Եվրոպական խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբակցություններից 48 պատգամավոր նամակ է հղել Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ խիստ զայրույթ հայտնելով Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակից:
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում եվրոպական դիվանագիտության ղեկավարին կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ եւ բովանդակային գործողություններ իրականացնել։ Նամակը նախաձեռնել է կիպրացի եվրապատգամավոր՝ Եվրոպական խորհրդարանում Հայաստան-ԵՄ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը:
Նամակում եվրապատգամավորները նշում են, որ սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանը հուժկու հարձակումներ է նախաձեռնել Արցախի բնիկ խաղաղ ազգաբնակչության դեմ՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը եւ դեմ գնալով խաղաղության գործընթացին: Նրանք նաեւ կոչ են անում Ժոզեպ Բորելին մեծ ճնշում գործադրել Թուրքիայի վրա այս երկրի կողմից հակամարտությանը որեւէ միջամություն կանխելու համար եւ հիշեցնում վերջինիս ապակայունացնող դերի մասին: Պատգամավորները շեշտում են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած հրադադարի խախտման հետաքննական մեխանիզմի տեղադրման անհրաժեշտությունը։
Մեկնաբանելով Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությանը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Թուրքիան եւ Ադրբեջանն այլեւս հատել են կարմիր գիծը։ Այսօր եվրոպական քաղաքական շրջանականերում սկսել են հասկանալ, թե Ալիեւի ռեժիմն ինչի է ունակ։ Ադրբեջանի մի երկիր է, որը սկսել է ասոցացվել իսլամիստական ահաբեկչության հետ։ Ալիեւ-Էրդողան բռնապետական տանդեմը դատապարտված է ձախողման, քանզի այն մարմնավորում է ատելությունը ինչպես համայն հայության նկատմամբ, այնպես էլ ընդհանրապես մարդկային, այդ թվում նաեւ սեփական քաղաքացու կյանքի նկատմամբ քամահրանքը։ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը շարունակում է իրազեկման ակտիվ աշխատանքներն ինչպես Եվրոպական միության հաստատություններում, այնպես էլ անդամ-երկրներում»:
«Եվրոպական միության Բարձր ներկայացուցի՛չ, Եվրահանձնաժողովի հարգելի՛ փոխնախագահ, Ձեզ ենք գրում տեղեկացնելու համար Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ մեր ծայրաստիճան մտահոգությունը եւ նաեւ ներկայացնելու հետեւյալ պահանջները: Կիրակի՝ (27.09.2020) առավոտվանից սկսած, ադրբեջանական զինված ուժերը հարձակումներ են գործում Արցախի բնակչության դեմ՝ «կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը եւ դեմ գնալով Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»: Արցախի բնիկ ազգաբնակչության դեմ հրթիռային եւ օդային հարվածները, որոնք ուղղված են նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտին, ստիպել են խաղաղ բնակչությանը ապաստարաններում թաքնվել: Լեռնային Ղարաբաղում ռմբակոծվել են դպրոցներ, կան բազմաթիվ քաղաքացիական զոհեր։ Մենք՝ Եվրոպական խորհրդարանի ներքոստորագրյալ անդամներս, խիստ զայրացած ենք իրավիճակից եւ կոչ ենք անում ադրբեջանական բանակին անմիջապես դադարեցնել Արցախի խաղաղ բնակչության դեմ ագրեսիան: Կոչ ենք անում ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին անհապաղ եւ կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Մենք հիշեցնում եւ շեշտում ենք, որ ԵԱՀԿ հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմը կարող էր կանխել այն իրավիճակը, երբ կողմերը միմյանց մեղադրում են մահացու հարձակումներ սկսելու մեջ: Այն բացարձակ անհրաժեշտություն է վստահության մթնոլորտի վերականգման եւ բանակցային բովանդակային գործընթացի համար: Հարգելի՛ բարձր ներկայացուցիչ Բորել, մենք Ձեզ կոչ ենք անում խիստ ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ ստիպելով զերծ մնալ որեւէ միջամտությունից. երկիր, որն այժմ փաստորեն ապակայունացնում է եւս մեկ տարածաշրջան՝ Հարավային Կովկասը։ Որեւէ երրորդ երկրի, ինչպիսին է Թուրքիան, միջամտությունը սրընթաց տեմպով կվատթարացնի իրավիճակը, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով ողջ տարածաշրջանի համար։ Մենք Ձեզնից ակնկալում ենք բովանդակային գործողություններ, որոնք կօգնեն այս հակամարտության շուտափույթ լուծմանը»:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաեւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետեւանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաեւ ՀՀ զինվորական եւ քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային եւ հարավային ուղղություններում ընթանում են համառ եւ թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թեւերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ:
Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաեւ Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաեւ Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաեւ աղբյուրը ԱՄՆ պաշտպանության նախարարությունից:
Ն. Հ.
ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Երեկ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ֆինլանդիայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Պեկկա Հաավիստոյի հեռախոսազրույցը: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունը։ Զոհրաբ Մնացականյանը խստորեն դատապարտեց ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ եւ զանգվածային թիրախավորումը, ինչը հանգեցնում է մարդկային կորուստների։ ՀՀ ԱԳ նախարարը խորը մտահոգություն հայտնեց տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող գործոնի ակտիվացման առնչությամբ, ինչն արտահայտված է հակամարտության գոտում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների տեղակայմամբ եւ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում վերջիններիս ներգրավմամբ։
ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ներկայիս ընթացքը եւ ընդգծել Թուրքիայի աննախադեպ անմիջական ներգրավվածությունն ու աջակցությունը ադրբեջանական կողմին։ Դավիթ Տոնոյանն ընդգծել է նաեւ, որ իրավիճակի այս տեմպերով զարգացումը աղետալի կլինի ամբողջ տարածարջանի համար: ԱՄՆ դեսպանն իր անհանգստությունն է հայտնել ռազմական գործողությունների ընթացքում հումանիտար խնդիրների լուծված չլինելու կապակցությամբ, ինչի առնչությամբ Դավիթ Տոնոյանը նշել է, որ դրանք չեն կարգավորվում հակառակ կողմի շահագրգռվածության բացակայության պատճառով:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավագույն մեխանիզմն է։ «Գերագույն ներկայացուցիչը միշտ պատրաստ է ուղեւորվել այնտեղ, որտեղ նրա ջանքերը կարող են օգտակար լինել, բայց նա Մինսկի խումբը այս հակամարտության կարգավորման լավագույն հարթակն է համարում»,-ասել է Ստանոն։ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցչի խոսքով՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Հարավային Կովկասի տարածաշրջան այցելելու ծրագրեր դեռ չունի։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին նա հայտարարել է Անկարայում կայացած մամուլի ասուլիսում: «Չափազանց կարեւոր է, որ մենք բոլոր կողմերին շատ հստակ ազդակ հասցնենք այն մասին, որ նրանք պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որ մենք պետք է աջակցենք խաղաղ եւ համաձայնեցված լուծում գտնելու բոլոր ջանքերին», – հայտարարել է Ստոլտենբերգը:
ՁԱՅՆԱՐՁԱԿՈՒՄ Է ԵՂԵԼ
Հանրային հեռուստաընկերության տարածքում տեղադրված ազդարարման էլեկտրաշչակի վերանորոգման ընթացքում տեղի է ունեցել ձայնարձակում: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը: «Խնդրում ենք չանհանգստանալ եւ խուճապի չմատնվել»,- ասված է հայտարարության մեջ:
ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ անընդհատ տեղեկություններ են ստանում թշնամու կենդանի ուժի եւ զինտեխնիկայի սարսափելի մեծ կորուստների մասին: «Շփման գծի այն հատվածներում, որտեղ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, հրամանատարներից անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որ թշնամին կենդանի ուժի եւ զինտեխնիկայի սարսափելի մեծ կորուստներ է կրում։ Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջեւ դրված խնդիրը»,- գրել է Պողոսյանը։
40 ՄԼՆ ԴԱՄ
ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որով մասնավորապես նախատեսվում է, որ, ռազմական գործողություններով պայմանավորված, ընթացիկ ծախսերը կաճեն 40 մլրդ դրամով, տնտեսական ցուցանիշների նվազումը կկազմի 6.8 տոկոս: «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Վերանայվել են մինչւե տարեվերջ կանխատեսումները, որոնք հիմք են հանդիսացել առաջարկվող նախագծի համար: Ակնհայտ է, որ ռազմական դրությունը ունենալու է իր ազդեցությունը տնտեսական զարգացումների վրա»,-ասել է նա: