ՆՈՐ ԾՐԱԳԻՐ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների շուրջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացառիկ եզրակացություն է տվել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի անցյալի, կատարած աշխատանքի վերաբերյալ: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունում նշվում է, թե Խունդկարյանի կայացրած դատական որոշումների պատճառով ֆինանսական լուրջ խնդիրների առջեւ է կանգնել Հայաստանը: Բանն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին մեծ գումարներ է պարտադրել վճարել, եւ վճիռների զգալի մասը քննվել է հենց Խունդկարյանի կողմից: Ու հիմա ԱԺ իշխանական խմբակցությունը ծանր կացության մեջ է. այդ պայմաններում ինչպե՞ս քվեարկել Խունդկարյանի օգտնին:

Հիշեցնենք, որ ԱԺ իշխանական խմբակցության համար անընդունելի է նաեւ ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածուն` Արթուր Վաղարշյանը, որը մեկ անգամ արդեն մերժվել է նույն ԱԺ մեծամասնության կողմից: Հիմա էլ մտավախություն կա, որ նրան էլի չեն ընտրի:

Ու եթե ԱԺ-ն չընտրի Խունդկարյանին, Վաղարշյանին, ՀՀ Սահմանադրական դատարանում քվորումի խնդիր է լինելու:

Մի բան հիմա պարզ է. այժմ քննարկումներ են ընթանում, որ գոնե երեք թեկնածուներից մեկին` Էդգար Շաթիրյանին, խորհրդարանն ընտրի որպես ՍԴ դատավոր, որը համեմատաբար անվիճելի անցյալ ունի, թեեւ նրա մասով էլ հիշատակվում է քեռին, որը ԱԱԾ-ում բարձր պաշտոն է զբաղեցնում: Մեծ հաշվով, անբիծ կենսագրություն ունեցող իրավաբան-գիտնականի խնդիր կա երկրում:

 

 

 

Ինչպես հայտնի է, արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սրբուհի Գալյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով, սեպտեմբերի 1-ին նշանակվել է գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում: Այսինքն՝ այս պահի դրությամբ թափուր է մնում արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում այդ պաշտոնին նշանակվելու է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը: Նկատենք, որ իրավապահ համակարգում նրան բնորոշում են որպես խելացի եւ բանիմաց դատավորի, թեեւ նա ընդամենը վերջերս է դատավոր նշանակվել: Դատավորի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա 2019 թվականի փետրվարի 26-ի հրամանագրով է նշանակվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ մինչ այդ էլ՝ 2014 թվականից 2019 թվականը, աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմում, նախ, որպես ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական, ապա՝ իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ:

 

 

 

Չնայած նախատեսվում էր Ազգային ժողովում ձեւավորված ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնել ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին օրերի քննարկման, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դրա քննարկումը մի փոքր ձգձգվում է: Բանն այն է, որ թեեւ հանձնաժողովի աշխատանքները, ըստ էության, ամռանն ավարտվել էին, սակայն մինչեւ այժմ եզրակացությունը եւ փաստաթուղթը պատրաստ չեն: Հանձնաժողովի վերջնական նիստը դեռ տեղի չի ունեցել, որի ժամանակ էլ պետք է ամփոփումները կատարվեին: Մեր տեղեկություններով՝ վերջնական քննարկումը նախատեսված է հաջորդ շաբաթ: Հիշեցնենք, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվեց այս տարվա հունիսին, իսկ այն ստեղծվել էր դեռ 2019 թվականի մայիսին: Եվ այս մեկ տարվա ընթացքում հանձնաժողովը հարցաքննել է մեծ թվով նախկին եւ ներկա պաշտոնյաների՝ նախկին նախագահին, վարչապետին, արտգործնախարարին, բացի 2016-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովից: Հավելենք, որ վերջնական զեկույցի մի մեծ հատված, հնարավոր է, գաղտնի լինի:

 

 

 

Ռուսաստանում սեպտեմբերի 1-ից սկսվել է գրիպի դեմ պատվաստումների գործընթացը. արդեն մի քանի օր է, ինչ Ռուսաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար պատվաստվել գրիպի դեմ: Իսկ Հայաստանի պոլիկլինիկաները գրիպի դեմ պատվաստանյութեր դեռ չեն ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի շուրջ քաղաքացիներից բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում. նրանք հետարքրվում են՝ արդյոք կարող են այս ընթացքում պատվաստվել գրիպի դեմ, թե ոչ: Պարզվում է՝ ոչ: «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի պոլիկլինիկաներից փոխանցեցին, որ գրիպի դեմ պատվաստելու եւ գրիպի դեմ պատվաստանյութ ստանալու հետ կապված որեւէ հրահանգ կամ հանձնարարական չեն ստացել նախարարությունից: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի պատասխանը ստանալու նպատակով դիմեց նաեւ Առողջապահության նախարարություն, որտեղից նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ սեզոնը դեռ չի սկսվել. «Սեպտեմբերի վերջ նոր նախատեսվում է»: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ Հայաստանն արդյոք ապահովված է գրիպի դեմ պատվաստանյութով, մամուլի խոսնակն ասաց. «Դեռեւս չենք ստացել, բայց հասցնում ենք, որեւէ խնդիր չկա՝ ուշացումների հետ կապված: Այս պահին դեռ շատ շուտ է: Մենք կոնկրետ սեպտեմբերի վերջ ենք սկսում»: Հուսանք՝ նախարարությունը չի ուշանա այս հարցում: Կհիշեք՝ ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ էր անցկացրել Առողջապահության նախարարությունում եւ բացահայտել, որ հանրապետությունում 2018 թվականի ընթացքում 1 ամիս գրիպի պատվաստանյութ չի եղել հենց գրիպի սեզոնին: Անցած տարի եւս գրիպ դեմ պատվաստումները ուշ են սկսվել:

 




Լրահոս