ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաքսազերծման կարգը փոխվեց. Թուրքիայից ներկրվող հագուստը կթանկանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 1-ից փոխվել են հագուստի մաքսազերծման մեթոդները: Այսինքն, Հայաստան ներկրվող հագուստն այսուհետ մաքսազերծվելու է միջազգային չափանիշներին համապատասխան: Այս փոփոխություններն ուժի մեջ են մտել ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում: Եթե նախկինում ներկրողները տարբեր ապրանքանիշների հագուստ էին ներկրում եւ 1 կգ-ի դիմաց վճարում 4 դոլար, ապա հիմա նրանք պետք է յուրաքանչյուր ապրանքն առանձին մաքսազերծեն: Հետեւաբար ապրանքի գնից կախված` մաքսազերծման գինը կտատանվի. որոշ դեպքերում կավելանա, իսկ որոշ դեպքերում էլ մաքսային վճարը կարող է նախկինից ցածր լինել:

Ստացվում է, որ այլեւս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, հաշիվ ապրանքագրերում (ինվոյս) պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները։ Իսկ ինֆորմացիայի թերի հայտարարագրումը կբերի վարչարարության կիրառման։ Այս թեմայի շուրջ առաջինը բարձրաձայնել է «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը: Նրա խոսքով սա վերաբերում է սեպտեմբերի 1-ից ներառյալ, արտահանվող երկրից դուրս եկող ապրանքներին միայն։ Այսինքն եթե այսօր արդեն ապրանքը ճանապարհին է, ապա կմաքսազերծվի նախկին մեթոդներով։ Սակայն այս փոփոխությունները խիստ մտահոգել են հագուստի եւ կոշիկի վաճառքով զբաղվող առեւտրականներին:

Պարզվում է՝ այս փոփոխությունների արդյունքում ավելանում է թղթաբանական քաշքշուկը: Քանի որ ներկրողը պետք է ներկայացնի ինվոյս, բանկային փոխանցումը հաստատող փաստաթուղթ, առուծախի պայմանագիր, ներկրման մասին դեկլարացիա: Բայց պահանջվածը հնարավոր չէ ապահովել Թուրքիայից ներկրելու դեպքում: Փաստ է, որ Թուրքիայից ներկրվող հագուստը կթանկանա:

Այս ընթացքում որոշ մասնագետներ որպես խնդրի լուծում առաջ են քաշում հարեւան Վրաստանի միջոցով փաստաթղթեր ձեւակերպելու տարբերակը: Մնացած բոլոր երկրներից ցանկության դեպքում հնարավոր է ապահովել ամբողջական փաթեթը եւ, եթե գները կասկած չառաջացնեն, մաքսազերծումը կկատարվի առաջին մեթոդով՝ այսինքն ինվոյսային արժեքով։ Սակայն մասնագետների մեկ այլ շրջանակ համոզված է, որ այս փոփոխությունների արդյունքում ներկրողներն այլեւ չեն կարող էժան եւ թանկ ապրանքանիշի հագուստը նույն գնով մաքսազերծել: Ինքը՝ Սամսոն Գրիգորյանը եւս հորդորում է ուշադրություն դարձնել հետեւյալին՝ Հայաստան արգելվում է ներմուծել կեղծ բրենդային ապրանքներ: Հակառակ դեպքում ներմուծված կեղծ բրենդային ապարանքները չբացահայտվելու դեպքում կմաքսազերծվեն բրենդային ապրանքների գներով: Իսկ բացահայտվելու դեպքում կունենա ցավալի հետեւանքներ՝ ապրանքի առգրավում, ոչնչացում:

Ուշագրավ է, որ այս թեմայի շուրջ պետական կառույցները դեռեւս լռում են, պաշտոնական մեկնաբանությամբ որեւէ գերատեսչություն հանդես չի եկել, այդ թվում` ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Մենք փորձեցինք այս թեմայի շուրջ պարզաբանում ստանալ ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանից, սակայն ապարդյուն, մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս