ ձկնատեսակի անվան տակ մաքսանենգ ճանապարհով արտահանվել երկրից: ԱԱԾ-ի կողմից կանխվել է «Բագրատաշենի» մաքսային անցակետում, «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում շուրջ 4,2 տոննա քաշով «Սեւանի սիգ» տեսակի ապխտած ձկների ապօրինի արդյունահանումը, որոնք արտահանման փաստաթղթերով ներկայացվել են որպես «Սկումբրիա» տեսակի ձկան պահածոներ: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու, պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու, ինչպես նաեւ բնապահպանական շարունակական բնույթ կրող իրավախախտումները կանխարգելելու եւ կանխելու ուղղությամբ` հերթական անգամ ընդգծելով բնապահպանական խնդիրների նկատմամբ ցուցաբերվող պետական հոգածությունը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԵՐԵՍՈՒՆԵՐԵՔ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում կատարված ամփոփման համաձայն՝ 2020թ. առաջին կիսամյակում ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով՝ առերեւույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 33 քրեական գործ։
Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 5-ն արձանագրվել է կրթության, 14-ը՝ տեղական ինքնակառավարման, 4-ը՝ ճանապարհների կառուցման, 1-ը՝ բանկային, 1-ն՝ առողջապահության, 2-ը՝ սոցիալական ապահովության պետական եւ բժշկասոցիալական ծառայության ոլորտներում, 2-ը՝ պետական ոչ առեւտրային կազմակերպություններում կատարված կոռուպցիոն հանցավոր դրսեւորումների առթիվ, իսկ 4-ը վերաբերում է իրավապահ մարմինների պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերեւույթ հանցագործությունների կատարմանը:
2020թ. առաջին 6 ամիսների ընթացքում քննված քրեական գործերով 42 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնց մեջ կան համայնքների 4 ղեկավար եւ 1 աշխատակից, դպրոցների եւ քոլեջի 6 տնօրեն, 3 փոխտնօրեն եւ 4 աշխատակիցներ, «Լոռի» ջրօգտագործողների ընկերության տեղամասի 1 տնօրեն եւ 1 աշխատակից, ՍՊԸ 1 տնօրեն եւ 2 աշխատակիցներ, հիմնադրամի 1 տնօրեն, ՀՈԱԿ-ի 1 տնօրեն, բժշկասոցիալական հանձնաժողովի 1 նախագահ եւ 3 անդամներ, ՎՊՄՀ 1 ամբիոնի վարիչ, 12 քաղաքացի: Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 4 անձի վերաբերյալ 3 քրգործ: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական պարզվել է պետությանը պատճառված 260.905.234 ՀՀ դրամի չափով նյութական վնաս, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ (183.499.500 ՀՀ դրամ) ավելի է շուրջ 42%-ով: Նշված վնասից 23.588.605 ՀՀ դրամը Լոռու մարզի դատախազության անմիջական գործուն ներգրավվածությամբ վերականգնվել է, իսկ մնացած մասը վերականգնելու ուղղությամբ գործադրվել է համապատասխան քրեադատավարական գործիքակազմ: Բռնագանձումը պատշաճ ապահովելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք:
2020թ. 6 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով նախապատրաստված նյութերի եւ հարուցված քրեական գործերի շրջանակներում հանցագործության պատճառների ու նպաստող պայմանների, ինչպես նաեւ հայտնաբերված պետական շահերի խախտումները վերացնելու նպատակով ներկայացվել են տարբեր խնդիրների վերաբերյալ 4 միջնորդագրեր:
Պետական շահերի պաշտպանության շրջանակներում դատարանում ավարտված 1 քաղաքացիական գործով բավարարվել է Լոռու մարզի դատախազության կողմից ներկայացված 148.595.000 ՀՀ դրամի չափով քաղաքացիական հայց: Կատարողական թերթիկն ուղարկվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն, եւ վերջինիս միջնորդության հիման վրա՝ պարտապանին պատկանող բաժինն առանձնացնելու եւ դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի վերաբերյալ Լոռու մարզի դատախազության կողմից ներկայացվել է քաղաքացիական հայց։
ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Էջմիածին քաղաքի 49-ամյա բնակչի կողմից ինքնիրավչություն կատարելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Էջմիածին քաղաքի 49-ամյա բնակիչը ՌԴ-ում բնակվող բարեկամուհուց տեղեկացել է, որ վերջինս, բանավոր պայմանավորվածության համաձայն, 38-ամյա համաքաղաքացուն 3.500 ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել է սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող, Էջմիածին քաղաքի «Մատուռ» կոչվող տարածքում գտնվող հողատարածքը, սակայն վերջինս ամբողջությամբ չի վճարել հողատարածքի դիմաց սահմանված գումարը եւ, որպես պարտք, պարտավորվել է 773.000 ՀՀ դրամ գումարը վճարել կնոջը։ Այնուհետեւ 49-ամյա տղամարդը համաքաղաքացու կողմից սահմանված ժամանակահատվածում պարտավորությունները չկատարելու պայմաններում ինքնակամ ֆիզիկական օժանդակություն է ցուցաբերել, մասնավորապես՝ 2018թ. հոկտեմբերի 17-ին վերջինս վարձակալել է տեխնիկա եւ նշված տեխնիկայի վարորդին ցուցումներ տալով՝ դրա գործադրմամբ քանդել է սեփականության իրավունքով բարեկամուհու ընտանիքին պատկանող, վերոհիշյալ հողամասի վրա 38-ամյա համաքաղաքացու կողմից ինքնակամ կառուցված կիսակառույց շինությունը, որի արդյունքում վերջինիս օրինական շահերին պատճառվել է էական վնաս։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել. որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ
ԱԱԾ-ն կաշառքի գործով կալանավորված փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի գործով հայտարարել է նախաքնության ավարտ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց նրա վարորդի փաստաբան Սասուն Ռաֆայելանը: Հիշեցնենք՝ 2019թ. դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման էին ենթարկվել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաեւ վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է նաեւ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի եւ մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են: Վերջիններս չեն ընդունում իրենց մեղադրանքը, եւ նախաքննական մարմինը, շուրջ 7 ամիս քննություն իրականացնելով, կաշառքի գործով կալանավորված փոխնախարարի գործով հայտարարել է նախաքննության ավարտ: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց փաստաբան Սասուն Ռաֆայելյանը: