Որ դեպքում մեքենաները տեխզննման կենթարկվեն վեց ամիսը մեկ անգամ. փոփոխություն կարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 14-ին մեկնարկող Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգում է նաեւ Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Մասնավորապես, փոփոխություններով սահմանվում են, թե ինչ պարբերականությամբ պետք է տեղի ունենա տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը:

Մասնավորապես, նոր կարգով սահմանվելու է, որ`

1) տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվում է թողարկմանը հաջորդող չորրորդ տարում.

2) թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավել ներառյալ 10 տարվա արտադրության թեթեւ մարդատար տաքսի ավտոմոբիլներ, տրոլեյբուսներ, ավտոբուսներ, վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցներ եւ դրանց կցորդներ (կիսակցորդներ)` տարին մեկ անգամ, 10-ից ավել տարվա արտադրության դեպքում` 6 ամիսը մեկ անգամ.

3) թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավել, ներառյալ 10 տարվա արտադրության թեթեւ մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղեւորի մինչեւ 8 նստատեղ ունեցող բեռնաուղեւորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ (կիսակցորդներ), մոտոցիկլներ (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)` երկու տարին մեկ անգամ.

4) թողարկման տարեթվից հաշված` 10-ից ավել տարվա արտադրության թեթեւ մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղեւորի մինչեւ 8 նստատեղ ունեցող բեռնաուղեւորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ (կիսակցորդներ), մոտոցիկլներ (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)` տարին մեկ անգամ.

5) թողարկման տարեթվից հաշված 4-ից ավել տարվա արտադրության նոր ներմուծված տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության են ներկայացվում նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը.

6) տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության պետք է ներկայացվի մինչեւ նախորդ տեխնիկական զննության արդյունքում տրամադրված արատորոշման քարտին նշված ամսվա վերջին օրը:

Նախագծում նշվում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են 40 տեխնիկական զննության կայաններ: Ստեղծված է միասնական էլեկտրոնային շտեմարան, որը հնարավորություն է տալիս վարելու տեխնիկական զննություն անցած եւ սարքին ճանաչված տրանսպորտային միջոցների ռեգիստր` պարունակելով տվյալներ տեխնիկական զննության անցկացման ժամի, հայտնաբերված թերությունների վերաբերյալ: Շտեմարանի տվյալները հասանելի են նաեւ Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանությանը:

Տեխնիկական զննության արդյունքում շահագործման պահանջներին համապատասխանող տրանսպորտային միջոցի համար զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրամադրում է սահմանած նմուշի կտրոն, որը պետք է փակցվի տրանսպորտային միջոցի վրա` վարորդի կողմից առջեւի հողմապակու ներքեւի աջ անկյունում, սակայն փաստ է, որ ներկայումս տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացումը կրում է ձեւական բնույթ, քանի որ տեխնիկական զննության կտրոնը բանկերից ձեռք բերելուց հետո տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ տիրապետողը տրանսպորտային միջոցը չի ներկայացնում տեխնիկական զննության, իսկ ճանապարհային ոստիկանությունը վերահսկողությունն իրականացնում է ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելու մասով միայն: Այլ վերահսկողական մեխանիզմներ թե սեփականատերերի (տիրապետողների), թե կայանների նկատմամբ չկան:

Ն.Հ.




Լրահոս