«ԼՈՒՍԱՎՈՐԸ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ 2 ՀԱՐՑ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ օրակարգ ունի խմբակցությունը առաջիկայում: Պատգամավորը հայտարարեց, որ օրակարգային է երկու թեմա` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցը եւ խորհրդարանում ստեղծվելիք կորոնավիրուսի հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը: Ընդդիմադիր պատգամավորը խոսել է նաեւ առաջիկայում ՍԴ երեք դատավորներին ընտրելու հարցի մասին:

 

-Տիկի՛ն Սամսոնյան, արդեն հայտնի է, որ ԱԺ-ում արտահերթ նիստ է սպասվում, օրակարգում, հնարավոր է, արտակարգ դրության օրենքում փոփոխություններ կատարելու հարցը լինի: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ի՞նչ տեղեկություն ունի, եւ արդյոք պատրաստվե՞լ եք արտահերթին: Գիտենք նաեւ, որ սեպտեմբերի 3-ին հարցը քննարկվելու է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: 

-Այսօր մենք տեղեկացանք, որ ունենք արտահերթ նիստ սեպտեմբերի 4-ին: Ըստ էության, այս նիստին սպասում էինք շատ ավելի վաղ, քանի որ քննարկելու ենք մի նախագիծ, որը պետք է փոխարիներ արտակարգ դրության իրավական ռեժիմին  այն առումով, որ փոփոխություններ կկատարեինք բնակչության հակասանիտարական,  համաճարակային եւ բնակչության բժշկական սպասարկմանը վերաբերող օրենքներում, կստեղծեինք արտակարգ իրավիճակի համար ամրագրումներ, որպեսզի խուսափեինք արտակարգ դրությունը երկարաձգելուց: Բայց դա, իհարկե, տեղի չունեցավ ավելի վաղ, մենք ստիպված ընկանք եւս մեկ արտակարգ դրության իրավական ռեժիմի ճիրաններում, որը մեզ համար բազմաթիվ խնդիրներ է ստեղծում: Եվ հիմա արդեն կքննարկենք այդ նախագիծը եւ կհասկանանք, թե ինչպես պետք է վարվենք այսուհետեւ: Նախագիծը ստացել ենք այսօր (խմբ. երեկ), մենք դեռ պետք է  ուսումնասիրենք խմբակցությունում, վեր հանենք դրա խնդիրները: Մենք պետք է հասկանանք՝ որքանով կարող ենք այս նախագծով կարգավորել այն դրությունը, որի մեջ մենք հայտնվել ենք ամիսներ առաջ, եւ որքանով կարող ենք սահմանափակումներ իրականացնել օրենքի շրջանակներում:

-Այսինքն՝ խմբակցությունը դեռեւս վերջնական որոշում չունի՞ քվեարկության մասին. Կո՞ղմ, դե՞մ, թե՞ ձեռնպահ է քվեարկելու խմբակցությունը:

-Քվեարկության մասին դեռ վաղ է խոսել, քանի որ մենք պետք է մանրամասն ծանոթանանք նախագծին: Հենց այնպես մենք կողմ եւ դեմ երբեւէ չենք քվեարկել: Դա մեզ համար շատ կարեւոր է, որ լինեն  բովանդակային քննարկումներ: Եթե մենք տեսնենք, որ նախագծում կան խնդիրներ, բնականաբար, մեր աշխատանքային ոճին հավատարիմ, կներկայացնենք առաջարակներ եւ կփորձենք այն ավելի բարելավել:

-Արտախորհրդարանական ուժերը, նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ խորհրդարանական ընդդիմությունը խոստանում են թեժ աշուն: Առաջիկայում ի՞նչ է անելու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Կա՞ն օրակարգային կոնկրետ ծրագրեր, որոնք պետք է իրականացնեք:

-Առաջիկայում, այո՛, մենք ունենք երկու մեծ գործընթաց պառլամենտական գործիքակազմի սահմաններում, որին մենք դիմել էինք շատ ավելի վաղ: Առաջինը հարցապնդումն էր՝ ուղարկված կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունային, որը նաեւ ենթադրում է նրա՝ որպես ոլորտի պատասխանատուի անվստահության հարցի բարձրացում: Սա մենք համարում ենք կարեւոր գործընթաց, քանի որ կրթական համակարգի բարեփոխումները կարճաժամկետ բարեփոխումներ չեն: Դրանք երկարաժամկետ բարեփոխումներ են, որոնք մեծ ազդեցություն են ունենալու սերունդների վրա: Մենք պետք  ամբողջությամբ քննարկենք այդ հարցը եւ հասկանանք՝ արդյոք այս նախարարով մենք կարող ենք իրականացնել դրանք:

Երկրորդ գործընթացը վերաբերում է համավարակով պայմանավորված ստեղծված  քննիչ հանձնաժողովին, որը եւս կքննարկվի ԱԺ-ում: Սա եւս մեծ գործընթաց է, որովհետեւ բավականին ծավալուն աշխատանք է մեզ սպասվում, որին մենք հետեւողականորեն պատրաստվում ենք:

 

 

ԱԺ-Ն ԿԱՆՑՆԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ

Սեպտեմբերի 14-ին խորհրդարանը կսկսի իր բնականոն աշխատանքը, իսկ այս ժամանակահատվածում ԱԺ հանձնաժողովները պատրաստվում են քննարկել հարցեր, որոնք պետք է առաջիկայում ներառվեն նստաշրջանի օրակարգ: Ըստ մեր տեղեկությունների՝ վերջին օրերին ԱԺ հանձնաժողովականները հանդիպում-քննարկումներ են ունենում՝ հասկանալու համար, թե ինչ հարցեր պետք է ներառվեն խորհրդարանի օրակարգ:

 

Եւ այսպես, մեզ հաջողվեց պարզել, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արդեն սեպտեմբերի 9-ին նիստ է հրավիրել, որի օրակարգում կա երկու հարց: Մենք տեղեկացանք, որ հարցերից մեկը վերաբերում է «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքին, որը հանձնաժողովին կներկայացնի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արա Նազարյանը, իսկ հարակից զեկուցողն էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկերտչյանն է:

Ինչպես նաեւ երկրորդ ընթերցմամբ կներկայացվի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որն էլ կներկայացնի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, իսկ հարակից զեկուցողը կրկին իմքայլական Արեն Մկրտչյանն է լինելու:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը եւս նիստ է հրավիրել՝ մեծ օրակարգով: Այն տեղի կունենա կրկին սեպտեմբերի 9-ին: Օրակարգը վերաբերում է Հարկային օրենսգրքի փոփոխությանը, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերին ու մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուն:

Խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն էլ նիստ է հրավիրել սեպտեմբերի 7-ին, որտեղ օրակարգային երկու հարց կա: Օրակարգում «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթն է, որը հանձնաժողովին կներկայացնի ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, իսկ հարակից զեկուցողները կլինեն պատգամավոր Մարիա Կարապետյանն ու ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

Հանձնաժողովի հարցերից մեկն էլ վերաբերելու է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որը կառավարությունից կներկայացնի ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, իսկ հարակից զեկուցողը կլինի ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Հանձնաժողովի օրակարգերից պարզ է, որ առաջիկայում խորհրդարանում թեժ քննարկումներ ու նիստեր են սպասվում:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ՝ ՄԵԿ ՀԱՐՑ

Սեպտեմբերի 4-ին գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ նախագծերի փաթեթ, որը հնարավորություն կտա այլեւս չերակարաձգել արտակարգ դրությունը եւ որոշումներ ընդունել նոր օրենսգրքի համաձայն: Իսկ ի՞նչ է սահմանում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին եւ հարակից նախագծերի փաթեթը: Այս նախագծով հնարավորություն կստեղծվի բռնկումների դեպքում կարանտին սահմանել, նույնիսկ երբ երկրում արտակարգ դրություն չի հայտարարված: Կախված վիրուսի տարածվածության աստիճանից` կարանտինը կսահմանեն մարզպետը, Երեւանի քաղաքապետը կամ կառավարությունը:

Մասնավորապես, այն դեպքերում, երբ կարանտինը կսահմանվի Երեւանի քաղաքապետի կամ մարզպետի կողմից, հնարավոր կլինի կիրառել հետեւյալ միջոցառումները. համաճարակի գոտում մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժվելու եւ իրավունքի եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ, ինքնամեկուսացում, մեկուսացում: Եթե կարանտին սահմանի կառավարությունը, ավելի խիստ միջոցառումներ հնարավոր կլինի կիրառել, օրինակ՝ արգելել հավաքները, սահմանափակել կրթական ու այլ հաստատությունների գործունեությունը:

 

ԱՐՑԱԽՈՒՄ ԵՆ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտ քաղաքում նշելու են Արցախի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձը։ Armlur.am-ը տեղեկացավ, որ Արցախ են մեկնել ԱԺ պատգամավորներ` միջոցառումներին մասնակցելու, արցախցիներին շնորհավորելու համար: Armlur.am-ը տեղեկացավ, որ Արցախում են ԱԺ նախագահ Արարատ Միզոյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, նույն խմբակցության պատգամավորներ Տաթեւիկ Հայրապետյանը, Սոֆյա Հովսեփյանը, խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, Տիգրան Կարապետյանը եւ այլ պատգամավորներ: Մենք տեղեկացանք նաեւ, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները դեռեւս Արցախ չեն մեկնել, ու հստակ չէ, թե արդյոք իրենք ներկա լինելու են Արցախում տեղի ունենալիք միջոցառումներին: Ի դեպ, նշենք, որ Արցախում է նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը այս օրերին արձակուրդում է գտնվում ու այնտեղ է անցկացնում իր հանգիստը:

 




Լրահոս