«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային խումբն այսօր հանդիպելու է փորձագետ Արա Ղազարյանին: Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը ստեղծվել էր՝ մշակելու համար ատելության խոսքի դեմ ուղղված պայքարի օրենսդրական կարգավորումներ, իսկ նախագահն էլ հանդիսանում էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Եվ, ահա, այսօր՝ քննարկման ժամանակ, փորձագետ Արա Ղազարյանը կներկայացնի իր տեսակետը, թե ինչ պետք է անել նման երեւույթների դեմ պայքարելու համար: Սակայն, ընդհանուր առմամբ, մեզ աշխատանքային խմբի աշխատանքների ընթացքից մանրամասներ են հայտնի դարձել: Բանն այն է, որ ատելության խոսքի դեմ պայքարելու համար ոչ թե առանձին օրենքի նախագիծ է ներկայացվելու, այլ ժամանակի ընթացքում փոփոխություններ են կատարվելու առանձին օրենքներում տարբեր կարգավորումների միջոցով:
Հիշեցնենք նաեւ, որ ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ՝ 97 կողմ, 14 դեմ, 0 ձեռնպահ ձայներով, ընդունվել էր ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու կամ, այսպես ասած, ատելության կոչերի համար։
«Հոդված 226.2.
Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը.
- անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական, կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 226-րդ, 226.1-րդ, 301-րդ, 385-րդ, 397.1-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Եվ, մեր տեղեկություններով, առանձին նախագիծ չներկայացնելու պատճառը նաեւ կառավարության հետ ոչ համակարգված աշխատելն է, քանի որ այնտեղ էլ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է առանձին օրենքներ ներկայացնում, եւ այս խմբին մնում է միայն բավարարվել տարբեր նախագծերում փոփոխություններ անելով:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը նշեց, որ իրենք ստեղծում են աշխատանքային խումբ, որը ստեղծելով՝ կկարողանան գտնել մի բանաձեւ, որը հնարավորություն կտա օրենսդրական մակարդակում պայքարել ատելության խոսքի դեմ։ «Այս խնդիրը քննարկվում է տարբեր հարթակներում, առաջարկվում են տարբեր լուծումներ։ Այս խմբում ֆորմալ առումով ներգրավված են լինելու պատգամավորներ, սակայն սա լինելու է ավելի մեծ հարթակ, որտեղ ներգավվելու են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ եւ կառավարության ներկայացուցիչներ՝ իրենց մոտեցումները ներկայացնելու։ Փորձելու ենք ուսումնասիրել միջազգային փորձը, թե ինչպիսի լուծումներ են տարբեր երկրների ազգային օրենսդրություններն առաջարկել այս խնդիրը կարգավորելու համար։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները եւ կարծիքները եւս ուսումնասիրության առարկա են դառնալու։ Հասկանալու ենք՝ մեր ազգային օրենսդրությունը որքանով է կանխարգելում, եւ որ մասերով է կարողանում լուծել ատելության խոսքը, որ մասերով է թերանում, եւ ինչպիսի առաջարկներ պետք է մենք ներկայացնենք։ Պետք է հասկանանք, թե ատելության խոսքի որ մասը պետք է քրեականացվի, եւ որ մասն ուղղակի պետք է հանրային պարսավանքի արժանանա եւ քննադատվի»,- ասաց Սարգիս Խանդանյանը։
Հանձնաժողովը պետք է գործեր վեց ամիս, եւ ընդգրկված լինեին նաեւ ընդդիմության ներկայացուցիչներ, սակայն վերջիններս բոյկոտել են հանձնաժողովի աշխատանքները:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԵՄ անդամ պետություններ քաղաքացիների ակտիվ տեղափոխման ապահովման համար նախնական ամենակարեւոր պայմաններից մեկը Հայաստանի եւ Եվրամիության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց ռեադմիսիայի մասին համաձայնագրի իրականացումն է: Այս մասին «Հայաստանի Հանրապետության եւ Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների Թագավորություն) միջեւ անօրինական բնակություն հաստատած անձանց հետ ընդունման (ռեադմիսիա) մասին» Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված համաձայնագրի արձանագրության վավերացման մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարել է միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Նա առաջարկեց վավերացնել եւս 2 նման արձանագրություն, որոնք ավելի վաղ կնքվել են Բուլղարիայի եւ Գերմանիայի հետ համապատասխան համաձայնագրերի շրջանակում: «Դա հատկապես կարեւոր է անօրինական միգրացիայի դեմ պայքարի համատեքստում»,-նշեց Ղազարյանը: Միգրացիոն ծառայության տվյալներով՝ 2017թ. Բելգիայից 56 մարդու ռեադմիսիայի մասին 32 հայտարարություն է ստացվել, որից 47-ի համար տրվել է դրական պատասխան, իսկ Նիդերլանդներից ստացվել է 201 մարդու ռեադմիսիայի մասին 85 հայտարարություն, որից դրական պատասխան է տրվել 138 մարդու: Համեմատաբար կարճատեւ քննարկումներից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց:
ՄԱՍԱՄԲ
2020-2021 ուսումնական տարին մեկնարկվելու է սեպտեմբերի 15-ին, եւ Երեւանի ենթակայության մանկապարտեզների դռներն այդ օրվանից բաց կլինեն երեխաների համար: Յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով, որոնք մանկապարտեզ են հաճախել 2019-2020 ուստարում: Առաջնահերթությունը տրվելու է աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային, տվյալ հաստատություն աշխատակցի երեխային: Նշենք, որ հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է:
3 ՆՈՐ ԴԵՊՔ
Արցախի Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 3 նոր դեպք: Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են եւ գտնվում էին մեկուսացման մեջ: Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 315 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 43, ընդհանուր մեկուսացված է 64 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 8-ինը՝ միջին ծանրության:
4 «ՈՒՐԱԼ»
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման ավելի քանի 100 օրվա ընթացքում պետական կարիքների համար Արցախի Հանրապետության կառավարությունը ձեռք է բերել 4 «Ուրալ» հրդեհաշիջման ավտոմեքենա եւ մեկ ավտոսանդղակ: Հարությունյանը նշել է, որ այդ գնումները կատարվել են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության համար: Արցախի նախագահը նշել է, որ կառավարությունն այլ մեքենա չի գնել, սակայն այս ընթացքում անհատական կապերի միջոցով բարերարների կողմից ձեռք են բերվել եւ նվիրաբերվել մի շարք մեքենաներ. Ազգային անվտանգության ծառայությանը՝ 14 ավտոմեքենա, Ոստիկանությանը՝ 4 ավտոմեքենա, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը՝ 4 ավտոմեքենա: «ՀՀ կառավարությունը 7 շտապօգնության մեքենա եւ 3 ռեանիմոբիլ է նվիրաբերել ԱՀ առողջապահության նախարարությանը: Հիշեցնեմ, որ իմ ծառայողական 2 մեքենաները եւս ստացել եմ բարերարների կողմից: Պետական միջոցներն արդյունավետ եւ խնայողաբար ծախսելու մեր որդեգրած մոտեցումը մեզ համար լինելու է հիմնական ուղենիշ առաջիկա 5 տարիների ընթացքում, եւ այդ մասին հաշվետվություններով պարբերաբար հանդես ենք գալու հանրության առջեւ»,-նշել է Արայիկ Հարությունյանը:
ԿԱՃԵՆ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ
Հայաստանում կարող են կտրուկ աճել վիրավորանքի եւ զրպարտության համար տուգանքի չափերը: Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին քննարկման ժամանակ հայտարարեց օրինագծի հեղինակ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: «Մի քանի րոպեում հնարավոր է գրանցվել սոցցանցում կամ նույնիսկ կայք բացել, որը իրավաբանական ուժ չունի: Տվյալ սոցցանցերի եւ կայքերի միջոցով քննադատում են հայտնի քաղաքական գործիչների, պատգամավորների, իշխանության ներկայացուցիչների: Խոսքը ոչ միայն իշխանության, այլ նաեւ ընդդիմության ներկայացուցիչների հասցեին հնչող վիրավորանքների մասին է»,-նշեց Ալեն Սիմոնյանը: Նա առաջարկեց վիրավորանքների համար սահմանել 5 մլն դրամ գործող 1 մլն դրամի փոխարեն, եւ զրպարտության համար՝ մինչեւ 10 մլն դրամ ներկայիս 2 միլիոնի փոխարեն: Ընդ որում, տուգանքի վերջնական չափը կորոշի դատարանը: Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն էլ կարծում է, որ տվյալ հարցում պետք է որոշել վերին շեմը: Նրա խոսքով՝ կառավարությունը հնարավոր է համարում վիրավորանքների համար վերին շեմ սահմանել 2 մլն դրամը, զրպարտության համար՝ 3 մլն դրամը: Տվյալ առաջարկը, ինչպես նկատեց Դանիելյանը, ուղղված է խոսքի ազատության պաշտպանության ոլորտում չարաշահումների կանխարգելմանը: Երկարատեւ քննարկումներից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց տվյալ օրենսդրական նախաձեռնությանը: