«ՄԱՐՏԻ 1». ԹԵ ՈՎ ԻՆՉՊԵՍ ՏԱՊԱԼԵՑ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին անգամը չէ՝ արձանագրում ենք, որ «Մարտի 1»-ի արյունալի իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործը թնջուկ է դարձել: Թվում էր, թե լայն հանրության աչքի առջեւ տեղի ունեցած իրադարձությունները վաղուց պետք է բացահայտված լինեին, 10 զոհերի սպանողները՝ վաղուց բանտարկված, բայց դեռ գործը քննվում է ու քննվում՝ բազում հարցականներ առաջացնելով: Փորձենք հասկանալ այս իրավիճակի խորքային պատճառները: Ինչպես հիշում եք, նույնիսկ հայտնի գաղտնալսման մեջ էր խոսվում այն մասին, որ «Մարտի 1»-ի գործի քննության մեջ առանցքային դերակատարություն ունի այսօր արդեն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը:

 

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջապատի ներկայացուցիչն է, Տեր-Պետրոսյանի որդու ընկերը, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) քաղաքական գծի հետեւորդը: Նա նաեւ շատ գործերով մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն էր: Եւ որպես «Մարտի 1-ի» գործի, այսպես ասած, իրավատեր, ՀԱԿ-ի վառ ներկայացուցիչ, իրավաբան՝ աներկբա է, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ պլանավորել, գծագրել է՝ երբ, ում հրավիրել հարցաքննության, ինչ հարցեր տալ, որպեսզի հնարավոր լինի իրականում բացահայտել մարտի 1-ի իրադարձությունները ամբողջ խորությամբ: Նախկին իշխանությունները ամեն ինչ բարդում էին ընդդիմադիրների վրա:

Եւ ի՞նչ իրավիճակ ունենք այսօր: Մարտի 1-ի իրադարձությունների մասով սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով մի խումբ նախկին պաշտոնյաներ, այդ թվում եւ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ամբաստանվում են: Բայց գործի նկատմամբ չկա հասարակական վստահութուն, Քոչարյանն ազատության մեջ է: Մարտի 1-ի 10 անմեղ զոհերի հարազատներն արդեն հայտարարել են, որ հիասթափված են սպանությունների մասով տարվող գործի քննության որակից ու տեմպերից, մարտի 1-ի ողբերգության հեղինակները իրավաբանորեն մնում են անհայտ, թեեւ լայն հանրությունը շատ լավ գիտի՝ իրականում ով կամ ովքեր են մեղավոր մարտի 1-ի համար:

Իսկ ի՞նչ է անում ՀՔԾ-ն, որն, ըստ էության, առաջնորդվում է Վահե Գրիգորյանի ցուցումներով: Օրինակ՝ մեղադրանք է առաջադրել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ վաղամեռիկ Գեւորգ Մհերյանին, թե վերջիներս հրահանգներ են տվել ՀՀ նախկին ոստիկանապետեր Հայկ Հարությունյանին, Ալիկ Սարգսյանին, որպեսզի պաշտոնեական կեղծիք  կատարեն: Իհարկե, անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող էր արդարադատության նախարարի տեղակալը (Գեւորգ Կոստանյան) 2 ոստիկանապետերին նման ցուցումներ տալ: Աբսուրդ է հավատալ, որ կարող էր նախագահի օգնական Կոստանյանը ոստիկանության 2 պետերին ցուցում տալ՝ առանց նախագահի՝ Սերժ Սարգսյանի հանձնարարության: Ի դեպ, ՀՔԾ պաշտոնական հայտարարությունից երեւում է, որ ո՛չ Կոստանյանը, ո՛չ Մհերյանը չեն մեղադրվում Սերժ Սարգսյանի ցուցումով նման հրահանգ տալու մեջ, այլ մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ այն դեպքում, երբ նախագահի օգնականը պաշտոնապես որեւէ լիազորություն չունի ոստիկանապետերին հանձնարարություններ տալու, եւ ոստիկանապետերն էլ չեն կարող կատարել նրա հանձնարարությունները:

Բացի այդ, Ալիկ Սարգսյանն արդեն ցուցմունքով հայտնել է, որ նման հրահանգ չի եղել եւ չէր էլ կարող լինել, բայց ՀՔԾ-ն համառում է: Ավելին, մատուցվում է, թե սա «Մարտի 1»-ի գործի բացահայտման համար կարեւոր է: Իսկ Գեւորգ Կոստանյանն էլ հրապարակավ հայտնել է, թե պատաստ է ցանկացած պահի վերադառնալ՝ պայմանով, որ հասարակության առաջ հարպարակավ քննարկվեն այս բոլոր հանգամանքները: Եւ ինչպես հայտարարել էր Գ. Կոստանյանը, եթե ՀՔԾ-ն հրապարակավ գոնե 1 ապացույց ներկայացնի, որ ինքը մեղավոր է, պատրաստ է ընդունել ողջ պատասխանատվությունը, բայց ՀՔԾ-ն առայսօր չի ներկայացրել գոնե 1 ապացույց: Սակայն տարօրինակ զուգադիպությամբ այս հայտարարությանը ագրեսիվ արձագանքեցին միայն Վահե Գրիգորյանի քաղաքական հետեւորդները՝ ՀԱԿ շրջանակից: Ինչու՞… Իրականությունն այն է, որ եւ՛ «Մարտի 1»-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, ե՛ւ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը ասել են՝ գալիս ենք, բավարարե՛ք մեր պայմանները, սակայն ՀՔԾ-ն չի ընդառաջում:

Ի վերջո, կարող են ընդառաջել նախկին պաշտոնյաներին, նրանք կգան Հայաստան, կպատասխանեն բոլոր հարցերին եւ, ըստ անհրաժեշտության, կալանավորվեն: Ինչու՞ ՀՔԾ-ն չի գնում այս սցենարով. որովհետեւ վերջնականապես կպարզվի, որ անգամ նրանց գալուց հետո «Մարտի 1»-ի գործը չի բացահայտվում, եւ Վահե Գրիգորյան-Սասուն Խաչատրյան զույգի գծած սցենարը չի իրականացվում: Իսկ այսօրվա իրավիճակը ձեռնտու է ՀՔԾ-ին, քանի որ կան մեղավորներ, եւ ՀՀ վարչապետին նրանք ամեն անգամ զեկուցում են, թե «Մարտի 1»-ի գործը չի բացահայտվում, քանի որ Գեւորգ Կոստանյանը, Վահագն Հարությունյանը եւ այլոք հետախուզման մեջ են: Ու այսպես գործը տանում են դեպի փակուղի: Իսկ ո՞րն է գաղտնիքը:

Պարզվում է՝ Վահե Գրիգորյանն ու Սասուն Խաչատրյանը արմատներով սերում են Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքից, ընտանեկան, ընկերական մտերմություն ունեն: Սասուն Խաչատրյանը Վահե Գրիգորյանի հետ գծած սցենարը փորձում է ներկայացնել որպես իրականություն՝ դրանով եւ մոլորեցնելով հասարակությանը եւ Նիկոլ Փաշինյանին փաստի առաջ կանգնեցնելով: Ահա թե որտեղ է թաքնված շան գլուխը, եւ ում է ձեռնտու Մարտի 1-ի թնջուկը չբացահայտելը: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում խառնաշփոթն էլ մեծապես սարքեց նույն Վահե Գրիգորյանը, քանի որ նպատակ ուներ ՀԱԿ-ի «քվոտայով» դառնալ ՍԴ նախագահ, բայց հիմա այդ ծրագիրն էլ է ձախողել, ինչպես «Մարտի 1»-ի գործի գծագրած քննությունը. ՍԴ նախագահ չի դառնա:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՄԵԿՆՈՒՄ ԵՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանին, Տիգրան Մելքոնյանին եւ Վահե Գրիգորյանին Ավստրիայի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել:

 

 

ՉԵՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ

««Լուսավոր Հայաստանն» ունի իր օրակարգը, եւ որ օրը որոշենք վարչապետի հրաժարականը պահանջել, մենք դա օդում չենք որոշելու, կնախաձեռնենք իմպիչմենտի գործընթաց խորհրդարանում»,- ԱԺ-ում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Մենք խորհրդարանական ուժ ենք, չենք կարող ասել բաներ, որ օդում մնա: Ես որ պահանջեմ հրաժարական, պետք է այդ հրաժարականը տան: Հետեւաբար, եթե չեմ պահանջում, դրա նախադրյալները, դրա հասունության պահը չկա: Ենթադրենք՝ մեկը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա էլ տվեց հրաժարականը: «Իմ քայլը» դաշինքը Ռոմանոս Պետրոսյանին ընտրեց վարչապետ, էդ մեկի ասածից ի՞նչ է փոխվելու: Իշխանությունը վարչապետը չի, իշխանությունն այս 88 հոգին են: Իրենք են որոշում՝ ով դառնա վարչապետ»,-ասել է Է. Մարուքյանը:

 

 

ՈՐՈՇՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

Նիկոլ Փաշինյանը ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» oրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշում է ստորագրել. «Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի` հաստատել ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 25-ի ՀՕ-340-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ:

 

 

ՈՒՂԵՐԹՆԵՐ ԿԿԱՏԱՐՎԵՆ

Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ եւ Երեւան-Գյումրի-Երեւան ուղղությունով ուղեւորափոխադրումների գործընթացն ապահովելու նպատակով սեպտեմբերի 21-ին կկատարվեն արագընթաց էլեկտրագնացքների ուղերթներ: Երեւանից արագընթաց էլեկտրագնացքը մեկնելու է 09:15 (ժամանումը Գյումրի՝ 11:25), Գյումրիից՝ 17:55-ին (ժամանումը Երեւան՝ 20:05): Երեւան-Գյումրի-Երեւան մերձքաղաքային էլեկտրագնացների չվացուցակները սեպտեմբերի 21-ին մնում են անփոփոխ:

 

 

ՊԱՏՃԱՌԸ՝ ՕՐԵՆՔԻ ԲԱՑՆ Է

Գլխավոր դատախազությունը պնդում է, թե Քրեական օրենսգրքի բացն է պատճառը, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից «Ազատության» լրագրողների աշխատանքը խոչընդոտելու միջադեպի կապակցությամբ գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով, որը կատարվել է լրագրողի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, իսկ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածի առաջին մասով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:

Նույն հոդվածի երկու մասերի տարբերությունը նախեւառաջ պատժաչափն է. առաջադրված մեղադրանքով պատիժը տուգանքն է` 200-400 հազար դրամի չափով, իսկ հոդվածի այն մասով, որով ի սկզբանե հարուցվել էր քրեական գործը`ազատազրկումը՝ 3-7 տարի ժամկետով:

Օգոստոսի սկզբին Սեւանի ափամերձ հատվածում ապօրինի կառույցների մասին ռեպորտաժի նկարահանման ընթացքում նախկին ոստիկանապետը անձամբ խոչընդոտել էր «Ազատության» նկարահանող թիմի աշխատանքը` սպառնալիքներով եւ հայհոյանքներով պահանջելով ցույց չտալ իր առանձնատունը:

 

 

ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանի հայրը` Արսեն Լոռեցյանը, չի հասկանում, թե ինչով կարող է իր որդին խոչընդոտել դատաքննությանը, ինչու որդուն ազատ չեն թողնում:

2019 թվականի դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման էին ենթարկվել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանը, ինչպես նաեւ վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաեւ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի եւև մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են: Վերջիններս չեն ընդունում իրենց մեղադրանքը, եւ նախաքննական մարմինը, շուրջ 7 ամիս քննություն իրականացնելով, կաշառքի գործով կալանավորված փոխնախարարի գործով հայտարարել է նախաքննության ավարտ:

 




Լրահոս