ՈՒՂՂՈՐԴՈՒՄՆԵՐ ՏԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում քննարկվեց Սահմանադրական դատարանի անդամների ընտրության հարցը: ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը կարծում է, որ ՍԴ-ին պետք է օժտել Սահմանադրության նորմերի պաշտոնական մեկնաբանություն տրամադրելու ինքնուրույն լիազորությամբ: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածուն նման տեսակետ հայտնեց խորհրդարանի նիստում իր թեկնածության հարցի քննարկմանը: Նա նշեց՝ չի կարելի բացառել Սահմանադրության հետագա զարգացման անհրաժեշտությունը, որը կարող է իրականացվել ոչ միայն տեքստային փոփոխություններ կատարելու միջոցով, այլ նաեւ սահմանադրական այս կամ այն նորմի բացահայտման եղանակով:

 

Սահմանադրության զարգացման այլընտրանքային ուղին Սահմանադրության մեկնաբանության ինստիտուտի կատարելագործումն է, Սահմանադրության որեւէ նորմ կիրառելիս օբյեկտիվորեն անհրաժեշտ է բացահայտել այդ նորմի բովանդակությունը: «Հենց այս հարցում  է, որ ՍԴ-ն պետք է իրեն դրսեւորի հնարավորինս արդյունավետ: Կարծում եմ, որ ՍԴ-ին պետք է օժտել սահմանադրական նորմերի պաշտոնական պարտադիր մեկնաբանություն տրամադրելու ինքնուրույն լիազորությամբ: Այդ լուծումը կարող է կիրառվել բոլոր այն դեպքերում, երբ հայցող սուբյեկտի մոտ առկա է Սահմանադրության անմիջականորեն կիրառման ենթակա դրույթի բովանդակության` Սահմանադրությանը համապատասխանող մեկնաբանության բացահայտման անհրաժեշտություն: Նման մեկնաբանության հայցումը կարող է իրականացվել,  օրինակ, Վճռաբեկ դատարանի կողմից իր վարույթում գտնվող որեւէ գործով Սահմանադրության նորմի անմիջական կիրառության կապակցությամբ»,- ասաց Խունդկարյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը եւս մի քանի հարց է ուղղել Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուին:

-Պարո՛ն Խունդկարյան, դատական համակարգը, կարծես թե, ոգեւորությամբ է ընդունել Ձեր՝ ՍԴ անդամի թեկնածու առաջադրվելը: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Վստա՞հ եք, որ ճիշտ տպավորություններ եք ստացել: Մեծամասնությունը ոչ թե ուրախ են, այլ ավելի շատ տխուր են, որ ես հեռանում  եմ: Մարդիկ ընկել են ծանր դրության մեջ, իհարկե բարձրաձայնում են տպավորություն, որ ցանկալի է՝ դատական համակարգը ներկայացվի իմ  դեմքով Սահմանադրական դատարանում, բայց միեւնույն ժամանակ շատ ծանր են տանում իմ՝  Վճռաբեկ դատարանից հնարավոր հեռացումը: Իմ տպավորությունն այդպիսին է եղել:

-Դատական համակարգի այլ տեղեկությունների համաձայն՝ Դուք մշտապես ազդեցություն եք ունենում քրեական գործերի վրա եւ մշտապես այնպես անում, միջամտում, որ կոնկրետ որոշումներ կայացվեն: Կա՞ նման բան, թե՞ ոչ:

-Հերթական անգամ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Պարոն Խունդկարյանին ճանաչող մարդը կհասկանար, որ իր վարքագիծը միշտ եղել է այնպիսին, որ դատավորի համար ստեղծվի անկախ  աշխատելու տարբերակ, որ որեւէ միջամտություն  չլինի, բայց միեւնույն ժամանակ ներքին ազդակների վրա չի կարող լինել իմ միջամտությունը: Եվ ձեր որոշումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Վճռաբեկ դատարանի նախագահի դերը կայանում է նրանում, որ ստեղծի  անկախ մթնոլորտ դատարանների համար:

-Բայց դատական համակարգը պնդում է, որ Դուք քրեական պալատի վրա փորձում եք ճնշում գործադրել ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով: Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները գլխավոր դատախազի հետ:

-Իմ հարաբերությունները գլխավոր դատախազի եւ բոլոր անձանց հետ աշխատանքային են: Մեր հարաբերությունները ընկերական չեն ոչ մեկի հետ, այլ գործընկերային եւ հարգանքի մթնոլորտում: Իսկ ես իմ վարքագծով այնպիսին եմ, որ որեւէ պաշտոնատար անձ, որեւէ դատավորի, այդ թվում՝ ինձ, իրավունք չունի թեկուզ ընկերական կամ ոչ ընկերական դաշտում որեւէ ուղղորդումներ տալու:  Դատավորն անկախ է այնքանով, որքանով ցանկանում է անկախ լինել, եւ դատավոր Խունդկարյանն այդպիսի շանս որեւէ մեկին չի տվել եւ չի տալու:

-Ի՞նչ խնդիր էր առաջացել Դատավորների ընդհանուր ժողովում, եղե՞լ էր Ձեր կողմից միջամտություն, թե՞ ոչ:

-Իմ համար էլ էր զարմանալի ու զայրանալի, որ Հաշվիչ հանձնաժողովի աշխատանքում նման բան տեղի չունեցավ: Հաշվիչ հանձնաժողովը երկար ժամանակ զբաղվել է աշխատանքների կազմակերպմամբ, իհարկե հոգնած են եղել, աշխատանք է տարվեր, բայց ես դա չեմ արդարացնում, քանի որ այդ ամենը ստվերվեց, երբ քվեաթերթիկները սխալ էին հաշվարկվեր: Ես դա մենակ կարող եմ բացատրել հոգնածությամբ, բայց չեմ կարող արդարացնել, քանի որ մեր աշխատանքը ստվերվեց արդյունքում, սակայն բացվեց արկղը, վերահաշվարկ կատարվեց, նաեւ տեսաձայնագրվել է, եւ արդյունքում պարզվեց, որ դա միայն Հաշվիչ հանձնաժողովի սխալն է եղել:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 33-ամյա կնոջ կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է՝ 33-ամյա կինը սուտ մատնություն է կատարել իր ամուսնու նկատմամբ՝ վերջինիս անհիմն կերպով մեղադրելով իր անչափահաս դստեր նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ, ցանկանալով ամուսնուն ետ պահել արտագնա աշխատանքի մեկնելու մտքից՝ մտավախություն ունենալով, որ ամուսինը ՌԴ մեկնելուց հետո իր մոտ ետ չի վերադառնա։ Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արմավիր քաղաքի 33-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

 

ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

2020թ. օգոստոսի 18-ին «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վերք, ներքին արյունահոսություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գորիս քաղաքի 31-ամյա բնակիչ: Գորիսի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ 2020թ. օգոստոսի 18-ին` ժամը 17:30-ից 18:00-ի սահմաններում, 31-ամյա բնակիչը մարմնական վնասվածքը ստացել է Գորիս համայնքի Բարձրավան բնակավայրի ակումբի շենքի հարեւանությամբ նույն բնակավայրի 17-ամյա անչափահասի հետ ունեցած անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության, քաշքշուկի եւ փոխադարձ կռվի ընթացքում: Վերջինս գրպանում պահած սուր ծակող-կտրող գործիքով մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է 31-ամյա տղամարդու որովայնին` պատճառելով ծանր մարմնական վնասվածք: Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ, կատարվել են առերեսումներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: 17-ամյա անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերեւույթ փաստական տվյալներ, որ Գյումրիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2010 թվականից մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակահատվածում նախնական համաձայնությամբ, ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով 18 քաղաքացիների հրամանագրել են տարբեր հաստիքներում եւ, հաստատապես տեղյակ լինելով վերջինների կողմից աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին, կանխիկ, իսկ հետագայում նաեւ բանկային փոխանցումների եղանակով ստացել են այդ աշխատակիցների անվամբ ելքագրված գումարները՝ այդկերպ հափշտակելով Գյումրիի համայնքապետարանի բյուջեից ելքագրված առանձնապես խոշոր չափերի՝ 32.000.000 ՀՀ դրամի գումարները: Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ առ այն, որ Գյումրիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող մեկ այլ՝ «Համալիր մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն հանդիսացած Ա. Կ.-ն եւ հաշվապահ Ա. Պ.-ն, 2009 թվականից մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակահատվածում օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, մեկ միասնական դիտավորությամբ, շահադիտական դրդումներով ընդհանուր թվով 6 անձանց ձեւականորեն հրամանագրել են տարբեր հաստիքներում՝ համայնքապետարանի բյուջեից հափշտակելով 10.600.000 ՀՀ դրամի գումար: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել են երկու քրեական գործեր, որոնցով ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

 

 

ԶԻՋՈՒՄՆԵՐ

«Մաքսային ձեւակերպման հարցով զիջումների ենք հասել վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի հետ հանդիպման ժամանակ»,- երեկ կայացած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ձեռնարկատեր Գրիգոր Ազատյանը: Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ հայտարարվել է, որ ձեւակերպումը կիրականացվի հատավճար համակարգով, սակայն այդ ամենն արվում է, որպեսզի ապրանքների գների աճ չլինի, իսկ որոշ ապրանքների գներ կարող են նույնիսկ նվազել: «Ես անձամբ կգնամ եւ մաքսային ձեւակերպում կանեմ, որպեսզի ստուգեմ՝ փոխվել է ինչ-որ բան, թե ոչ: Հարցը, թե արդյոք տնտեսվարող սուբյեկտներին կվերադարձվի վճարված տարբերությունը մաքսային ձեւակերպման համար, մնում է քննարկման փուլում»,-նշեց նա:

 

 




Լրահոս