ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ՝ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով՝ հաստատվել են դպրոցներում կիրառվող սանիտարական կանոնները, որոնք սահմանում են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը ներկայացվող պահանջները եւ նախատեսված են հանրապետության տարածքում գործող հանրակրթական (բացառությամբ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար՝ անկախ սեփականության ձեւից. այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

 

Հրամանով սահմանվել են ուսհաստատություններում կանխարգելիչ ու սանիտարահակահամաճարակային միջոցառումների եւ աշխատանքի ընդհանուր կազմակերպումը, տարածքների ախտահանմանը, սննդի կազմակերպմանը եւ սովորողներին տեղափոխող տրանսպորտային միջոցներին, ինչպես նաեւ սովորողներին ներկայացվող պահանջները։ Հաստատվել են նաեւ ախտահանման գործընթացի, սովորողների եւ անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ գրանցամատյանները եւ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող իրազեկման թերթիկը։ Սահմանվել է, որ դպրոցներում առողջ եւ անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ղեկավարը, որի կողմից նշանակվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու։ Վերոնշյալ հրամանով լրամշակվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցով նախապես սահմանված որոշ կանոններ, մասնավորապես ամրագրվել է՝ լսողության եւ խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների եւ նրանց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում, ինչպես նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար դիմակների կրումը պարտադիր չէ։ Հաստատությունում դասամիջոցներին սովորողների տեղաշարժը կազմակերպվում է ուսուցչի կամ պատասխանատուի հսկողությամբ՝ համաձայն կազմված ժամանակացույցի, որը բացառում է կուտակումների առաջացումը միջանցքներում։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով նախատեսված մանկավարժահոգեբանական աջակցության անհատական պարապմունքները կազմակերպվում են հետեւյալ կանոնների պահպանմամբ՝

1) ծնողի ընտրությամբ անհատական պարապմունքները կազմակերպվում են դպրոցում կամ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնում,

2) յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է տարածքի օդափոխում առնվազն 8-10 րոպե տևողությամբ,

3) յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է աշխատանքային տարածքի, մակերեսների ախտահանում՝ առնվազն 70-90% սպիրտի կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցներով, որոնք ունեն առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով առողջապահության նախարարի՝ 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետը,

4) յուրաքանչյուր պարապմունքից հետո իրականացվում է դիդակտիկ նյութերի եւ բոլոր այն առարկաների ախտահանում, որոնց երեխաները կարող են ձեռք տալ,

5) պարապմունքների ժամանակ օգտագործվում են մեկանգամյա անհատական օգտագործման կամ խոնավ մաքրման եւ ախտահանման պարագաներ,

6) ժամանակավորապես առօրյա գործածությունից դուրս են բերվում այն աշխատանքային նյութերը, որոնց ամենօրյա ախտահանումը հնարավոր չէ իրականացնել։ Այդ նյութերը հավաքվում են առանձին տարայում, եւ նախքան հետագա օգտագործումը դրանք պարտադիր ախտահանվում են:

7) սեղանի մոտ ապահովվում է ձեռքերի ախտահանիչ միջոց կամ ախտահանող անձեռոցիկ՝ առնվազն 70%-անոց սպիրտային հիմքով։

Մասնագիտացված եւ հատուկ դպրոցների մասով սահմանվել են գործունեության հստակեցված կանոններ՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները։

Ն.Պ.

 

 

ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

COVID-19 պատվաստանյութերը, որոնց վրա աշխատում են աշխարհի գիտնականները, մշակվում են հինգ տարբեր տեխնոլոգիական հարթակներում, որոնցից յուրաքանչյուրն ունի առավելություններ եւ թերություններ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել են «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունից:

 

Պատվաստանյութի տիպերն են՝

  1. վիրուսային պատվաստանյութ՝ կազմված վիբրիոնների առանձին մասնիկներից (րցոՖպՊՌվՌփվօպ),
  2. վիրուսի նման մասնիկների հիման վրա,
  3. ՌՆԹ եւ ԴՆԹ պատվաստանյութեր,
  4. վեկտորային (կրկնօրինակող եւ չկրկնօրինակող),
  5. կենդանի թուլացած եւ ոչ ակտիվ։

Պատվաստանյութերի մեծ մասը առաջին տեսակին է պատկանում ((րցոՖպՊՌվՌփվօպ)), որոնք ունեն «տեխնոլոգիական անվտանգություն», քանի որ դրանց արտադրության ոչ մի փուլում կենդանի վիրուս չի օգտագործվում, եւ պատրաստումն ինքնին պարունակում է միայն վիրուսային սպիտակուցներ: Այնուամենայնիվ, լիարժեք իմունիտետ ձեւավորելու համար նման պատվաստանյութերը, որպես կանոն, պետք է մի քանի անգամ ներարկվեն, բացատրել է «Ռոսպոտրեբնադզոր»-ը:

Վիրուսանման մասնիկների վրա հիմնված պատվաստանյութերը նույնպես բաղկացած են միայն վիրուսային սպիտակուցներից, դրանք անվտանգ են, բայց զանգվածային պատվաստումների համար դրանց արտադրությունը տեխնոլոգիապես բարդ է եւ պահանջում է մեծ ֆինանսական ծախսեր:

ԴՆԹ եւ ՌՆԹ պատվաստանյութերի արտադրությունը ամենապարզերից մեկն է, սակայն մարմնի բջիջներ գենետիկական նյութեր հասցնելու տեխնոլոգիաները դեռ լավ զարգացած չեն, ուստի մինչ այժմ կլինիկական պրակտիկայում չի օգտագործվում նուկլեինաթթվի վրա հիմնված ոչ մի դեղամիջոց:

«Պատվաստանյութերի նախատիպերի մշակման զգալի մասը հիմնված է վիրուսային վեկտորների օգտագործման վրա, որոնք բազմապատկվում են (ընդունակ են բազմապատկելու) եւ չեն վերարտադրվում (չեն կարող վերարտադրվել): Այս երկու տեսակի պատվաստանյութերի արտադրության տեխնոլոգիան նույնն է. վիրուսային վեկտորի գենոմում տեղադրվում է մեկ այլ վիրուսի թիրախային սպիտակուցը կոդավորող գեն:

Կենդանի թուլացած եւ ոչ ակտիվ պատվաստանյութերը դասական տեխնոլոգիական հարթակներ են եւ օգտագործվել են ավելի երկար, քան մյուսները: Ոչ ակտիվ դեղամիջոցը պարունակում է ոչ կենսունակ վիրուսներ, ուստի երկարատեւ իմունային պատասխան ձեւավորելու համար հաճախ պահանջվում է բազմակի ներարկում: Իսկ կենդանի թուլացած պատվաստանյութերը պահանջում են մեկ դեղաչափ, բայց կա հավանականություն, որ թուլացած վիրուսը կարող է վերադառնալ իր նախնական տեսակին եւ պատվաստվելիս հիվանդություն առաջացնել:

Օգոստոսին Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը գրանցեց աշխարհում առաջին պատվաստանյութը COVID-19-ի կանխարգելման համար, որը մշակվել է «Գամալեա» գիտական հետազոտությունների կենտրոնի կողմից եւ արտադրվել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Սա վեկտորային տիպի դեղ է, այն ստացել է «Sputnik V» անվանումը:

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանում փորձարկվում է եւս չորս պատվաստանյութ՝ մշակված «Վեկտոր» կենտրոնի, «Չումակով» կենտրոնի, չինական Sinopharm-ի եւ անգլո-շվեդական AstraZeneca-ի կողմից:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՉԻՆԱՐԵՑԻՆ ԽԱՆԴԻՑ ԽԵՂԴԵԼ Է ԻՐ 30-ԱՄՅԱ ԿՆՈՋԸ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Բերդ համայնքի սահմանամերձ Չինարի գյուղի  բնակիչ, 1989թ. ծնված Գեւորգ Վարդանի Պետրոսյանի դատավարությունը։  Նա մեղադրվում է  այն բանի համար, որ  2020թ. հունվարի 22-ին Չինարի բնակավայրի  իրեն պատկանող առանձնատան հյուրասենյակում  1990թ. ծնված իր կնոջը նկատողություն է արել ամուսնական անհավատարմության  համար, ինչի շուրջ առաջացած վիճաբանության, այնուհետեւ  քաշքշուկի ընթացքում երկուսով ընկել են հատակին, Գ. Պետրոսյանն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ վերցրել է վառարանի տակ ընկած հակի թելը եւ խանդի շարժառիթով թելով սեղմել կնոջ պարանոցը, որի հետեւանքով վերջինս մահացել է: Գ. Պետրոսյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (Սպանություն):  2020թ. հունվարի 24-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ Գ. Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով: Հետո Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումներով Գ. Պետրոսյանի  խափանման միջոց կալանքը երեք անգամ  երկարաձգվել է։ Սեպտեմբերի 16-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը  քննության է առել Գ. Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածության եւ օրինականության  հարցը։  Տավուշի մարզի դատախազության դատախազ Գ. Այվազյանը դատարանում հայտնել է, որ Գ. Պետրոսյանը  սպանությունը կատարել է խանդի շարժառիթով՝ կապված իր փեսայի հետ կնոջ սիրային հարաբերության հետ, Գ. Պետրոսյանը  նույնպիսի դիտավորություն կունենա նաեւ  փեսայի նկատմամբ,  կարելի  է հիմնավոր ենթադրություն անել, որ Գ. Պետրոսյանը, մնալով ազատության մեջ, կարող է կատարել օրենքով չթույլատրված նոր արարք։ Գ. Պետրոսյանի պաշտպան Գ. Սաղոյանը հայտնել է, որ ի սկզբանե ամբաստանյալի կալանավորումը կիրառվել  է անհրաժեշտ հիմքերի բացակայության պայմաններում, իսկ հետագայում կալանքի ժամկետները երկարացվել են ինչպես այդ հիմքերի, այն պես էլ վարույթն իրականացնող մարմնից պահանջվող ջանասիրության բացակայության պայմաններում։ Գ. Պետրոսյանը դիմում է  ներկայացրել, որով խնդրել է դատական  նիստն անցկացնել իր բացակայությամբ։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Մելքոնյանի որոշմամբ  Գ.  Պետրոսյանի նկատմամբ ընտված խափանման միջոց կալանքը  թողնվել է  անփոփոխ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս