Այս պահին Հայաստանի իշխանությունները շատ լավ հնարավորություն ունեն տարբեր քրեական գործերով հետախուզման մեջ գտնվող եւ Հայաստանը լքած նախկին պաշտոնյաներին երկիր վերադարձնելու համար: Բանն այն է, որ Արցախում ռազմական գործողությունների հենց առաջին օրվանից հետախուզման մեջ գտնվող մի քանի նախկին պաշտոնյաներ դիմեցին ՀՀ գլխավոր դատախազությանը՝ իրենց նկատմամբ հետախուզումը վերացնելու միջնորդությամբ, որպեսզի կարողանան գալ Հայաստան եւ իրենց ունակություններով օգտակար լինել սահմանին: Հիշեցնենք, որ Հայաստան վերադառնալու համար գլխավոր դատախազին առաջինը միջնորդագրով դիմեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Գեւորգ Կոստանյանը: Այնուհետեւ ՀՀ իրավապահներին դիմեց նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միխայիլ Հարությունյանը, եւ էլի եղան մարդիկ:
Նրանք երկուսն էլ դատախազից ոչ թե խնդրել են կարճել իրենց նկատմամբ քրգործը, մեղադրանքից հրաժարվել, այլ ընդամենը թույլ տալ Ռուսաստանից դուրս գալ ու Հայաստան մտնել: Սակայն տարօրինակ տրամաբանությամբ դատախազ Արթուր Դավթյանն արդեն մերժել է Գեւորգ Կոստանյանի միջնորդությունը, ու հասկանալի է, որ նույն ճակատագիրն է սպասվում նաեւ նախկին պնախարարի միջնորդությանը: Իսկ ինչո՞ւ դատախազը չի օգտվում իր կողմից հետախուզվողներին հայտնաբերելու ռեալ հնարավորությունից: Ի վերջո, դատախազը կարող էր ընդառաջել առաջարկվող տարբերակին, վերացնել հետախուզումը, հնարավորություն տալ ե՛ւ Միքայել Հարությունայնին, ե՛ւ Գեւորգ Կոստանյանին օրինական կերպով հատել ՌԴ սահմանը, վերադառնալ Հայաստան, այստեղ անմիջապես փակել ՀՀ սահմանները նրանց առջեւ՝ միայն հնարավորություն տալով Արցախ մեկնել, իսկ ռազմական գործողությունների ավարտից հետո կալանավորել նրանց ու դատապարտել՝ հաստատելով մեղադրանքը:
Աներկբա է, որ Գեւորգ Կոստանյանի իրավական գիտելիքները կարող ենք օգտագործել ՄԻԵԴ-ում՝ ի նպաստ Հայաստանի շահերի, ինչպես նաեւ ՀԱԱԳԱ-ի միջազգային դատարանում, որոնց մասով արդեն իսկ Կոստանյանը Մոսկվայից գործընթացներ է սկսել, իսկ Միխայիլ Հարությունյանն էլ կարող է իր ռազմական գիտելիքներով, փորձով օգտակար լինել ռազմական որոշումներ կայացնելիս: Բայց դատախազը փակում է այս բոլոր ճանապարհները, ինչի համար պետք է ունենա հիմնավոր պատճառ. Ո՞րն է այն: Այս պահվածքից հետո առավել հիմնավոր են դառնում այն կասկածները, որ «Մարտի 1»-ի գործը չի բացահայտվում, 10 անմեղ զոհերի սպանությունները այդպես էլ չեն բացահայտվում, եւ մինչեւ հիմա ՀՀ վարչապետին զեկուցվել է, թե հետախուզվողները փախել են, դրա համար գործը փակուղի է մտել: Հիմա մարդիկ գալիս են, ինչու՞ չեք ցանկանում դուրս գալ փակուղուց: Ուրեմն իրականում «Մարտի 1»-ի գործի քննությունը տապալվել է, եւ Կոստանյանի, Հարությունյանի ու մյուսների գալով այդ տապալումը կամրագրվի նաեւ իրավաբանորեն: Այսինքն՝ դատախազի եւ ՀՔԾ պետի սուտը կբռնվի: Բայց արժե՞ անձնական ամբիցիաները այդքան վեր դասել:
Սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված ռազմական գործողությունների հետեւանքով, ցավոք, հայկական կողմն ունի 222 զոհ: Անխոս, հերոսների ընտանիքները պետք է լինեն պետության հոգածության ներքո, իսկ դրա համար գործում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը, որը պետք է աջակցություն ցուցաբերեր 2017 թվականի հունվարի 1-ից հետո զոհված զինծառայողի ընտանիքներին եւ I կամ II խմբի հաշմանդամ դարձածներին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության սպայական կազմի զինծառայողների ընտանիքները ստանում են 82 մլն դրամ, պայմանագրային զինվորական ծառայության ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողների ընտանիքները՝ 70 մլն դրամ, պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայի եւ պարտադիր զինվորական ծառայության շարքային զինծառայողների ընտանիքները՝ 58 մլն դրամ: Ընդ որում, բոլոր այս դեպքերում գումարի ամբողջ չափից 10մլն դրամը տրամադրվում է միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով 20 տարվա ընթացքում: Զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամներն ունեն լրացուցիչ ամսական 100 հազար դրամ ստանալու իրավունք, եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ զինծառայողն ունի երեք կամ ավելի՝ 18 տարին չլրացած երեխաներ կամ 23 տարին չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակներ կամ 18 տարեկան կամ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակներ, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչեւ 18 տարին լրանալը: Բոլոր զոհվածների ընտանիքները լինելու են պետության հոգածության ներքո:
Դեռեւս սեպտեմբերի 25-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը պատգամավորական մանդատը վայր դրեց: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել Ուլիխանյանին նշանակել ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, ինչպես նաեւ պետի ժամանակավոր պաշտոնակատար։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր արդեն լրանալու է Ուլիխանյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումի ժամկետը, ու դրանից հետո ՀՀ վարչապետը նրան պետք է նշանակի: Իսկ քանի որ այժմ Արցախում պատերազմական վիճակ է, ու, կարելի է ասել, գրեթե բոլոր պետական կառավարման միջոցները աշխատում եմ միայն հանուն Արցախի, դժվար է ասել՝ արդյոք վարչապետն այդ նշանակումը կանի, թե ոչ: Եթե նշանակումը տեղի չունենա, Ուլիխանյանը կզրկվի նաեւ պատգամավորական մանդատից: Երեկ փորձեցինք Տիգրան Ուլիխանյանից պարզել, թե իր նշանակման հետ կապված ինչ տեղեկություն ունի, սակայն պատգամավորը հայտարարեց, որ տեղեկություններ չկան, եւ նա Արցախ էր մեկնել՝ տեղում ապաստարանների բնակիչների հետ զրուցելու, իրավիճակին ծանոթանալու համար: Հիշեցնենք նաեւ, որ 2018 թվականի մայիսից մինչեւ 2019 թվականի հունվարը Ուլիխանյանը զբաղեցրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը։ 2019 թվականի ապրիլի 19-ին ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի լիազորությունները կասեցվել են, իսկ նրան փոխարինող Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն:
Հայաստանում այս տարվա 8 ամիսներին ծնվածների թիվը ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2019 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ծնվածների թիվը կազմել է 22 հազար 822, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն ավելացել է՝ դառնալով 22 հազար 954: Բացի այս, պակասել է նաեւ մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 432-ից հասնելով 288-ի: Մյուս նորությունը. Հայաստանում սկսել են քիչ ամուսնալուծվել: Պաշտոնական աղբյուրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոսին ամուսնալուծության դեպքերը կազմել են 2124, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծությունները պակասել են 368-ով: Բայց, մյուս կողմից, պակասել են նաեւ ամուսնությունները՝ 2019-ի 8 ամիսներին՝ 10 հազար 170, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 7714: Մի շարք մասնագետների խոսքերով՝ այսօր երիտասարդները նախընտրում են քաղաքացիական ամուսնության տարբերակը: