ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկարաժամկետ կամ կայուն արդյունքներ չի տալու. Արման Թաթոյանը՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին այս օրերին տարբեր ահազանգեր են ստացվել՝ կապված քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին ծեծի ենթարկելու մասին:  Ահազանգի հիման վրա իրականացվել է արագ արձագանքման այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցի ընթացքում պարզվել է, որ ահազանգով նկարագրված դեպքի պահին պատժախցում գտնվել է ազատազրկված 3 անձ:

Այցի ընթացքում արձանագրվել են այնպիսի տեղեկություններ, որոնք ենթակա են ստուգման Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում: Առհասարակ վերջին օրերին մեկը մյուսի հետևից հաղորդագրություններ են տարածվում քրեական հեղինակությունների դեմ պայքարի մասին. անգամ օրենքով գողեր են ձերբակալվել եւ կալանավորվել: Եվ ինչ ունենք արդյունքում, ինչպես է Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքում այս գործողություններին:

Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:

-Արդեն մեկ տարի է՝ գործում է քրեական ենթամշակույթի դեմ պայքար ենթադրող օրենքը, սակայն արդեն դժգոհություններ են հայտնում: Արդյոք Դուք բողոքներ ստացել եք եւ, որո՞նք են լինելու այս մասով Ձեր քայլերը:

-Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը կարեւոր գործառույթ է, եւ այո՛, պետությունները պետք է պայքարեն քրեական ենթամշակույթի դեմ: Դա նաեւ պատճառ կամ ծնող պայման է հանդիսանում այլ խախտումների համար: Դրա պատճառով մարդիկ են զոհվում եւ այլն: Ես՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, հայեցակարգ եմ հրապարակել, որը վերաբերում է քրեական ենթամշակույթի դեմ պայքարին, որը կոմպլեքս գործողություններ է  ենթադրում՝ սկսած քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատավարձի բարձրացումից:  Հատկապես շեշտը դրվում է առաջին անգամ առաջին անգամ նման վայր մուտք գործող անձին հետ պահելու համար այդ երեւույթից: Դա արվում է հատուկ ծառայությունների միջոցով, դրանք առանձնացվում են եւ պետությունը պետք է հասկանա, թե ովքեր են նրանք եւ նրանց հետ աշխատանքներ տանի, նաեւ կալանավայրերում գտնվող այլ անձանց հետ: Եվ, եթե մենք խոսում ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին, պետք է հասկանալ, որ խոսքը չի գնում միայն ազատությունից զրկված անձանց մասին: Այլ նաեւ խոսքը վերաբերում է առհասարակ հանցավորության դեմ պայքարին: Մենք իրավապահներից դժգոհություններ չենք ստացել  , սակայն միայն օրենքը ոչինչ չի կարող փոխել: Այս պահին դեռ տեսանելի փոփոխություններ չկան, որը կմեծացնի այս օրենքի դերակատարությունը: Իհարկե, այն կարեւոր է, սակայն մենք պետք է ունենանք նաեւ բաղկացուցիչ մասեր, որ դրանք ունենան մեծ ազդեցություն: Եվ կարեւորելով այդ պայքարի մեկնարկը, ապա կարող եմ ասել, որ այն երկարաժամկետ կամ կայուն արդյունքներ չի տալու, եթե չլինեն կոմպլեքս լուծումներ: Իհարկե, այլ երկրներում եւս եղել են դեպքեր, երբ արդյունավետ պայքար չի իրականացվել, եղել են ձախողումներ եւ այդ  նույն պատճառով:

-Իսկ ինչպե՞ս եք հետեւում իրավիճակին, ինչ քայլեր եք անում:

-Այս հարցը մեր անմիջական մոնիթորինգի տակ է, մենք հետեւելու ենք, թե ինչպես է այս օրենքը կիրառվում: Այս վերջերս, երբ ՔԿՀ-ներում դեպքեր տեղի ունեցան, ես գրություններ եմ ուղարկել եւ հարցադրումներ եմ արել ոչ միայն այդ իրադարձությունների շուրջ, որպեսզի պարզաբանումներ արվեն, այլ նաեւ հարցադրումներ եմ արել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին, որպեսզի մենք հասկանանք: Ես ոչ թե արդեն քննադատական գնահատական եմ տվել, այլ փորձել եմ հասկանալ, թե այդ գործողությունները որքանով են կապված եղել այդ օրենքի կիրառման հետ եւ, եթե կապված են եղել, ապա ինչ աստիճանի , ինչ նպատակ է հետապնդվել դրանով: Եթե մեր գործընկերները ցույց տան, որ իսկապես եղել են իրավական հիմքեր եւ ֆիզիկական ուժը համաչափ է եղել, ապա մենք գնահատական կտանք հենց այդ հիմքով:

-Ձեր աշխատակիցները եղել էին այնտեղ, իսկապե՞ս ծեծի ենթարկված եւ հիվանդանոց տեղափոխված անձինք են եղել:

-Մենք այդ օրն ահազնագ ստացանք, որ կա անձ, որը ենթակվել է բռնության, հետո նաեւ փաստաբանից ահազանգ՝ արդեն մեկ այլ անձի կողմից : Այո, ՔԿՀ ծառայողներն ունեն հատուկ միջոցներից օգտվելու իրավունք, բայց այստեղ կարեւոր է հասկանալ համաչափության գնահատումը: Մեր կարծիքով անպայման պետք է դիտարկել քրեական վարույթի շրջանակը: Մենք առանձնազրույց ենք ունեցել երեք անձի հետ եւ նրանցից երկուսի վրա եղել են մարմնական վնասվածքի հետքեր: Դրանք մենք արձանագրել ենք:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս