ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԳՏՆԵԼ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալկոհոլից թունավորման քրեական գործով իրավապահ մարմինները հայտնվել են փակուղու առաջ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները չեն կարողանում գտնել սկզբնաղբյուրը, թե մահացած քաղաքացիները ում սխալ քայլի հետեւանքով մահացան: Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Գործը քննվում է Քննչական կոմիտեի (ՔԿ) Արմավիրի մարզային քննչական վարչությունում։ Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվեց ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 17-ը՝ մահվան ելքով։

 

Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը՝ Երեւանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը՝ Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով: Նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ անհայտ ծագման, սպառողների կյանքի եւ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչքը ձեռք են բերել նույն քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանից:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 2-րդ մասով (Կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը): Եվս երկու անձի մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-207-րդ հոդվածի 2-րդ մասով (Կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելուն կամ իրացնելուն օժանդակելը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: Փաստացի ներկայումս քրեական գործով կա 27 տուժած անձ:

Եվ, ահա, քրեական գործի ընթացքում նախաքննական մարմինը կանգնել է լուրջ կացության առաջ եւ չի կարողանում գտնել ալկոհոլի գործով սկզբնաղբյուրը: Բանն այն է, որ նախաքննական մարմինը քննության սկզբնական շրջանում հստակ ունեցել է տվյալ, որ, օրինակ, Արմավիրի մարզում մահացած անձինք խմել են Աշոտ Հովսեփյանի կողմից պատրաստված ալկոհոլը եւ մահացել, սակայն մինչ այս գործով քննություն էին իրականացնում, Երեւանում եւս ալկոհոլի թունավորումից մահվան դեպքեր գրանցվեցին, եւ նախաքննական մարմինը, ներկայումս ուսումնասիրելով Երեւանում մահացած անձանց դեպքերը, արձանագրել է, որ, օրինակ, նրանք Աշոտ Հովսեփյանից չեն գնել ալկոհոլ, այլ, օրինակ, սպիրտը գնել են դեղատնից, ալկոհոլի այլ պարագաները՝ այլ վայրից, եւ, առհասարակ, Երեւանում ալկոհոլից մահացած անձինք որեւէ կապ չունեն Արմավիրի մարզում Աշոտ Հովսեփյանից ալկոհոլ գնած ու մահացած անձանց դեպքի հետ: Ասել է թե՝ ալկոհոլի թունավորման դեպքերը տարբեր ուղղություններ են տանում իրավապահներին, եւ վերջիններս մինչ օրս չեն կարողանում գտնել սկզբնաղբյուրը:

Ինչո՞ւ իրավապահները չեն զգուշացնում մարդկանց, թե Երեւանում հատկապես ինչ տեսակի բժշկական սպիրտից են եղել մահացու թունավորման դեպքերը: Քննչական կոմիտեից միայն հայտնում են, թե նախաքննության շահերից ելներով՝ այլ տեղեկություն չեն կարող տալ։  Իսկ մասնագետները խիստ անհանգստացած են. բացի այն, որ մահաբեր մեթալն ագրեսիվ թույն է ու չունի իր հակաթույնը, պարզվում է՝ չկա նաեւ բժշկության մեջ դրա թունավորման դեպքի համար որոշակիացրած պրոտոկոլ: Բացի այդ,  թունավոր տեխնիկական սպիրտի շրջանառությունը կանխված չէ, հայտնի չէ սկզբանղբյուրը, հետեւաբար  չեզոքացված չէ վտանգը:  Մասնագետները  առաջիկա օրերի համար ամենեւին էլ չունեն դրական կանխատեսումներ: Հակառակը՝ սպասվում է, որ նույն թունավոր սպիրտից պատրաստված ալկոգելից առաջիկայում կգրանցվեն թունավորման ծանր նոր դեպքեր:

Հիշեցում. էթիլ սպիրտից սուր թունավորման ախտանշաններն են՝ գրգռում, սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ, գլխացավ եւ գլխապտույտ, նիստագմ, դիպլոպիա, թույլ համակենտրոնացում, անհավասարակշռություն, քնկոտություն, ատաքսիա, կոմա, ցնցումներ, շնչառության խանգարում, ճնշման իջեցում, սրտի դանդաղ աշխատանք, մարմնի ջերմաստիճանի իջեցում, հիպոգլիկեմիա: Վերոնշյալ ախտանշանների ի հայտ գալու պարագայում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի եւ չզբաղվել ինքնաբուժմամբ։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԵՊՀ-Ի ՆԱԽԿԻՆ ՌԵԿՏՈՐԻՆ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երեւանի պետական համալսարանի նախկին ռեկտորի կողմից առերեւույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ: Ա. Սիմոնյանը, 2015 թվականին հանդիսանալով «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, ունեցել է նշված համալսարանի ֆինանսական գործունեությունը ղեկավարելու եւ մինչեւ հիսուն միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրեր կնքելու իրավասություն: Վերջինս վստահված ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով պայմանագրային հիմքով ԵՊՀ մասնաշենքերում պահնորդական ծառայություններ մատուցող ՍՊ ընկերության տնօրենի հետ, 2015 թվականի հուլիսի 3-ին կնքված համաձայնագրի շրջանակներում մինչեւ 2019թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, առանց ծառայությունների մատուցման, «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի ֆինանսական միջոցներից վատնել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 34.362.581 ՀՀ դրամ գումար՝ բանկային եղանակով փոխանցելով վերոնշյալ ՍՊ ընկերության տնօրենին: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երեւանի պետական համալսարանի նախկին ռեկտորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ԱՌԳՐԱՎՎԵԼ Է

Ադրբեջանաիրանական սահմանին տեղի է ունեցել հերթական հրաձգությունը. սպանված կա։ Պետական սահմանապահ ծառայությանը, վկայակոչելով ԱՊԱ-ն, հայտնում է, որ սահմանապահները նկատել են երկու սահմանախախտների։ Կանգնելու հրամանին չենթարկված սահմանախախտների վրա սահմանապահների արձակած կրակոցների հետեւանքով մաքսանենգներից մեկը սպանվել է, մյուսին հաջողվել է թաքնվել։ Տեղազննման ժամանակ հայտնաբերվել է երկու պայուսակներով մոտ 15 կգ թմրանյութ, ինչպես նաեւ հրացան։ Ձերբակալվել է Մամեդով Ադիշ Ջավադօղլուն, նրա մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է ոգելիցով 10 շիշ։ Ա. Մամեդովը պետք է հանդիպեր մաքսանենգներին, որ նրանցից վերցներ թմրանյութը։

 

 

ՆԿԱՏՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

Արաբկիր վարչական շրջանում ամիսներ առաջ ուշագրավ դեպք էր գրանցվել: Մասնավորապես, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ հեռու կանգնելու վերաբերյալ նկատողություն անելու հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ անգամ դանակով բռնության են դիմել:

Մեզ հայտնի դարձավ, որ Արման Գաբոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2020 թվականի մայիսի 10-ին` ժամը 19:20-ի սահմաններում, Երեւանի Վաղարշյան 19 հասցեի մոտ դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Արման Գաբոյանը իր անձի առավելությունը հասարակության անդամների նկատմամբ ցուցադրելու նպատակով, խախտելով մարդկային համակեցության կանոնները, ակնհայտ արհամարհանք դրսեւորելով եւ ցուցադրական կերպով հասարակական վայրում վարքագծի կանոնները անտեսելով, շեղ հայացքով նայելու եւ, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, հեռու կանգնելու վերաբերյալ նկատողություն անելու հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել Արմեն Լամբարյանի հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող եւ որպես զենք օգտագործվող դանակի միջոցով բռնություն գործադրելով՝ շուրջ 10 րոպե բազմաթիվ հարվածներ է հասցրել Արմեն Լամբարյանի մարմնի տարբեր մասերին` վերջինին պատճառելով մարմնական վնասվածքներ, որի արդյունքում խաթարվել է նաեւ նույն հասցեում գործով «PARMA» խանութ սրահի աշխատանքը, ինչպես նաեւ վեճի ընթացքում ոտքով հարվածներ է հասցրել Արմեն Լամբարյանին պատկանող «Porsche Cayenne» ավտոմեքենային` այդկերպ վնասելով ուրիշի գույքը: Արման Գաբոյանը կալանավորված է:

 

 

«ԿԱՐՄԻՐ ԽԱՉ»-Ի ԱՆՎԱՆ ՏԱԿ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նիկոլայ Սիմոնյանին, Մարատ Պողոսյանին եւ Կարեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նրանք, նախնական համաձայնության գալով խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար, ներկայացել են իբրեւ «Կարմիր խաչ» կազմակերպության ներկայացուցիչներ, այդկերպ վստահություն ներշնչելով՝ չարաշահել են Աղբերք գյուղի բնակիչներ Մայիս Կիրակոսյանի, Հայկ Պետրոսյանի եւ Գագիկ Մարկոսյանի վստահությունը, փոխադարձ համաձայնության են եկել նրանց հետ նրանցից գնվող անասունների դիմաց պայմանավորված գնով 1-2 օրում վճարելու հարցում, սակայն նրանցից վերցնելով մանր եւ խոշոր եղջերավոր անասուններ եւ խոզեր՝ դրանք պայմանավորված գնից ակնհայտ էժան գնով վաճառել են տարբեր անձանց եւ մեկ միասնական դիտավորությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափի՝ 7 միլիոն դրամ արժողության անասունները։

 

 




Լրահոս