Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական խողովակներով տարածվել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված նախնական զեկույցը եւ փաստահավաք առաքելության արդյունքները Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ եւ օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի Հանրապետության դեմ ծավալվող ռազմական ագրեսիայի հետեւանքով հարուցած մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունեը:
Համաձայն Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փաստահավաք առաքելության տվյալների՝ հոկտեմբերի 4-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 19 խաղաղ բնակիչ, որից 1-ը՝ մանկահասակ աղջիկ, 7 կին եւ 11 տղամարդ: Մանկահասակ երեխան, հինգ կանայք եւ չորս տղամարդիկ սպանվել են իրենց տան բակում, իսկ մյուսները՝ տարբեր բնակավայրերի հանրային վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս): Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (1 անձ) եւ Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) եւ Մեծ շեն համայնքին հարակից վայրում (1 անձ):
Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ շուրջ 80 մարդ, որից 60 անձինք ստացել են լուրջ վնասվածքներ, նրանցից 48-ը՝ արական, իսկ 12-ը իգական սեռի քաղաքացիներ են:
Հիշյալ անձանցից 24-ը վիրավորվել են անմիջապես իրենց բնակության վայրում` բնակելի տանը կամ դրա մոտակայքում, արկի պայթյունի հետեւանքով, 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս մարդատար տրանսպորտային միջոցի թիրախավորման եւ խոցման հետեւանքով, 7-ը՝ հումանիտար գործառույթ իրականացնող արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքի արկակոծման, իսկ 23-ը` հասարակական այլ վայրերի թիրախավորման հետեւանքով:
Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի Հանրապետության ավելի քան 60 քաղաքացիական բնակավայր, ինչի հետեւանքով արձանագրվել են բազմաթիվ ենթակառուցվածքների ու մասնավոր գույքի ոչնչացման կամ վնասման դեպքեր: Մասնավորապես, նախնական տվյալներով, լրջորեն վնասվել է ավելի քան 2100 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ եւ այլն), ավելի քան 240 մեքենա, շուրջ 350 ենթակառուցվածքային ու արտադրական նշանակության օբյեկտներ:
Վերոնշյալ տվյալները վերջնական չեն, քանի որ ադրբեջանական կողմն առ այսօր շարունակում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի եւ խաղաղ բնակավայրերի կանխամտածված հրետակոծումը:
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ««Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով եւս 3 տարով երկարաձգվում է օրենքի գործողության ժամկետը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Սիփան Փաշինյանի ներկայացրած օրենքի նախագիծն ընդունվեց՝ ստանալով 100 «կողմ» ձայն: Նախագծով առաջարկվում է եւս 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցության մասին օրենքի գործողության ժամկետը, բացի այդ, ամրագրել նոր արտոնություններ:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում մի քանի փոփոխություններ են արվել: Սահմանվել է, որ Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով գյուղատնտեսական կենդանիներին, գյուղտեխնիկային, պտղատու այգիներին հասցված նյութական վնասները ենթակա են փոխհատուցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Այսինքն՝ գյուղատնտեսական ոլորտին հասցված ցանկացած վնասի դեպքում փոխհատուցում կտրվի:
ԱԿԱՆԱՊԱՅԹՅՈՒՆԱՅԻՆ ՎԻՐԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով Արցախում վիրավորվածների ճնշող մեծամասնության մոտ առկա են ականապայթյունային վիրավորումներ. այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Վիրավորումների ճնշող մեծամասնությունը՝ գրեթե 100 տոկոսը, ականապայթյունային են, ոչ հրազենային, որովհետեւ փաստացի սա օդային, հրետանային կամ թռչող սարքերով պատերազմ է: Մեր վիրավորների մարմիններում բազմաթիվ բեկորներ կան, եւ հենց այդ բեկորները կամ պայթյունի ուղիղ ուժն է, որն առաջացնում է վիրավորումը կամ, դժբախտաբար, նաեւ մահը»,- նշել է նախարարը:
Վիրավոր զինծառայողների թիվը նշելու վերաբերյալ հարցին նախարար Թորոսյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում Պաշտպանության նախարարությունը հայտնում է բոլոր տեղեկությունները: Նրա խոսքով՝ Արցախի Հանրապետության թե՛ քաղաքացիական եւ թե՛ ռազմական բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, համապատասխան պարագաներով եւ բժշկական սարքավորումներով: Արյան պաշարներ նույնպես կան:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել եւ հրթիռակոծվել են նաեւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը եւ Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաեւ Հայաստանի Հանրապետության զինվորական եւ քաղաքացիական ենթակառուցվածքները:
ԽՆԴԻՐ ՉԿԱ
Համացանցում շրջանառվող այն տեղեկությունները, թե Վրաստանը խոչընդոտում է դեպի ՀՀ վառելիքի ներկրմանը եւ նաեւ հրաժարվում է բաց թողնել դեպի Հայաստան հումանիտար օգնությունը, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: «Ե՛ւ վառելիքի, ե՛ւ հումանիտար օգնության տեղափոխման հետ կապված որեւէ խնդիր չկա։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի համապատասխան կառույցների հետ։ Այնուամենայնիվ, Վրաստանի տարածքով տարանցման հետ կապված որեւէ խնդրի առաջացման պարագայում խնդրում ենք անմիջապես կապ հաստատել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ՝ հարցին արագ լուծում տալու համար»,- ասված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ տեղեկություններ էին տարածվել, թե վրացիները խոչընդոտում են վառելիքի ներկրմանը:
ԹԵԺ ԳԻԾ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ, թեժ գծի 1-28 հեռախոսահամարից բացի, գործում է նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի վստահության գիծը։ Կարող եք զանգահարել 85-01,85-02,85-03 եւ 011 660 054 հեռախոսահամարներին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում՝ տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5500 վիրավոր։
ԱՊԱՀՈՎՈՒՄ Է
Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն ապահովում է Երեւանում հոկտեմբերի 8-9-ին կայանալիք միջոցառման անցկացման վայրում եւ պատվիրակությունների անդամների կեցավայրերում հակահամաճարակային եւ սանիտարահիգիենիկ միջոցառումների իրականացման վերահսկողությունը: ԱԱՏՄ մասնագիտական թիմերը դիտարկում են սահմանված սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը նաեւ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ կկայանա ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերի մասնակցությամբ նիստը։
ՆՈՐԻՑ ՍԿՍԵԼ Է
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ հակառակորդը երեկ նորից սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը: Արցախի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն էլ հայտնում է. «Պաշտպանության բանակի հուժկու հարվածների արդյունքում թշնամին ունի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Իսկ ժամեր առաջ առաջնագծի հարավային թեւով ձեռնարկած լայնամասշտաբ գրոհը վերջին ապարդյուն փորձերն են ինչ-որ արդյունքի հասնելու համար»։