ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օգոստոսի 31-ին կմեկնի արձակուրդ։ Տեւական ժամանակ է՝ քննարկվում է, որ Թորոսյանն ազատման դիմում է ներկայացրել վարչապետ Փաշինյանին, որը վարչապետը չի ընդունել: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հետ՝ պարզելու համար, թե իրենց թիմում ինչ է տեղի ունենում, ու ինչու են Փաշինյան-Թորոսյան փոխհարաբերություններն այնքան լարվել, որ վերջինս պատրաստվում է հրաժարվել իր պաշտոնից:
-Տիկի՛ն Պողոսյան, ինչո՞ւ են ձեր թիմում վերջին ժամանակահատվածում տարբեր պաշտոնյաների հետ կապված տեղեկություններ տարածվում, թե հրաժարականի դիմումներ են ներկայացվում, ու իշխանական թեւում իրավիճակն օր օրի լարվում է:
-Երկար ժամանակ է՝ Արցախում եմ, այդ ամեն ինչից տեղյակ չեմ:
-Իսկ Դուք, ինչքան որ հետեւել եք, ինչպե՞ս եք գնահատում ե՛ւ Հայկ Մարությանի աշխատանքը՝ որպես քաղաքապետ, ե՛ւ Արսեն Թորոսյանի աշխատանքը՝ որպես առողջապահահության նախարար:
-Հայկ Մարությանն ընտրովի մարմնի ղեկավար է, եւ նրա աշխատանքը պետք է գնահատեն Երեւանի բնակիչները: Իսկ Արսեն Թորոսյանը կառավարության նախարար է, եւ իր աշխատանքը գնահատել է վարչապետը:
-Դուք՝ որպես թիմի ներկայացուցիչ, չե՞ք ուզում Ձեր դիրքորոշումը հայտնել՝ արդյոք այս ժամանակահատվածում նա՝ որպես առողջապահության ոլորտի ներկայացուցիչ, լավ է աշխատել, բացթողումներ ունեցել է, թե ոչ:
-Ես կարծում եմ, որ տարեկան հաշվետվությունների շրջանակներում Ազգային Ժողովում, եթե կարիք լինի, գնահատական կտրվի, իսկ աշխատանքը գնահատելու է վարչապետը:
-Իսկ որպես պատգամավոր, որը հետեւել է կորոնավիրուսի ընթացքին, զարգացմանը, Դուք ինչպե՞ս եք գնահատում նրա աշխատանքը:
-Ես՝ որպես պատգամավոր, իմ հանձնաժողովի մասին կարող եմ խոսել, ես ժամանակ չեմ ունեցել, այնքան ենք աշխատել, որ ժամանակ չեմ ունեցել հետեւել: Կորոնավիրուսի հետ կապված՝ այն, ինչ տեսել եմ բանակում, ոստիկանական համակարգում, կարծում եմ, որ շատ լավ է կատարել աշխատանքն այս ընթացքում: Վերջին ժամանակ զորահավաքին եմ հետեւել. բարձր մակարդակով էր, այնքան լավ էր կազմակերպված, որ ԱՄՆ դեսպանատնից եկել, հիացել էին: Այս ամենի մասով կարող եմ ասել, բայց հիվանդանոցների մասով չեմ հասցրել հետեւել:
-Իսկ այս ընթացքում Դուք՝ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, բողոքներ չե՞ք ստացել քաղաքացիներից:
-Անկեղծ ասած, ոչ:
-Իսկ սոցիալական ցանցերով չե՞ք հետեւել, ի՞նչ է կատարվում, ի՞նչ բողոքներ, դժգոհություններ կան: Կամ անհատ քաղաքացիները, որոնք առնչվել են այս ոլորտին թերություններին, ծանոթ չե՞ք, թե ինչի մասին են բարձրաձայնում:
-Ես կարծում եմ, որ կորոնավիրուսն այնպիսի հիվանդություն էր, որ ոչ մի պետություն դրան ո՛չ պատրաստ էր, ո՛չ էլ գիտեր, թե ի սկզբանե ինչ պետք է անել: Մեզնից ավելի հզոր եւ մեծ պետություններ են շատ ավելի մեծ խնդիրների առաջ կանգնել, որոնց միայն առողջապահության բյուջեն մեր տարեկան բյուջեի չափ է, եւ իրենք ավելի մեծ պրոբլեմների առաջ են կանգնել: Կարծում եմ, որ պետությունն իր ամբողջ ջանքերը գործադրել է, որպեսզի մաքսիմալ անվտանգություն ապահովի, առողջապահության համակարգը կարողանա սպասարկել:
-Նշվում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պետք է նաեւ պատժվի օրենքի սահմաններում եւ չպետք է ուղղակի դիմում գրի եւ հեռանա: Այս հարցով ուզում եմ Ձեր դիրքորոշումն իմանալ:
-Ձեր ասածն իրավական գործընթաց է, այսինքն՝ եթե ասում են, որ օրենքով պետք է պատժվի, ուրեմն նա որեւէ հանցանք է կատարել: Ես որեւէ իրավական գնահատական չեմ կարող տալ: Եթե որեւէ բան կա, որը կպարզվի, ես վստահ եմ՝ Դուք համոզվել եք այս երկու տարվա ընթացքում՝ եթե մեր թիմից որեւէ մեկը ինչ-որ սխալ բան է անում, ինքը պատժվում է իր կատարածի համար: Ես վստահ եմ, որ այդպես էլ լինելու է հետագայում: Այս պահին ես կարող նման բան ասել, քանի որ ոչ մի ինֆորմացիայի չեմ տիրապետում:
-Տիկի՛ն Պողոսյան, արդեն ավարտե՞լ եք Ապրիլյան հանձնաժողովի աշխատանքները:
-Աշխատանքներն ավարտել ենք, արդեն զեկույցն ենք պատրաստում: Սեպտեմբերի քառօրյան սկսելուն պես զեկույցը ներկայացնելու ենք:
–Այսինքն՝ զեկույցը պատրա՞ստ է, թե՞ դեռեւս աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:
-Աշխատում ենք: Վերջնական գրված չէ, բայց մենք ամեն մեկս մեր չափով զեկույցի վրա աշխատել եւ ներկայացրել ենք հանձնաժողովին: Ես անձամբ ներկայացրել եմ հանձնաժողովին:
Սոնա Գրիգորյան