Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում թույլ տրված հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումների գործը նոր ընթացք է ստանում: Խոսքը վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներքո գործող ՊՈԱԿ-ի կողմից կատարված ֆինանսական չարաշահումների մասին է։
Դեռեւս 2019թ. տեղեկություններ էին հրապարակվում, որ Կոնդի առանձնատների տնտեսությունում գտնվող, ՀՀ վարչապետին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու, կահավորելու համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 2 միլիոն դոլար: Կառավարությունից, սակայն, այդպես էլ չհնչեցին կոնկրետ թվեր ծախսերի մասին՝ պատճառաբանությամբ, թե այն պարունակում է գաղտնիություն: Միակ մեկնաբանությունը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանինն էր, որը նշել էր՝ Կոնդի առանձնատները պետության գույքն է, եւ որոշումները գաղտնի ընթացակարգով են եղել, քանի որ դա բխում է օրենքից, եւ թվերը չեն կարող հրապարակվել:
Սակայն այսօր պարզ է դարձել, որ տեղի է ունեցել իրավախախտում, միեւնույն ժամանակ շատ սուղ է նաեւ Պետական վերահսկողական ծառայության եւ իրավապահների կողմից այս հարցի շուրջ տրամադրված տեղեկությունը: Մասնավորապես, նշվում էր, որ մշտադիտարկվել են 2019 թ. «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքները, այդ թվում նաեւ՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքները, եւ որ հայտնաբերված խախտումների մասին տեղեկանքը ուղարկվել է իրավապահ մարմիններին։ Այլ հստակեցումներ, սակայն, չեն եղել:
«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն է եղել «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, բայց դա եղել է 2018-ին, երբ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքները չէին կատարվել: Ներկայումս տնօրենի լիազորությունները կատարում է Արուսյակ Մանավազյանը։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, նաեւ ԱԺ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակում 112-րդ համարն էր, 2018 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր հաշվապահը։
Ուշագրավ է, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ների՝ 2018 թվականի ավելացված արժեքի հարկի գծով առաջացած հարկային պարտավորությունները մարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը վերջերս գումար էր հատկացրել: Հիմնավորման մեջ նշվում էր, որ այս ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքում 2018 թվականին ավելացված արժեքի հարկի գծով պետական բյուջե վճարելիք գումարների մասով առաջացել են հարկային պարտավորություններ` ընդհանուր գումարով 343,259.0 հազ. դրամի չափով (ներառյալ տույժերն ու տուգանքները), եւ անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ ՊՈԱԿ-ների բնականոն գործունեությունն ապահովելու, ինչպես նաեւ բյուջեի նկատմամբ պարտավորությունները մարելու նպատակով նախատեսել գանձող մարմնի կողմից սահմանած գումարները:
Ընդ որում, նշվում է, որ 2020 թվականի պետական բյուջեով նշված ՊՈԱԿ-ների մասով նախատեսված ծախսերի շրջանակներում հնարավոր չէ իրականացնել 2018 թվականի հարկային պարտավորությունների մարումը, որոնց մասով կիրառվող տույժերը օրեցօր աճում են: Եվ արդյունքում անհրաժեշտություն է առաջացել 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտներից հատկացնել 343,259.0 հազ. դրամ, որից 254,290.0 հազ. դրամը՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, 88,969.0 հազ. դրամը` «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին, ավելացված արժեքի հարկի գծով կուտակված պարտավորությունները մարելու համար:
Ընդ որում, չկատարված հարկային պարտավորությունների մասով, ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածին համապատասխան, շարունակվում են հաշվարկվել տույժեր, հետեւաբար տույժերի մասով որոշման նախագծով նախատեսված գումարը ենթակա կլինի վերահաշվարկման:
Նկատենք, սակայն, որ առաջին դեպքը չէ, երբ այս ՊՈԱԿ-ին գումար են տալիս գոյացած պարտքերը մարելու համար: Օրինակ՝ 2019 թվականի հունիսի 27-ին որոշում կայացրեց պահուստային ֆոնդից 48 մլն դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին՝ «Կոնդի առանձնատների տնտեսության»՝ «Վեոլիա Ջուր» ընկերությանը խմելու ջրի դիմաց գոյացած պարտքի մարման համար: Հարցը ներկայացրել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի օգտագործված խմելու ջրի դիմաց տարիների ընթացքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում կուտակվել է պարտք, որը կազմում է 48,9 մլն դրամ:
Հավելենք, որ դեռեւս 2018 թվականի մարտի 27-ի կառավարության որոշման համաձայն՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի լիազորությունները ՀՀ նախագահի աշխատակազմից անցել էին ՀՀ կառավարության աշխատակազմին:
Նշենք նաեւ, որ կառավարության 2018 թվականի մարտի 27-ի որոշմամբ՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի գերատեսչական առանձնատներում կարող են բնակվել ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը եւ ՀՀ վարչապետի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց ընտանիքների հետ միասին պաշտոնավարման ժամանակահատվածում: Սակայն նկատենք, որ եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք պաշտոնավարման ամբողջ ընթացքում բնակվել են իրենց բնակարաններում, այլ ոչ թե կառավարական «դաչաներում»:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնության հետ շարունակում է աշխատանքները սահմանները երկկողմանի բացելու ուղղությամբ օդային ուղեւորափոխադրումների իրականացմամբ: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Շարունակվում են ռուսաստանյան կողմի հետ աշխատանքները՝ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերհանման, չեղարկման եւ կանոնավոր ավիափոխադրումները վերականգնելու ուղղությամբ»,- ասել է Նաղդալյանը: Վերջինս հավելել է, որ աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ խնդրի հանգուցալուծման որեւէ հստակ ժամկետ նշել չի կարող: Խոսնակը նաեւ հավելեց, որ Հայաստանի քաղաքացիները կարող են օգտվել առանց վիզայի ռեժիմից Չինաստանի հետ: Վերականգնվել է առանց վիզայի ռեժիմը, որը կասեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով, եւ ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել Չինաստան, եթե ունենան որոշակի փաստաթղթեր, այդ թվում` Չինաստանի դեսպանության կողմից նշված բժշկական հաստատությունում անցկացված թեստի բացասական արդյունքը: Թեստը պետք է անցկացվի մեկնելուց առաջ՝ երեք օրվա ընթացքում:
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ
Արմեն Սարգսյանը ոստիկանության պետի տեղակալ է նշանակել. «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Արա Ֆիդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ:
ԳՈՐԾԵՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասով քրեական գործերը Սյունիքի մարզային քննչական բաժնից տեղափոխել են Հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչություն: Ավելին, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քրեական գործով այսօր հարցաքննության է հրավիրվել ըստ նախնական վարկածի ծեծի ենթարկված Արթուր Գյուրջյանը:
Գրել էինք, որ oգոստոսի 28-ին Գորիս քաղաքում տեղի էր ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ վիճաբանություն-ծեծկռտուքը: Միջադեպը արձանագրվել է վիճաբանության վայրում տեղադրված տեսախցիկով: Միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում՝ Անկախության փողոցում գործող «Կառլսոն» խանութի հարեւանությամբ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, որը վերածվել է ծեծկռտուքի: Պարզվել էր, որ Արթուր Գյուրջյանի հետ վիճաբանել են Գորիս քաղաքի բնակիչներ Առուշ Առուշանյանը, վերջինիս բարեկամը՝ 36-ամյա Էրիկ Աղաջանյանը, եւ 30-ամյա Հարութ Լալազարյանը: Ինչ է այս քրեական գործերից հետո սպասվում Գորիսի քաղաքապետին՝ դեռեւս պարզ չէ, սակայն մեզ հայտնի դարձավ, որ իշխանության ներսում համբերության բաժակը լցվել է, եւ նրա հարցը կբարձրացնեն:
ԳԵՐԲԵՌՆՎԱԾ
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ հերթական անգամ ուժեղացված վերահսկողություն եւ մշտադիտարկումներ են իրականացրել Երեւանի Էրեբունի, Արաբկիր եւ Կենտրոն վարչական շրջաններում: Վերահսկողության արդյունքում կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են մի շարք տրանսպորտային միջոցներ, որոնք երթեւեկել են գերբեռնված վիճակում։
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Հուլիսի 10-ին, օգոստոսի 27-ին եւ 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի եւ Կենտրոնական բաժինների սպասարկման տարածքում գտնվող գրասենյակներում տեղադրված ռումբի մասին հաղորդագրություններ էին ստացվել։ Ոստիկանության եւ այլ գերատեսչությունների ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում պարզվեց, որ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ոստիկանության կենտրոնական բաժնում ՀՀ քերական օրենսգրքի 259-րդ հոդվածի` ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում տղամարդը ձերբակալվեց։ Կատարվում է նախաքննություն։