ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ տարբեր ասեկոսեներն այդպես էլ չեն դադարում: Մի քանի անգամ այս ընթացքում գրվել է, որ նա ազատման դիմում է գրել, որն ինչ-ինչ պատճառներով չի ընդունվել, սակայն կորոնավիրուսի համաճարակն ակնհայտ դարձրեց, որ քաղաքապետը տեղում չէ։ Եվ համառ լուրեր կան, որ Մարությանը, հնարավոր է, թողնի պաշտոնը։ Ու քանի որ դեռեւս չի լրացել նրա պաշտոնավարման ժամկետը, եւ Երեւանի ընտրություններին 3 տարի դեռ կա, ըստ օրենքի՝ ավագանու մեծամասնություն կազմող խմբակցությունը պետք է իր կազմից ընտրի քաղաքապետ։ Այժմ շրջանառվում է ավագանու «Իմ քայլի» անդամ, նախկին ակտիվիստ, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի անունը։

 

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւանի ավագանու անդամ Արմեն Կոտոլյանի հետ:

-Պարո՛ն Կոտոլյան, համառ խոսակցություններ են տարածվում այն մասին, որ առաջիկայում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարական է տալու, եւ նրա փոխարեն հենց Դուք եք լինելու: Որքանո՞վ են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը:

-Թե ինչու հենց իմ անունը, դա, կարծում եմ, լրագրողի երեւակայությունն է, իսկ այն տեղեկությունները, որ պետք է պարոն Մարությանը հեռանա, եւ ես պետք է լինեմ, ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը: Հարցը բաժանենք երկու մասի՝ պարոն Մարությանի հեռանալու մասը եւ իմ՝ քաղաքապետ դառնալը: Երկու հարցի վերաբերյալ էլ ընդհանրապես խոսակցություն չի եղել: Այսինքն՝ ես տեղեկացել եմ մամուլից, ավագանի ընկերներս զանգահարել են, ասել են, ու ես ասել եմ՝ ում հարց տան, միանշանակ հերքեք, քանի որ խոսակցություններ այդ մասին չեն եղել:

-Սակայն Երեւանի քաղաքապետն այսօր էլ (երեկ-խմբ) չի մասնակցում ավագանու նիստին: Սկսվեցին նորից տեղեկություններ այն մասին, որ նա հրաժարական է տվել ու չի ցանկանում աշխատել:

-Հայտարարվեց, որ պարոն Մարությանը չի ներկայացել նիստին, քանի որ վատառողջ է: Եկեք չմոռանանք, որ ցանկացած պետական գործիչ կամ պաշտոն զբաղեցնող անձ մարդ  է, եւ բոլորն էլ հիվանդանալու կամ վատ զգալու իրավունք ունեն, դրա համար եկեք այդ մանր բաներից պատմություն չսարքենք:

-Սակայն երբ Ձեր՝ քաղաքապետ դառնալու մասին խոսակցությունները եղան, Դուք ակտիվ սկսեցիք համացանցում գրառումներ անել՝ աշխատանքը ցույց տալով: Ինչո՞ւ այդպես ստացվեց:

-Եթե Դուք նկատել եք իմ գրառումները, ապա կարող եմ ասել, որ այդ դեպքերից հետո եք սկսել նայել, քանի որ եթե մի քիչ հետ գնայիք, կտեսնեիք, որ անընդհատ հրապարակումներ եմ արել՝ քաղաքապետարանի եւ նաեւ Նոր Նորք վարչական շրջանի գործառույթների հետ կապված: Ես հենց այնտեղի բնակիչ եմ, եւ ինձ դիմում են այդ համայնքի մասին խնդիրներով: Մեր վարչական շրջանի ղեկավարը շատ արագ արձագանքող է, եւ չի եղել, որ որեւէ քաղաքացի դիմի, ու այդ հարցը չլուծվի:

-Մինչ հեղափոխությունը տարբեր խոստումներ էին տրվել, կթվե՞ք՝ այդ խոստումներից որոնք են կատարվել այս ընթացքում:

-Եթե  տեղեկացվել եք, օրինակ, «գազելների» հետ կապված այս վերջերս մրցույթներ եղան: Կարծում եմ՝ տրանսպորտի հարցը շատ շուտով կլուծվի: Տեսեք, հարմարավետ ավտոբուս ասելով՝ ի՞նչ ենք պատկերացնում: Եղել է մրցույթ, եւ այն հաղթել է իքս ֆիրմա, այստեղ միջամտելու հարց չկա մրցույթին: Մենք չէինք կարող միջամտել կամ ասել՝ մի՛ մասնակցեք, թող այլ ֆիրմաները մասնակցեն: Այո, «մահաբեր գազելներ» չեն լինելու, մեր այդ խոստումը կատարվել է, եւ հներն էլ դուրս են գալու խոսակցությունից: Ստեղծվելու է հանձնաժողով,  որը զբաղվելու է հին «գազելների» դուրսգրման աշխատանքներով, մոտ 400 «գազել» դուրս է գալու եւ չի շահագործվելու:

-Իսկ ի՞նչ եք արել հենց Ձեր հատվածում, օրինակ՝ պետք է ճոպանուղի կառուցվեր:

-Տեսեք, ճոպանուղու կառուցումը շատ մեծ ծրագիր է, որի հետ կապված ես չեմ կարող հստակ ասել՝ երբ կլինի, կամ որ փուլում է: Ես զբաղվում եմ Նոր Նորք վարչական շրջանի լոկալ խնդիրներով, որոնք հետաքրքրում են մարդկանց: Կարող եք գնալ, մեկ օր շրջել եւ տեսնել, թե ինչ բարեփոխումներ են իրականացվել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

Dasaran ՀԱՐԹԱԿԸ ՇՈՒԿԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԿՄՂՎԻ՞

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ կարճվել է «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի նախագահի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը: Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ն, որը www.dasaran.am կայքի միջոցով տրամադրում է էլեկտրոնային մատյանի, օրագրի եւ դրա հետ կապված մի շարք այլ ծառայություններ, դիմում էր ներկայացրել հանձնաժողով՝ ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ հայտնելով, որ նախարարության եւ նրա պաշտոնատար անձանց կողմից իրականացվել են մի շարք քայլեր, որոնք միտված են եղել Dasaran հարթակը շուկայից դուրս մղելուն։

 

Ըստ դիմումատուի՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»-ի («ԿՏԱԿ») Կրթության կառավարման միասնական տեղեկատվական համակարգի (emis.am) շրջանակում առաջարկվող էլեկտրոնային մատյանի առցանց ծառայությունը 2020 թվականի մարտից պարտադրվել է հանրակրթական դպրոցներին, տնտեսվարողների նկատմամբ սահմանվել եւ կիրառվել են խտրական պայմաններ՝ սահմանափակելով մրցակցությունը:

Վարույթի արդյունքում հանձնաժողովն արձանագրել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գործողություններն ու վարքագիծը չեն կարող որակվել որպես պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից տնտեսական մրցակցությունը սահմանափակող, կանխող կամ արգելող: Մասնավորապես, նախարարության կողմից մատյանի լրացման հետ կապված գործունեությունը չի հանդիսանում ձեռնարկատիրական գործունեության առարկա, այդ առումով «ԿՏԱԿ»-ը չի հանդիսանում տնտեսավարող սուբյեկտ, հետեւաբար մատյանները Կրթության կառավարման միասնական տեղեկատվական համակարգի (emis.am) միջոցով վարելու վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍՆ-ի դիրքորոշումը չի կարող ստեղծել անհավասար մրցակցային պայմաններ «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի եւ «ԿՏԱԿ»-ի միջեւ:

Միաժամանակ հանձնաժողովն արձանագրել է, որ էլեկտրոնային մատյաններում առկա տեղեկություններն օգտագործելու միջոցով հնարավոր է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, եթե այդ գործունեությունը չի ներառվում վարչական ռեգիստրների վարման եւ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կրթական գործընթացներում:

Այս պարագայում էլեկտրոնային մատյանների միջոցով ստացվող տեղեկությունները միայն «ԿՏԱԿ»-ի կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով օգտագործվելու դեպքում «ԿՏԱԿ»-ը կունենա մենաշնորհ դիրք, որը օրենքով նախատեսված չլինելու պայմաններում անթույլատրելի է:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ հանձնաժողովը տնտեսական մրցակցության պաշտպանության կատարելագործման նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ-ին առաջարկել է դիտարկել տնտեսվարող սուբյեկտների, այդ թվում՝ «ԿՏԱԿ» ՊՈԱԿ-ի համար ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ էլեկտրոնային մատյաններում ներառվող տեղեկությունները ստանալու հնարավորություն ընձեռելու հարցը՝ հստակ տարանջատելով այդ ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու սահմանները եւ պայմանները վարչական ռեգիստրների վարման գործառույթի եւ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կրթական գործընթացում ներառվող գործունեության իրականացումից:

 

 

 

ՄՏԱԴԻՐ Է

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մտադիր է մոնիթորինգ իրականացնել պետական մարմիններին ամրացված կամ անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի վերաբերյալ։

Այս առիթով առաջիկայում ստեղծվելու է անշարժ գույքի մոնիթորինգի համակարգ, որը մինչ օրս գոյություն չունի, եւ որի պատճառով չի կատարվել անշարժ գույքի օգտագործման արդյունավետության գնահատում։ Նախարարությունում հույս ունեն, որ այս մշտադիտարկման արդյունքում պարզ կդառնա անշարժ գույքի վիճակը, կբացահայտվեն տեղ գտած բացթողումները, թերությունները, օգտագործողի կողմից կատարված խախտումները:

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ տեղի ունեցած դեպքից, երբ հիվանդանոցի մոտ դիակ էր հայտնաբերվել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մահացածը Երեւան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակիչ Էդուարդ Օհանյանն է, որը ամիսներ առաջ է ազատվել քրեակատարողական հիմնարկից։ Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ նա Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում առավել հայտնի է Ռայկոմի Էդուլիկ Բոնիեմ անունով:

Երեկ գրել էինք, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր մուտքի բակում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա: Ոստիկանության մի քանի ստորաբաժանումների ծառայողներ որոնողական աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար, թե որտեղ են տեղի ունեցել կրակոցները: Փաստի առթիվ Հ. Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, եւ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ , որ այսօր քրեական գործը Մալաթիայի քննչական բաժնից տեղափոխվել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանի քննչական բաժին:  Ավելին՝ իրավապահները պարզել են, որ կրակոցներին ու վիճաբանությանը մասնակցել են 25-ից ավելի անձինք:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ կրակոցներից հետո Էդուարդ Օհանյանին հիվանդանոց են տեղափոխել Opel մակնիշի ավտոմեքենայով եւ թողնելով դեպքի վայրում՝ հեռացել են, ինչի հետեւանքով էլ Էդուարդ Օհանյանը մահացել է: Իսկ, ահա, ներկայումս իրավապահները կոնկրետ քայլեր են իրականացնում միջադեպի մասնակիցների ինքնությունը եւ դեպքի պատճառները բացահայտելու համար:

 




Լրահոս