ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԳԻՏԵՆ՝ ԻՆՉ ԱՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին կրկին խաղաղ չի եղել Ամուլսարի հանքավայրի տարածքում: Մասնավորապես, հակասական տեղեկություններ են տարածվում «Լիդիան» ընկերության եւ հանքավայրի տարածքը հսկող քաղաքացիների միջեւ բախումների մասին: Դեպքին անդրադարձել էր նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Այս հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է պատգամավոր հետ:

 

-Տիկի՛ն Սամսոնյան, հրապարակեցիք, որ Ամուլսարանում կրկին թեժ է եղել: Տեղեկություննե՞ր եք ստացել, թե՞ այնտեղ կան մարդիկ, որոնք հետեւել են, թե ինչ է տեղի ունեցել: Կներկայացնե՞ք որոշ մանրամասներ: 

-Տեղեկություններ ստացել եմ Ամուլսանի պաշտպաններից, նաեւ հրապարակումներ են հրապարակել այդ մասին, որ տեղի է ունեցել նոր ընդհարում «Լիդիանի» նոր վարձված պահնորդական կազմակերպության եւ Ամուլսարի պաշտպանների միջեւ: Ըստ տեղեկությունների՝ բռնություն է գործադրվել ոստիկանի վրա:

-Տեղեկություն ունե՞ք, թե ինչից է ծագել վեճը:

-Այդ մասին մանրամասն տեղեկություն չունեմ: Պետք է դիմեմ ոստիկանություն, որպեսզի նրանք տրամադրեն մանրամասներ, թե ինչից է սկսվել, ինչպես է տեղի ունեցել: Ես կոչ եմ արել ՀՀ ոստիկանությանը օբյեկտիվ քննել բոլոր հանգամանքները, եւ վստահ եմ, որ նրանք պատասխանատվության կեթարկեն նրանց, որոնք սկսել են ընդհարումը:

-Չի՞ հանդարտվում իրավիճակը:

-Չի հանդարտվելու, քանի դեռ ՀՀ կառավարությունն այս պահին որեւէ միջամտություն չի  իրականացնում, այսինքն՝ թողել է 2 կողմերի նյարդերի կռվի վրա՝ ով հաղթի՝ հաղթի, ում նյարդերն ավելի երկար դիմանան, ով դիրքերում ավելի երկար լինի, հարթապահություն անի: Այս պահին այս իրավիճակն է, եւ բնական է, որ այս իրավիճակում կլինեն նման ընդհարումներ, քանի որ շատ լարված է: Ես  նախորդ օրն այնտեղ եմ եղել. հերթապահում էին  ոստիկաններ յուրաքանչյուր դիրքերում, ինչը շատ լավ է, նրանց ներկայությունն անհրաժեշտ է: Բայց պահնորդները՝ 5-6 հոգի, այնտեղ էին, եւ պարզ է, որ այս հանգամանքներում կարող է նաեւ ուժերի անհամաչափ դրսեւորում լինի: Եվ կարծում եմ, որ ոստիկանությունը պետք է հետեւի, նույնիսկ եթե անհրաժեշտ է, նոր ուժերի հերթապահություն սահմանվի: Երբ անհրաժեշտ է բերման ենթարկել մարդկանց, ուժեր են կուտակում, երբ  անհրաժեշտ է ինչ-որ բան կանխարգելել, պարզվում է, որ իրավիճակը չեն կարողանում կանխել:

-Ամռանը եղաք Ջերմուկում այն թեժ օրերին, երբ այնտեղ կրկին բախումներ էին, Դուք ականատեսի աչքերով հետեւում էիք իրավիճակին: Երբ վերադարձանք, որեւէ քայլ ձեռնարկվե՞ց կառավարության կողմից, արդյոք գնացի՞ն տեսնեն, թե ինչ է տեղի ունենում: Որեւէ առաջարկ եղե՞լ է գործադիրից:

-Գործադիրի կողմից որեւէ առաջարկ չի եղել: Գործադիրի հետ մարդիկ հանդիպում չեն ունեցել: Այսինքն՝ այն մարդիկ, որոնք հերթապահում են, այդքան գոռգոռում էին, որ մեզ լսեք, եկեք հասկանանք՝ ինչ ենք անում, որեւէ արձագանք չի եղել: Անուշադրության է մատնել այդ հարցը մարզպետը. երբեւէ չի այցելել հերթապահող քաղաքացիներին: Նույնիսկ այն բախումների ժամանակ, երբ իր մարզում քաղաքացիների ու ոստիկանության միջեւ բախում տեղի ունեցավ, որեւէ արձագանք չեղավ: Միայն Ջերմուկի համայնքապետն է ներկայացել, բայց, դե, գիտեք, Ջերմուկի համայնքապետն էլ ունի իր խնդիրները, եւ նրան ջերմուկցիները չեն վստահում: Որեւէ արձագանք չկա, եւ սա խոսում է այն մասին, որ կա՛մ կառավարությունում չգիտեն՝ ինչ անեն, կա՛մ որոշումն արդեն կայացված է, պարզապես պետք է սարի շուրջ պաշտպանությունը մաշվի:

-Ինչո՞ւ է բարձիթողի վիճակ ստեղծվել: Ի՞նչն է խնդիրը, կառավարությունն ուզո՞ւմ է խնդիրն այսպես թողնել, որպեսզի հարցը լուծվի, թե՞ հարցին պատասխան չունի:

-Ես երկու համոզմունք ունեմ՝ նախ՝ այս հարցն ինքնահոսի  թողնելով՝ կարող է շատ վտանգավոր իրավիճակ ստեղծվել, եւ անկանխատեսելի բաներ  տեղի ունենան: Եվ երկրորդը՝ գիտեմ, որ որեւէ մեկը՝ լինի ներքին, թե արտաքին ներդնող, զոռբայությամբ չի կարող Հայաստանի Հանրապետության երկրի ներքին ընդերքը շահագործել: Սա պետք է հասկանա կառավարությունը: Եթե չի հասկանում, ապա շատ վատ է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՆԵՐԸ ԲՈՅԿՈՏԵԼ ԵՆ

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները եւ նրանց ներկայացուցիչները դադարեցնում են ֆիզիկական մասնակցությունը դատական նիստերին: Այս մասին սեպտեմբերի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը:

 

«Այժմ, երբ նախաքննությունն, ըստ էության, դադարեցված է «Մարտի 1»-ի հիմնական գործով, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության եւ ֆարսի, դատարանի բակում եւ դատական նիստերի դահլիճում տիրում է կամայականությունն ու թողտվությունը, որն ուղղված է սահմանադրությամբ հռչակված արժեքների եւ իրավունքների դեմ եւ արժանանում է բարձր հանդուրժողականության, իսկ նախագահող դատավորն իր իշխանությունը կարողանում է կարծես իրականացնել միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ, մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այդ անբովանդակ միջոցառմանը»,- ասաց Եգորյանը:

Նա նշեց, որ իրենց չմասնակցելը չի նպաստելու նրան, որ գործն ընթանա այս կամ այն ուղղությամբ:

Ավելի ուշ հայտարարություն տարածեց փաստաբան Տիգրան Եգորյանը: «Առհասարակ «Մարտի 1-ի» գործերն այն լակմուսի թուղթն են, որոնք հանդիսանում եւ առաջիկայում հանդիսանալու են ցուցիչ դատական եւ իրավական բարեփոխումների կամ, առավել ընդգրկուն՝ Սահմանադրությամբ սահմանված ժողովրդավարական եւ իրավական պետություն բովանդակությունը սպասարկող իրավական քաղաքականության գնահատման համար։ Իհարկե, այդպիսի գործեր են նաեւ տարիներ շարունակ եւ այժմ շարունակվող ունեզրկման զոհերի գործերը, կյանքի իրավունքին (սպանված զինծառայողների գործերը), խոսքի եւ հավաքների իրավունքներին եւ մի շարք այլ իրավունքներին վերաբերող գործեր, որոնք դարձել են եւ շարունակում են մնալ խարան ՀՀ համար։ Այս գործերը եւ դրանցով զարգացումները հնարավորություն են տալիս բարձր ճշգրտությամբ ախտորոշելու Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ընթացիկ եւ իրական վիճակը, շարժման ուղղությունը։

 

 

 

ՉԵՆ ՔԱՆԴԵԼ

Նախօրեին հակասական տեղեկություններ տարածվեցին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվան շուրջ: Մասնավորապես, «Ջրային կոմիտեում» խորհրդական աշխատող Սասուն Միրոյանը տեղեկացրել էր, որ ապամոնտաժվում են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ Սեւանի առանձնատան այն հատվածները, որոնք գտնվում են ծովի մակերեւույթից մինչեւ 1903 մ նիշից ներքեւ: «Սեւանա լճի ափամերձ տարածքի բոլոր շենք-շինությունները, որոնք գտնվում են ծովի մակերեւույթից մինչեւ 1903 մ նիշից ներքեւ, կապամոնտաժվեն։ Այս պահին ապամոնտաժվում են Գասպարյանի առանձնատան որոշ հատվածներ»,- գրել էր նա։ Սակայն նրան արձագանքեց Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը՝ Տիգրան Աթանեսյանը՝ հայտնելով.  «Ոչ ոք չի եկել ու չի քանդում գեներալ-գնդապետ Վ. Գասպարյանի ամառանոցը:  Հին եւ վաղուց չօգտագործվող շինությունը քանդվում է Վ.Գասպարյանի ցուցումով՝ լողափի տարածքը բարեկարգելու համար»: Նշենք, որ հենց այս տարածքը տեսանկարահանելու հետ կապված միջադեպն էր դարձել նոր քրեական գործի պատճառ: Մասնավորապես, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը խոչընդոտելու միջադեպի կապակցությամբ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել՝ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, տվյալ դեպքում՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով։

 

 

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեպտեմբերի 9-ի նիստում նախազգուշացում կտա «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին: Պարզվում է՝ ՀԱԷԿ-ը մի հարցում ինքնուրույն է գործել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀԱԷԿ-ի եւ «Ռեդի Սթեդի» ընկերության միջեւ այս տարվա հուլիսի 1-ին կնքվել է սննդի մատուցման ծառայությունների պայմանագիր: Ըստ պայմանագրի՝ ՀԱԷԿ-ը պարտավորվել է նաեւ տրամադրել գույք, անհրաժեշտ տարածք, սարքավորումներ: Սակայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վարույթ է հարուցել, որի շրջանակում փաստվել է, որ ՀԱԷԿ-ը խախտել է «Էներգետիկային մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, քանի որ պայմանագրի ու դրա անբաժանելի մաս կազմող հավելվածի բովանդակությունից բխում է, որ պայմանագրով կարգավորվել է նաեւ սննդի պատրաստման եւ մատուցման ծառայությունների համար անհրաժեշտ տարածքի՝ ճաշարանի փոխանցման հարցը:

Ստացվում է, որ ՀԱԷԿ-ը, անկախ պայմանագրային ձեւից, ճաշարանը փոխանցելուց առաջ պարտավոր էր նախապես ստանալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնությունը, որը, սակայն, չի արվել, ինչի արդյունքում ՀԱԷԿ-ին հանձնաժողովի կողմից նախազգուշացում է տրվել:

 




Լրահոս