Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի նվազման միտումը կայուն պահպանվում է. այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Վերջին օրերին դրական է լինում հետազոտությունների մոտ 6 տոկոսը, ինչը, անցած ամսվա համեմատությամբ, կրկնակի ցածր է։
«Եթե համեմատենք թվերը վերջին շաբաթվա, 10 օրվա եւ՛ արած թեստավորումների քանակի առումով, եւ՛ նոր հայտնաբերված դեպքերի, եւ՛ առողջացածների, կարելի է ասել, որ նվազման միտումը կայուն պահպանվում է», – նշում է Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը։
Կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող հիվանդանոցների թիվը եւս նվազում է։ Վարակակիրների բուժմամբ 8 բժշկական կենտրոն է զբաղվում, դրանցից մեկը մարզային՝ Կապանի բժշկական կենտրոնն է։ Այս պահին եւ՛ հիվանդանոցներում, եւ՛ տանը բուժում է ստանում 3 հազար 182 հիվանդ։ Ամբողջովին վերապրոֆիլավորված, ամենամեծ թվով ծանր եւ առանձնապես ծանր կորոնավիրուսով վարակված հիվանդները գտնվում են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Երեկ Հայաստանում 1864 թեստավորվածներից Covid-19 է հաստատվել 108-ի կամ գրեթե 6 տոկոսի մոտ։ Մահացել է ուղեկցող քրոնիկական հիվանդություն ունեցող 3 մարդ, կորոնավիրուսով վարակված եւս մեկ անձ էլ մահացել է այլ պատճառներով։
Հայաստանում կորոնավիրուսի թվերի նվազման ֆոնին բացվում է Արցախի ճանապարհը. այսուհետ Ղարաբաղ այցելելու համար պարտադիր չէ Covid-19-ի թեստ հանձնել։ Միայն սահմանային հսկիչ անցագրային կետերում բուժանձնակազմը յուրաքանչյուր քաղաքացու տեղում կջերմաչափի եւ կիրականացնի արտաքին զննություն: Չեն գործի նաեւ արցախցիների համար մինչեւ այժմ գործող ելքի սահմանափակումները։
Արցախի պարետ, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը նշել է. «Ելքի եւ մուտքի սահմանափակումների հանման պատճառը վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում արձանագրված կորոնավիրուսային հիվանդացության կտրուկ անկումն է եւ դրա հետեւանքով ռիսկերի նվազումը: Ելքի եւ մուտքի սահմանափակումների հանմանը զուգահեռ ուժեղացվելու են հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները»։
Անցած օրվա ընթացքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք։ Այստեղ փաստացի բուժում է ստանում 37 հոգի, նրանցից 4-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, 7-ինը՝ միջին ծանրության: Մինչ օրս Ղարաբաղում ընդհանուր 316 մարդ է վարակվել, նրանցից 277-ը արդեն ապաքինվել է։
Սակայն Վրաստանը առնվազն մինչեւ հոկտեմբերի 31-ը մտադիր չէ բացել ցամաքային սահմանը մի շարք երկրների, այդ թվում՝ այն հարեւանների հետ, որոնց մոտ համաճարակաբանական իրավիճակն ավելի վատ է. այդ օրը Վրաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ։
Վրաստանը SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի հայտնաբերման առաջին դեպքից հետո խիստ սահմանափակումներ մտցրեց ամբողջ երկրի տարածքում, իսկ արդեն մարտին փակեց հարեւան երկրների հետ պետական սահմանները, ինչպես նաեւ դադարեցրեց ավիահաղորդակցությունը: Ավելին՝ վարակվածների փոքր թվի շնորհիվ երկիրը ներառված է շատ այլ երկրների «կանաչ ցուցակում»։ Վրաստանն էլ նույնկերպ իր օդային սահմանները բացել է այն երկրների համար, որտեղ վարակվածերի թիվը փոքր է։
Նշենք, որ 2019թ.-ի արդյունքներով՝ Հայաստանը Վրաստան այցելած քաղաքացիների թվով (1 365 048 քաղաքացի) երրորդ տեղում է՝ Ադրբեջանից (1 526 619) եւ Ռուսաստանից(1 471 558) հետո, իսկ դա կարեւոր գործոն է Վրաստանի տնտեսության համար։
Վրաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Պետրե Մամրաձեն եւս չի բացառում, որ ընտրությունները կարեւոր դեր ունեն վրացական իշխանությունների կողմից սահմանների բացման հարցում:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ Վրաստանում կա 1684 վարակված, որոնցից 1315-ն արդեն առողջացել են, մահացել է 19 մարդ։
Ն.Պ.
10.6 ՄԼՆ ԵՎՐՈ ՎԱՐԿ՝ ՎԶԵԲ-ԻՑ
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը պատրաստվում է Հայաստանին 10.6 միլիոն եվրո վարկ տրամադրել Մեղրիում՝ Իրանի հետ սահմանին նոր մաքսակետի կառուցման համար:
Այս մասին Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին՝ Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի անցակետի համար վարկի տրամադրման մասին» համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ, ասաց Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Միքայել Փաշայանը:
Ենթադրվում է, որ անցակետի տարածքը 6.5-ից կդառնա 8.6 հա: Թողունակության հնարավորություններն օրական 300-ից կդառնան 900 ավտոմեքենա: Սպասվում է, որ շինարարությունը կավարտվի 2023 թվականին: Միջազգային մակարդակի կառավարման մեխանիզմներ կներդրվեն: Նրա խոսքով՝ անցակետի կառուցումից հետո այն փաստացի կվերածվի լիարժեք գործող մաքսային մարմնի, որտեղ նաեւ արդյունավետ պայքար հնարավոր կլինի մաքսանենգության դեմ: Վարկը կտրամադրվի 15 տարի ժամկետով (եռամյա առավելություններով) լողացող տոկոսադրույքով` 6-ամսյա Euribor + 1 տոկոս: Ընդ որում, ըստ վերջին 6 ամիսների ցուցանիշների՝ դրույքաչափը 1.78 տոկոս է: Բացի այդ, անցակետում ապրանքների լաբորատոր վերլուծության նոր սարքեր, ապրանքների, այդ թվում` ուղեւորների ձեռքի ուղեբեռի զննման, ինչպես նաեւ մարդկանց սկանավորման համար սկաներներ կտեղադրվեն: «Անցակետի հնարավորությունները ուժեղացնել հարկավոր է` հաշվի առնելով այն փաստը, որ 2016-ի օգոստոսից Հայաստանի եւ Իրանի միջեւ առանց վիզայի ռեժիմ է գործում, որը ժամանակավորապես չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Եթե 2017-ի հունիս-հուլիս ամիսներին մոտ 2000 բեռնատար է հատել սահմանը, ապա 2019-ի նույն ամիսներին` շուրջ 4.150 մարդ: Ուղեւորների թիվը կրկնապատկվել է` 55-ից հասնելով 124 հազարի: Չնայած կորոնավիրուսի պատճառով սահմանն այժմ փակ է ուղեւորների համար, դրա բացումից հետո երկու բարեկամ երկրների միջեւ ուղեւորությունները եւ առեւտուրն ամբողջությամբ կվերսկսվեն»,- ընդգծեց Փաշայանը:Քննարկումներից հետո խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այս նախաձեռնությանը:
ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԳՈՐԾԸ՝ ՎԵՐԱՔՆՆԻՉՈՒՄ
Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի նախկին ղեկավար Կամո Ղալթախչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. դեկտեմբերի 17-ից հանդիսանալով Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ղեկավարը` 2013-2015 թվականներին ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից ստացված եւ Աչաջուր համայնքի բնակիչներին տրամադրված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուի դիմաց համայնքապետարանի աշխատակիցների կողմից հավաքագրված եւ իր վստահությանը հանձնված գումարի մի մասը՝ 5 միլիոն 939 հազար ՀՀ դրամ գումարը, յուրացրել է: Համաձայն նրան առաջադրված մեղադրանքի՝ այնուհետեւ նա, նպատակ ունենալով թաքցնել իր կողմից գումարը յուրացնելու հանգամանքը, շահադիտական նպատակով համայնքի ղեկավարի տեղակալ Նիկոլ Վարդումյանին 2017թ. հոկտեմբերի 3-ին դրդել է համայնքապետարանի աշխատակիցների կողմից կազմված, 2012-2016 թվականներին Տավուշի մարզի Աչաջուր համայնքի հողօգտագործողներին հատկացված սերմացուների պարտքերի վերաբերյալ շահառուների անվամբ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկանքը ստորագրելուն եւ կնքելուն եւ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող տեղեկանքը Տավուշի մարզպետին ուղարկելու միջոցով հանձնելուն: Կամո Ղալթախչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով») եւ 38-314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնեական կեղծիքին հանցակցությունը»): Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Կամո Ղալթախչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
2020 թ. հունիսի 19-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-314 հոդվածի 1-ին մասով Կամո Ղալթախչյանին ճանաչել անմեղ եւ արդարացնել, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին, վերացնել։ Տավուշի մարզի դատախազության դատախազ Վասիլ Սարգսյանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի կայացրած դատավճռի դեմ՝ պահանջելով Կամո Ղալթախչյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածներով եւ նրա նկատմամբ պատիժ սահմանել 8 տարի ժամկետով ազատազրկումը, բավարարել քրեական գործով ներկայացված քաղաքացիական հայցը։ Սեպտեմբերի 7-ին ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում կայացավ նշված գործով դատական նիստ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ