ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՄՈՌԱՑԵԼ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն չորս օր է՝ համացանցը ողողված է ալկոհոլային թունավորման դեպքի մասին հրապարակումներով: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին մեր երկրում արձանագրվել է ալկոհոլային թունավորման, կարելի է ասել, աննախադեպ քանակով՝ 38 դեպք: 14 քաղաքացի արդեն մահացել է թունավորման հետեւանքով։ Իհարկե, Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, նա ձերբակալված է, բայց առողջապահական խնդրի մտահոգիչ ծավալները շարունակում են անհանգստացնող մնալ։ Տեղի ունեցածն իսկապես աննախադեպ ողբերգություն է, բայց ՀՀ քաղաքացիների առողջությամբ գործի բերումով «մտահոգված» ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սարերում է, լեռնագնացությամբ է զբաղված։ Իհարկե, հասկանալի է, որ նախարարը սահմանադրական իրավունք ունի արձակուրդ մեկնելու, այն վայելելու իր ընտանիքի հետ, բայց ՀՀ քաղաքացիների առողջությամբ մտահոգվելը, հետաքրքրվելը շարունակում է մնալ նախարարի ուղղակի պարտականությունը։ Համեմատության համար հիշեցնենք, թե ինչ էին անում առողջապահության ոլորտի ներկայացուցիչները նախկինում, որոնց քննադատելու համար նախարարն առիթը բաց չի թողնում։

Օրինակ՝ 2009 թվականի հոկտեմբերին սննդային թունավորում էր գրանցվել  Վանաձորում, եւ հոսպիտալացվել էին 16 հոգի, եւ ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը ոչ միայն մանրամասն տեղեկություն էր տրամադրում թունավորվածների մասին, այլեւ անձամբ այցելում էր նրանց, փորձում հասկանալ, թե մարդիկ ինչ կարիքներ ունեն: Նույնպիսի վերաբերմունք էր նաեւ 2011 թվականի հունիսին, երբ թունավորման դեպք էր գրանցվել արդեն Նոր Խարբերդում, եւ հոսպիտալացվել էր 12 մարդ: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան, երջանկահիշատակ Արա Ասոյանը անձամբ այցելել էր թունավորվածներին, տեղում ծանոթացել իրավիճակին, եւ այդպես շարունակ…

Իսկ ՀՀ առողջապահության ներկայիս նախարար Արսեն Թորոսյանի համար, փաստորեն, իր արձակուրդն ավելի թանկ արժե, քան ՀՀ 14 քաղաքացիների կյանքը, որոնք մահացել են թունավորումից, եւ այսօր բուժում ստացող 24 քաղաքացիների առողջությունը: Համաձայնեք՝ ակնահայտորեն հումանիզմի դեֆիցիտ ունենք։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների մի ցուցակ է հավաքել, որոնց նկատմամբ առաջիկայում քրեական գործեր են հարուցվելու: Մեր տեղեկություններով՝ նրանց կողմից հավաքագրված տեղեկությունները քրեաիրավական բնույթի են, կարելի է ասել՝ փորփրել են բոլորի անցյալը ու կասկածելի հետքեր են գտել եւ այդ ուղղությամբ երկար ժամանակ ուսումնասիրություններ են իրականացրել, պարզել են, որ կան բաներ, որոնց հիման վրա պետք է քրեական գործեր հարուցվեն: Ու, ըստ մեր տեղեկությունների, հենց դա է պատճառը, որ ԲՀԿ-ական պատգամավորները բավականին երկար ժամանակ է՝ ընդհատակ են անցել՝ իմանալով, որ իրենց շուրջ լուրջ ուսումնասիրություններ են իրականացվում: Չի բացառվում, որ այդ ամենը պատճառ ու հիմք դառնա, որ Աժ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Բագրատյանի նման այլ ԲՀԿ-ականները եւս լքեն խմբակցությունը եւ կուսակցությունը՝ այդկերպ փրկվելով տարբեր քրեական գործերում որպես մեղադրյալներ ներգրավվելու հեռանկարից: Թեեւ, մյուս կողմից, դժվար է ասել՝ արդյոք ԲՀԿ-ից փախուստը կարող է օգնել ԲՀԿ-ականներին՝ փրկվելու ԱԱԾ-ի ճիրաններից:

 

 

Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում համայնքի ղեկավարի ընտրությունները կարող են թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքապետ Սամվել Բալասայանն ու նրա որդին՝ Միսակ Բալասանյանը, պլաններ են գծել կրկին Գյումրին իրենց ձեռքում պահելու համար: Միսակ Բալասանյանն արդեն ջերմ հարաբերություններ է հաստատել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ։ Ավելին, նույնիսկ խոսակցություններ կան, որ Միսակ Բալասանյանը պլանավորել է ընտրությունների ժամանակ «խաղի մեջ» ներքաշել Օիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, որը Բալասանյանների հետ մտերիմ է. նրա հեղինակությամբ կաշկանդված բոլոր հնարավոր թեկնածուները մի կողմ կքաշվեն, իսկ արդեն հարմար պահի հրապարակ կնետվեն մի քանի կոմպրոմանտներ, որոնք Միսակ Բալասանյանն ունի Արթուր Ալեքսանյանի դեմ։ Այսպիսով միակ թեկնածուն կմնա հայր Բալասանյանը:  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյոք պատրաստվում է երրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրել քաղաքապետի պաշտոնոում, հայտարարեց. «Շուտ չի՞ այդ հարցերը տալու համար, ես փողոցներ եմ սարքում, հետո քաղաքական է պրոցեսը, շատ շուտ եք տալիս հարցը»: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ: «Մենք պատրաստվում ենք ցանկացած քաղաքական պրոցեսի, բայց ես այս պահին որեւէ մեկին չեմ աջակցում»,-նշեց նա: Իսկ, ահա, Արթուր Ալեքսանյանի հետ զրուցելու մեր բոլոր ջանքերը ապարդյուն եղան։

 

 

Դեռեւս հուլիսի 9-ին կառավարության կողմից ընդունված եւ անհետաձգելի համարված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը կրկին հետաձգվեց: Մեր տեղեկություններով՝ պատճառն այն է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը չի կարողանում միասնական տեսակետ ձեւավորել եւ կողմ կարծիք արտահայտել նախագծի վերաբերյալ: Նշենք, որ այդ նախագծով առաջարկվում է սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական հաստատությունների կառավարման լիազորություններն անցնելու են Առողջապահության նախարարությանը, իսկ հրամանները կամ հանձնարարականները չկատարելն առաջացնելու է 300-500 հազար դրամի չափով տուգանքի նշանակում բժիշկներին: Հուլիսին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է արել եւ բուռն քննարկել նախագիծը, եւ արդյունքում որոշում է կայացվել այս փուլում չքննարկել նախագիծը՝ այն թողնելով արդեն հերթական նստաշրջանում քննարկման սեպտեմբերին: Սակայն նախագիծը չի քննարկվի նաեւ սեպտեմբերին, քանի որ խմբակցության ներսում կրկին համաձայնության չեն հասել, եւ նախագիծը կրկին մերժվել է:




Լրահոս