Շաբաթ օրը՝ օգոստոսի 29-ին, տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական քննարկումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում լինելու է դատավորների եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամների տարիքային եւ այլ ցենզերի՝ օրենսդրական մակարդակում սահմանման կարգի քննարկումը: Սակայն, մեր տեղեկություններով, այս պահին դեռեւս հստակություն առկա չէ, թե ինչ մոդել կքննարկվի, եւ ի վերջո տարիքային ինչ ցենզի վրա կանգ կառնի հանձնաժողովը: Նշենք, որ մասնագիտական հանձնաժողովի անդամները որոշել են յուրաքանչյուր շաբաթ օր հավաքվել եւ ոչ միայն հարցեր քննարկել, այլեւս որոշում կայացնել եւ դա ներառել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում, ինչպես դա եղավ նախորդ շաբաթ:
Բանն այն է, որ մինչեւ այժմ հանձնաժողովը միայն երեք որոշում է կայացրել՝ կառավարման համակարգի պահպանում, կայուն մեծամասնության վերացում եւ Գերագույն դատարանի ստեղծում: Սակայն նկատենք, որ այս հանձնաժողովն աշխատում է փետրվարից, եւ որոշել են ավելի ակտիվ աշխատել եւ որոշումներ կայացնել, որպեսզի տեղավորվեն ժամկետներում:
Վերջին նիստը տեղի էր ունեցել օգոստոսի 22-ին՝ նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ: Հանձնաժողովը, կազմակերպչական բնույթի հարցերից զատ, քննարկել էր նաեւ բարձրագույն դատական ատյանների միավորման հարցը, մասնավորապես՝ Գերագույն դատարանի ստեղծման երկու հայեցակարգերը՝ մշակված Արդարադատության նախարարության եւ հանձնաժողովի իրավաբան-գիտնականների եւ հասարակական կազմակերպության նախագահի կողմից:
Հայեցակարգերի վերաբերյալ հանձնաժողովի անդամները ներկայացրել էին իրենց փաստարկներն ու հակափաստարկները, այնուհետեւ կազմակերպվել է քվեարկություն երկու հարցերի շուրջ՝ որոշելու համար, թե որն է ներառվելու հանրային քննարկման ներկայացվող հայեցակարգի նախնական տարբերակում։ Հարցերից առաջինը, որին կողմ է քվեարկել նիստին մասնակցող 15 անդամներից յոթը, վերաբերել է սահմանադրական արդարադատության համակարգը գործող մոդելի շրջանակում զարգացնելուն, իսկ երկրորդ հարցը վերաբերել է սահմանադրական վերահսկողությունը ապակենտրոնացնելուն եւ բարձրագույն դատական ատյանները միավորելուն: Նախարարության եւ իրավաբան-գիտնականների ու ՀԿ ներկայացուցչի այս մոտեցմանը կողմ է քվեարկել հանձնաժողովի անդամներից ութը։ Եվ ամփոփելով նիստը՝ որոշվել էր Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկացվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։
Դեռ պետք է քննարկվի նաեւ նախագահի լիազորությունների ընդլայնման եւ ընտրության կարգի փոփոխության հարցը: Օգոստոսի 7-ին՝ հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը, նախագահ Արմեն Սարգսյանը եւս խոսել էր նախագահի լիազորությունների վերանայման մասին` որպես օրինակ նշելով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու հարցը: Վերջին երկու տարիներին նախագահի կողմից առաջադրված թեկնածուներին այս կամ այն պատճառով մերժել են թե՛ նախկին, թե՛ ներկա խորհրդարանները:
Նախագահը շեշտել էր նաեւ, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումը պետք է սկսվի հնարավորինս շուտ, նույնիսկ մինչեւ այդ փաստաթուղթը իրավաբանական լեզվով ձեւակերպելը:
Հանձնաժողովի նախագահը, սակայն, մինչեւ նախնական հայեցակարգի պատրաստ լինելը հակված չէ փակագծեր բացել: Ավելին, Եղիշե Կիրակոսյանը նաեւ հանձնաժողովի անդամներին է խորհուրդ տվել շատ չխոսել եւ հարցազրույցներ տալ հիմնականում միայն հայեցակարգի պատրաստ լինելու դեպքում:
Հետաքրքիր է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանը մասնակցել է հանձնաժողովի միայն առաջին նիստին: Բանն այն է, որ նա նիստի ժամանակ բարձրաձայնել է Սահմանադրության մեջ Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ամրագրելու առաջարկը եւ հիմա սպասում է փաստաթղթի հրապարակմանը, եւ եթե առաջարկը տեղ գտնի, կմասնակցի հետագա նիստերին, իսկ հակառակ դեպքում գործընթացի մասնակից լինել չի ցանկանում:
Հավելենք, որ հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում յուրաքանչյուր շաբաթ, եւ նիստերից պարբերական բացակայությունը կարող է հեռացման պատճառ դառնալ: Հանձնաժողովում արդեն հնչել է Գեւորգ Պետրոսյանի եւ բացակայող այլ անդամների հեռացման հարցը քննարկման դնելու առաջարկ:
Նախատեսվում է, որ սահմանադրական փոփոխությունների նախնական հայեցակարգը կհրապարակվի հոկտեմբերի վերջին, որին հաջորդող քննարկումներից հետո՝ մինչեւ տարեվերջ, պատրաստ կլինի վերջնական հայեցակարգը: Իսկ նախագիծը հանրաքվեի դնել հնարավոր կլինի, ամենայն հավանականությամբ, 2021-ի ամռանը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՔԱՐՏՈՒՂԱՐ Է ԸՆՏՐՎԵԼ
Երեկ տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային երեք հարցով։ Հայտնել էինք, որ ԵՊՀ ՀԽ քարտուղար է ընտրվել Միքայել Մալխասյանը: Գեւորգ Մուրադյանն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կան շատ խնդիրներ, որոնք խորհուրդը պետք է լուծի:
ՀԵՌԱՑՐԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
«Երեկ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին աշխատանքից ազատելու մասին կառավարության որոշում եմ հաստատել, իսկ պատճառն իմ հանձնարարականին չհետեւելն է՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ որդուն իր ենթակայությամբ վարչակազմի աշխատակազմում գործի ընդունելը»,- հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Նորից եմ դիմում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին. բոլոր հանձնարարականներիս կատարման հարցում լինելու եմ հետեւողական, իսկ ձեր խնդիրը Հայրենիքին բարեխղճորեն ծառայելն է միայն»,-ասել է նա:
ՀԱՏՈՒԿ ՉՎԵՐԹՆԵՐ
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հայտնում են՝ ս.թ. օգոստոսի 28-ից «Աերոֆլոտ» ավիաընկերությունը կազմակերպում է Լոս Անջելես-Մոսկվա-Երեւան հատուկ (չարտերային) չվերթեր։ Լոս Անջելես-Մոսկվա-Երեւան չվերթերը կկայանան շաբաթը մեկ անգամ՝ ուրբաթ օրերին։ Հետադարձ՝ Երեւան-Մոսկվա-Լոս Անջելես հատուկ (չարտերային) չվերթերը կմեկնարկեն օգոստոսի 27-ից շաբաթական մեկանգամյա հաճախականությամբ։ Չվերթերից կարող են օգտվել միայն Հայաստանի Հանրապետություն կամ ԱՄՆ մեկնող ուղեւորները (ՀՀ քաղաքացիները եւ օտարերկրյա քաղաքացիները)։ Կայուն ուղեւորահոսքի դեպքում չվերթերը կարող են դառնալ պարբերական:
ԺԱՄԱՆԵԼ Է ԲԱՔՈՒ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեկ ժամանել է Բաքու։ Նա հանդիպելու է ադրբեջանցի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի ու երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Աշխատանքային այցի առիթը «Ծովի գավաթ» բանակային միջազգային խաղերի բացմանը մասնակցելն է։ Հավելենք, որ ավելի վաղ Շոյգուն Մոսկվայում հանդիպել էր Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։
ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ
2019թ. դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման էին ենթարկվել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաեւ վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է նաեւ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի եւ մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են: Վերջիններս չեն ընդունում իրենց մեղադրանքը, եւ նախաքննական մարմինը, շուրջ 7 ամիս քննություն իրականացնելով, կաշառքի գործով կալանավորված փոխնախարարի գործով հայտարարել է նախաքննության ավարտ: Սակայն մեկ տարի անց իրավիճակ է փոխվել, եւ փոխնախարարը որոշել է խոսել եւ ցուցմունք տալ: Այնպես որ, նոր զարգացումներ են սպասվում:
ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐ
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մինչ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մեկ տարի առաջ խորհրդարանում վստահեցնում էր, թե ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելով՝ կարող են պայքարել «օրենքով գողերի», քրեական հեղիանակությունների դեմ եւ, ընդհանրապես, քրեական ենթամշակույթի դեմ, այսօր իրավապահ համակարգը ռեալ կյանքում չի կարողանում դատարանում ապացուցել, թե ովքեր են «օրենքով գողերը» կամ քրեական հեղինակությունները, որպեսզի պատժեն։ Քրեակատարողական հիմնարկներում հավեհարդարներ են սկսել «գողականների» դեմ, այսինքն՝ այն անձանց, ում ՔԿՀ ղեկավարությունը համարում է քրեական ենթամշակույթ կրող: Հատուկ ջոկատայինները դիմակներով մտնում են խցեր եւ դաժան ծեծի ենթարկում նրանց: Վերջին մեկ շաբաթում նման պրոֆիլակտիկ միջոցառումներ են կիրառվել «Արմավիր», «Վանաձոր», «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում:
Իրավապահներն օգտվում են նրանից, որ այս դեպքում տուժողները չեն դիմում իրավապահներին եւ հրաժարվում են դիմում գրելուց: Հանցավոր աշխարհում իրավապահներին բողոքելը համարվում է ամոթալի երեւույթ, որոշ դեպքերում՝ խարան: Մեր տեղեկություններով՝ ծեծվածներից ոմանք շատ վատ վիճակում տեղափոխվել են հիվանդանոցներ: