ԼՀԿ-Ն ՍՊԱՍՈՒՄ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե այսօր խորհրդարանում քննարկվող «Արտակարգ դրության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունեն: Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ իրենք կսպասեն այնքան, մինչեւ իշխանությունները նախագծում կփոփոխեն այն կետերը, որոնք կբխեն մարդու իրավունքների պաշտպանությունից:

 

-Կարծես թե արտակարգ դրության սահմանափակումների հետ կապված որեւէ փոփոխություն չի կատարվում, այսինքն՝ ընդամենը ինչ-որ բառային փոփոխություններ են կատարվում: Դուք կիսո՞ւմ եք այդ դիրքորոշումը:

-Նման մտավախությունը իրավունք ունի գոյություն ունենալ:

-Այսինքն՝ առաջիկայում ռեալ որեւէ փոփոխություն չի՞ կատարվելու:

-Ռեալ փոփոխությունը չգիտեմ, բայց փոփոխությունները, որոնք կարող են լինել միայն արտակարգ դրության ժամանակ, տեղափոխվել են կարանտինային ռեժիմ, ինչը ընդունելի է: Կարանտինային ռեժիմը, հասկանալի է, որ պետք է սահմանափակումներ ունենա, բայց ոչ մարդու իրավունքների բնագավառներում, որոնք հնարավոր է սահմանափակել բացառապես արտակարգ դրության պայմաններում: Հետեւաբար սահմանափակումների մի մասը ընդունելի է, մյուս մասը՝ անընդունելի:

-Կնշե՞ք կոնկրետ Ձեր դիրքորոշումը:

-Ես հույս ունեմ, որ այսօր նախարարությունը որոշակի շտկումներ կներկայացնի մեր հանձնաժողովի նիստերին, որից հետո կարող ենք  անդրադառնալ ավելի մանրամասն:

-Այսինքն՝ Դուք առաջարկությա՞մբ եք հանդես եկել:

-Բանավոր  խնդիրները կներկայացնենք, հույս ունեմ, որ դրանք կլուծվեն: Հույս ունեմ, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները խնդիրները տեսել են,  մենք այս իրավիճակից դուրս գալու համար փաթեթ կներկայացնենք:

-Պարո՛ն Սիմոնյան, այսինքն՝ պարետատուն ասվածը գոյություն չի՞ ունենալու: Դա է՞լ է դուրս գալու արտակարգ դրության իրավական ռեժիմից:

-Շատ բան է դուրս գալիս: Արտակարգ դրությունն իր առանձնահատկությունն ունի: Ես խոսում եմ սահմանափակումների մասին: Սահմանափակումների մի մաս կա, որոնք բացառապես,  թե միջազգային պայմանագրերով, հնարավոր է մարդու իրավունքների սահմանափակումներ կատարել, այդ թվում՝ ազատության սահմանափակումը, մարդկանց տեղորոշելու, նրանց անձնական տվյալները հավաքագրելու եւ այլ գործիքներ օգտագործելը: Բայց դա միայն արտակարգ դրության պայմաններում է: Իսկ եթե մենք անունը դնում  ենք կարանտին, բայց բովանդակային առումով այդ սահմանափակումները շարունակում ենք պահել, դա չի նշանակում, որ դա կարանտին է: Դա նշանակում է, որ արտակարգ դրություն է:

-Այսինքն՝ ընդամենը բառերի փոփոխությո՞ւն է տեղի ունենում, սահմանափակումները մնո՞ւմ են նույնը:

-Դա էլ է սխալ ասել, որ բառերի փոփոխություն է լինում: Շատ բան փոխվում է, բայց այն հիմնական մասը, որոնք վերաբերում են մարդու իրավունքների բանագավառին, այստեղ խնդիրները շարունակում են մնալ:

-Իսկ Դուք դիմակների կրման հետ կապված սահմանափակումը համարո՞ւմ եք, որ սխալ է: Իրավաբանորեն սխա՞լ է դիմակների կրումն ուժի մեջ պահելու պահանջը:

-Դիմակներ կրելու պարտադրանքը պահելը, որպես այդպիսին, մարդու իրավունքների բնագավառում այն սահմանափակումը չէ, որը ոչ միայն արտակարգ դրության պայմաններում է հնարավոր: Սա ինչ-որ  առումով հնարավոր համարում եմ օգտագործել կարանտինի ժամանակ, բայց անձի կամքին հակառակ մեկուսացնելու կամ տեղորոշման սարքավորումներն օգտագործելով տեղեկատվություն տրամադրելու հարցերն արդեն անթույլատրելի են, որ մնան կարանտինի ժամանակ:

 

 

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ՝ ԿԱՐԱՆՏԻՆ

Թեեւ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 18։00-ից սկսած, Հայաստանում կվերանա արտակարգ դրության ռեժիմը, այնուամենայնիվ, համաճարակով պայմանավորված, կառավարությունը շրջանառություն մեջ է դրել արտակարգ դրությանը փոխարինող նոր կարգավորումներ նախատեսող օրենսդրական փաթեթ։ Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 4-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որում էլ կքննարկվի հենց այդ փաթեթը։

 

«ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով՝  վարակիչ հիվանդությունների՝ ՀՀ տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաեւ դրանց հետեւանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին։

Լիազոր մարմնի առաջարկությամբ կարանտին կարող է սահմանել կառավարությունը, մարզպետը, Երեւանի քաղաքապետը։

Ուշագրավ է, որ կարանտին սահմանվելու պարագայում կիրառվելու են սահմանափակող այնպիսի  միջոցառումներ, որոնք, օրինակ, արտակարգ դրության ժամանակ էլ էին կիրառվում։ Այսինքն՝ հույս ունենալ, որ արտակարգ դրության ռեժիմի վերացումից հետո սահմանափակումները կթուլանան, կամ ընդհանրապես դրանք կհանվեն, ապարդյուն է։

Կարանտին սահմանվելու դեպքում կիրառվող սահմանափակող միջոցառումներն են՝

1) համաճարակի (կարանտինային) գոտում մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմի սահմանում,

2) «Պետական սահմանի մասին» օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում,

3) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ,

4) օբսերվացիա,

5) ինքնամեկուսացում,

6) մեկուսացում:

Ըստ օրենսդրական փաթեթի՝ սահմանված միջոցառումների կիրառումը չի կարող խոչընդոտել Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, դատարանների, Մարդու իրավունքների պաշտպանի, Զինված ուժերի, ոստիկանության զորքերի եւ սահմանապահ զորքերի բնականոն գործունեությունը:

Կարանտինը սահմանվում է մինչեւ վեց   ամիս ժամկետով: Կարանտին սահմանելու հիմքերը չվերանալու դեպքում այն կարող է երկարաձգվել մինչեւ 6   ամիս ժամկետով` պահպանելով կարանտին սահմանելու սույն օրենքով սահմանված կարգը:  Կարանտինը դադարում է կարանտին սահմանելու մասին որոշման ժամկետը լրանալով կամ մինչեւ նշված ժամկետի լրանալը, կարանտին սահմանելու հիմքերի վերացմամբ պայմանավորված, կարանտին սահմանելու մասին որոշումը   ուժը կորցրած ճանաչելու միջոցով: Կարանտինի ընթացքում կրթական հաստատությունների կողմից սահմանված միջոցառումները եւ սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:

Ազգային ժողովում այս օրենսդրական փաթեթի հիմնական զեկուցող է նշանակվել արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ՀԿ-ՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՎԵԼԱՆԱ

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում հասարակական կազմակերպությունների շրջանակը կվերանայվի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս հարցով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որն էլ ներկայացրել է հանրային քննարկման:

Մեզ հայտնի դարձավ, որ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում առաջիկայում կներգրավվեն հասարակական կազմակերպություններ: Ինչպես հայտնի է, ներկայումս այդ խորհրդին, բացի ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանցից, անդամակցում են նաեւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները: Սակայն գործող կարգավորման պայմաններում խորհրդի գործունեությանը մասնակցելու իրավունքից զրկվում են այն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միությունները, որոնք ունեն ոչ ֆորմալ բնույթ եւ, որպես միավորում, գրանցված չեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների թիվը կավելանա եւ կդառնա 8, որոնցից երկուսը՝ գործարար ոլորտի շահերը ներկայացնող, մեկը՝ հասարակական կազմակերպությունների միավորման (ցանցի) ներկայացուցիչ: Արդարադատության նախարարությունն ակնկալում է, որ այս փոփոխությամբ ավելի արդյունավետ եւ թափանցիկ կդառնա Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի գործունեությունը:

 

 

ՀԱՍԵԼ ԵՆ ԱԳՆ

Երեկ կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա էին իրականացնում Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները, ովքեր վերջին շաբաթների ընթացքում գրեթե ամեն շաբաթ էլ ակցիա են անում: Խոսքը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք բնակվում են Ռուսաստանում, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի են: Նրանք Հայաստան են եկել ամիսներ առաջ ու հիմա չեն կարողանում վերադառնալ, միանալ իրենց ընտանիքներին, քանի որ կորոնավիրուսի պատճառով սահմանները փակ են: Քաղաքացիները գնացել են Արտաքին գործերի նախարարության շենք ու հանդիպել նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Մնացականյանը հավաքվածներին փոխանցել է, որ Ռուսաստանն այսօր ընդունում է միայն իր քաղաքացիներին, դա այդ երկրի քաղաքականությունն է, Հայաստանը չի կարող այլ երկրի փոխարեն որոշումներ կայացնել:

 




Լրահոս