ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԳՆԱՀԱՏԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ, ՀՀ վարչապետի որոշմամբ, մեկնել է արձակուրդ:  Տեւական ժամանակ  է՝ քննարկվում է, որ Թորոսյանն ազատման դիմում է ներկայացրել վարչապետ Փաշինյանին, որը վարչապետը չի ընդունել: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հետ՝ պարզելու համար, թե իրենց թիմում ինչ է տեղի ունենում, ու ինչու են Փաշինյան-Թորոսյան փոխհարաբերություններն այնքան լարվել, որ վերջինս պատրաստվում է հրաժարվել իր պաշտոնից: 

 

-Տիկի՛ն Պողոսյան, ինչո՞ւ են ձեր թիմում վերջին ժամանակահատվածում տարբեր պաշտոնյաների հետ կապված տեղեկություններ տարածվում, թե հրաժարականի դիմումներ են ներկայացվում, ու իշխանական թեւում իրավիճակն օր օրի լարվում է:

-Երկար ժամանակ է՝ Արցախում եմ, այդ ամեն ինչից տեղյակ չեմ:

-Իսկ Դուք, ինչքան որ հետեւել եք, ինչպե՞ս եք գնահատում ե՛ւ Հայկ Մարությանի աշխատանքը՝ որպես քաղաքապետ, ե՛ւ Արսեն Թորոսյանի աշխատանքը՝ որպես առողջապահահության նախարար:

-Հայկ Մարությանն ընտրովի մարմնի ղեկավար է, եւ նրա աշխատանքը պետք է գնահատեն Երեւանի բնակիչները: Իսկ Արսեն Թորոսյանը կառավարության նախարար է, եւ իր աշխատանքը գնահատել է վարչապետը:

-Դուք՝ որպես թիմի ներկայացուցիչ, չե՞ք ուզում Ձեր դիրքորոշումը հայտնել՝ արդյոք այս ժամանակահատվածում նա՝ որպես առողջապահության ոլորտի ներկայացուցիչ, լավ է աշխատել, բացթողումներ ունեցել է, թե ոչ:

-Ես կարծում եմ, որ տարեկան հաշվետվությունների շրջանակներում Ազգային Ժողովում, եթե կարիք լինի, գնահատական կտրվի, իսկ աշխատանքը գնահատելու է վարչապետը:

-Իսկ որպես պատգամավոր, որը հետեւել է կորոնավիրուսի ընթացքին, զարգացմանը, Դուք ինչպե՞ս  եք գնահատում նրա աշխատանքը:

-Ես՝ որպես պատգամավոր, իմ հանձնաժողովի մասին կարող եմ խոսել, ես ժամանակ չեմ ունեցել, այնքան ենք աշխատել, որ ժամանակ չեմ ունեցել հետեւել: Կորոնավիրուսի հետ կապված՝ այն, ինչ տեսել եմ բանակում, ոստիկանական համակարգում, կարծում եմ, որ շատ լավ է կատարել աշխատանքն այս ընթացքում: Վերջին ժամանակ զորահավաքին եմ հետեւել. բարձր մակարդակով էր, այնքան լավ էր կազմակերպված, որ ԱՄՆ դեսպանատնից եկել, հիացել էին: Այս ամենի մասով կարող եմ ասել, բայց հիվանդանոցների մասով  չեմ հասցրել հետեւել:

-Իսկ այս ընթացքում Դուք՝ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, բողոքներ չե՞ք ստացել քաղաքացիներից:

-Անկեղծ ասած, ոչ:

-Իսկ սոցիալական ցանցերով չե՞ք հետեւել, ի՞նչ է կատարվում, ի՞նչ բողոքներ, դժգոհություններ կան: Կամ անհատ քաղաքացիները, որոնք առնչվել են այս ոլորտին թերություններին, ծանոթ չե՞ք, թե ինչի մասին են բարձրաձայնում:

-Ես կարծում եմ, որ կորոնավիրուսն այնպիսի հիվանդություն էր, որ ոչ մի պետություն դրան ո՛չ պատրաստ էր, ո՛չ էլ գիտեր, թե ի սկզբանե ինչ պետք է անել: Մեզնից ավելի հզոր եւ մեծ պետություններ են շատ ավելի մեծ խնդիրների առաջ կանգնել, որոնց միայն առողջապահության բյուջեն մեր տարեկան բյուջեի չափ է, եւ իրենք ավելի մեծ պրոբլեմների առաջ են կանգնել: Կարծում եմ, որ պետությունն իր ամբողջ ջանքերը գործադրել է, որպեսզի   մաքսիմալ անվտանգություն ապահովի, առողջապահության համակարգը կարողանա սպասարկել:

-Նշվում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պետք է նաեւ պատժվի օրենքի սահմաններում  եւ չպետք է ուղղակի դիմում գրի եւ հեռանա: Այս հարցով ուզում եմ Ձեր դիրքորոշումն իմանալ:

-Ձեր ասածն իրավական գործընթաց է, այսինքն՝ եթե ասում են, որ  օրենքով պետք է պատժվի, ուրեմն նա որեւէ հանցանք է կատարել: Ես որեւէ իրավական գնահատական չեմ կարող տալ: Եթե որեւէ բան կա, որը կպարզվի, ես վստահ եմ՝ Դուք համոզվել եք այս երկու տարվա ընթացքում՝ եթե մեր թիմից որեւէ մեկը  ինչ-որ սխալ  բան է անում, ինքը պատժվում է իր կատարածի համար: Ես վստահ եմ, որ այդպես էլ լինելու է հետագայում: Այս պահին ես կարող նման բան ասել, քանի որ ոչ մի ինֆորմացիայի չեմ տիրապետում:

-Տիկի՛ն Պողոսյան, արդեն ավարտե՞լ եք Ապրիլյան հանձնաժողովի աշխատանքները:

-Աշխատանքներն ավարտել ենք, արդեն զեկույցն ենք պատրաստում: Սեպտեմբերի քառօրյան սկսելուն պես զեկույցը ներկայացնելու ենք:

-Այսինքն՝ զեկույցը պատրա՞ստ է, թե՞ դեռեւս աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:

-Աշխատում ենք: Վերջնական գրված չէ, բայց մենք ամեն մեկս մեր չափով զեկույցի վրա աշխատել եւ ներկայացրել ենք հանձնաժողովին: Ես անձամբ ներկայացրել եմ հանձնաժողովին:

  ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ ՉԻ ՍՏԱՆՈՒՄ

Սահմանադրական դատարանի նոր անդամների հետ կապված հարցը ոչ միայն հանգուցալուծում չի ստանում, այլ նաեւ օր օրի ավելի անհասկանալի է դառնում  իրավիճակը, որն այժմ առկա է:

 

Բանն այն է, որ կառավարության կողմից առաջադրված թեկնածու Վահրամ Ավետիսյանի հրաժարականից հետո դեռեւս օդում կախված է մնում այն հարցը, թե ով է լինելու Սահմանադրական դատարանի թեկնածուն, որին պետք է անպայման առաջադրի Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ըստ Armlur.am-ի տեղեկությունների՝ օգոստոսի 21-ին ՍԴ անդամի հավանական թեկնածու Էդգար Շաթիրյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումը շատ դրական մթնոլորտում է անցել, ու կարելի է ասել՝ արդեն հաստատ է, որ հենց նրան էլ կառավարությունը կառաջադրի որպես ՍԴ թեկնածու: Ինչպես հայտնի է, Դատավորների ընդհանուր ժողովը առաջադրել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը, որի հետ կապված էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում դրական են տրամադրված, բայց թե ընտրությունների օրը ով ինչպես է քվեարկելու, դա դեռեւս հստակ չէ: Այն լինելու է փակ գաղտնի, ու հայտնի չէ, թե իրավիճակն ինչպես է զարգանալու:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված Արթուր Վաղարշյանի թեկնածությանը, ապա, ըստ մեր տեղեկությունների, իմքայլականները նպատակ ունեն մեկ անգամ եւս մերժել Վաղարշյանին, քանի որ իշխանական խմբակցությունը կարծում է, որ Վաղարշայանն այն անձը չէ, որին պետք է գործուղել Սահմանադրական դատարան: Այս ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն այդպես էլ չի երեւում, ավելին՝ օր օրի ՍԴ երեք թեկնածուների ընտրությունը դառնում է ավելի մշուշոտ:

 

 

ԱՀԱԶԱՆԳ

Արդեն մի քանի օր է, ինչ ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգում քաղաքացիներ՝ հայտնելով, որ արդեն տեւական ժամանակ է՝ մետրոյի վագոններն աշխատում են ուշ ինտերվալով, եւ, բացի այդ, դրանք գրեթե լեփ-լեցուն են: Քաղաքացիների պնդմամբ՝ վագոններն աշխատում են 10 րոպե ինտերվալով, ընդամենը գործում է երկու վագոն, ինչի արդյունքում վագոններում առաջանում են կուտակումներ, ինչն էլ քաղաքացիների մոտ անհարմարություններ եւ անհանգստություններ են առաջացնում, այն էլ այս համաճարակային իրավիճակում։

Եվ, ահա, քաղաքացիների ահազանգի հետքերով ArmLur.am-ը դիմել է Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն՝ պարզելու համար, թե որն է խնդիրը, ինչու վագոնները ճիշտ ինտերվալով չեն աշխատում։

«Այս պահին գնացքների միջեւ միջակայքը կազմում է 8,5 րոպե, որը գնացքների տեխնիկական անսարքության եւ նոր պահեստամասերով վերազինման հետեւանք է։ Թույլ տվեք նշել նաեւ, որ պիկ ժամերին գծում ավելացնում ենք լրացուցիչ գնացք։ Ավելացնեմ նաեւ, որ ինչ վերաբերում է վագոնների քանակին, ըստ գրաֆիկի՝ գծում ունենում ենք նաեւ երեք վագոնից բաղկացած գնացք։ Այս պահին արվում է ամեն ինչ, որպեսզի նոր ուսումնական շրջանի վերսկսման հետ կապված՝ ապահովենք նախկին բնականոն գրաֆիկը։ Մետրոպոլիտենի տնօրինությունը պատճառված անհարմարավետության համար հայցում է ուղեւորների ներողամտությունը»,-մեզ հետ զրույցում հայտնել է Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը։

 

 

ԴՐԱԿԱՆ ԴԻՆԱՄԻԿԱ

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 4-ամյա երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում: Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը: «4-ամյա փոքրիկը, առաջին օրերի համեմատ, այժմ մի փոքր ավելի լավ է, դրական դինամիկա կա, իսկ 6-ամյա երեխայի առողջական վիճակը նույնն է. շարունակում է ծայրահեղ ծանր մնալ»,-նշել է Դերձյանը: Հիշեցնենք, որ նույն ընտանիքի մյուս 5 երեխան էլ օրեր առաջ սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ Խաշթառակից տեղափոխվել էին Երեւանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց:

 

 




Լրահոս