Դատական ատյանների միավորման Ղրղզստանի փորձը ձախողված է. ինչ է ասում միջազգային փորձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ օգոստոսի 22-ի որոշումը, շարունակում է լայն քննարկման առարկա մնալ: Ինչպես հայտնի է, այդ օրը  սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հաձնաժողովը 8 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշել է բարձրագույն դատական ատյանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկացվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում: Ինչպես արդեն նկատեցինք քվեարկության պատկերից, այս որոշման վերաբերյալ անհամաձայնություններ են առկա: 

Այս օրերին նման որոշումը սխալ համարող շրջանակները մեջբերում են միջազգային փորձը՝ փորձելով ապացուցել, որ դատական ատյանների միավորումն ի վերջո արդյունավետ չի եղել: Մասնավորապես, որոշման շուրջ առաջին դժգոհությունն այն է, որ վճռաբեկության եւ սահմանադրական արդարադատության գործառույթներ ունեցող ատյանները մեկ տեղում միավորելով , վերանում է ՀՀ քաղաքացիների՝ անհատական դիմումներով Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը:

Նշենք, որ  Արցախում, որտեղ Գերագույն դատարանը, բացի վճռաբեկությունից, իրականացնում է նաև սահմանադրական արդարադատություն, անհատական դիմումների ինստիտուտը փաստացի չի գործում: 2009-2020թթ. վիճակագրության համաձայն՝ քաղաքացիները անհատական գանգատի հիման վրա Գերագույն դատարան են դիմել 9 գործով, որից՝ 8-ով Գերագույն դատարանը մերժել է դիմումը վարույթ ընդունել, 1 դիմում ընդունվել է վարույթ, սակայն Գերագույն դատարանը որոշել է, որ վիճարկվող Քաղ. դատ. օր-ի 247-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

Նկատենք, որ որպես լավագույն օրինակ ներկայացվում էր Էստոնիայի սահմանադրական վերահսկողությունը, սակայն  Տարտուի պետական համալսարանի գիտնական Madis Ernits-ի «Սահմանադրական վերահսկողության համակարգը Էստոնիայում» եզրակացության մեջ ասվում է, որ մեկ դատական մարմնում սահմանադրական արդարադատությունը և վճռաբեկությունը միավորելով՝ փաստացի մարդուց «խլում են» սահմանադրական արդարադատության մատչելիության  իրավունքը, որը 21-րդ դարում ոչ միայն մարդու հիմնարար իրավունքներից է, այլև սահմանադրականության  ձևավորման միջոց է:

Ղրղզստանի  Գերագույն դատարանի և սահմանադրական արդարադատության փորձը հաջողված չէ: Ղրղզստանի 2010թ. Սահմանադրության նախագծով սահմանադրական արդարադատությանը գործառույթը վերապահվեց Գերագույն դատարանին: Այս մոտեցումը արժանացավ Վենետիկի հանձնաժողովի սուր քննադատությանը, որից հետո «Գերագույն դատարանի սահմանադրական պալատի մասին» առանձին օրենքով սահմանադրական պալատին տրվեց այնպիսի առանձնահատուկ կարգավիճակ, որով Սահմանադրական պալատը միայն ձևական  իմաստով էր Գերագույն դատարանի կառուցվածքում:

Ն.Հ.




Լրահոս