ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են ադրբեջանական կողմում գտնվող գերիները, և ինչպես են հայտնվել հակառակորդի տարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Oգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել ու մոլորվել էր: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի ԶՈւ-ն գերի է վերցրել «դիվերսանտի»։ Դրանից հետո ադրբեջանական կողմը տեսագրություն տարածեց, որտեղ Գուրգեն Ալավերդյանը մի տեքստ էր կարդում, որ իբր ուզում է մնալ Ադրբեջանում։

Նշենք, որ ադրբեջանական կողմում այժմ 5 հայ գերի կա՝ Գուրգեն Ալավերդյան, Նարեկ Սարդարյան, Կարեն Ղազարյան, Արայիկ Ղազարյան եւ Արսեն Բաղդասարյան:  Իսկ երբ եւ ինչպես են հայտնվել հակառակորդի կողմում.

Խնձորեսկի բնակիչ 30-ամյա Նարեկ Սարդարյանի՝ անհետ կորելու մասին հայտնի դարձավ այս տարվա հուլիսին: Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր. «Ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Նարեկ Սարդարյանը։ Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակչի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Սիսիանի կամ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02 հեռախոսահամարով»: Վերջինս Սպանդարյան ջրամբարի մոտակայքում գտնվող արոտավայրում ձիով գնացել էր անասունների հոտի ուղությամբ և չէր վերադարձել: Մի քանի օր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չէին տվել, ապա հուլիսի 15-ին համացանցում տարածվել էր Նախիջևանում տեսագրված տեսանյութ, որտեղ Նարեկ Սարդարյանը պատմում է՝ ինչպես է սպիտակ կտոր ծածանելով հանձնվել ադրբեջանի զինվորականներին ու, որ ինքն Ադրբեջանի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրում կամ հանձնել երրորդ երկրի:

ՀՀ քաղաքացի  Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Նրան մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ սպանություն, ահաբեկչություն, ապօրինի հրազենի կրում, լրտեսություն, պետական սահմանի ապօրինի հատում և այլն։ Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 35-ամյա Կարեն Ղազարյանը 2018 թվականի հուլիսի 15-ին էր հայտնվել Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման», ինչպես նաև 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին:

Իսկ 20-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը Ադրբեջանի տարածքում էր հայտնվել 2019 թվականի օգոստոսին, տեղական լրատվամիջոցները պնդել էին, թե նա լքել է զորամասը՝ «անմարդկային վերաբերմունքի» պատճառով: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, մինչդեռ կարծիք էր հայտնել, թե նա մոլորվել է այդ տեղանքում:

Նկատենք, որ Բաքուն հայտարարել էր, թե պատրաստ է փոխանակել Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներին՝ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին, Ստեփանակերտում գտնվող Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ: Հայկական կողմն ավելի վաղ մի քանի անգամ մերժել էր Բաքվի՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու այդ  առաջարկը, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել էր՝ «փոխանակում չի կարող տեղի ունենալ, եթե ադրբեջանական կողմից ներխուժած անձինք սպանություններ են իրականացրել»:

Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը ձերբակալվել են 2014 թվականին Ղարաբաղի տարածքում: Ղարաբաղի դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտվել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման, մի շարք ծանր հանցանքների, այդ թվում՝ սպանության համար:

Իսկ ահա 2014-ի դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի տարածքում ձերբակալված Արսեն Բաղդասարյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Հիշեցնենք, որ հունվարի սկզբին ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել, թե իբր 2014թ դեկտեմբերի 26-ին Ադրբեջանում հայտնված ՊԲ զինծառայող, պայմանագրային Արսեն Բաղդասարյանը ինքնակամ է անցել ադրբեջանական կողմ ու չի ցանկանում վերադառնալ Հայաստան։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ այս տարվա փետրվար ամսին են այցելել ադրբեջանական կողմում հայտնված Վայոց Ձորի Եղեգիս համայնքի բնակիչ, ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանին, Տավուշի մարզի Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանին, Արցախի Հանրապետության (ԼՂՀ) քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս