«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի հետ՝ պարզելու համար, թե որքանով է իր՝ կառավարություն տեղափոխվելու հարցը լուծում ստացել, ու արդյոք նա ցանկանում է լքել օրենսդիր մարմինը: Պատգամավորը ներկայացրել է նաեւ խմբակցությունում առկա տարակարծությունները եւ հայտնել, որ իրենց թիմում մշտապես բուռն քննարկումներ կան՝ տարբեր հարցերի հետ կապված:
-Պարո՛ն Բոշյան, մեր տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» վարչության նիստի ժամանակ քննարկվել է Ձեր՝ գործադիր մարմին տեղափոխելու հարցը: Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պետք են այնպիսի անձինք, որոնք կառավարությունում ավելի լավ կաշխատեն: Որքանո՞վ է այս տեղեկությունն իրական: Դուք պատրաստվո՞ւմ եք տեղափոխվել գործադիր:
-Մեր կուսակցության վարչությունում, իհարկե, քննարկվում են տարբեր հարցեր, այդ թվում նաեւ՝ կադրային հարցեր: Ես մամուլով եմ տեղեկացել, որ նման տեղեկատվություն կա: Ես դա չեմ հաստատում: Ես փաստում եմ, որ շարունակում եմ աշխատել Ազգային Ժողովում որպես պատգամավոր:
-Իսկ եթե առաջիկայում առաջարկություն լինի տեղափոխվել գործադիր, ապա այդ դեպքում Դուք ի՞նչ կնախընտրեք, գործադի՞ր, թե՞ օրենսդիր մարմնում կաշխատեք:
-Ես տարբերություն չեմ տեսնում գործադիրի եւ օրենսդիրի մեր թիմի օրակարգի մեջ, քանի որ օրակարգը մեկն է, եւ այդ օրակարգը պետք է սպասարկել՝ անկախ մեր քաղաքական թիմի՝ օրենսդիրի, թե գործադիրի աշխատելու վայրից: Այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն, դրանք են մեզ համար կարեւոր: Մնացածը համարում եմ տեխնիկական հարցեր եւ արդյունավետության հետ կապված հարցեր:
-Պարո՛ն Բոշյան, վարչությունում քննարկվե՞լ է այն, որ «Իմ քայլը» խմբակցությունում դժգոհություններ կան՝ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության հետ կապված, նաեւ Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դրելու հանգամանքը: Շրջանառվում են մի քանի պատգամավորների անուններ, որոնք եւս պատրաստվում են մանդատները վայր դնել: Արդյոք այս հարցը քննարկվե՞լ է, եւ ի՞նչ լուծում է վարչությունն առաջարկում:
-Մեր գործընկերների հետ կապված՝ ես նման տեղեկատվություն չունեմ : Ես կարող եմ ասել, որ մեր ամբողջ քաղաքական գործունեության ընթացքում մենք բաց ենք եղել քննարկումների մասով: Դա վերաբերում է թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանը, թե՛ խորհրդարանում եւ թե՛ գործադիրում: Բայց դժգոհությունների հետ կապված այս կարծիքը չեմ կիսում: Համարում եմ, որ խմբակցությունը միասնական դիրքորոշում է հայտնել, եւ մեր քաղաքական թիմը լուծել է այն ճգնաժամը, որի մասին մենք բավականին երկար խոսում ենք: Խոսքս Սահմանադրական դատարանի շուրջ ստեղված իրավիճակի մասին է: Ես համարում եմ, որ ճգնաժամը լուծված է, բայց մենք պետք է ջանքեր գործադրենք այդ ինստիտուտները կայացնելու, ամրապնդելու համար:
-Ըստ Ձեզ՝ առաջիկայում մանդատից հրաժարվողներ չե՞ն լինելու ձեր խմբակցությունում: Քննարկե՞լ եք խմբակցությունում հարցը, թե խմբակցության անդամներն ինչից են դժգոհ:
-Դուք դա ձեւակերպում եք դժգոհություն, բայց ես կձեւակերպեի քննարկումներ, որովհետեւ կան հարցեր, որոնք եւս հետաքրքրում են, եւ ես նույնպես կարող եմ այդ հարցերը բարձրացնել ու քննարկել մեր գործընկերների հետ: Դա կարելի է քննարկումներ, տարակարծություններ, հարցերի վերաբերյալ տարբեր կարծիքների փոխանակումներ անվանել: Դա ժողովրդավարական կուսակցություններին, ժողովրդավարական քաղաքական թիմերին բնորոշ գործընթաց եւ մշակույթ է, եւ ես դա շատ կարեւոր եմ համարում, երբ կան ներթիմային քննարկումներ, բանավեճեր:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
Կորոնավիրուսի դեմ պայքարող գլխավոր հիվանդանոցներից մեկում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում, վերջին երեք օրերի ընթացքում արդեն 54 հոգի ենթադրաբար թունավորվել է սննդից: Ընդ որում, նրանցից 8-ը կորոնավիրուսով վարակակիրներն են, մնացածը՝ բուժանձնակազմի ներկայացուցիչներ:
Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վարակակիրներից երկուսը հղի են, մնացյալը տարբեր բաժանմունքներում գտնվող հիվանդներ են, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքի: Նրա խոսքով՝ երկու օր առաջ՝ հիվանդանոցի սննդից օգտվելուց հետո, հիվանդների ու բուժանձնակազմի մոտ սննդային թունավորման ախտանշաններ են նկատվել: Քաղաքացիները կերել են բանջարեղենով փլավ, միս եւ աղցան: Իսկ թե ինչ իրավիճակում են այժմ գտնվում ենթադրյալ թունավորվածները, փորձել ենք պարզել հերթապահ բժիշկ Կարեն Տոնոյանից: ArmLur.am-ի հետ զրույցում հենց հերթապահ բժիշկը, որը եւս այդ օրն օգտվել է «Արտ լանչ»-ի սննդից, հայտնեց, որ իրեն տարօրինակ է թվացել հատկապես այդ օրը մատուցված միսը:
Նկատենք, որ կորոնավիրոսով վարակված ամենամեծ թվով ծանր եւ առանձնապես ծանր վիճակում գտնվող անձինք գտնվում են հենց Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Այստեղ սննդի սպասարկումը մինչեւ երեկ իրականացնում էր «Արտ լանչ» ընկերությունը, սակայն այս դեպքից հետո բժշկական կենտրոնը փոխել է սնունդ մատակարարող ընկերությանը: Եվ չնայած այժմ փորձաքննություն է ընթանում, եւ արդյունքերը դեռ հայտնի չեն, սակայն «Արտ լանչ» ընկերության համահիմնադիր Բակուր Մելքոնյանը հայտնեց, որ մի քանի պրոֆեսիոնալ բժիշկների հետ խորհրդակցելուց հետո հասկացել են, որ թունավորում չկա, այլ եղել է աղեստամոքսային խանգարում։ Ընդ որում, նա ընդգծում է, որ պատրաստ է պատասխանատվություն կրել, եթե պարզվի, որ օրենքի խախտում է թույլ տվել կամ «մախինացիա» իրականացրել:
Արդյոք սննդի թունավորում է եղել, թե ոչ, դեռեւս հստակ չէ: Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ուսումնասիրություն են իրականացնում: Եվ չնայած ուսումնասիրության արդյունքները դեռ պարզ չեն, սակայն նկատենք, որ «Արտ լանչ» ընկերությունը կարծես թե մենաշնորհային գործունեություն է սկսել ծավալել սնունդ մատակարարող ընկերությունների շրջանում: Վերջին ժամանակահատվածում այս ընկերության ծառայություններից են սկսել օգտվել ոչ միայն պետական գերատեսչությունները, այլ նաեւ զորամասերը, այդ թվում՝ ոչ միայն Հայաստանում, նաեւ Արցախում: Եվ քանի որ ընկերության գործունեությունն այսպես ընդլայնվել է, ակնհայտ է, որ առաջին հերթին տուժելու է որակը, քանի որ չի կարող այսքան ծառայություն մատուցել՝ միեւնույն ժամանակ նույն որակը պահպանելով: Եվ այստեղ կարող ենք ականատես լինել նաեւ ընկերության վարկանիշի անկման:
ԿՔՆՆԻ ԲԱԼԱՅԱՆԸ
Քրիստինե Պողոսյանի մեքենայի թալանի գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը, որը Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանի որդին է:
Հիշեցնենք, որ 2019 թվականի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հայտնվել էր աղմկալի պատմության կիզակետում: Պատգամավորի մեքենայի վրա երկրորդ հարձակումն էր արձանագրվել։ Երկրորդ անգամ խորհրդարանի դիմաց՝ տեսախցիկների մոտ, կոտրել էին պատգամավորի մեքենայի ապակիները: Պատգամավորը դեպքերը մտահոգիչ էր համարել. «Այն, որ սա արդեն պատահականություն չէ, դա հաստատ։ Ազգային Ժողովի երկու տեսախցիկների ներքո կայանված մեքենան կոտրում են»: Նրա խոսքով՝ այս ամենն իր քաղաքական գործունեությամբ է պայմանավորված:
Ավելին, Պողոսյանը նշել էր, որ հեղափոխությունից առաջ այլ տեսակի բռնաճնշումներ էին կիրառում, հիմա արդեն՝ այսպիսի. «Հեղափոխությունից հետո շատ մարդիկ չեն մարսում, այսպես են վարվում։ Սա շարքային խուլիգանություն չէ, սա ԱԺ պատգամավորի, անձեռնմխելի անձի նկատմամբ ոտնձգություն է»: Armlur.am լրատվականին մանրամասներ են հայտնի դարձել. այս գործով ձերբակալվել է Էջմիածին քաղաքի բնակիչ Հարություն Մուրադյանը, որը շարունակում է մնալ կալանքի տակ:
ՄԱՐԶՊԵՏԸ ՀԻՎԱՆԴ Է
Սեպտեմբերի 17-ին՝ որոշակի ախտանշաններ ի հայտ գալուց հետո, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը հանձնել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստ, որի պատասխանը եղել է դրական: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը եւս դրական էր: Այս մասին հայտնում է մարզպետը: «Հետազոտություններ անցնելուց հետո ինձ մոտ ախտորոշվեց երկկողմանի զարգացող թոքաբորբ՝ առողջական վիճակի որոշակի բարդացումով, եւ բժիշկների ցուցմանը համաձայն՝ բուժումն անհրաժեշտ է շարունակել բժշկական հսկողության պայմաններում: Սեպտեմբերի 18-ից ստանում եմ հիվանդանոցային բուժում»,-հայտնել է մարզպետը: Մարզպետը Գեւորգյանը տեղեկացրել է նաեւ, որ իր բացակայության ընթացքում իրեն կփոխարինի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը: