ՌԴ նկատողությունից հետո ադրբեջանական կայքերը խմբագրել են հայտարարությունը. ինչ է իրականում ասել Սերգեյ Լավրովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը ստիպված է եղել փոփոխություն կատարել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի մոսկովյան հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրության սկզբնական տեքստում: Այդ փոփոխությունը ստիպված ադրբեջանական կողմն արել է այն բանից հետո, երբ  Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությունը Սերգեյ Լավրովի խոսքերը ճիշտ չի մեկնաբանել:

Հիշեցնենք՝ երեկ ArmLur.am-ը գրել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը խոչընդոտ են ստեղծում ԼՂ հակամարտության կարգավորման ճանապարհին»։

Նշվում էր նաև, թե Սերգեյ Լավրովը Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ քննարկել է ԼՂ հակամարտության սկզբունքները, այդ թվում, տարածքներն ազատելու հարցեր: Սակայն ռուսական կողմի տարածած հաղորդագրոոթյան մեջ նշվում էր, թե «կողմերի ուշադրության կենտրոնում է եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում՝ լեռնային-ղարաբաղյան կարգավորման վիճակը և հեռանկարները: Մեկնաբանության համար ArmLur.am-ը դիմել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին, իսկ նա նշել էր.

«Մեզ համար Ադրբեջանի պաշտոնական մամուլի հաղորդագրությունները տեղեկատվության հավաստի աղբյուր չեն: Մենք ծանոթացել ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությանը»:

Ադրեջանի խորհրդարանի կայքում այսպիսի տեքստ էր հրապարակված. «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացը։ Սա պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն է։ Ռուսական կողմը կարգավորման գործընթացում կողմ է հանդես գալիս Ադրբեջանին հինգ գրավյալ շրջանների վերադարձին, խաղաղապահների տեղակայմանը և տրանսպորտահաղորդակցային համակարգի վերականգնմանը»:

Ավելի ուշ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանեց իրավիճակը՝ խորհուրդ տալով «որպես ճշմարտություն ընդունել բացառապես Մոսկվայի դիրքորոշումը, այլ ոչ թե այլ մեկնաբանություններ»:

«Ինչ վերաբերում է նախարար Լավրովի մեջբերումների ճշգրտությանը, ապա կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այդ հարցին և սկզբունքորեն այդ հարցերն ուղղել այն աղբյուրներին, որոնք տարածել են այդ տեղեկատվությունը»,- ասել է Զախարովան չորեքշաբթի կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

Եվ Զախարովայի խոսքերից հետո Ադրբեջանի խորհրդարանի կայքում հաղորդագրության տեքստը խմբագրվել է։ Լավրովի խոսքերն էական փոփոխության են ենթարկվել։ Փաշինյանի հիշատակումը, «հինգ գրավյալ շրջանների վերադարձի» և «խաղաղապահների տեղակայման» մասին խոսքերն առասարակ խմբագրվել են։

«Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հայտարարել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է խնդրի լուծմանը և ջանք չի խնայում այդ ոլորտում։ Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը», – ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության վերջնական տարբերակում։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս