ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՄԱՍՆ ՄՆԱԼ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավիճակը սահմանում շարունակում է լարված մնալ: Երեկ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաեւ օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսն է այրվել հարվածային ԱԹՍ-ի հարվածից, զոհեր եւ վիրավորներ չկան, ավտոբուսը դատարկ է եղել: Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր. հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-ների, հրետանու հուժկու կրակի տակ փորձել է հարձակումներ իրականացնել հատկապես հյուսիսային եւ հարավային ուղղություններով եւ կրելով մոտ 60 զինծառայողի եւ զգալի թվով զրահատեխնիկայի կորուստներ՝ հետ է շպրտվել:

 

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ս.թ. սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողություններն Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական գծի գրեթե ողջ երկայնքով: Մասնավորապես, հարձակողական գործողությունների ընթացքում առանձին ուղղություններով օգտագործում են ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր: ՊՆ-ի հաղորդմամբ՝ ՏՕՍ, Սմերչ եւ մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի: Այս կապակցությամբ Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել մեծ մակերեսների վրա կրակային խոցման եւ դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաեւ շարժական եւ անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության եւ ռազմական տեխնիկայի տեսակներ:

Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող զարգացումների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինի հետ:

-Պարո՛ն Խրամչիխին, ո՞րն է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը տեղի ունեցող դեպքերի շուրջ:

-Ռուսաստանի դիրքորոշումը զուսպ չէ, բայց ավանդական է: Ավելին ակնկալելն անիմաստ է։ Եվ ամբողջ աշխարհի դիրքորոշումն է նմանատիպ, միայն Ռուսաստանը չէ: Սակայն կանխատեսելի էր Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսումը, քանի որ բանակցային գործընթացը ապակառուցողական էր եւ Ղարաբաղից չի հրաժարվում ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը։

-Արցախի նախագահն ասում է, թե կռիվ է ընթանում Թուրքիայի դեմ: Սա որքանո՞վ է փոխում իրավիճակը:

-Այո, ԼՂ հակամարտությունը վերջին շրջանում իր խաղով բարդացնում է Թուրքիան, եւ դա հեշտ խաղ չէ, քանի որ դրանում առկա են Թուրքիայի տարածաշրջանային նկրտումները: Ինչ անում է Թուրքիան այս հակամարտության գոտում, նաեւ Ռուսաստանի դեմ է:  Ռուսաստանը խոչընդոտել է թուրքական պլանների իրագործմանը Մերձավոր Արեւելքում՝ Սիրիայում, Լիբիայում: Ռուսաստանն ու Թուրքիան գործում են հակադիր բեւեռներում:

-Սակայն այսօր իրավիճակն ավելի է լարվել, նաեւ հայկական կողմի ուղղությամբ կրակոցներ կան, Վարդենիսում քաղաքացիական զոհ կա: Այստեղ ի՞նչ զարգացումներ կարող են լինել:

-Ներկայիս իրավիճակը դեռ բավականին սահմանափակ է: Մինչ այս պահը եւ այն, ինչ եղել է Վարդենիսի ուղղությամբ, մասշտաբային գործողություններ չեն, դինամիկան փոխվում է, եւ իրականում Հայաստանի ուղղությամբ լուրջ գործողություններ դեռ չկան։ Այս դեպքում Ռուսաստանը չունի որեւէ առիթ միջամտելու, բացի դիվանագիտական կոչերը, որոնք, սակայն, որեւէ բան չեն փոխելու այս իրավիճակում։ Եթե լայնամասշտաբ ռազմագործողություններ սկսվեն Հայաստանի տարածքում, այդ դեպքում, կարծում եմ, Ռուսաստանը կսկսի լրջորեն անհանգստանալ: Կարող են կայացվել, այո՛, լուրջ որոշումներ, բայց ասել, թե դրանք կոնկրետ ինչ որոշումներ կլինեն, անհնար է։

-ՀԱՊԿ-ը չպե՞տք է արձագանքի այսպիսի իրավիճակում:

-ՀՀ տարածքում գործողությունների դեպքում ՀԱՊԿ-ը չի կարող գործել այնպես, ինչպես կարող է՝ հաշվի առնելով այդ երկրների եւ նրանց հետ ունեցած հարաբերությունները: Սակայն չի բացառվում, որ կլինի սցենար, երբ Ռուսաստանը չի կարողանա անմասն մնալ իրավիճակից: Սա անցանկալի սցենար է Ռուսաստանի համար ցանկացած տեսքով։

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲԱՑԱՐՁԱԿ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ

Տեղի ունեցավ ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը։ Օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց առաջ ելույթով հանդես եկավ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը:

Վիկտոր Բիյագովը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ շփման գծի երկայնքով սանձազերծված ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունը, հրետանու եւ օդուժի կիրառմամբ քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների թիրախավորումը եւ դրան հետեւած սադրիչ գործողությունները:

ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Բիյագովը գործընկերների ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական ագրեսիայի նախապես ծրագրված լինելու հանգամանքի եւ փաստերի վրա՝ միաժամանակ խորը մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցության առնչությամբ, ինչը ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի բացարձակ ոտնահարում:

«Հրաժարվելով խաղաղ բանակցություններից՝ ադրբեջանական ղեկավարությունը ընտրել է ղարաբաղյան խնդրի լուծման իր ճանապարհը՝ հրահրելով լայնամասշտաբ պատերազմ, որի արդյունքում արդեն կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ ռազմաքաղաքական աջակցությունը, որը նպաստում է նաեւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի հետագա ապակայունացմանը, լուրջ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի ժողովուրդների համար։ Ադրբեջանի զինված ուժերի կազմում ծառայում են թուրք մասնագետներ, օգտագործվում է թուրքական արտադրության զինտեխնիկա, այդ թվում՝ ԱԹՍ-եր եւ ռազմական ինքնաթիռներ։ Թուրք-ադրբեջանական խմբավորումների կուտակումը ՀԱՊԿ անդամ պետության սահմանին չի կարող չանհանգստացնել մեզ։ Մենք վճռական ենք ամբողջ ուժով դիմադրել եւ չեզոքացնել թուրք-ադրբեջանական այդ դաշինքի մտադրությունները»,- նշեց ՀՀ ներկայացուցիչը։

ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն անդրադարձավ նաեւ երեկ առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ապատեղեկատվության տարածմանը, որը նպատակ ուներ հող նախապատրաստելու հակամարտության մասշտաբների ընդլայնման եւ Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելու համար։ «Հակամարտության աշխարհագրության ընդլայնումը կարող է անմիջական վտանգ ստեղծել Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության համար, եւ այդ դեպքում մեր կողմից գործի կդրվեն համապատասխան ռազմաքաղաքական մեխանիզմներ՝ ուղղված արտաքին ագրեսիայի հավաքական հակազդմանը»։

 

 

ՅՈՒՂ Է ԼՑՆՈՒՄ ԿՐԱԿԻ ՎՐԱ

Կրեմլում համոզված են, որ Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու՝ տարբեր երկրների կոչերն այս պահին միայն յուղ են լցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կրակին: Այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ պետք է համոզել կողմերին վերադառնալու հարցի քաղաքական եւ դիվանագիտական լուծման ճանապարհ: «Կրեմլում առաջին հերթին կարեւոր են համարում կրակի եւ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը: Ցանկացած հայտարարություն՝ կողմերից որեւէ մեկին ռազմական աջակցություն ցուցաբերելու, միանշանակ յուղ է լցնում կրակի վրա: Մենք կտրականապես դեմ ենք դրան»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը: Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Երեւանի, Բաքվի եւ Անկարայի հետ եւ Թուրքիային կոչ է արել անել ամենը, որպեսզի համոզեն հակամարտող կողմերին դադարեցնել կրակը: «Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես՝ մեր գործընկերներին, այնպիսին, ինչպիսին Թուրքիան է, անել ամենը, որպեսզի հակամարտող կողմերը դադարեցնեն կրակը եւ վերադառնան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»,- ասել է Պեսկովը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ մշտական կապի մեջ են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի իրենց գործընկերների հետ, եւ որ համանախագահ երկրները պետք է պատասխանատու դիրք զբաղեցնեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար:

 

 

ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ. «Հայկական կողմի համար պահի հրամայականը՝

ա. Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վիժեցումն ու պատերազմն առանց տարածքային կորուստների դադարեցումն է,

բ. Ռուսաստանի նախաձեռնությամբ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ոչ թե ձեւական, այլ առարկայական բանակցությունների անհապաղ վերսկսումը»:

 

 

ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել: «Ադրբեջանը, Թուրքիայի ակտիվ քաղաքական ու ռազմական աջակցությամբ, Հայաստանի տարածքում ընդլայնում է ռազմական գործողությունների աշխարհագրությունը: Հայաստանը եւ Արցախը համարժեք ռազմաքաղաքական պատասխան կտան տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը խարխլելու Ադրբեջանի փորձերին»:




Լրահոս