ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուները հրապարակել են տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Հայտարարությունում ասվում է.

 

«Հետեւելով 2020 թվականի սեպտեմբերի 14-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստի ընթացքում հնչած Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների ելույթներին, ինչպես նաեւ թեկնածուների կողմից իրենց ուղղված հարցերին տրված պատասխաններին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով) արձանագրում է.

  1. թեկնածուների կողմից հրապարակվել են տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանը հարցերից մեկին պատասխանելու ընթացքում նշել է, որ զանգ է ստացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, եւ զանգի ընթացքում հնչել են հարցադրումներ իր կուսակցական լինելու կամ չլինելու, ինչպես նաեւ բարեկամների կազմում բարձրաստիճան պաշտոնատար անձանց առկայության վերաբերյալ։

Հանձնաժողովը հայտարարում է, որ Հանձնաժողովը հեռախոսազանգի միջոցով նման հարցադրումներ թեկնածուին չի ուղղել, եւ թեկնածուի կողմից նման տեղեկությունների տարածումը չի արտացոլում ճշմարտությունը։

  1. Թեկնածուների վերաբերյալ Հանձնաժողովի ներկայացրած բարեվարքության եզրակացության վերաբերյալ հնչեցվել են գնահատականներ, տրվել են որակումներ, որոնք Հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկությունների հավաստիությունը կասկածի տակ են դրել: Մասնավորապես՝ թեկնածու Էդգար Շաթիրյանը Հանձնաժողովի՝ բարեվարքության վերաբերյալ եզրակացության մեջ ներկայացված տվյալների առնչությամբ տվել է գնահատականներ՝ պատկերացում ձեւավորելով, որ եզրակացության մեջ առկա այդ տվյալներն անարժանահավատ են։

Հանձնաժողովը վերահաստատում է, որ բարեվարքության եզրակացության մեջ գույքային դրության վերաբերյալ ներկայացված տեղեկությունները հիմնված են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաեւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հանձնաժողովին վերապահված այլ գործիքակազմի միջոցով ստացված տեղեկությունների վրա։

Հանձնաժողովը վերստին հայտարարում է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Հանձնաժողովի կողմից տրամադրված բարեվարքության եզրակացությունները հրապարակման ենթակա չեն, եւ կոչ է անում բոլոր պաշտոնատար անձանց, ովքեր ի պաշտոնե ստանում են այդ եզրակացությունները, խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, զերծ մնալ եզրակացության բովանդակության շուրջ ցանկացած քննարկումներից այն անձանց հետ, ովքեր չունեն եզրակացության բովանդակությանը ծանոթանալու լիազորություն։

Հանձնաժողովը հիշեցնում է, որ եզրակացությունը չի կարող քննարկվել, եւ դրա վերաբերյալ բացատրություններ, պարզաբանումներ չեն կարող ներկայացվել նաեւ թեկնածուներին, ուստի հորդորում է պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ թեկնածուներին զերծ մնալ օրինականության սահմաններից դուրս եկող ցանկացած գործողությունից։

 

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԽՆԴՐՈՒՄ

COVID-19 համավարակի ժամանակ առաջին անգամ «Ռոսավիացիան» ներկայացրել է Տրանսպորտի նախարարությանն առընթեր միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը բաշխում է արտասահման թռիչքների թույլտվությունը։ Հրապարակված նյութերի համաձայն՝ ռուսական փոխադրողները ցանկանում են իրավունք ստանալ թռչելու ոչ միայն կառավարության կողմից բացված երկրներ, այլեւ թույլտվություններ ապահովել նաեւ փակ երկրների համար. հայտնում է «Ինտերֆաքսը»։

Այսպես, օրինակ, չարթերային AZUR air-ը խնդրել է ՌԴ մի շարք քաղաքներից Լոնդոն, Կահիրե, Մալդիվներ կանոնավոր չվերթների թույլտվություն։ Nordwind ավիաընկերությունը Կալինինգրադ-Ստամբուլ երթուղու թույլտվություն է խնդրում։ Այս երկու ուղղությունները թռիչքների համար բաց են։

Միաժամանակ, Red Wings-ը եւ «Ազիմուտը» տարածաշրջաններից դեռեւս փակ Ադրբեջան կանոնավոր չվերթների թույլտվություն են խնդրում, NordStar-ը, «Ուրալյան ավիաուղիները» եւ AZUR air-ը՝ Հայաստան, «Ռոսիան», «Յուտեյրը», «ՌուսԼայնը»՝ Բելառուս։ Փոխադրողները նաեւ թույլտվության են հավակնում դեպի Գերմանիա, Հունաստան, Վրաստան, Իսրայել, Իսպանիա, Իտալիա, Ղազախստան, Կիպրոս, Չինաստան եւ մի ամբողջ շարք՝ առայժմ թռիչքների համար չթույլատրված երկրներ։ Մի քանի ընկերություններ նաեւ չարթերային չվերթների թույլտվություն են խնդրել դեպի Ավստրիա, Բուլղարիա, Հունգարիա, Դոմինիկյան Հանրապետություն, Իսպանիա, Ֆրանսիա։ Որոշ փոխադրողներ ընթացիկ գարնանային-ամառային (գործում է մինչեւ հոկտեմբերի վերջը) չվացուցակի չվերթների թույլտվություն են խնդրում, որոշները ապահովում են աշնանային-ձմեռային չվերթները։

Հանձնաժողովի նիստը նախատեսված է սեպտեմբերի 17-ին հեռավար ձեւաչափով։ ՌԴ-ն COVID-19 համավարակի ֆոնին արտասահման բոլոր կոմերցիոն ուղեւորատար չվերթները դադարեցրել էր մարտի վերջին։ Օգոստոսի 1-ին փոխադրողներին թույլ էին տվել մի շարք ռուսական քաղաքներից թռիչքներ կատարել դեպի Լոնդոն, Անկարա, Ստամբուլ, Զանզիբար (Տանզանիա), օգոստոսի 10-ին՝ թուրքական Անթալիա, Բոդրում, Դալաման, օգոստոսի 15-ից՝ Շվեյցարիա։ Սեպտեմբերին վերսկսվել են կանոնավոր չվերթները Կահիրե, Դուբայ եւ Մալդիվներ։

 

 

ԱՌԱՆՑ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ

Համագործակցելով պարետատան, ՀՀ ԱԳ նախարարության եւ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը իրականացրել է համապատասխան աշխատանքներ՝ ապահովելու Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք՝ առանց 14-օրյա ինքնամեկուսացման պայմանի կիրառման:

Վրաստանի իշխանությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ վերոնշյալ քաղաքացիների անխափան տեղաշարժի եւ սահմանի անցակետում մուտքի կազմակերպման վերաբերյալ:

 

 

ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ԹՌԻՉՔ ԿԼԻՆԻ

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։00-ին, Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Դոնի Ռոստով-Երեւան չարտերային թռիչքը։ «Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «ԸՑսՈր Շչ» ընկերության տոմսարկղերից։ Ավիատոմսի արժեքը՝ 13.000 ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչեւ երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։ Ս/թ օգոստոսի 13-ից նաեւ ՌԴ քաղաքացիները հնարավորություն ունեն մուտք գործել ՀՀ տարածք։ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների, սակայն ՀՀ-ում ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է պատվիրել համապատասխան լաբորատորիաների մասնագետների այցի միջոցով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություն եւ բացասական պատասխանի դեպքում ժամկետից շուտ ազատվել պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմից»,- տեղեկացնում է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

 

 

ԴՊՐՈՑ ՉԵՆ ԳՆՈՒՄ

Շիրակի մարզի Սարապատ համայնքի Սալուտ բնակավայրի բնակիչ Վահան Մինասյանի խոսքով՝ երեկվանից դադարեցվել է իրենց գյուղի աշակերտներին հարեւան համայնքում գտնվող դպրոց տեղափոխող միկրոավտոբուսի գործունեությունը, ինչի պատճառով իրենք պատրաստվում են 3 գյուղերի ծնողներով իրենց երեխաներին չուղարկել դպրոց, քանի որ ճանապարհը գնալ գալով շուրջ 12 կմ է:

Բնակչի խոսքով՝ մարզպետարանը տարիներ շարունակ երեխաներին «Գազել» է տրամադրել: «Աշակերտներին «Գազելը» հավաքելով 6 կմ տանում էր դպրոց, հետո հավաքում, հետ բերում գյուղեր 3 գյուղի աշակերտների: Բոլոր ծախսերը մարզպետարանն էր հոգում։ Հիմա «Գազելի» փողը չեն փոխանցել, երեխեքն էլ ստիպված պետք է 6 կմ ոտքով գնան, դպրոց հասնեն, այդքան էլ հետ գան: Դպրոցը Մուսայելյան գյուղում է, այդտեղ են գնում Սալուտ, Վարդաղբյուր եւ Հարթաշեն գյուղերից: Այսօրվանից հանվել է տրանսպորտը, գցել են ծնողների վրա, թե՝ փող հավաքեք, «Գազելին» վճարեք, թող տանի երեխեքին, բայց մենք եկել, սարի գլխին ապրում ենք, ու, փաստորեն, էս կորոնայի ընթացքում էլ ամեն օր երեխեն 6 կմ պետք ա գնա, որ հասնի դպրոց: Ամենափոքր երեխեն 4-րդ դասարան է, մեշոկով գիրք են տվել, որ էդ երեխեն 6 կմ գնա դպրոց, իր վրա վիճակ չի մնա, ողնաշարի գրիժա կստանան երեխեքը»,-ասել է նա:

Վ. Մինասյանի խոսքով՝ իրենց դպրոցից ասել են, թե մարզպետարանը չի լուծում խնդիրը: Բնակչի խոսքով՝ տվյալ համայնքների աշակերտների տրանսպորտի խնդիրը լուծվել է Շիրակի նախկին մարզպետ, ներկայումս արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի ջանքերով, ինչը, փաստորեն, ներկա դրությամբ գրչի մեկ հարվածով վերացրել են։




Լրահոս