Երեկ կառավարության նիստում ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եեւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Այս փաթեթը հնարավորություն կտա արտակարգ դրություն այլեւս չհայտարարել, սակայն այս փաթեթների միջոցով արագ որոշումներ կայացնել եւ իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ: Նախագծերով սահմանվում են վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների դեպքերի հաշվառման եւ հաղորդման վերաբերյալ, մարդու (հանրության) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության նվազեցման, դրանց կանխարգելման, բացառման, ինչպես նաեւ վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման եւ տարածման կանխման ու վերացման նպատակով կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների իրականացման վերաբերյալ, ինչպես նաեւ վարակիչ հիվանդությունների հնարավոր աղբյուր հանդիսացող անձանց՝ վարակիչ հիվանդություններով հիվանդների, դրանց կասկածով անձանց, վարակիչ հիվանդություններով հիվանդների հետ շփված անձանց, վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների բժշկական զննությունների եւ (կամ) բուժման եւ (կամ) կանխարգելման եւ (կամ) հոսպիտալացման (ներառյալ՝ ոչ հոժարակամ) վերաբերյալ, ՀՀ տարածքում միջազգային առողջապահական (բժշկա-սանիտարական) կանոնների պահանջներն ապահովելու վերաբերյալ պահանջներ։
Միաժամանակ սահմանվում են վարակիչ հիվանդությունների` ՀՀ տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման դեպքում կարանտին սահմանելու, կարանտին սահմանվելու դեպքում անհատական պաշտպանության միջոցների սահմանման, բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման, ինչպես նաեւ օբսերվացիա, մեկուսացում, ինքնամեկուսացում եւ այլ սահմանափակող միջոցառումներ կիրառելու վերաբերյալ դրույթներ:
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության, Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության եւ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Միաժամանակ հարակից օրենքներով կնախատեսվեն պատասխանատվոթյան համապատասխան միջոցներ կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված միջոցառումների կատարման ապահովման պահանջները խախտելու համար:
Օրինակ՝ հոդված 20-ն ասում է.
«Կարանտին սահմանվելու դեպքում կիրառվող սահմանափակող միջոցառումները
1. Կարանտին սահմանվելու դեպքում, ի թիվս 20.1-ին հոդվածի 2-րդ մասում նշված միջոցառումների, կարող են կիրառվել հետեւյալ սահմանափակող միջոցառումները.
1) համաճարակի (կարանտինային) գոտում մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմի սահմանում,
2) «Պետական սահմանի մասին» օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում,
3) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ,
4) օբսերվացիա,
5) ինքնամեկուսացում,.
6) մեկուսացում:
Ընդ որում, կարանտինը սահմանվում է մինչեւ վեց ամիս ժամկետով:
Կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա։
2. Նույն արարքը, որը՝
1) անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր վնաս,
2) անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց վարակում՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա։
3. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:
Ն. Պ.
ԴԵՂԵՐԻ ՇՈՒԿԱՆ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԿԴԱՌՆԱ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Նախագծի ընդունման նպատակը դեղերի շուկան վերահսկելի դարձնելն է, մասնավորապես՝ ՀՀ ներմուծվող ապրանքների դրոշմավորման կանոնների համապատասխանեցումն է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 1-ի ՀՀ օրենքի պահանջներին: Ներկայումս, կառավարության որոշման համաձայն, ՀՀ ներմուծվող ապրանքների փակցված դրոշմապիտակների գծով էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումները համապատասխանում են միայն դրոշմավորման ենթակա ապրանքի տեսակին, ենթատեսակին տարողությանը եւ էլեկտրոնային եղանակով գրանցված սերիային ու համարին: Խնդիրը կայանում է նրանում, որ, օրենքի համաձայն, ՀՀ ներմուծվող ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների գծով էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումները, բացի վերը նշված տվյալներից, պետք է համապատասխանեն նաեւ ներմուծման հավաստագրի համարին եւ դրանում դեղի հերթական համարին: Նախագծով առաջարկվում է ՀՀ ներմուծվող դեղերի վրա փակցված դրոշմապիտակների գծով էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումների տվյալներում ներառել նաեւ ներմուծման հավաստագրի համարը եւ դրանում դեղի հերթական համարը:
ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունը հավանություն է տվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Սիփան Փաշինյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով փոփոխություններ են նախատեսվում «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում: Հարցը ներկայացրել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ նշելով, որ նախագծով փոխհատուցման մեխանիզմներ են առաջարկվել սահմանամերձ բնակավայրերի դպրոցներին տրամադրվող դասագրքերի մասով. «Երկրորդ բլոկը վերաբերվում է գնդակոծությունների հետեւանքով ոչնչացված գույքի, այդ թվում՝ կենդանիների փոխհատուցմանը: Երրորդ բլոկը վերաբերվում է միանվագ դրամական փոխհատուցումներին այն անձանց, որոնք ձեռք են բերում առաջին, երկրորդ կամ երրորդ կարգի հաշմանդամություն՝ համապատասխանաբար 3 մլն դրամ, 2 մլն դրամ եւ 1 մլն դրամի չափով: Իսկ զոհված անձանց ընտանիքի անդամներին 5 մլն դրամի չափով դրամական փոխհատուցում է նախատեսվում»,-ասել է նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է, որ, փաստորեն, այս նախագծով առաջարկվում է սահմանապահ գյուղերի մարտական գործողությունների կամ հարձակման պարագայում տուժած բնակիչներին միանվագ դրամական աջակցություն ցուցաբերել:
ԲՆԱԿՉԻՆ 40 ՕՐ ՈՐՈՆՈՒՄ ԵՆ
Հուլիսի 15-ից Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի 42-ամյա բնակիչ Վահագն Մամյանն անհետ կորած է։ ՀՀ ոստիկանությունը հաղոդագրություն է տարածել, որ նրա մասին տեղեկութուն ունեցողները հայտնեն ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժին։ Վահագն Մամյանն աշխատել է Նոյեմբերյան քաղաքի սննդի առաքման Նոյեմբերյանի կետերից մեկում, որի միջոցով բնակավայրեր սնունդ է տեղափոխել։ Նա հաշվառված չէ որպես հոգեկան հիվանդ։ Նա տարիներ առաջ ամուսնացել է նախկինում ամուսնացած, երկու երեխաներ ունեցող կնոջ հետ, որից զույյգ աղջիկներ է ունեցել, հետո՝ ամուսնալուծվել։
Վահագն Մամյանը ապրում էր իր ծնողների հետ, նախկինում 2 անգամ անհետացել է, ապրել առանձնացման մեջ, սակայն որոշ ժամանակ անց ներկայացել է։ Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից հայտնեցին, որ նրա հարազատները ոստիկանություն ուշ են հայտնել նրա անհետացման մասին։ Վահագնը անհետանալուց առաջ սնունդ տեղափոխող իր ավտոմեքենան առանց բեռի կայանել է Լոռու մարզի Ախթալա քաղաքում։ Ոստիկանությունում տվյալներ կան, որ նրան Ալավերդու տարածաշրջանի սարերում տեսնողներ են եղել։ Ոստիկանությամ Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները համոզված են, որ նա ողջ է, գտնվում է Շնողի կամ հարակից գյուղերի սարերում եւ վաղ թե ուշ կհայտնաբերվի։
7000 ԼԱՐԻԻ ՓՈԽԱՐԵՆ՝ 100.000 ԴՐԱՄ
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ,1982թ. ծնված Խաչիկ Գեւորգյանը 1060 տուփ չակսիզավորված ծխախոտ Վրաստան տեղափոխելու եւ իրացնելու նպատակով 2019թ. սեպտեմբերի 17-ին «ԳԱԶ 31105» մակնիշի ավտոմեքենայով Բագրատաշենի հսկիչ-անցագրային սահմանային անցակետով օրինական կարգով մուտք է գործել Վրաստան, որտեղ ծխախոտի խմբաքանակը հայտնաբերվել եւ առգրավվել է իրավասու աշխատակիցների կողմից։ 2019թ. սեպտեմբերի 27-ին որոշում է կայացվել Խաչիկ Գեւորգյանին 7000 լարի տուգանելու մասին։ Գիտակցելով, որ տուգանքը չվճարելու դեպքում ինքը չի կարող օրինական կարգով վերադառնալ ՀՀ, նա 2019թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 04.00-ի սահմաններում, շրջանցելով Բագրատաշենի հսկիչ-անցագրային սահմանային անցակետը, անցել է Դեբեդ գետը եւ ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով։ 2020թ. օգոստոսի 6-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը Խ. Գեւորգյանին մեղավոր է ճանաչել նրան առաջադրված մեղադրանքում եւ դատապարտել տուգանքի՝ 100 հազար դրամի չափով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ