ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՊԱՀԱՆՋԵՑԻՆ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Արայիկ Հարությունյանն այս մասին հայտարարեց իր ասուլիսի ժամանակ:

 

Նախարարը պատրաստ է հրաժարական տալ այն դեպքում, երբ զգա` իրենք սխալ ուղղությամբ են գնում։ «Ես կխնդրեմ մեր գործընկերներին ամպագոռգոռ հայտարարություններով եւ էսպես հրաժարականներով ինձ չվախեցնել, որովհետեւ ես չեմ վախենում դրանից: Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ եղել եւ եմ, ես առաքելություն եմ ստանձնել` ոլորտը բարեփոխելու, ես այդ առաքելությունը ներկայում իրականացնում եմ», – նշեց նա:

Նշենք, որ վերջին շրջանում Արայիկ Հարությունյանի գործունեությունը եւ առհասարակ նախաձեռնությունները հանրային բուռն քննարկումների առիթ են դարձել, եւ պարբերաբար բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ նախարարի հրաժարականի պահանջով: Եվ երեկ արդեն հարցը նաեւ խորհրդարան է հասել։ Նախաձեռնությունը ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն էր, եւ հարցապնդմանը զուգահեռ նաեւ բողոքի ակցիա տեղի ունեցավ խորհրդարանի բակում:

Խմբակցությունում դժգոհ են Հարությունյանի աշխատանքից։ Ընդդիմադիրները նույնիսկ «Քա՛յլ արա, դուխով հեռացի՛ր» գրությամբ պաստառ էին բերել նիստերի դահլիճ։

«Այլ արժանիք, որպես ոլորտի պատասխանատու, այդ անձը չունի, բոլորը գիտեն, որ նա Նիկոլ Փաշինյանի վստահելի մարդն է, այդ իսկ պատճառով լռում են, բայց ես ուզում եմ նորից դիմել իմ գործընկերներին Ազգային ժողովում, որտեղ մենք միասին աշխատում ենք, որ կրթությունն այն հարցն է, որ իրենք չպիտի լռեն», – հայտարարեց Անի Սամսոնյանը:

«Լուսավորը» խորհրդարանում առաջարկում է ընդունել որոշում, որպեսզի վարչապետը քննարկի Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը։ Խմբակցությունը գործող իշխանությունից ավելի վաղ երկու նախարարի պաշտոնանկության հարցն էր բարձրացրել, սակայն Ազգային ժողովը նման որոշում չէր ընդունել։

Արայիկ Հարությունյանն այսօր անդրադարձավ նաեւ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելու հարցին, ասաց` Ջուլֆալակյանի հետ վերջին ամիսների ընթացքում որեւէ քննարկում չի ունեցել, նա հնարավորություն ուներ այդ հարցերը բարձրացնելու համար. «Հնարավոր է, որ այդ քննադատության, կոնկրետ քննադատության մի մասը ընդունեինք, շտկումներ անեինք, մի մասը բացատրեինք, որ իր ընկալումներում եւ իր, այսպես ասած, դիրքորոշումներում այն փաստերը, որոնք դրա հիմքում են, չեն համապատասխանում իրականությանը»: Արսեն Ջուլֆալակյանը իր՝ մանդատից հրաժարվելու որոշումը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններով էր պայմանավորել։

Ապա Հարությունյանի հանդեպ դժգոհությունն ու քննարկումները տեղափոխվեցին խորհրդարան: Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցով հիմնական զեկուցողը ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն էր: Չնայած նրան հարցեր չուղղվեցին, սակայն թեժ էին պատգամավորների ելույթները:

Արդեն ամբիոնից նախարարը նշեց, թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ունի բարեփոխումների իր ժամանակացույցը, որը կարող է շտկվել, հղկվել խելամիտ եւ կառուցողական առաջարկների դեպքում, բայց ոչ երբեք տարբեր խմբերի կողմից ներքաղաքական նպատակներով կրթական կամ մշակութային ոլորտներում՝ ֆորսաժների եւ արագացումների կամ դանդաղումներ հարուցելու համար: «Իրականում «Լուսավոր Հայաստան»-ի այս նախաձեռնությունը սրանով ավելի կուժեղացնի նախարարությունը, որովհետեւ հաճախ կան դիտարկումներ, թե մենք չենք ներկայացնում մեր ամբողջ արածը, իսկ դրանք շատ են, եւ սա լավ առիթ է: Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, իմ կարծիքով, բնական են»,-ասաց նախարարը:

Հարությունյանը նշեց՝  կրթության ոլորտից է, լավագույնս տեղյակ է եղել այն ծանրությանը, որ վերցրել է՝ ոլորտում բարեփոխումներ նախաձեռնելով, եւ թե դա ինչ դիմադրության է արժանանալու: Նա հիշեցրեց՝ դեռ 2018-ին խոսել է այդ ծանր բարեփոխումների մասին, երբ մեծ խմբեր զրկվելու են կոմֆորտի իրենց գոտում մնալուց կամ ստիպված են լինելու տեղափոխվել այլ գոտի:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կրթական համակարգում տեսնում է մի շարք խնդիրներ, կարծում է՝ համակարգում կան հարցեր, որոնք ընթանում են նախկինում ընդունված պրակտիկայով, նախարարը երբեմն միջամտում է բուհական ինքնավարությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Աժ ամբիոնից ասաց ԼՀԿ-ական Աննա Կոստանյանը՝  ներկայացնելով ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով իրենց հարցապնդումը: Նա նախ դժգոհեց հարցապնդմանը խորհրդարանի ամբիոնից նախարարի տված պատասխանից: Կոստանյանը հիշեցրեց՝ կառավարության 2019-ի ծրագրի կատարողականի ժամանակ դեռ կարծիք է հայտնել՝ կրթական համակարգը կանգնած է կոլապսի եզրին, այսօր պնդում է իր այդ համոզմունքը:

Ընդհանուր առմամբ խորհրդարանում քննարկումները թեժ էին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

5 ԴԵՊՔ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն՝ hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 5 նոր դեպք: Վարակակիրներից 4-ը Ստեփանակերտ քաղաքից են, երեկ հաստատված դեպքի կոնտակտավոր եւ նախօրոք մեկուսացված էին, 1-ի մոտ էլ վարակը հայտնաբերվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու եւ հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Առողջացել է 1 քաղաքացի: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 345 մարդու մոտ, որից 301-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 42, ընդհանուր մեկուսացված է 78 քաղաքացի:  Թեստավորումների նպատակով 106 նմուշառում է իրականացվել:

 

 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Արձանագրենք, որ 2020թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի եւ այծի արտահանումը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 256 տոկոսով. արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի՝ ընդհանուր առմամբ շուրջ 3.4 միլիոն դոլարի: Այս աճը ուղիղ արդյունք է կառավարության ձեռնարկած մի շարք քայլերի, եւ մանր եղջերավոր անասունների արտահանումը օգուտներ է բերում բազմաթիվ տնտեսվարողների, ովքեր անսացել են ոչխար պահելու իմ հորդորներին: Շարունակում եմ պնդել, որ սա մեր գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից մեկն է, որը նաեւ աղքատության հաղթահարման շատ արդյունավետ գործիք կարող է դառնալ»:

 

 

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին եւ «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Վարչապետը եւս մեկ անգամ ընդգծել է, որ անձամբ իր եւ կառավարության համար առաջնայինը Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ ազդակիր համայնքների հավասարակշռված շահն է, ու բոլոր որոշումներն ընդունվելու են այս համատեքստում:

 

 

 

ՔՆՆԻՉՆԵՐԸ ԳՆԱՑԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

«Օրենքով գող» Արտյոմ Կանեւսկոյի քրոջ որդիների վրա կրակոցների գործով օրերս ՀՀ քննչական կոմիտեի քննիչները գնացել են հիվանդանոց, որպեսզի հարցաքննեն «օրենքով գողի» քրոջ որդիներին, սակայն վերջիններս հրաժարվել են ցուցմունք տալ՝ ասելով, որ առողջական խնդիրներ ունեն, եւ քննիչներին այլ ելք չի մնացել, քան թողնել հեռանալ հիվանդանոցից: Գրել էինք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները նախնական վարկած ունեն, որ կրակելով «օրենքով գողի» քրոջ որդիների ուղղությամբ՝ ենթադրյալ հանցագործը կամ հանցագործները ցանկացել են ցավեցնել հենց «օրենքով գող» Արտյոմ Կանեւսկոյին:

Հիշեցնենք, որ Երեւանում հնչած կրակոցներից հետո իրավապահները շտապել են «օրենքով գող» Արտյոմ Կանեւսկոյի բնակարան եւ նրան տարել են ոստիկանության Մաշտոցի բաժին: Նշենք, որ Հալաբյան փողոցում հնչած կրակոցներից հետո 4 անձ հրազենային մարմնական վնասվածներով տեղափոխվել էին «Արմենիա» եւ «Նաիրի» բժշկական կենտրոններ:

Հավելենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (Սպանության փորձ) 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԿԱՌՈՒՅՑՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ քաղաքային իշխանությունները պլանավորում են առաջիկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանին տեղափոխել աշխատելու ՀՀ վարչապետին կից որեւէ կառույցում։

Ըստ մեր տեղեկությունների՝ հենց Կարապետյանն է առաջարկել իրեն տեղափոխել գործադիր մարմին: Բանն այն է, որ Կարապետյանը ոչ մի կերպ չի համակերպվում օրենսդիրի «նստակյաց» կյանքի հետ ու համարում է, որ գործադիրում ինքն ավելի արդյունավետ կաշխատի: Նրան ճանաչողները վստահեցնում են, որ Կարապետյանը գյուղատնտեսության ոլորտում կարող է շատ լուրջ ձեռքբերումներ գրանցել, քանի որ Կարապետյանը այս ժամանակահատվածում կարողացել է ապացուցել, որ ինքը ոլորտում մասնագիտացած է:

Նշենք, որ խորհրդարանում Վարազդատ Կարապետյանը զբաղեցնում է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

 

 




Լրահոս